Դոկտ. Ժիրայր Քոչարյանի ընդդիմախոսությունը Լեփսիուսի Տան 2010-ի տարեկան ծրագրին և «Ուղեվորություն դեպի Իստամբուլ» ծանուցումին

Դոկտ. Ժիրայր Քոչարյանի ընդդիմախոսությունը Լեփսիուսի Տան 2010-ի տարեկան ծրագրին և «Ուղեվորություն դեպի Իստամբուլ» ծանուցումին

Հայ ժողովրդի պատմության մեջ երկու արձանագրությունների (10 հոկտեմբերի 2009) ստորագրությունը ստացել է չարաբաստիկ, պատուհաս, ավերիչ և Աստված գիտի էլ ինչ տիտղոսավորումներ, մինչև վերջապես գտնի իր բնույթին համապատասխան անվանում:
Պետության ղեկի մոտ կանգնած այրերը ոչ միայն չկարողացան պաշտպանել ազգային և պետական շահերը, այև անտեսելով քաղաքական ուժերի և սրտացավ անհատների մատնանշումները՝ ի վիճակի չեղան ճիշտ գնահատել թուրքերին, ճիգ ու ջանք չխնայեցին մեզ հավատացնելու, թե նախապայմաններ չկան (մենք համոզված ենք, որ նախապայմաններ պիտի լինեին, այն էլ՝ Հայատանի կողմից), իսկ Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանատուների կողմից արած հայտարարությունները միայն «ծառայում են ներքին շուկային»:
Թուրքիային հաջողվեց սահմանի փակումը (ավելի ճիշտ տնտեսական, քաղաքական շրջափակումը) հմտորեն շրջել և տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դերակատար է սահմանափակումին և միայն երկկողմ համաձայնությամբ կարելի է բացել սահմանը:
Որ մեր պետական այրերը դիվանգիտական ասպրեզում ցածր աստիճանի վրա են գտնվում, հենց իրենց էլ պարզ է, բայց լավ կլիներ, գոնե պատմությունից պատշաճ դասեր քաղեին՝ իրազեկ լինելով, որ Թուրքիան հաջողության է հասել ոչ թե ռազմական հաղթանակներով, այլ միայն դիվանագիտական պայմանագրեր ստորագրելով: Բերենք մի քանի օրինակներ: Օսմանական սուլթանությունը օգտվելով եվրոպական տերությունների մրցակցություններից՝ կարողացավ Սան Ստեֆանոյի պայմանգիրը (19 փերտրվար 1878 թ.) վերափոխել իրեն շահաբեր Բեռլինի վեհաժողովով (13 հունիս-13 հուլիս 1878թ.), Մոսկվա-Կարս պայմանգրով (1921), Քեմալական Թուրքիան բոլշևիկյան Ռուսաստանից ստացավ Կարս-Արդահանը, և հենց իր ճնշումով և պահանջով Արցախն ու Նախիջևանը մտան նորաստեզծ Ադրբեջանի կազմի մեջ: Լոզանի պայմանագիրը (1922-23թ.), փաստորեն, փոխարինել տվեց Սևրի պայմանգրով (1920թ.): Սիրիական Ալեքսանդրետը թուրքերը ստացան 1939թ. Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքելուց հետո:

