Արմեն Այվազյան. «Մեր նպատակն է Հայաստանում արգելել Ցեղասպանությունը ժխտող գրականության տպագրումն ու տարածումը»

Արմեն Այվազյան. «Մեր նպատակն է Հայաստանում արգելել Ցեղասպանությունը ժխտող գրականության տպագրումն ու տարածումը»

Աղբյուրը՝ ArmAr.am, 27.01.2010

Երեկ «A1plus» և «Armtoday» կայքերն անդրադարձել էին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ներկայացարած Վերաքննիչ բողոքին ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի: Ինչպես պարզվեց, նյութերում տեղ են գտել նկատելի անճշտություններ:

Այս կապակցությամբ «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը ArmAr.am-ին ներկայացրեց իր մեկնաբանությունը. «Այդ նյութերը, մեղմ ասած, աչքի չեն ընկնում պրոֆեսիոնալիզմով: Նախ, նրանք նշել են, որ ընդամենը մեկ շաբաթ է անցել, ինչ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Վերաքննիչ բողոք է ներկայացրել, մինչդեռ դա եղել է 2009-ի դեկտեմբերի 30-ին»:

Բայց սա ամենակարևորը չէ: Բացի ժամանակագրական սխալից, այստեղ տեղ են գտել նաև բովանդակային սխալներ: Ըստ Արմեն Այվազյանի, հրապարակված նյութերում բավականին պարզունակ ձևով է ներկայացվում հայցը. նշվում է միայն, թե ըստ «Արարատ» կենտրոնի` Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես հերքում է Հայոց Ցեղասպանության փաստը, եթե իր խմբագրած գրքում տեղ է գտել թուրք հեղինակի` Ցեղասպանությունը ժխտող հոդվածը: Մինչդեռ խնդիրն ավելի ընդգրկուն է:

«Արարատ» կենտրոնի հայցի առարկան Հայոց Ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումները Կովկասի ինստիտուտին հերքել պարտավորեցնելն է, Ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելը և նշված հրապարակումներով պատճառված վնասի հատուցումը: Հայցի հիմնական նպատակներից է իրավական նախադեպի ստեղծումը, այդ թվում՝ ապագայում Հայաստանում ժխտողական գրականության տպագրելու և տարածելու արգելումը։

«Դատարանը պարտավոր էր լսել հայցվորին, ինչը, սակայն, տեղի չունեցավ, մեզ մերժեցին դատական ճանապարհով մեր շահերը պաշտպանելու իրավունքից` անհեթեթ պատճառաբանություններով», -ասում է Արմեն Այվազյանը: Դեկտեմբերի 30-ին ներկայացված Վերաքննիչ բողոքում «Արարատ» կենտրոնը կրկին անգամ ծանրակշիռ փաստարկներով վիճարկել է «Կովկաս» ինստիտուտի` Հայոց Ցեղասպանությունը հերքող հրապարակումների թույլատրելիությունը` ակնկալելով, որ կայացվելիք դատական ակտը որոշակի լուծում կտա վեճին: Դեռ ավելին`բողոքում մանրամասնորեն ի ցույց են դրվում առաջին ատյանի դատարանի խայտառակ բացթողումները, որոնք այլ բան չեն, քան դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ խախտում:

Որպես փաստարկներ` «Արարատ» Կենտոնը նշել է.

«Մենք, ի թիվս այլ իրավական նորմերի, հիմնվել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի վրա, Դատարանի ուշադրությունը հրավիրելով հետևյալ հանգամանքներին.

ա. Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքականության և ազգային անվտանգության ռազմավարության բաղկացուցիչ մասը, հետևաբար, որևէ կերպ դրա հերքումը, ժխտումը, մեղմացումը, դրա կատարված լինելու վերաբերյալ ցանկացած կասկածի դրսևորումը, այդ թվում ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը ոտնձգություն են՝

(i) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության,

(ii) հանրային շահի,

(iii) հանրության բարքերի,

(iv) սահմանադրական կարգի,

(v) ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում շահագրգիռ անձանց, ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի դեմ:

բ) Ցեղասպանության հերքումը հանդիսանում է միջազգային նախադեպային և սովորութային իրավունքի խախտում, դատական պրակտիկայի անտեսում։

գ) Ցեղասպանության հերքումը ճանաչվում է ցեղասպանության անբաժանելի մաս, որը ևս քրեականացված է մի շարք երկրներում: Այսինքն` ցեղասպանությունն արգելված է նաև միջազգային սովորութային իրավունքով, որը հավելյալ պարտականություններ է նախատեսում և՛ պետությունների, և՛ անհատների համար:

Խնդրո առարկա հոդվածի տպագրումով, Հայոց ցեղասպանությունն ուղղակիորեն հերքելով և չակերտների մեջ առնելով` Կովկասի ինստիտուտը ոտնահարել և անտեսել է այս իրավական պահանջները: Հետևաբար՝ միջնորդավորված կերպով նպաստել է Թուրքիայի հակահայկական ռազմավարության իրականացմանը: Ըստ այդմ, ցեղասպանության երևույթը կանխարգելելու և դատապարտելու նպատակով պետք է բացառել Հայոց ցեղասպանությունը որևէ ձևով հերքելը, այդ թվում՝ այն չակերտների մեջ առնելը»:

Այսպիսով` Արարատ կենտրոնը խնդրել է բեկանել Երևանի կենտրոն և նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 4-ի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Ինչ վերաբերում է հրապարակվող նյութերում տեղ գտած կոպիտ անճշտություններին, ապա Արմեն Այվազյանը խորհուրդ է տալիս լրագրողներին կարդալ «Արարատ» կենտրոնի կայքում զետեղված Հայցադիմումն ու Վերաքննիչ բողոքը, և դրանով իսկ խուսափել փաստերի կամայական մեկնաբանումից` «հատկապես նման դատական հարցերում, որտեղ յուրաքանչյուր բառ ունի իր կշիռն ու արժեքը»:

Այնուհանդերձ, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենն այստեղ որևէ միտում չի տեսնում` դա վերագրելով լրագրողական պրոֆեսիոնալիզմի պակասին: