Ինչ են պատմում քարտեզները Հայաստանի, Հայկական լեռնաշխարհի, հայերի մասին

Ինչ են պատմում քարտեզները Հայաստանի, Հայկական լեռնաշխարհի, հայերի մասին

Հին եւ միջնադարյան քարտեզները ժամանակի մտածողների աշխատությունները լինելուց զատ նաեւ արվեստի գործեր են։ Նրանք մեզ են ներկայացնում անհերքելի փաստեր եւ տեղեկություններ անցյալի վերաբերյալ։ Այդ առումով մեծ կարեւորություն են ստանում հատկապես օտարազգիների կողմից Հայաստանը պատկերող քարտեզները, որտեղ իրենց պատասխանն են ստանում հայերի բնիկության, ինչպես նաեւ շատ այլ վիճահարույց հարցեր։
Կարեւորելով քարտեզների դերը՝ ճարտարագետ, քարտեզագետ, 1992—2000 թվականներին Լոնդոնում Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Գալչյանը նպատակ է ունեցել պատրաստելու կարեւորագույն քարտեզներից բաղկացած գիրք, որով մարդիկ կկարողանան տեղեկություններ ստանալ Հայաստանի, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է մեր երկիրն ընկալվել օտարների կողմից։ Նա 35 տարի շարունակ հավաքել եւ ուսումնասիրել է Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ—ի, Ավստրիայի, Գերմանիայի, ինչպես նաեւ Թեհրանի, Երուսաղեմի, Երեւանի ազգային գրադարանների ֆոնդերում, Մատենադարանում պահվող Հայաստանին առնչվող քարտեզները, որոնց թիվն անցնում է 250—ից։
Ռ. Գալչյանի առաջին աշխատությունը 2004 թվականին լույս տեսած անգլերեն լեզվով «Հայաստանի պատմական քարտեզներ. քարտեզագրական ժառանգություն» գիրքն է։ Այստեղ ի մի են բերվել աշխարհի տարբեր գրադարաններում եւ թանգարաններում պահպանված, մ.թ.ա. 6—րդ դարից մինչեւ մեր օրերին վերաբերող կարեւորագույն 161 քարտեզներ, որոնցում պատկերված է Հայաստանը։ Մեկ տարի անց՝ 2005—ին, Երեւանում հրատարակվում է գրքի վերափոխված տարբերակը՝ «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» վերնագրով հայերեն եւ ռուսերեն՝ պարունակելով ավելի մեծ թվով քարտեզներ եւ պատմական բացատրություններ։ Գրքում ներառված են Հայաստանը ցույց տվող աշխարհի հայտնի գրադարաններից, թանգարաններից հավաքված քարտեզներ սկսած 2600 տարի առաջ պատրաստված աշխարհի հնագույն աշխարհացույց քարտեզից մինչեւ այսօրվա արբանյակային լուսանկարը։
2007 թվականին անգլերեն եւ հայերեն լեզուներով լույս տեսած աշխատության մեջ տեղ են գտել 350—1350 թվականների քարտեզները։ Հեղինակի խոսքերով՝ այդ աշխատությունը կարեւորվում է նրանով, որ ավելի մանրամասն եւ հիմնավոր է ներկայացված մեր տարածաշրջանը՝ ցույց տալով, որ հայերի եւ Հայաստանի մասին հիշատակություններ կան ինչպես քրիստոնյա, այնպես էլ մահմեդական քարտեզագետների քարտեզներում։
Վերջին աշխատությունը՝ «Պատմության հորինումը. Ադրբեջան եւ Հայաստան, երեւակայությունները ցուցափեղկում» անգլերեն լեզվով գիրքը բացի քարտեզագրականից, ունի նաեւ քաղաքական ուղղվածություն։ Ռ. Գալչյանի խոսքով՝ այն գրված է ի պատասխան վերջին 50 տարիներին ադրբեջանական մամուլի եւ գիտության աշխատողների կողմից հրատարակված հակահայկական հերյուրանքներին եւ կեղծիքներին, որոնք առավելապես ուղղված են հայկական մշակութային եւ հոգեւոր արժեքների յուրացմանը։ Ռ. Գալչյանը կարեւորում է ոչ միայն գիտական աշխատություններով այդ հերյուրանքներին եւ պատմական խեղաթյուրումներին անդրադառնալը, այլեւ՝ փաստերի վրա հիմնված գիտահանրամատչելի գրականություն ստեղծելը, ինչն ավելի ընկալելի կլինի հանրության լայն շրջանակների համար։ Աշխատությունում ընդգրկված են 68 լուսանկար եւ քարտեզ, ավելի քան 100 գիտական աղբյուրների հղումներ, փաստաթղթեր, հոդվածներ։
Ռ. Գալչյանի հաջորդ աշխատությունը նվիրված կլինի այն հարցին, թե ինչպես էր ընկալվում Կիլիկիայի հայկական թագավորությունը եվրոպական քարտեզագրական աշխատանքներում եւ «պորտոլան» քարտեզներում։