Մի կողմ թողնելով երկու արձանագրությունների մյուս կետերը, ցանկանում եմ շեշտը դնել պատմության հանձնախմբի տանելիք աշխատանքի վրա՝ հիմք ունենալով Լեփսիուսի տուն հովանավորող միության վարչության 2010-ի տարեկան ծրագիրը, ինչպես նաև նույն վարչության կողմից կազմակերպված «Ուղևորություն Ստամբուլ 2010» ծանուցումը, որը գերմանահայերին, գերմանահայ կազմակերպություններին, հույներին, ասորիներին և արամեալեզու քրիստոնեաներին նույնքան ալեկոծել և հուզել է, ինչպես բունդեսթագի (Գերմանիայի Խորհրդարան) ոչինչ չասող 2005-ի որոշումը, որտեղ ո՛չ ցեղասպանության, և ո՛չ էլ դեպորտացիայի մասին չի հիշատակվում:
Լեփսիուսի տուն Պոթսդամի (այսուհետև ԼՏՓ) 2010 ծրագիրը գալիս է հաստատելու, որ Թուրքիայի կողմից 2005-ին Հայաստանին առաջարկված պատմության հանձնախումբը, որն այսօր կազմում է 2 արձանագրությունների հիմնական կետերից մեկը, ունի երկար արմատներ՝ հայոց ցեղասպանությունը, որպես այսպիսին հարցականի տակ դնելու:
Լեփսիուսի Տան քաղաքական ճարտարապետն է Աստվածաբանության պրոֆ. Հերման Գոլցը (Հալլեի Համալսարան):
Պրոֆ. Հերման Գոլցը լավ կապեր ունի Հայաստանի քաղաքական, գիտական և կրոնական հաստատությունների հետ և արժանացել է համարյա բոլոր հայկական շքանշաններին: 2010-ի ծրագրում կարդում ենք նաև, որ ԼՏՓ-ի վարչությունն այս տարվա մարտ ամսին հրավիրված է՝ մասնակցելու Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի միջազգային հոբելյանական տոնակատարություններին, ինչպես նաև ընդունելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Պոթսդամ քաղաքում և ԼՏՓ-ի վարչության կենտրոնում՝ Լեփսիուսի Տանը:
Ձեր դատողությանն ենք ներկայացնում Լեփսիուսի Տան 2010-ի տարեկան ծրագրի, ինչպես նաև նույն վարչության կողմից կազմակերպված «Ուղևորուիթյուն դեպի Իստամբուլ»ծանուցումի մեր ընդդիմախոսությունը:
Վերը նշված ծրագրի մեկ այլ ընդդիմախոսություն՝ Վոլֆգանգ Գուստի  [1] հեղինակությամբ, կարող եք կարդալ հետևյալ կայքէջում՝ www.armenocide.de:
Յետգրութիւն: մեր և միւս բողոք նամակներից յետոյ ԼՏՓ-ն շրջանառիւթեան մէջ է դրել մի նոր, կիսամեայ ծրագիր:
10.02.2010-ին էլ ձախերի ֆրակցիան բունդեսթագին ներկայացրել է մի գրաւոր հարցադրում, որի ամենակարևորը հետևեալն է «գերմ. Դաշնային պետութիւնը ընդունու՞մ է հայերի 1915/16թ. Կոտորածները ՄԱԿ-ի 1948թ. Կոնվենցիայի պայմանագրին համաձայն՝ որպէս ցեղասպանութիւնե:

Դոկտ. ժիրայր Քոչարյան


Kohlebornweg 22
12167 Berlin

Լեփսիուսի Տուն հովանավորող միության
վարչությանն ու անդամներին

Gutenbergstr.71/72
14467 Potsdam
2010թ.-ի հունվար

Մեծարգո տիկնայք և պարոնայք,
սիրելի բարեկամներ,

Լեփսիուսի Տուն հովանավորող միությունը իր կայք-էջում www.lepsiushaus-potsdam.de ներկայացնում է իրեն որպես «Գերմանա-հայկական Ակադեմիա», սակայն, երբ 2010թ-ի տարեկան ծրագիրը ստացա, զարմացած տեղեկացա, թե ավելի շուտ նման է մի գերմանա-թրքական ընկերության: Նպատակաների և թեմաների փոխանակման դեմ ընդհանրապես առարկություն չէր լինի, եթե ինչպես միության անունն է ասում, ամրագրված չլինեին հայերի, Հայաստանի, ինչպես նաև Յ. Լեփսիուսի անունները:

