Սումգայիթի ջարդերի հեղինակները պաշտոնավարում են Ադրբեջանում. Ադամ Շիֆ

Սումգայիթի ջարդերի հեղինակները պաշտոնավարում են Ադրբեջանում. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը երեկ հաղորդագրություն է տարածել Սումգայիթի ջարդերի՝ 1988թ. փետրվարի եռօրյա սպանդի մասին, որի հետևանքով զոհվեցին բազմաթիվ հայեր։

Հաղորդագրությունում ասվում է, որ անցած կիրակի լրացավ Ադրբեջանում հայերի ջարդերի 22-րդ տարելիցը։ «1988թ. եռօրյա սպանդի հետևանքով զոհվեցին բազմաթիվ հայեր, նրանցից շատերին այրեցին` դաժանաբար ծեծի ու խոշտանգումների ենթարկելուց հետո։ Հարյուրավոր հայեր վիրավորվեցին։ Կանանց և աղջիկներին դաժանաբար բռնաբարեցին։ Ջարդերի հետևանքով հազարավոր հայեր դարձան փախստականներ…»,- ասվում է Ադամ Շիֆի հաղորդագրությունում։

ԱՄՆ կոնգրեսականը նշել է, որ հայերի կոտորածները երբեք բավարար չափով չեն հետաքննվել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ «Արյունահեղության կազմակերպիչներից և մասնակիցներից շատերն այժմ բարձր պաշտոններ են զբաղեցնում Ադրբեջանի կառավարությունում։ Օրինակ, Սումգայիթի ջարդերից մի քանի օր առաջ Ադրբեջանի «Կոմունիստական կուսակցության» առաջնորդ Հիդայաթ Օրուջևը նախազգուշացրել էր հայերին, որ եթե «դուք չդադարեք քարոզել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելը, ապա 100 հազ. ադրբեջանցիներ կներխուժեն ձեր տներ, կհրդեհեն ձեր բնակարանները, կբռնաբարեն ձեր կանանց և կսպանեն ձեր երեխաներին… Սակայն այժմ Օրուջևը Կրոնի հարցերով պետական հանձնաժողովի նախագահն է»,- նշել է Ադամ Շիֆը իր հաղորդագրությունում։

Tert.am

This post is also available in: Անգլերեն, Ռուսերեն