Շվեյցարական դատարանը պատժել է Ցեղասպանությունը հերքած թուրքերին

Շվեյցարական դատարանը պատժել է Ցեղասպանությունը հերքած թուրքերին

Երեք տարի առաջ քեմալիզմի քարոզչությամբ զբաղվող միությունների Շվեյցարիայում կազմակերպած ժողովի ժամանակ երեք թուրք հասարակական գործիչներ հայտարարել էին, որ Հայոց ցեղասպանություն չի եղել: Նրանց նկատմամբ իսկույն քրեական գործ հարուցվեց: Նախօրեին ավարտվեց մեղադրյալի աթոռին հայտնված այդ արկածխնդիր թուրքերի դատավարությունը:

Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացնում է, որ շվեյցարական դատարանի որոշմամբ` Բեռնի և Ցյուրիխի թուրքական քեմալիստական միությունների նախագահներ Էթհեմ Քայալը և Հասան Քեմահլը դատապարտվել են 4-ական, իսկ «Աշխատավորական կուսակցության» ներկայացուցիչ Ալի Մերջանը` 6 ամսվա ազատազրկման: Այդ պատժատեսակը փոխարինվել է դրամական տուգանքի. ընդհանուր առմամբ սահմանվել է 12.600 շվեյցարական ֆրանկ գումարաչափ տուգանք:

Դատավոր Քրիստոֆ Սփիեսը նախազգուշացրել է, որ հանցանքի կրկնման դեպքում նրանք կդատապարտվեն արդեն երեք տարվա ազատազրկման:

Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտելու համար պատասխանատվության ենթարկված այդ թուրքերը դժգոհել են, որ Թուրքիան իրենց անպաշտպան ու միայնակ է թողել շվեյցարական դատարանի առջև: Մասնավորապես Էթհեմ Քայալը դատի ավարտից հետո ասել է. «Մենք դառնացած ենք միայն այն բանից, որ Թուրքիան հիմա մեր կողքին չէ»:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում ու Բելգիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդվում է` 45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում պատժաչափով:

Հայոց ցեղասպանությունն աշխարհում պաշտոնապես առաջինը ճանաչել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Մարդկության դեմ ուղղված այդ մեծագույն ոճիրն այնուհետև ճանաչել են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները, Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ը և միջազգային այլ հեղինակավոր կառույցներ:

ArmAr.am, Փետրվար 11, 2010թ.

This post is also available in: ,