Սկսենք «Ուղևորություն Իստամբուլ 2010» ծանուցումից: Ուղևորության նպատակի մասին ծրագրի նախագիծը հակասություններ է հաղորդում: Իստամբուլը (ո՞չ Կոստանդնապոլիսը, ըստ երևույթին քաջության պակասություն կա այս և նման անունները տալիս) գրավվել է «օսմանների կողմից և կողմնորոշվում է դեպի արևմուտք», ի շնորհիվ օսմանցիների՞ն, միևնույն ժամանակ՝ «Բոսփորեան մետրոպոլը», իր արևմտյան կողմնորոշման հետ մասին,«իսլամական մշակույթի կենտրոն է»: Ի՞նչ է, արևմուտքը արդեն իսլամական է, թե՞ ծրագիր նախագծողները տրամաբանության հետ խնդիրներ ունեն:

Որ Լեփսիուսի Տուն Փոթսդամ (այսուհետ՝ ԼՏՓ) միության ծրագիրը պորտապարեր և «թրքական դասական խոհանոց» է մատուցում, դեմ չենք և մասնակիցներին հաճելի ժամանց ենք մաղթում, սակայն շնչակտուր եղա՝ ծրագրում կարդալով «Կ.Պոլսո գրավման հանդիսության» (29.5.2010ևին) մասին, «բազմաթիվ տոնակատարություններ՝ ի մեծարումն Սուլթան Մեհմեդ 2-րդի և 1453 թ. Կ. Պոլսո գրավման»:

Ցավ է պարճառում, որ ծրագրի հեղինակները Կ.Պոլսո 1453 թ.-ի գրավումը գտնում են տոնակատարության արժանի և դեռ մասնակցում են այդ հանդիսություններին: 1453 թվականի մայիսի 29-ը բոլոր քրիստոնյաների, հատկապես հույների ու հայերի տխրության օրն է, քանզի այդ թվականը մի յուրահատուկ, քրիստոնեական դրոշմ կրող բյուզանդական մշակույթի ավարտն է խորհրդանշում: Կ.Պոլսո գրավումը միաժամանակ մատնանշում է ուղղափառ եկեղեցու գոյության ավարտը Փոքրասիայում:

1946 թ. Մուստաֆա Քեմալի կողմից ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (CHP), որը թե՛ անդամների և թե՛ գաղափարախոսության տեսակետից «Միություն և հառաջադիմություն» կուսակցության անմիջական ժառանգորդն էր, «Փոքրամասնությունների մասին» մի զեկույցում հետևյալն է գրում Թուրքիայում մնացած հույների մասին.

«Հույների թվաքանակը Անատոլիայում աննշան է, այնտեղից ապագայում մեզ վտանգ չի սպառնում: Այդ իսկ պատճառով մեր ուշադրության առարկան պետք է Իստամբուլի հույները լինեն: Թե՛ Հունաստանին մոտ լինելը և թե՛ նրանց մեծ քանակը բնակչության մեջ ստիպում են մեզ լուրջ և ազդու միջոցների դիմել: Այս պարագայում, միակ բանը, որ պետք է ասվի, հետևյալն է՝ մինչև Իստամբուլի գրավման 500 ամյակը (1953) Իստամբուլը հույներից պետք է մաքրված լինի:» [2]

1955 թ.-ի հակահունական խժդժությունները և 1964 թ.-ի բռնի արտաքսումները թուրքերին բավականին մոտեցրել են իրենց նպատակին: Նկատի առնելով թրքական մաքրագործման քաղաքականությունը, ուղևորության ծրագրի այսպիսի ձևակերպումը կարելի է ցինիկ կամ ավելի կոպիտ՝ տգիտություն համարել, ամեն պարագայում սակայն, գռեհիկության և նրբազգացողության պակասի դրսևորում է:

Հուսով եմ, որ ԼՏՓ-ի Իստամբուլ ուղևորները դրանով հանդերձ Տիեզերական Պատրիարք Բարթողոմէոս Առաջինի կողմից ընդունման կարժանան: Նա բավականին խիզախ է և կհաղորդի, թե որքան ուղղափառ քրիստոնեաներ են վերապրել թրքական բնաջնջման քաղաքականության հետևանքով «դեպի արևմուտք կողմնորոշված» Իստամբուլում, և անձամբ ինքն իրեն ինչպես է զգում՝ խաչված:

Հույսով եմ, որ Իստամբուլ ուղևորները, երբ այցելեն Կայսր Վիլհելմի ցայտաղբյուրը, հիշեն, որ այդ շինության հիմանդիրը՝ բարեպաշտ ավետարանական կայսրը, ինքն իրեն հայտարարել էր իսլամների, առանձապես «կարմիր» Սուլթան Աբդուլ Համիդի բարեկամը, որի հրամանով 1894-96թ. 300.000 հայեր են կոտորվել, 100.000-ը բռնի թուրքացվել և 100.000-ն էլ իրենց հայրենիքից վտարվել:

Անցնենք 2010թ-ի տաերկան ծրագրի երեք գլխավոր կետերին. Թվում է, թե Լեփսիուսի վարչությունը ցանկանում է ուժով մտնել միջնորդական գործարքի, ավելի ճիշտ, խծկվում է ապագա հայ-թրքական պատմության հանձնախմբի մեջ, անշուշտ ի վնաս հայերի: Քանզի ի՞նչ կարող է մի այսպիսի հանձնախումբ հայ-թուրքական սուր հակասական դիրքորոշումների պայմաններում եզրակացնել, որ 95 տարիների ընթացքում չի իրականացվել և միջազգային ցեղասպանության ուսումնասիրություններում վաղուց ի վեր ընդունված իրողություն չի դարձել:

Այս բնագավառում անշուշտ կասկածելի է ԼՏՓ-ի իրավասությունն ու մակարդակը, քանի որ կենսագրությունը որպես կիզակետ, այս պարագայում Յ. Լեփսիուսի կյանքն ու գործունեությունը նույնիսկ մոտավորապես չի փոխարինելու ցեղասպանության բնագավառում հիմնական ուսումնասիրությանը: Չենք կարծում, թե ԼՏՓ-ն հավակնի ողջակիզման ուսումնասիրությունը հավասարեցնել Օսկար Շինդլերի [3] կյանքի և գործունեության հետ:

Ինձ մեծ անակնկալ պատճառեց, երբ կարդացի, որ թրքական կառավարությունը ԼՏՓ-ին հրավիրել է մասնակցություն ունենալ մի «անկողմնակալ պատմության հանձնախմբում»: Թրքական կառավարությունը այդ ո՞ր ժամանակից ի վեր է ԼՏՓ-ին դիտում որպես վստահելի գործընկեր և ԼՏՓ-ն ինչո՞վ է շահել այս վստահությունը: Վերը նշված հանձնախումբը վստահորեն հայ-թրքական դեռ չվավերացված արձանագրությունների նույն վիճահարույց հանձնախումբն է, որը ոչ միայն մերժվում է հայերի ջախջախիչ մեծամասնության, այլ նաև International Association of Genocide Scholars (IAGS) կողմից: Վիլիամ Շաբասը՝ IAGS-ի (ցեղասպանության ուսումնասիրողների միջազգային ամենահեղինակավոր մասնագիտական կազմակերպությունն է) նախագահը, 2009 թ.-ի հոկտեմբերի 8-ի իր նամակում փորձել է հետ պահել Հայաստանի նախագահին մի այսպիսի հանձնախումբի ստեղծման ընդունումից.

