Բաքվում տարբեր տարիներին հայերի 3 կոտորածները հետեւողականորեն իրագործված ցեղասպանության փուլեր են

Բաքվում տարբեր տարիներին հայերի 3 կոտորածները հետեւողականորեն իրագործված ցեղասպանության փուլեր են

Լրանում է Բաքվում հայերի ցեղասպանության 20 տարին. այս կապակցությամբ հայ լրագրողների հարցերին պատասխանել է գերմանացի հայտնի իրավապաշտպան, Բեռլինի Ազատ համալսարանի (Freie Universitat Berlin) գիտաշխատող Տեսսա Հոֆմանը:

Տիկին Հոֆման, հայտնի է, որ 1990թ-ի հունվարի ջարդը Բաքվում հայերի էթնիկ զտումների վերջին ալիքն էր, զտումներ, որոնց սկիզբը դրվել էր դեռ 1905թ.-ին: Այդ իսկ պատճառով Բաքուն հաճախ կոչում են երեք ջարդերի քաղաք: Ի՞նչ եք կարծում,սա Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի նկատմամբ իրականացվող թուրքական քաղաքականության ժառանգորդություն է:

1905-ի փետրվարից մինչև 1906թ-ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածի իրադարձություններն ընդունված է անվանել «հայ-թաթարական պատերազմ»: Այն ժամանակ բազմազգ արդյունաբերական քաղաք Բաքվում, որտեղ բնակվում էին բազմաթիվ հայեր` բանվորներ, ձեռնարկատերեր, հակահայկական անկարգություններ են սկսվում` տարածվելով դեպի Նախիջևանի և Ելիզավետպոլի (այսօր Գյանջա, հայերեն` Գանձակ), Թիֆլիսի ու Երևանի ցարական նահանգները: Նշված բոլոր նահանգներն այն ժամանակ դեռ կիսով չափ բնակեցված էին «թաթարներով», և ամենուրեք հայերի տները հրո ճարակ էին դառնում, հայերը կոտորածների էին ենթարկվում ու հալածվում էին:

Այս գործողությունները մասամբ առաջնորդվում էին տեղական և տարածքային իշխանությունների սադրանքներով, խառնակություններով, ոճրագործներին հովանավորելով: Չնայած դրան` հարձակման ենթարկված հայերին հաջողվում է սոցիալ-հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից կազմակերպված քաղաքացիական ինքնապաշտպանության շնորհիվ մի քանի վայրերում հաջողությամբ պաշտպանվել, մասնավորապես` Արցախի մայրաքաղաք Շուշիում, Թիֆլիսի նահանգում, ինչպես նաև` Բաքվում:

1918-1920թթ-ներին, Արևելյան Անդրկովկասում երկու թուրքական ներխուժումների ժամանակ (նախ երիտթուրքերի, այնուհետև` քեմալականների) բազմաթիվ անկարգություններ և բռնություններ են իրագործվում հայ խաղաղ բնակչության հանդեպ: Դր. Յոհաննես Լեփսիուսը՝ 1895-1918թթ.-ների հայկական հալածանքների փաստագրողը, իր «Գերմանիան և Հայաստանը» գրքի առաջաբանում (1919թ.) գրում է. “Չնայած գերմանական սպաների, դանիական և շվեդական հյուպատոսների եռանդուն առարկություններին` Նուրի փաշան` թուրքական գլխավոր հրամանատարը, թաթարներին թույլատրում է տեր ու տնօրինություն անել: Մինչև իսկ Բաքվի օտարերկրացի բնակիչները պաշտպանված չէին ավազակային անկարգություններից:

Սեպտեմբերի 14-ին սկսվեց թուրքական բանակի հարձակումը Բաքվի վրա: Նախքան կանոնավոր բանակի զորամասերի մուտքը քաղաք` թուրքական ռազմական ղեկավարությունը տեղական ապօրինի կազմավորումներին՝ այսպես կոչված «բաշիբուզուկներին», հնարավորություն տվեց սպանել և թալանել հայերին: Բաքվում բնակվող մի հույն` Քրիստափոր Միխայլովիչ Էվանգուլովը, որը պատասխանատու էր քաղաքի փոստային և հեռախոսային կապի համար, գրում էր.

