ԼՂՀ ԱԳՆ. Բաքվի հրեշավոր ոճրագործությանը գնահատական չի տրվել

ԼՂՀ ԱԳՆ. Բաքվի հրեշավոր ոճրագործությանը գնահատական չի տրվել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է 1990թ. ողբերգական իրադարձությունները Բաքվում: Մեկնաբանության մեջ մասնավորապես ասված է. «Հունվարի 13-ին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակը, որոնք դարձան „ինտերնացիոնալ“ համարվող ադրբեջանական մեկ այլ քաղաքում` Սումգայիթում 1988թ. փետրվարին հայերի կոտորածների անմիջական եւ տրամաբանական շարունակությունը:

Անպատիժ չարիքը կրկնվեց` ընդլայնելով իր մասշտաբները: 1990թ. հունվարի 13-19-ը, մարդկանց դեմ ամենադաժան պատժամիջոցների կիրառմամբ, Բաքվի կոտորածը վերջակետ դրեց այդ երկրի պետականաստեղծ ազգերից մեկի ներկայացուցիչներից,Բաքվի փառք ու պարծանք հանդիսացող ժողովրդից` հայերից Ադրբեջանի մայրաքաղաքը էթնիկապես զտելու հարցում: Բաքվի հազարավոր հայեր զոհվեցին, հաշմանդամ դարձան, հարյուր հազարավորները` փախստական: Հիրավի ֆաշիստական վայրագությունների զոհ գնացին հիմնականում երեխաներ, ծերեր, կանայք:

Խորհրդային կենտրոնական իշխանությունների թողտվությամբ, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության լուռ համաձայնությամբ ու մասնակցությամբ` հայոց հարցը լուծվեց թուրքական փորձված գործիքի` ցեղասպանության միջոցով: Եւ եթե Սումգայիթում խորհրդային զորքերը „ուշացան“ 3 օրով, ապա Բաքվում` մի ամբողջ շաբաթով` քաղաք մտնելով միայն այն ժամանակ, երբ այնտեղ գրեթե հայ չէր մնացել: Բաքվի հրեշավոր ոճրագործությանը առայժմ ոչ՛ քաղաքական, ոչ՛ իրավական, ոչ՛ բարոյական գնահատական չի տրվել: Հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից լռության մատնելու փաստն ինքնին աղաղակող ցինիզմ է: Անգամ զղջումի որեւէ նշույլի բացակայությունը, դեռ ավելին՝ հայ ժողովրդի հանդեպ աճող սպառնալիքները հաստատում են, որ „բաքուները“, „սումգայիթները“, „կիրովաբադները“ դեռեւս մնում են Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության օրակարգում: Եւ այս ամենը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ, որը, ըստ ամենայնի, չի պատրաստվում դասեր քաղել անցյալից. չէ որ հենց միջազգային հանրության թողտվությամբ է հնարավոր դարձել արյունալի վայրագությունը, որը համակել էր Խորհրդային Ադրբեջանի ամբողջ տարածքը եւ Բաքվում իր գագաթնակետին էր հասել 1990թ. հունվարին:

Բաքվի հայկական ջարդերը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության` Ադրբեջանի կազմում գտնվելու անհնարինության օգտին ամենահամոզիչ փաստարկներից մեկն են:

Հայերի հանդեպ վայրագությունները, որոնք կանոնավոր կերպով կազմակերպվում էին Ադրբեջանի իշխանությունների կողմից ողջ 20-րդ դարի ընթացքում, կրկին անգամ ընդգծում են Արցախի ժողովրդի իրավացիությունը, որը պայքարի ելավ իր վաղնջական իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու համար»:
Լուրեր Հայաստանից – NEWS.am

This post is also available in: Անգլերեն, Ռուսերեն