«Acknowledgement of the Armenian Genocide must be the starting point of any ‘impartial historical commission,’ not one of its possible conclusions. The world would not accept an inquiry into the truth of the Nazi Holocaust, or the extermination of the Tutsi in Rwanda, and nor can it do so with the genocide of the Armenians.” [4]

Վերջապես ԼՏՓ-ի համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն հանգամանքը, որ Թուրքիայի կառավարությունը նրան դիտում է որպես հավաստի գործընկեր և հրավիրում է մասնակցություն ունենալ հայ-թրքական պատմության հանձնախմբում: Մի բացասական հետևանք արդեն իսկ փաստ է՝ «ցեղասպանություն» բառի բացակայությունը 2010-ի տարեկան ծրագրում:
Թեպետև 2010 թ. հայոց ցեղասպանության 95 ամյակն է, այդ մասին ծրագրում չկա որևէ նշում: Ըստ ծրագրի՝ 2010 ապրիլի 24-ին միմիայն պիտի նշվեն «հայոց զոհերը», առանց պատասխանատուների և ոճրագործների հիշատակության: Այդպիսի մտադրություն նկատելի էր արդեն, երբ 2005 թ. ԼՏՓ-ի վարչության մի առաջատար անդամ խմբագրում էր Բունդեստագի ցեղասպանության որոշման մասին նախագիծը, որտեղ հետևողական կարգով խուսափվում է ցեղասպանություն բառից և միաժամանակ Լեփսիուսի անձը պանծացվում է որպես գերմանական բարության տիպար և շահարկվում որպես քաղաքական թզենու տերև :

Ծրագրի 2-րդ կարևոր կետը Ուրֆայի և Փոթսդամի քույր քաղաքներ դարձնելու խոչընդոտների հաղթահարումն է: Գերմանական դիտանկյունից նայած՝ ավելի համապատասխան են «սարսափի վայրեր» Օրանիենբուրգը և Դախաուն, քան Փոթսդամը, քանի որ այդ 2 քաղաքները (հայտնի են իրենց համակենտրոնացման ճամբարներով) կանգնած են նույն ոճրագործության աստիճանին, ինչպես Ուրֆան: Արամեացիների Ուռհոյը և հայերի Ուռհան 1915-1921 թ. ոչնչացավ: Ուրֆայի այսօրվա բանկիչները հավանական ժառանգներն են 1915 թ. ոճրագործների:

Ամբողջ նախաձեռնությունը հիշեցնեւմ է ինձ Մանհայմի և Սումգայիթի քաղաքների քույրության արարողությունը Սումգայիթի հայերի ջարդից, թալանից և բռնագաղթից անմիջապես հետո (1988), որի ընթացքում Մանհայմի փողոցներից մեկն էլ Սումգայիթ անվանվեց: Մեր բողոք-ցույցի ժամանակ քաղաքապետարանի պատասխանատուներից մեկը հայտարարեց. «Մենք չենք ցանկանում Սումգայիթը մեկուսացնել:» Նա բնավ էլ չմտածեց 300 սպանված, 1500 վիրավորված և բռնաբարված հայերի և ոչ էլ 18-20.000 կողոպտված և քաղաքից արտաքսված մեր հայրենակիցների մասին: Ինչպե՞ս կարելի է մի քաղաքի հետ քույրության պայման ստորագրել, որտեղ կազմակերպված ջարդ է տեղի ունեցել: Կազմակերպվե՞լ է մի նախաձեռնություն անցյալի ոճրագործությունը քննարկելու համար: Կա՞ ներողություն, զղջում: Դեռ ավելին՝ Ուրֆայի հայկական կաթողիկեն, որում 1895թ-ի հունվարի 25-ին երեք հազար հայեր ողջ-ողջ հրկիզվել են, այսօր վերածվել է թրքական մզկիթի:

Վերը նշված Աստծո տունը թուրքերը 1915 թ-ին բանակի պոռնկատունն էին դարձրել: Բրունո Էքարթը, որը տնօրինում էր Ուրֆայի գերմանական միսիոնարների գորգագործության գործարանը, զեկուցել է այդ մասին, թե ինչպես «հայերի սրբավայրը սպաների, ոստիկանների և ժանդարմների պոռնկատուն էր դարձել:Շրջակա բնակարանների բնակիչները գիշերվա ժամերին սպանված վարդապետների սենյակներից բազմիցս սուր ճիչեր են լսել: Հարևան բնակարաններից տեսանելի էր, թե ինչպես քաղաքի երևելի թուրքերը հայկական եկեղեցուց գեղեցիկ կանանց ու աղջիկներին՝ քարշ էին տալիս իրենց տները: Այս զանգվածային բռնի պղծումից քաղաքի հայերը սաստիկ վիրավորված էին»: [5]