Հայաստանը միջնադարի իսլամական եւ եվրոպական քարտեզներում

9—րդ դարում հիմնադրված իսլամական քարտեզներում մանրամասն տեղեկություններ կարելի էր գտնել միայն իսլամական աշխարհի վերաբերյալ, սակայն բացառության կարգով մանրամասն ներկայացված են Հայաստանը եւ Աղվանքը որպես միակ քրիստոնյա երկրներ։ Բալխիի քարտեզագրական դպրոցի ներկայացուցիչ Իսթախրին Կովկասից հարավ գտնվող երկրները՝ Աղվանքը, Հայաստանը եւ Ատրպատականը, ներկայացնող մի շարք քարտեզներում Կուր գետի ափին գտնվող երկիրը կոչում է Աղվանք, Արաքս գետի հարավ—արեւելքում գտնվողը՝ Ատրպատական, իսկ հարավ—արեւմուտքում գտնվողը՝ Հայաստան։ Այդպիսի քարտեզ է Իսթախրիի կողմից 954 թվականին պատրաստածը, որտեղ նշված է Հայաստանը, Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, նաեւ Բիթլիսը, Վանը, Խլաթը, Դվինը, Կարինը՝ որպես Հայաստանի քաղաքներ։ Նա Ադրբեջան է անվանում Արաքս գետից հարավ գտնվող Պարսկաստանի Ատրպատական նահանգը, որը որեւէ կապ չունի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հետ։ Պարսիկ քարտեզագիրը իսլամական քարտեզում քրիստոնյա երկրների ներկայութունը բացատրում է նրանով, որ վերջինները սերտ կապեր են ունեցել իսլամական աշխարհի հետ։
«Իսլամական քարտեզագրությունը մինչեւ 12—13—րդ դարերը քրիստոնեականից ավելի առաջադեմ էր, քանի որ չէր ենթարկվում սուրբ գրքի օրենքներին եւ ազատ էր թողնված, սակայն 14—15—րդ դարերից սկսեց ետ մնալ եւ զիջել զարգացող ու կրոնի գերիշխանությունից դուրս եկող արեւմտյան քարտեզագրությունից»,–ասում է քարտեզագետը։
Միջնադարյան Եվրոպայում՝ 6—13—րդ դարերում, տարածված էին «TO» տեսակի քարտեզները։ Դրանցում աշխարհը բաժանված էր 3 մասի՝ Եվրոպա, Ասիա եւ Աֆրիկա, որտեղ վերեւում նշվում էր այսօրվա արեւելքը, իսկ աշխարհի կենտրոն էր դիտարկվում Երուսաղեմը։ Այդ քարտեզներում աշխարհագրական տվյալների հետ տրվում էին նաեւ կրոնական բնույթի տեղեկություններ, ինչպես օրինակ՝ նշվում էր Կարմիր ծովը եւ այն հատվածը, որտեղով, ըստ աստվածաշնչի, անցել է Մովսեսը։ «TO» տեսակի քարտեզներում պարտադիր կերպով նշվում էր նաեւ Հայաստանը, Արարատ լեռը՝ Նոյյան տապանով։
Ռ. Գալչյանը նշում է, որ քարտեզագրության մեջ մեծ հետաքրքրություն են ներկայացնում ծովային՝ «պորտոլան» քարտեզները, որոնք պատրաստվում էին 10—16—րդ դարերում եւ նախատեսված էին ծովայինների համար։ Դրանցում հիմնականում ցույց էին տրվում ծովերը, գետերը, դրանց խութերը եւ հարակից ափերը, ինչպես նաեւ նավահանգիստներն ու ծովափնյա շրջանները։
Այդ քարտեզներում տեղեկություններ կային նաեւ Կիլիկիայի հայկական թագավորության մասին, որը կանաչ եզրագծի մեջ էր առնվում։ Ըստ Ռ. Գալչյանի՝ քանի որ այդ քարտեզները պատրաստվում էին խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում, կանաչ գույնը ցույց էր տալիս, որ տվյալ տարածքում ապրում է «քրիստոնյա, բարեկամ ժողովուրդ», հետեւաբար այդ նավահանգիստներին մոտենալը վտանգ չի ներկայացնում։
Հետաքրքիր է այն, որ «պորտոլան» քարտեզներից շատերում, երբ ցամաքից ներս համարյա ոչինչ ցույց չէր տրվում, նշվում են Հայկական լեռնաշխարհը, Արարատը՝ Նոյյան տապանով, Եփրատ, Տիգրիս, Արաքս գետերը եւ մի քանի հայկական քաղաքներ։ Դրա բացատրությունն, ըստ Ռ. Գալչյանի, այն է, որ եվրոպացի քարտեզագիրներին Հայաստանի, Արարատ սուրբ լեռան մասին տեղեկությունները հասել են Իտալիայի, Իսպանիայի քաղաքների հետ սերտ կապեր ունեցող հայ առեւտրականների միջոցով, ինչն էլ արձանագրվել է «պորտոլան» քարտեզներում։ Եվրոպացիների ուշադրությունը գրավել է նաեւ այն, որ Հայաստանը իրենցից արեւելք գտնվող վերջին քրիստոնյա երկիրն էր։

