8-րդ անգամ առանց Ջավախքի

8-րդ անգամ առանց Ջավախքի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Ջավախքում հայ բնակչության խնդիրները բարձրացվել են հունվարի 26-ին Երեւանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում» (փետրվար 03, 2010):

Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյան. «Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում չի եղել նաև Ջավախքի հարցը» (հունվար 26, 2010)։

2010թ. հունվարի 26-ին Երևանում անցկացված հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը, կարելի է ասել, ավելի շատ հարցեր առաջացրեց և առավել մտորելու տեղիք տվեց, քան լուծվեցին ինչ-ինչ խնդիրներ:

Դատելով ստորագրված փաստաթղթերի` և’ քանակից, և’ բովանդակություններից` նշենք, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի վերջին այս նիստն այդպես էլ չարտացոլեց հայ-վրացական հարաբերությունների իրական պատկերը, և բանակցող երկու կողմերն էլ խորապես չթափանցեցին առկա տարաբնույթ հիմնախնդիրների խորքերը: Ավելին, եթե համեմատության մեջ դնենք նախորդ, թվով` 7-րդ (2008թ. դեկտեմբեր, Թիֆլիս) և 6-րդ (2007թ. հոկտեմբեր, Երևան) նիստերի ընթացքում կնքված համաձայնագրերը, պայմանագրերն ու տարաբնույթ որոշումները, ապա կարելի է 2010թ. նիստում արձանագրել փաստաթղթերի` և’ քանակային, և’ բովանդակային առումով, զգալի նահանջ:

Վրաստանի վարչապետի` ՀՀ այցին հպանցիկ անդրադարձավ ինչպես վրացական, այնպես էլ` հայկական մամուլը: Ավելին, հայկական ընդդիմադիր մամուլի ոչ մի տպագիր օրգան հարկ չհամարեց անգամ հպանցիկ անդրադարձ կատարել Վրաստանի վարչապետի այցին կամ հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, իսկ ոչ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող մամուլի անդրադարձը հիմնականում ուներ բացասական երանգ: Այս ամենը խոսում են ոչ այնքան մամուլի անտարբերության, որքան` Վրաստանի նկատմամբ հասարակական շրջանակներում հետաքրքրության աստիճանական մարման, հայ-վրացական հարաբերությունների նկատմամբ տածած վստահության կորստի մասին:

Չնայած կողմերը վարչապետների և պատվիրակությունների մասնակիցների բերանով հնչեցրին հայտարարություններ այն մասին, «որ քննարկվել են հարցեր գրեթե բոլոր ոլորտներից։ Մենք քննարկել ենք մշակութային, սոցիալական, էներգետիկայի եւ մակրոտնտեսական հարցեր» (Վրաստանի վարչապետի ելույթից (http://www.gov.am/am/news/item/7754/)), այնուամենայնիվ` խոսք գնաց միմայն երկու կնքված պայմանագրերի մասին: Դրանցից առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 400 կիլովոլտ հզորությամբ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցմանը: Ըստ ՀՀ վարչապետի` «դա ՀՀ կառավարության 2010 թվականի ծրագրերում ներառված կարեւորագույն միջոցառում է, որի ֆինանսավորումը մենք ապահովելու ենք եւ համոզված ենք, որ այս տարի շինարարական աշխատանքները մեծ թափով իրականացվելու են» http://www.gov.am/am/news/item/7754/)։ Հայկական մամուլի որոշ հրապարակումների մեջ նշվեց, որ «նոր գծի կառուցումը նպատակ ունի էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստանի հայկական բնակավայրերին («Հայոց Աշխարհ», 27 հունվարի, 2010թ.)»:

Այս հարցին մեր կողմից բազմիցս անդրադարձ է եղել, այժմ էլ ավելորդ չենք համարում նշելու, որ արդեն երկար տարիներ է, ինչ կառուցվել է Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ գիծը, սակայն այս գիծը այդպես էլ չդարձավ Սամցխե-Ջավախք-Ծալկայի էլեկտրաֆիկացման միջոց: Վրացական կողմը հենց սկզբից թույլ չտվեց ՀՀ-ի կողմից այդ տարածաշրջանին էլեկտրական հոսանքի մատակարարումը` առանց Թբիլիսիի գնային և իրավաբանական միջամտության: Նույն հարցը քննարկվել է նաև հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստերում: Ավելորդ չենք համարում մեջբերել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ` 6-րդ և 7-րդ նիստերի` տվյալ հարցի առթիվ անդրադարձները. «Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ներկայացված տեղեկատվությունն այն մասին, որ կողմերը բազմիցս համատեղ հանդիպումներ են կազմակերպել 110 կվ լարման «Աշոցք-Նինոծմինդա» էլեկտրահաղորդման գծի իրավական ձևակերպման հարցի կարգավորման նպատակով, սակայն ծագած որոշ դժվարությունների պատճառով, այն մինչև օրս մնում է չկարգավորված: Հանձնարարվել է լրացուցիչ քննարկել և առաջարկություններ ներկայացնել հարցի լուծման նպատակով» (մեջբերում 6-րդ նիստից, «Վրաստան», N79-80(15.558), 20.10.2007): «Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին և վրացական կողմի իրավասու մարմիններին` ձեռնարկել Վրաստանի օրենսդրությամբ պահանջվող բոլոր միջոցները` Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ գծի կարգավիճակի իրավաբանական ձեւակերպման համար» (մեջբերում 7-րդ նիստից, («Հայաստանի Հանրապետություն», թիվ 241(4578), 10.12.2008), հմմտ` http://www.armenpress.am/arm/news/gov.htm):

Հարց է առաջանում, եթե դեռ չի կարգավորվել այս խնդիրը, ապա ինչ հիմքի վրա է կնքվել սույն պայմանագիրը և արդյոք այն չի առաջացնելու նորանոր խնդիրներ:

Անդրադառնանք այժմ հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ներկա նիստի արդյունքում կնքված երկրորդ պայմանագրին կամ փոխպայմանավորվածությանը, որը վերաբերում է Թիֆլիսի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու վերանորոգմանը: Միանգամից արձագանքենք, որ հայկական այս եկեղեցու վերանորոգումը ներառելը միջպետական, միջկառավարական փոխպայմանավորվածությունների կամ պայմանագրերի մեջ, ինքնին ցավալի, եթե չասենք` զավեշտական փաստ է: Ինչպես կարելի է հայկական եկեղեցու վերանորոգման համար «թույլտվություն» հայցել Վրաստանից կամ այդ մասին կնքել հատուկ պայմանագիր, և այն էլ` միջկառավարական մակարդակով: Հետաքրքիր է, հայկական քաղաքական պատմության վերջին երկու տասնամյա պրակտիկայում երբևե նման օրինակ գրանցվել է, որ մի երկրում, օրինակ` Ավստրալիայում, հայկական եկեղեցու վերանորոգման համար ձեռքբերվի միջպետական փոխպայմանավորվածություն, այն էլ` վարչապետների մակարդակով: Այստեղ էլ են երևում գայլի ականջները. բոլորս գիտենք, որ Վրաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս այս և բոլոր մնացած եկեղեցիների` Վիրահայոց թեմի սեփականությանը պատկանելը ձևակերպել իրավաբանորեն, հետևաբար` վերջիններս իրավաբանորեն պատկանում են ոչ թե ՀԱԵ Վիրահայոց թեմին, այլ հանդիսանում են Թիֆլիսի քաղաքապետարանի սեփականությունը: Այս է պատճառը, որ հայկական կողմն իր ժառանգած հուշարձանների խնամքի համար պետք է վարչապետի մակարդակով թակի Թիֆլիսի վարչական շենքերի դռները:

«Ես ուզում եմ ասել, որ միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ մենք ունենք համաձայնություն։ Օրակարգը ներառում է բազմաթիվ հարցեր տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներից» (ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի ելույթից (http://www.gov.am/am/news/item/7754/))։ Բավական սովորական և առաջին հայացքից ոչ մի արտառոց երանգ չպարունակող այս խոսքերը տեղիք են տալիս մի շարք մտորումների: Հայ-վրացական հարաբերություններին լավատեղյակ տողերիս հեղինակի մոտ առաջանում են հետևյալ հարցադրումները. «ներառվե՞լ են արդյոք օրակարգի մեջ` միասնական տնտեսական գոտի ստեղծելուն, Ջավախքի բազմաոլորտ հիմնախնդիրներին, Վրաստանում բռնազավթած կամ վիճելի հայտարարված մի շարք եկեղեցիներին, ՀՀ քաղաքացի-պետական գործիչներին Վրաստան արգելելուն… և այսպես շարունակվող մի շարք հարցեր»: Կամ` «եթե ներառվել են, ապա որո՞նք են եղել գտնված լուծումները»: Դատելով Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյանի հայտարարություններից` Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում չի եղել Ջավախքի հարցը («Ազգ», 27 յունուար, 2010): Նույն վկայությամբ` հանձնաժողովի նիստում չեն քննարկվել նաև ՀՀ հասարակական գործիչների (խոսքը ՀՀ ԱԺ պատգամավոր Շ. Թորոսյանի և քաղաքագետ Ի. Մուրադյանի մասին է)` դեպի Վրաստան մուտքի արգելման հարցերը: Նաև դատելով արված հայտարարություններից ու կնքված պայմանագրերից` հանձնաժողովի օրակարգում կամ չեն ներառվել, կամ համապատասխան լուծումների չեն արժանացել բռնազավթած եկեղեցիների, Վիրահայոց թեմի իրավաբանական գրանցման, դեպի Վրաստան գիրք-գրականության, մշակութային այլևայլ պարագաների խստիվ արգելման և նման մի շարք հարցեր: Այստեղ հատկապես ուզում ենք շեշտել բռնազավթած եկեղեցիների (հատկապես` Նորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցու) խնդիրը, քանի որ նախորդ նիստի շրջանակներում իր` Թիֆլիս այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը հարցն ամենակոնկրետ ձևով դրել էր Վրաստանի և’ վարչապետի, և’ նախագահի սեղանին: Սակայն հարցի տեղում դոփելն ու ներկա երկկողմ «հարաբերական լռությունը» խոսում են հայկական կողմի «լուռ հաշտվողականության» և վրացական կողմի, մեղմ ասված, անդրդվելիության մասին:

Նիստում քննարկվել սակայն համապատասխան լուծման դարձյալ չի արժանացել մեկ այլ ցավոտ, իսկ Հյուսիային Լոռու (ներկա Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետի հարավային գյուղեր) շրջանում իրավիճակը պայթյունավտանգ դարձնող` սահմանագծման խնդիրը: Սրա հետևանքով շարունակվում է մասնատված մնալ կես մասով ՀՀ, կես մասով Վրաստանի կազմում հայտված հայկական Չանախչի գյուղը, իսկ մնացած գյուղերի բնակիչները զանգվածորեն ենթարկվում են ձերբակալությունների, քանի որ վերջիններս իրենց առօրյա շարժի պատճառով ակամայից դառնում են «սահմանախախտներ»:

Ահա այսպիսին էին այն թելերը, որոնք մեզ ներկայումս կապում են մեր հյուսիսային դրացու հետ:

Վահե Սարգսյան

«Իրավունքը de facto», թիվ 10, (170), 2010թ., փետրվարի 12-15

This post is also available in: ,