Սահմռկեցուցիչ անցյալով մի այսպիսի քաղաք, արդյո՞ք համապատասխանում է լինել Փոթսդամի քույր քաղաք:

Եվ վերջապես ծրագրի երրորդ գլխավոր կետը Թուրքիայի և Հայաստանի դեսպանություններին հրավերք ուղարկելն է: ԼՏՓ-ի դռները միշտ բաց են եղել բոլորի առջև, մինչ այսօր որևէ թուրք նե՞րս մտել է, այն դեպքում, երբ Փոթսդամում ապրում են մոտավորապես 150 թուրքեր: Բեռլինից էլ ոչ ոք ներկա չի եղել, ո՛չ թրքական դեսպանությունից և ո՛չ էլ թրքական համայնքներից:

Տարեկան ծրագրի գլխավոր կետերի ամփոփման մեջ երկուստեք կարդում ենք. « Այսպիսով ԼՏՓ-ն իրականացնում է հատկապես Բունդեսթագի պատվերը, դոկտ. Յ. Լեփսիուսի ժառանգությունը կիրառել Թուրքիայի, Հայաստանի և Գերմանիայի միջև երկխոսության և հաշտության նպատակով:

Ի՞նչ պատվեր, ի՞նչ ժառանգություն:

ևԴոկտ. Յ.Լեփսիուսը պայքարել է կայսերական հայահալած քաղաքականության դեմ, երբ ԼՏՓ-ի վարչությունը հակառակ դրան, իր վրա է վերցնում կատարածոյի դեր՝ կատարելու մի կառավարության «պատվեր», որը փաստացիորեն մինչ այսօր չի ճանաչել ցեղասպանությունը: Ի տարբերություն այս կառավարության և ԼՏՓ-ի վարչության՝ Յ.Լեփսիուսը իր ժամանակակիցների առջև հստակ, դիպուկ և զգայացունց բառեր էր օգտագոիրծում՝ պարզաբանելու համար հայոց բնաջնջումը: Ես չեմ տեսնում այդ հստակությունը ԼՏՓ-ի ծրագրում:

– Թուրքիայի քաղաքականության նման ԼՏՓ-ի ծրագիրն էլ կենտրոնացած է Հայաստանի պետության վրա: Հայաստանի Հանրապետությունը, որ 1993-ից ի վեր տառապում է թրքական շարունակվող շրջափակումից, ցանկանում է հնարավորին չափ պաշտոնապես չառնչվել հայոց ցեղասպանության հետ: Այստեղ հասցեատերը առաջին հերթին հայրենիքից 6 միլիոն բռնի զրկվածներն են, որոնք ժառանգներն են ցեղասպանությունից հրաշքով փրկված վերապրողների: Սակայն այս վերջինները բնավ ծրագրում չեն հիշվում :

ԼՏՓ-ի տարեկան ծրագրում շարունակ շեշտված հայ-թրքական հաշտեցումը անհեթեթ է: Հայերը ինչպես նաև 1915-ին ցեղասպանված մյուս քրիստոնյաները՝ ասորիները, արամեալեզու քրիստոնեաները և ուղղափառ հույները, չէին պատերազմում Թուրքիայի դեմ և ոչ էլ գտնվում էին քաղաքացիական պատերազմում, նրանք քաղաքացիներ էին Օսմանյան Սուլթանության, որտեղ նրանք անիրավության էին ենթարկված՝ բռնի ձուլում, բնաջնջում և կամ վտարում:Թուրքիայի իշխանավորները և թրքական ընտրանիի ջախջախիչ մեծամասնությունը զզվելի հոդված 301-ի օգնությամբ դեռ այսօր էլ ջանք չեն խնայում, որ տեսանելի ապագայում նույնպես ոչինչ չփոխի: Էլ ո՞ր հաշտության մասին է խոսքը:

1993-ից ի վեր միջազգային օրենքին հակասող երթևեկության և տնտեսական շրջափակումով Թուրքիան օգնում է իր արյունակից Ադրբեջանին՝ հովանավորելով նրան զինվորական և քաղաքական ոլորտում: Այս պայմաններում էլ ի՞նչ հաշտության մասին է խոսքը:

Ոչինչ այդքան չի թունավորում ժողովրդի և մարդկանց փոխհարաբերությունը, ինչպես ցեղասպանությունը, նրա տասնյակ տարիների ուրացումը: Հաշտության նախապայմանն է անցյալի ոճրագործության պատասխանատվության հանձնառնումը, ինչպես նաև բռնատեղահանվածների և նրանց ժառանգների իրավունքի վերականգնումը հայրենիքի նկատմամբ: Պետք է լինեն նաև տնտեսական և հոգեկան հատուցումներ: Եթե ԼՏՓ-ի միությունը ցանկանում է իր ներդրումն ունենալ այս ծանրակշիռ իրավունքների խախտումնան վերականգման մեջ, բարի է եկել: Այսուհանդերձ ԼՏՓ-ն լիազորված չէ առանց հրավերի և նախապես համաձայնության, հաշտեցման առընչությամբ աշխատանք ծավալել ցեղասպանության ժառանգների իրավունքների և պահանջների հաշվին: Այո՛, մենք չենք ընդունելու, քանի որ նկատում ենք ԼՏՓ-ի վարչության մասնակցության բացասական ազդեցությունը թրքական կողմից նախաձեռնած «պատմությաան հանձնախմբում»:

Անկասկած ԼՏՓ-ն վստահություն շահելու, իր թրքական և գերմանական պատվիրատուների շահերը նկատի առնելով է, որ հայ մեծ երաժիշտ, հոգևորական Կոմիտասի (1915թ. ցեղասպանության զոհերից) ծննդյան 140 ամյակի առթիվ նրան թուրք է հորջորջել:

Որպես ԼՏՓ-ի անդամ և 1915 թ. բնաջնջված Մշո ընտանիքի միակ վերապրածի ժառանգորդ պահանջում եմ վարչությունից վերը նկարագրված սխալների շուտափույտ ուղղում և մի նոր 2010թ-ի տարեկան ծրագիր կազմել:

Սպասում եմ Ձեր պատասխանին:

Հարգալից բարևներով՝

Դոկտ. Ժիրայր Քոչարյան

———-

  1. Spiegel շաբաթաթերթի նախկին խմբագիրներից և հայոց ցեղասպանության գերմանական փաստաթղթերի ուսումնասիրողներից, որն իր կնոջ հետ միասին (իրավաբան) փասթաթղթերը ուսումնասիրելուց հետո դնում է կայքէջում, նա¢ անգլերեն թարգմանությամբ
  2. Մեջբերումը՝ Bulut, Faik: Kurt Sorununa Cozum Arayislari / Devlet ve Parti Raporlari Yerli ve Yabanci Oneriler 1920-1997 [Search for a Solution of the Kurdish Question]. Istanbul: Ozan Yayincilik, 1998, S. 178. նայիր նաև՝ Akar, Ridvan: Bir Resmi Metinden Planli Turklestirme Donemi [ Planned phase of turkification, as given in an official document ], “Birikim” , Sayi 110 (1998), S.68-75
  3. գերմանացի ֆաբրիկանտ, որը փրկել է իր մոտ աշխատող հրեաների կյանքը
  4. Մեջբերումը՝ “Armenian Weekly”, October 12 , 2009. www. Aga-online.org/de/aktionen/detail.php?newsId=333
  5. Մեջբերումը՝ Eckart, Bruno:Meine Erlebnisse in Urfa. Potsdam 1922, S. 18f

This post is also available in: ,