Հայկական քարտեզները մեր երկրի եւ աշխարհի մասին

Հայ քարտեզագրությունը բավականին հին պատմություն ունի, սակայն ներկայում պահպանված հնագույն հայկական քարտեզը 1345 թվականի է, որն այսօր պահվում է Մատերանդարանում։ Այն եվրոպական «TO» (orbis terarum՝ լատիներեն՝ երկրագունդ) տեսակի քարտեզներից ընդօրինակված 12 սմ տրամագծով մի փոքր բոլորակ է, որն իր արժեքով եւ կարեւորությամբ մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայ քարտեզագրության մեջ։
Դրանում նշված են Մետաքսի հյուսիսային ճանապարհին գտնվող շրջանները, քաղաքները՝ Չինաստանից մինչեւ Թեոդոսիայի Կաֆֆա քաղաքը, ինչպես նաեւ Իտալիան։
Ռ. Գալչյանի խոսքով՝ կարեւոր եւ արժեքավոր է նաեւ իր կողմից Բոլոնիայի համալսաարանի գրադարանի պահեստում 1990 թվականին հայտնաբերած ձեռագիր հայերեն քարտեզը, որը 1691 թվականին պատրաստել է Կ. Պոլսում ապրող գիտնական, բժշկապետ Երեմիա Չելեբի Քյոմուրջյանը։ 3մ 20 սմ երկարությամբ եւ 1 մ 20 սմ բարձրությամբ մագաղաթե քարտեզում ներկայացված են Կ. Պոլսից մինչեւ Արցախ եւ Կասպից ծովի ափը ձգվող հայկական բոլոր եկեղեցիները եւ վանքները մանրամասն տեղեկություններով։

Թուրքերը «սրբագրում» են իրենք իրենց

1802 թվականին Կ. Պոլսում հրատարակվեց Օսմանյան կայսրության առաջին ատլասներից մեկը, որը թարգմանվել էր անգլիացի աշխարհագրագետի աշխատությունից։ Ատլասի մեջ կային երեք մեծ քարտեզներ, որտեղ Սեւ ծովից հարավ—արեւելք գտնվող հատվածը ներկայացված էր որպես «Հայաստան»։ Մյուսը՝ Օսմանյան կայսրության ընդհանուր քարտեզն է, որտեղ Վանի եւ Էրզրումի շրջանի վրա գրված է «Հայաստան»։ Երրորդը՝ արեւելյան Թուրքիան ներկայացնող քարտեզում նույնպես Վանի եւ Էրզրումի շրջանները ներկայացված են որպես «Հայաստան»։
Ռ. Գալչյանն ընդգծում է, որ թուրքական քարտեզներում «Հայաստան» անվանումը շարունակվեց գրվել մինչեւ 1860—70—ական թվականները։ Վերջին քարտեզը, որում կա «Հայաստան» անվանումը, հրատարակվել է Կ. Պոլսում 1865 թվականին, այն արաբատառ է։ Հետագայում, երբ կայացավ եւ հզորացավ թուրքական պետությունը, Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը կարողացավ պարտադրել օտարներին իրենց քարտեզներից հանել «Հայաստան» անվանումը։ «Հատկանշական է, որ թե իսլամական, թե եվրոպական քարտեզագրության մեջ մինչեւ 1920—ական թվականները, երբ ցուցադրվում էր Միջին արեւելքի, Սեւ եւ Կասպից ծովերի տարածքը, միշտ «Հայաստան» էր անվանվում այն հատվածը, որտեղ ապրել էին հայերը։ Փաստորեն նրանք նկատի են ունեցել ոչ թե քաղաքական սահմանները, այլ՝ ապրող ժողովրդին»,–նշում է Ռ. Գալչյանը։

Քարտեզագրության ներկան

Այսօր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց փոխվել է նաեւ քարտեզագրությունը. այլեւս ձեռքով չեն գծվում քարտեզները, քանի որ գրադարաններում, քարտեզագրական կենտրոններում կան ամենամեծ ճշգրտություն ունեցող քարտեզները։ Բավական է համակարգչի ստեղնի մեկ սեղմում եւ կուրվագծվեն ցանկացած երկրի ընդհանուր սահմանները, լեռները, գետերը, լճերը եւ այլն։ Շահո՞ւմ ենք արդյոք, թե՞ կորցնում, դժվար է միանշանակ պատասխան տալ։ Քարտեզները որպես արվեստի գործեր, այլեւս ցուցադրության ենթակա նմուշներ են, սակայն զրուցակիցս համոզված է, որ չնայած բարձր տեխնոլոգիաները միշտ չէ, որ օգուտ են բերում մարդկանց, այնուամենայնիվ աշխարհագրության, քարտեզագրության տեսակետից ժամանակակից տեխնոլոգիաները լայն հնարավորություններ են ընձեռում՝ մեզ տրամադրելով չափազանց ճշգրիտ տեղեկությունները։

Կարինա ՄԻՆԱՍՅԱՆ

This post is also available in: ,