Արմեն Այվազյանը կդիմի Վճռաբեկ, հարկ եղած դեպքում՝ նաև Եվրոդատարան

Արմեն Այվազյանը կդիմի Վճռաբեկ, հարկ եղած դեպքում՝ նաև Եվրոդատարան

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ի նախագահ Արմեն Այվազյանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, եթե դատական այս ատյանն էլ չբավարարի քաղաքագետի հայցը, ապա նա մտադիր է հարցը հասցնել Եվրոպական դատարան: «Ուղղակի ծիծաղելի է նման լուրջ վեճը դատարանում չլսելը, վարույթ վերցնել հետո չլսելը, դատարանը նման բան անելու որևէ հիմք չունի»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԿ-ի նախագահ Արմեն Այվազյանը:

Նշենք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նախօրեի նիստում չբավարարեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ի բողոքը, որով վիճարկվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ն հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Կովկասի ինստիտուտին», ով հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը, պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը¸ արգելել Ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումը և վնասի փոխհատուցում պահանջել: Առաջին ատյանի դատարանը չի բավարարել հայցը:

Նիստում վերաքննիչ դատարանը հրապարակել է վճռի եզրափակիչ մասը, հետևաբար «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի վերաքննիչ բողոքը մերժելու հիմնավորումները դեռևս հայտնի չեն: Դրանք ՀԿ-ի նախագահին էլ չեն հասել: Դատարանում ասել են պատճառը տեխնիկական է:

Իսկ մինչ դրանց ծանոթանալը` կազմակերպության նախագահը ենթադրում է. «Հասկանալի է, որ որոշումը քաղաքական է, և ոչ իրավական: Վճռաբեկն էլ, հնարավոր է, ելնելով քաղաքական վերադասի ցուցումներից՝ նմանատիպ որոշում կայացնի: Այդ դեպքում կգնանք Եվրոպական դատարան և այնտեղ կհաղթենք, կարծում եմ, 100 տոկոսով»:

Ա. Այվազյանը մանրամասնեց, որ փաստեր չունի, բայց կարծում է, որ այս գործում միջամտություն է եղել՝ «ելնելով ընդհանուր վերլուծությունից, երկրում իրականացվող արտաքին քաղաքականության ընդհանուր այսօրվա ուղղություններից, ելնելով հայ-թուրքական արձանագրությունների ոգուց և բովանդակությունից»:

Panorama.am, 06.03.2010

This post is also available in: ,