Հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

Հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

Հարցազրույց կառավարման փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանի հետ

-Պարո՛ն Մեսրոբյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը։

-Որպես «նյարդերի պայքար», ինչպես նաև բացահայտ տեղեկատվական ու քողարկված դիվանագիտական պատերազմների ժամանակաշրջան, որտեղ գերտերությունները հերթական անգամ հետապնդում են սեփական նպատակները:

-Ի՞նչ շահեց Հայաստանը «նախաձեռնողական դիվանագիտություն» կոչվածից:

-Միայն այն փաստը, որ Հայաստանը արձանագրությունները ստորագրելուց հետո երկու փաստաթղթերով փորձեց շտկել վիճակը (ՀՀ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում խորհրդարանի հրատապ փոփոխությունները), խոսում է այն մասին, որ մեր դիվանագիտությունն իրականացվել է անպատրաստ, և, որպես հետևանք, խիստ կասկածելի է մտածել, թե այն «նախաձեռնողական» է:

Անպատրաստ լինելու պատճառները թերևս երկուսն են՝ առաջին՝ պրոտոկոլային գործընթացի նախաձեռնողները Հայաստանից դուրս են, երկրորդ՝ Հայաստանում 1991-ից հաղթանակած դիլետանտությունը, այդ թվում պետության ռազմավարական կառավարման ոլորտում: Նման իրավիճակում Հայաստանի որևէ շահի մասին խոսելն անիմաստ է:

-Թուրքիան այս գործընթացում կարողացա՞վ իր համար առավելագույն օգուտ քաղել։

-Թուրքիայի առավելագույն օգուտը կլինի այն դեպքում, երբ «պրոտոկոլների» վավերացման փուլում նրան հաջողվի ստեղծել անշրջադարձելի թուրքանպաստ վիճակ ղարաբաղյան հարցում:

Մյուս կողմից «պրոտոկոլներն» արդեն իսկ ուղղակի վտանգում են Հայոց ցեղասպանության իրավական հետևանքների վերացումը և առաջին հերթին նյութականացված փոխհատուցման իմաստով: Հատուկ ընդգծում եմ այս բառակապակցությունը, քանի որ Հայաստանում Ցեղասպանությունը հաճախ ներկայացվում է որպես զուտ բարոյական կատեգորիա: Եթե դա լիներ միայն բարոյականության խնդիր, կարծում եմ, որ Թուրքիան «այդքան խելք կունենար» կատաղի չպայքարել Ցեղասպանության ընդունման դեմ:

-Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մոտ ապագայում ի՞նչ զարգացումներ են հնարավոր։ Շատերն այստեղ արագընթաց զարգացումներ են կանխատեսում։

-Ճիշտ են կանխատեսում այն պարզ պատճառով, որ կառավարման մեջ անվերապահորեն կիրառվում է հետևայլ օրենքը՝ եթե նույն տարածքում և նույն ժամանակահատվածում առկա են երկու և ավելի գոծընթացներ, ապա բացառվում է, կրկնում եմ՝ բացառվում է, որ այդ գործընթացները չլինեն փոխկապակցված և փոխպայմանավորված: Իսկ ոչ ոք չի կարող ժխտել, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացներն առկա են նույն տարածքում և նույն ժամանակահատվածում: Հետևաբար խոսել, թե «պրոտոկոլները» չունեն նախապայմաններ, առնվազն անընդունելի է:

Մյուս կողմից Հայաստանն իրոք արդեն չունի նախապայմաններ, քանի որ իր պահանջատիրության պայմանները զոհաբերել է «պրոտոկոլների» տեքստերի միջոցով:

-Պարո՛ն Մեսրոբյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում իրականացվող քարոզչությունը Թուրքիայի և Ադրբեջանի հարցում։

Կարծում եմ, որ Հայաստանում «քարոզչություն» դասական իմաստով չի իրականացվում: Ծանոթանալով Հայաստանում շրջանառվող նյութերին և մտքերին՝ ես հաճախ տպավորություն եմ ստանում, թե Հայաստանում չեմ ապրում: Որպեսզի այս հայտարարությունը մերկապարանոց չդիտարկվի, մի քանի օրինակ բերեմ:

Օրինակ 1. 2009թ. մայիսին ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Հարությունովը Հայաստանի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով հայտարարում է, թե ով դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, ազգի դավաճան է, կամ իբր 1915-ին հայերն իրենց հերթին կոտորել են թուրքերին: Հետո իմանում եմ, որ նա դարձել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս:

Օրինակ 2. «Կովկաս» ինստիտուտ-հիմնադրամը (տնօրեն՝ «հանրաճանաչ Ալեքսանդր Իսկանդարյան») տպագրում է ժողովածու, որտեղ հոդվածներից մեկում Հայոց ցեղասպանություն բառերն օգտագործվում են չակերտների մեջ: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը (տնօրեն՝ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյան) Հայոց ցեղասպանությունը ժխտող գրականություն թարգմանելու, հրատարակելու, տարածելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանություն բառերը չակերտավոր օգտագործելու հիմքով դիմել է ՀՀ դատական մարմիններին: ՀՀ առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններն արդեն իսկ մերժել են այդ հայցը:

Օրինակ 3. 2008թ. Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի նախօրեին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանից «անհետանում է» Արարատ լեռան պատկերը:

Օրինակ 4. ՀՀ ԶԼՄ-ներով սաստկացել է հայ ազգի մեծերին ծաղրելը, նսեմացնելը, «քննադատելը»:

Այս օրինակները բազմաթիվ են: Հարց է առաջանում՝ արդյոք սա՞ է անկախ Հայաստանի Հանրապետության քարոզչությունը:

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

7or.am