«Ամբողջ քաղաքում հայ բնակչությունը կոտորածի է ենթարկվում, և ոչ մուսուլմանական անձինք հիմնովին կողոպտվում են: Նրանք կոտրել են դռներն ու պատուհանները, մտել բնակելի թաղամաս և տղամարդկանց, կանանց ու երեխաներին դուրս քարշ տալով, փողոցում սպանել են:

Որոշ տեղերում դիերի լեռներ են կիտվել, իսկ շատերի մարմինները „դում-դում“ արկերից սարսափելի վերքերով են պատված: Ամենանողկալի տեսարանը ի հայտ էր գալիս Սուրուքան փողոցի Գանձա նրբանցքի մուտքի մոտ. ամբողջ փողոցը ծածկված էր երեխաների դիերով, որոնք ինը կամ տասը տարեկանից մեծ չէին: Մոտ 80 դիակ պատված էին թրերի և սվինների վերքերով. ակնհայտ էր, որ նրանք մորթվել էին ինչպես գառներ:

Ժամանակակիցները և հետագա ուսումնասիրողները սպանվածների թիվը գնահատում են 20-30 հազ.: Ընդ որում, նկատի առնված չեն նրանք, ովքեր թուրք զավթիչների կողմից իրենց տներից դուրս են շպրտվել, դարձել անօթևան փախստականներ և հետագայում մահացել սովից, ցրտից ու հիվանդություններից:

Փաստորեն դարավերջում դահիճների ձեռագիրը գրեթե չի փոխվել…

1990 թ.-ի Բաքուն փաստացիորեն գտնվում էր Ժողովրդական ճակատի իշխանության ներքո: Այդ ժամանակ սանձարձակությունները հայ բնակչության նկատմամբ արդեն համակարգված բնույթ էին կրում և տարածվում էին հյուսիսային Արցախի գավառներում: Հունվարի 10-ին Հայաստանի հանրապետության խորհրդարանը մի մտահոգ հարցում ուղղեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովին. „Տառապում են անմեղ կանայք, երեխաներ և ծեր մարդիկ: Բանը հասնում է ծեծով սպանելուն, հրկիզումներին, պատանդ վերցնելուն և փողոցների ու կամուրջների շրջափակմանը“:

Հունվարի 13-ից հալածանքները Բաքվում կազմակերպված ձև ընդունեցին: Քաղաքը հետեւողականորեն` տուն առ տուն, „մաքրվում“էր հայերից: Ընդ որում, ինչպես երկու տարի առաջ Սումգաիթում, անչափահասների և ծեր կանանց բռնաբարություններ ու խոշտանգումներ էին կատարվում: Բաքու տանող ճանապարհները շրջափակված էին: Ով կենդանի էր մնում, ուղարկվում էր նավահանգիստ, որտեղից հայերը նավով էվակուացվում էին, հիմնականում դեպի Թուրքմենիա: Բաքվի փախստականներից հարյուրավորներն իրենց տեղեկություններում հաստատում էին, որ Ժողովրդական ճակատի կողմից կազմակերպված և ղեկավարվող հետապնդումներն ընթանում էին ըստ մի անփոփոխ սխեմայի: 10-20 ոճրագործ ներխուժում էր մի բնակարան և սկսում կենվորներին տեռորի ենթարկել, ծեծել ու տանջել: Այնուհետև, երևում էին Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները և ահաբեկված հայերին առաջարկում անհապաղ գնալ նավահանգիստ: Նրանց թույլատրվում էր իրենց հետ ձեռքի ծանրոց վերցնել, սակայն նրանցից խլվում էին ամբողջ կանխիկ դրամը, խնայողական գրքույկները և արժեքավոր իրերը: Նավահանգստում տեղակայված էր Ժողովրդական ճակատի մի պահակակետ: Փախստականներն այստեղ դարձյալ խուզարկվում էին, երբեմն նորից ենթարկվում ծեծի:

Դուք ունե՞ք տվյալներ Բաքվում 1990 թվականի հայերի ջարդերի զոհերի թվի վերաբերյալ:

-Բաքվում հետապնդումների ժամանակ սպանվածների թիվն այդպես էլ ստույգ հայտնի չեղավ, քանի որ այս կապակցությամբ դատական որևէ ուսումնասիրություն չի իրականացվել: Կան առանձակի վայրագությամբ իրագործված սպանությունների բազմաթիվ վկայություններ (օրինակ, զոհերը կենդանի հրկիզվում էին): Այն ադրբեջանցիները կամ այլ ազգությունների ներկայացուցիչները, որոնք փորձում էին օգնել հայերին, վտանգում էին իրենց կյանքը:

1997թ-ին Բաքվի դեպքերն արտացոլված էին ՄԱԿ-ի „Կանանց դեմ խտրականության վերացման հարցերով զբաղվող հանձնաժողովի“ 17-րդ համագումարում հայկական պատվիրակության կողմից ներկայացված զեկույցում (1997թ. հուլիսի 17-25), որում ասվում էր. „1990 թ.-ի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ համայնքի ներկայացուցիչները հինգ օր շարունակ սպանվում, թալանվում և ստորացման էին ենթարկվում: Հղի կանայք և երեխաները ենթարկվում էին անասելի խոշտանգումների: Աղջիկներին բռնաբարում էին ծնողների աչքի առաջ, նրանց մեջքին խաչ էին խարանում: Նման վերաբերմունքի պատճառը նրանց քրիստոնեական հավատն էր“:

Կազմակերպված զանգվածային բռնությունները չսահմանափակվեցին Բաքվով, այլ տարածվեցին նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, ինչպես և հյուսիսից սահմանակից երկու շրջանների` Խանլարի ու Շահումյանի հայերի վրա: Հունվարի 16-ին Ադրբեջանի ղեկավարությունը վճռեց հետեւակային զորամասերի, ինչպես նաև ուղղաթիռների միջոցով կանոնավոր կերպով հրետակոծել Շահումյանի և Խանլարի հայկական գյուղերը: Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղակը առանձնակի վայրագությամբ կարտեչներով հիմնովի գնդակոծվեց:

Ըստ ձեզ` ի՞նչ իրավական և քաղաքական գնահատական պետք է տրվի 1990թ-ի հունվարի 13-19Բաքվում կատարված իրադարձություններին:

Համաձայն ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի (1948թ.) հեղինակ Ռաֆայել Լեմքինի կողմից ցեղասպանություն բառին տրված ձևակերպմանը` ցեղասպանությունը որևէ էթնիկ կամ կրոնական խմբի հետևողական և նպատակաուղղված ոչնչացումն է: Պարտադիր չէ, որ այս ոչնչացումն արտահայտվի բացառապես զանգվածային սպանություններով, այն կարող է ուղեկցվել համակցված գործողություններով: Ես չեմ կարող ավելի լավ ներկայացնել նրա միտքը, քան Լեմքինի „Ցեղասպանություն“ նշանավոր գրքի 9-րդ գլխի մեջբերումը. „Axis-ի (նացիստական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի և միլիտարիստական Ճապոնիայի միջև 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ) օրենքը օկուպացված Եվրոպայում. Օկուպացիայի օրենքները (“Axis Rule in Occupied Europe: Laws of Occupation – Analysis of Government – Proposals for Redress») (Washington D.C., 1944, p. 79-95):

«Ընդհանրապես ցեղասպանությունը պարտադիր չէ, որ նշանակի ազգի ուղղակի բնաջնջում, բացառությամբ, երբ այն ավարտվում է ազգի բոլոր անդամների զանգվածային սպանություններով: Նախ հարկ է առանձնացնել տարբեր գործողությունների համակարգված ծրագիրը, որը նպատակ ունի ոչնչացնելու ազգային խմբերի կարևոր հիմքերը և հենց իրենց` խմբերին: Նման ծրագրերի խնդիրը քաղաքական, տնտեսական և սոցիալական կառույցների, մշակույթի, լեզվի, ազգային ինքնագիտակցության, կրոնի ոչնչացումն է. այն ամենի` ինչ կարևոր կենսական նշանակություն ունի տվյալ ազգի համար (…): Ցեղասպանությունը ուղղված է ազգային խմբի որպես մի ամբողջական միավորի դեմ, և ներառված գործողություններն ուղղված են անհատների դեմ ոչ անձնապես, այլ որպես տվյալ ազգային խմբի ներկայացուցիչների»:

Եթե բառի այս բացատրությունը վերագրենք Ադրբեջանում ապրող հայերին կնկատենք, որ 20-րդ դարի ընթացքում ադրբեջանական շովինիստական կուսակցությունները 3 անգամ համախմբված ցեղասպանության փորձ են կատարել ադրբեջանական պետությունում բնակվող հայ էթնիկ խմբի նկատմամբ, հատկապես` մայրաքաղաք Բաքվում և ԼՂ-ում, ուր ապրում էին մեծ քանակությամբ հայեր: Այս փորձերը համընկան ճգնաժամային իրավիճակի հետ, երբ պետության նախորդ կենտրոնական ուժը թուլացավ կամ նվազեց, ինչպես որ կատարվել էր 1904/5, 1918 – 1990 – ին: Եթե նայենք ժողովրդագրական և մշակութային արդյունքներին, կտեսնենք, որ այդ փորձերը հիրավի «հաջողված են». դա հենց թուրքական ազգային քաղաքականությունն էր` ոչնչացնել հայ ազգը Օսմանյան կայսրության տարածքում: Եվ, մինչդեռ, Թուրքիայում Հայ Առաքելական եկեղեցու գոյությունը պետականորեն ընդունված է (Լոզանի պայմանագրի շնորհիվ 1923 թ.), Ադրբեջանում նման բան գոյություն չուներ:

Ներկայիս հայ-ադրբեջանական պատմության իրողությունը շատ հեռու է թվում Ադրբեջանի կողմից լայն տարածում գտած, պետական մոտեցումներից: Այդ պետության և ԶԼՄ-ների կողմից հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հետևյալ ընկալումն է ստեղծվել, թե իբր հայերը դաժան հանցագործներ են և զավթիչներ, իսկ ադրբեջանցիները անմեղ զոհեր են: Ահա այս ամենի ճշմարիտ արտացոլումն է, որ պետք է ձևավորի անհրաժեշտ նախապայման՝ իրական հաշտության հասնելու համար:

This post is also available in: Ռուսերեն