Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության մի հայտարարության առթիվ

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության մի հայտարարության առթիվ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման, ս. թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ կայացել է զինված ուժերի շինարարությանը վերաբերվող խորհրդակցություն, ուր պետության նախագահը, բնականաբար, բանակի հրամանատարությունից պահանջել է պատրաստ լինել ղարաբաղյան խնդրի ուժային լուծմանը: Այնուհետև պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը զեկուցել է 2009 թվականին բանակում և հատկապես սպառազինության նորացման ասպարեզում կատարված աշխատանքների մասին, մանրամասն թվարկելով, թե անցած տարվա ընթացքում շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ինչպիսի՞ սպառազինություն է ձեռք բերել Ադրբեջանի բանակը:
Այնուհետև երկրի նախագահն ու պաշտպանության նախարարը հավաստիացրել են ներկաներին, որ Ադրբեջանի բանակն ու ժողովուրդը համախմբված են նախագահի շուրջը: Այսինքն, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքները զավթելու, ԼՂՀ շուրջ ստեղծված անվտանգության գոտում ամեն ինչ ավերելու մեջ (կարծես մենք են հողին հավասարեցրել Ջուղայի խաչքարերի հազարամյա անտառը), և հերթական անգամ հայտարարել, որ Ադրբեջանը «չի կարող հանդուրժել նման դաժանությունն ու անարդարությունը»: Իսկ թե բոլորիս հայտնի մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի արժողության նոր սպառազինության մասին Բաքվում ինչո՞ւ են ապրիլի 24-ի անմիջապես նախօրեին հիշել, երբ Երևանում մարդիկ տխուր խոհերով տարված արդեն բռնում էին Ծիծեռնակաբերդի բարձունքի ճանապարհը, ինքնին հասկանալի է:
Սակայն անհասկանալի է խորհրդակցության մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի տարածած տեղեկատվությունը, ուր անընդհատ խոսք է գնում այնպիսի բաների մասին, որպիսիք Ադրբեջանի ոչ նախագահը և ոչ էլ պաշտպանության նախարարը չեն ասել:
Սաբիրօղլուն հայտարարում է. «Ըստ երևույթին, ստիպված ենք վերստին կրկնել. Հայաստանի քաջությունը չի բավարարի միայնակ պատերազմ վարել» և հավաստիացնում է, թե միջազգային փորձագետներն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցությունը համարում են կարևոր իրադարձություն, որին արձագանքել է ողջ աշխարհը և որ ժամանակակից սպառազինությամբ և ծանր տեխնիկայով զինված բանակի, մարտական բարձր ոգու, և ամենագլխավորի՝ նախագահի ու ժողովրդի միասնության շնորհիվ «Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրման օպերացիան սկսվելու դեպքում Հայաստանի պարտությունն անխուսափելի է»: Ահա այսպիսին է Էլդար Սաբիրօղլուի տպավորությունը հարազատ գերատեսչությունում կայացած խորհրդակցությունից: Սակայն…
Հայաստանի անխուսափելի պարտության մասին իր նախարարը նույնիսկ չի ակնարկում, այլ ելույթի սկզբում ընդամենը նշում է, որ «Տարածաշրջանի ռազմաքաղաքական բարդ իրավիճակը Ադրբեջանի Հանրապետությանը պարտադրում է զավթված հողերի ազատագրման, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման նպատակով բարձրացնել զինված ուժերի մարտական հնարավորությունները»: Ապա թվարկելով, թե սպառազինության ինչ տեսակների ձեռք բերման վրա է ծախսվել հիշյալ մեկ միլիարդ ԱՄՆ դոլլարը, ելույթի վերջում Ադրբեջանի նախագահին հավաստիացնում է, որ բանակի հրամանատարությունը «պատրաստ է պատվով կատարել բանակի շինարարության ասպարեզում Ձեր առաջադրած բոլոր խնդիրները»: Հատուկ մամուլի ծառայության ղեկավարի համար կրկնում ենք. «Բանակի շինարարության ասպարեզում»: Իլհամ Ալիևն էլ տալիս է համապատասխան հանձնարարական. «Մենք պետք է այնպես անենք, որ պետք եղած պահին ետ վերադարձնենք մեր հողերը»: Ընդամենը այսքանը…
Տարված ցանկալին իրականի տեղ ներկայացնելու մոլուցքով և պարտադրված լինելով ադրբեջանական ժողովրդի մոտ ինչ-որ կերպ արդարացնել իրենց իսկ սանձազերծած պատերազմում կրած ծանր պարտությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության քարոզչական օղակները և ընդհանրապես՝ պետական ողջ քարոզչամեքենան շարունակում են վաղուց մաշված ձայնասկավառակը պտտել, ակնարկելով պատերազմում հայկական կողմին օգնած խորհրդավոր ինչ-որ երրորդ ուժի մասին, բայց անգամ վախենում են արտասանել այդ պետության անունը: Եվ զուգահեռաբար անընդհատ շեփորահարում են ամեն տարի մեծագումար սպառազինություն ձեռք բերելու մասին ու անվերապահ տոնով կանխորոշում հավանական մարտական գործողությունների ելքը, փորձելով փոքր-ինչ բարձրացնել իրենց բանակի ոգին: Սակայն գնդապետ-լեյտենանտ Է. Սաբիրօղլուն չի կարողանում հասկանալ, որ սուտ ու կեղծիք տարածելով և քարոզչական էժան ու մաշված հնարքներով հնարավոր չէ վախեցնել հայրենի հողի համար մղված պատերազմում հաղթած մի ողջ ժողովրդի:
Իսկ զազրախոսությամբ զբաղվելու և հայկական բանակի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի մասին մտավարժանքներ ու դատողություններ անելու փոխարեն, Սաբիրօղլուն և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թող զբաղվեն սեփական բանակի անթիվ հոգսերով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն թեմայով․ http://www.ardarutyun.org/?p=1722&lang=en