Մեկ քայլ առաջ գնալու փոխարեն` մեկ քայլ դեպի անդունդ

Մեկ քայլ առաջ գնալու փոխարեն` մեկ քայլ դեպի անդունդ

ՙ Թե ինչպիսի քաղաքացի կլինի երեխան, որքանով նվիրված կլինի իր պետությանը, իր ազգային շահերին, կախված է երեխայի դաստիարակությունից: Իսկ դաստիարակության լավագույն ձևը մայրենի լեզվով ուսուցումն է՚,-կարծում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացրած և կառավարության կողմից հավանության արժանացած ՙՙԼեզվի մասին՚ և ՙՀանրակրթության մասին՚ ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ՚ օրենքի (օտարալեզու դպրոցների վերաբացման) նախագծի մասին Հանրային խորհուրդը տեղեկացել է այն ժամանակ, երբ նախագիծն արդեն Ազգային ժողովում էր: Հանրային խորհրդում հարցն անմիջապես դրվել է քննարկման, և ձայների բացարձակ մեծամասնությամբ (երկու ձեռնպահ, մնացածը` դեմ) նախագծի վերաբերյալ կայացվել է հետևյալ որոշումը. ՙՀՀ Հանրային խորհուրդը, կարևորելով օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և արդիական ուսման ձևերի կիրառումը մեր կրթական համակարգում, այնուամենայնիվ գտնում է, որ տվյալ նախագծում առաջարկվող փոփոխությունները չեն բխում մեր ազգային և պետական շահերից: Հիմք ընդունելով վերը նշվածը և ՀՀ հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված կարծիքը՝ Հանրային խորհուրդը առաջարկում է ՀՀ Կառավարությանը վերը նշված խնդրի լուծման համար գտնել այլ ճանապարհներ՚:

Այլ ճանապարհներ կառավարությունը կարծես չի էլ փորձում գտնել. փոխարենը` ծրագրի ջատագովները՝ հանձին ՀՀ կրթության նախարարի, փորձում են հասարակությանը համոզել, որ նման դպրոցների հիմնումը պարզապես անհրաժեշտություն է՝ ՙփրկելու՚ հայ երեխային ոչ մրցունակ լինելու և ՙաշխարհի հետ աշխարհի լեզվով՚ խոսել չկարողանալու սարսափելի հեռանկարից:

ՙՄեկ քայլ առաջ գնալու փոխարեն` մեկ քայլ դեպի անդունդ…՚,- այսպես է բնորոշում օտարալեզու դպրոցների վերաբացման նախագիծը Վազգեն Մանուկյանը` զարմանալով, թե ինչու նոր նախարարը, կրթական ոլորտի հազարավոր խնդիրները թողած, որոշեց հենց օտար լեզուների իմացության հարցը բարձրացնել, այն դեպքում, երբ այս պահին Հայաստանում այդպիսի խնդիր գոյություն չունի: ՙՀայ երեխաների կեսից ավելին, ոչ միայն հին Սփյուռքի, այլև վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում գնացածների, ապրում է արտասահմանում՝ կամա թե ակամա սովորելով օտար դպրոցներում,- ասում է Մանուկյանը,- բացի այդ, հարյուրավոր երիտասարդներ, ավարտելով հայկական բուհերը, արտերկիր են գնում՝ մագիստրատուրա կամ ասպիրանտուրա սովորելու և վերադառնալով հայրենիք՝ աշխատանք չեն գտնում: Այսինքն` խնդիրն այն չէ, որ մենք օտար լեզուների տիրապետող մասնագետներ չունենք, այլ այն, որ մենք այդ մասնագետների համար համապատասխան աշխատատեղեր չունենք՚:

Կրթական հիմնախնդիրների մեջ Մանուկյանն առանձնացնում է ավագ դպրոցների հարցը` կարծելով, որ ավագ դպրոցների գոյությունը պետք է կասեցնել: ՙՆպատակահարմար չեմ համարում տասներկուամյա կրթական համակարգը, քանի որ բազմաթիվ հարցեր դեռևս լուծված չեն, պարզ չէ, թե աշակերտներն այդ վերջին երկու տարում ինչ են սովորելու,-ասում է նա` դեմ արտահայտվելով նաև օտարալեզու դպրոցներն ավագ դպրոցներում փորձարկելու գաղափարին: Անդրադառնալով կրթական ոլորտի մեկ այլ խնդրի` պետպատվերի տեղերը կրճատելուն, Մանուկյանը վստահ է, որ դա միայն կավելացնի կոռուպցիան ու կաշառակերությունը: Իսկ բանակի հարցը լուծելու լավագույն ճանապարհն, ըստ Մանուկյանի, այն է, որ բանակում ծառայության ժամկետը դառնա մեկուկես տարի, իսկ տասնութ տարեկան բոլոր երիտասարդներն անխտիր գնան բանակ, ապա վերադառնալուց հետո` ընդունվեն բուհ:

Ասում են, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ ստեղծելու մտահղացումը պայմանավորված է նաև այն նկատառումով, որ մեծահարուստները, ովքեր բավական մեծ գումարներ են ծախսում իրենց երեխաներին արտասահման ուսման ուղարկելու համար, այժմ այդ կրթությունն ապահովեն ներսում՝ խնայելով իրենց գումարները: Մասնավորապես խոսքը վերաբերում է մի շարք հայ հարուստների` Թաիլանդի անգլիական դպրոցում սովորող երեխաներին : Մանուկյանի կարծիքով, եթե նույնիսկ այդպես է, ապա խնդիրը դրանով չի լուծվի, քանի որ բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում էլ կլինեն մարդիկ, ովքեր ոչ թե կրթության որակի, այլև նորաձևության միտումներից ելնելով, իրենց երեխաներին արտերկիր կուղարկեն սովորելու: ՙԿամ էլ` պատճառաբանություններ են հնչում, թե սփյուռքահայերն իրենց երեխաներին Հայաստան կուղարկեն սովորելու,-ասում է Մանուկյանը,-սակայն սփյուռքահայերի համար դպրոցներն, ըստ օրենքի, պետք է վճարովի լինեն, քանի որ դպրոցները ֆինանսավորվում են Հայաստանի քաղաքացիների հարկերից գոյացող պետբյուջեի հաշվին: Չեմ կարծում, թե սփյուռքահայերն իրենց երեխաներին ուղարկեն Հայաստանում վճարովի դպրոցներում սովորելու: Այսինքն` այդ փաստարկները նույնպես շինծու են ու ծիծաղելի՚:

Հանրային խորհրդի նախագահն ասում է, որ չի հիշում գոնե մեկ օրինակ, որ որևէ երկրում որևէ օտարալեզու դպրոց ֆինանսավորվի պետական բյուջեից` բացի ազգային փոքրամասնությունների համար գործող դպրոցներից: ՙՕրինակ` Վրաստանում կան հայկական, ադրբեջանական դպրոցներ, Անգլիայում՝ արաբական, բայց դա բնական է, քանի որ տվյալ երկրի ազգային փոքրամասնություն կազմող ազգերը պետք է սեփական լեզվով սովորեն իրենց լեզուն, պատմությունն ու մշակույթը: Կան նաև օտարալեզու դպրոցներ՝ նախատեսված արտասահմանցիների, մասնավորապես` դիվանագիտական հարցերով ժամանակավորապես տվյալ երկրում գտնվող դիվանագետների կամ միջազգային կազմակերպությունների արտասահմանցի աշխատակիցների երեխաների համար, սակայն այդ դպրոցները տվյալ երկրի պետբյուջեից չեն ֆինանսավորվում՚,-ասում է Վազգեն Մանուկյանը:

Ինչ վերաբերում է մասնավոր օտարալեզու դպրոցներին, ապա Հանրային խորհրդի նախագահի կարծիքով` դրանք նույնպես աշխարհի շատ երկրներում սահմանափակ են, և այդ դպրոցներից շատերի բազային կրթությունը ազգային լեզվով է. ՙՊետությունը կարող է այլ պետության վրա քաղաքական, տնտեսական, ռազմական ազդեցություն ունենալ, սակայն ամենահզորը երեխայի դաստիարակության վրա ազդելու միջոցն է,-ասում է նա,- ուստի յուրաքանչյուր պետություն զգուշորեն է մոտենում իր երկրում անգամ նման դպրոցների գոյության հարցին՚:

Մանուկյանը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին սովետական երկրներից միայն Հայաստանն ու Վրաստանը կարողացան պայքարել ու հասնել նրան, որ իրենց երկրում պետական լեզուն լինի հայերենը: Այնուամենայնիվ, Մանուկյանը նշում է, որ Հայաստանում այն ժամանակ էլ ռուսական ու հայկական դպրոցների հակադրություն կար: ՙՀայկական դպրոց ավարտածին վերաբերվում էին որպես երկրորդ կարգի մարդու, իսկ ռուսական դպրոցներ ավարտածներին միշտ առավել էին դասում՚,-ասում է Մանուկյանը:

Հանրային խորհրդի նախագահը կարծում է, որ իշխանական օղակներում խորը չեն գիտակցում այս խնդիրը, քանի որ շատերի համար այս քայլն անակնկալ է: ՙԱռաջին հայացքից սա շատ առաջադիմական քայլ է թվում,- ասում է նա,- և քանի որ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր կոմպլեքսներ ունեն՝ կապված առաջադիմության հետ, հալած յուղի տեղ են ընդունում այն ամենը, ինչ չարժի ընդունել ընդհանրապես՚:

Մանուկյանի կարծիքով, նախքան հարցը բարձրացնելը, ճիշտ կլիներ նախ ուսումնասիրել մեր նախկին փորձը, մյուս երկրների փորձը և այն բազմաթիվ գիտական հետազոտություններն ու հիմնավորումները, ըստ որոնց` օտար լեզվով ուսուցումը սխալ է, բերում է օտար մտածողություն և խարխլում ազգային արժեհամակարգը: ՙՕտար լեզուների իմացության մակարդակը բարձրացնելուց առաջ լավ կլիներ նաև բարելավել հայոց լեզվի իմացության մակարդակը և նոր ծրագրեր մշակել հայոց լեզուն փրկելու ուղղությամբ՚,-ասում է նա:- Ինչ վերաբերում է օտար լեզուներին, ապա թող հիմնեն կիրակնօրյա դպրոցներ, որտեղ հավելյալ դասաժամերի միջոցով կկարողանան խորացնել լեզուների իմացությունը, թող ստեղծեն վճարովի ֆակուլտատիվ ժամեր կամ մեկ-երկու վճարովի դպրոցներ, որոնց վրա, ի դեպ, պետական խիստ հսկողություն պետք է սահմանվի, քանի որ լեզվի հարցը լուրջ ստրատեգիական նշանակություն ունեցող հարց է՚:

Մանուկյանի կարծիքով, այս նախագծի վերաբերյալ բուռն տեղեկատվական պայքար է ծավալվելու, և մնում է սպասել, թե այդ պայքարում ով կազդի Ազգային ժողովում մեծամասնություն կազմող հանրապետական կուսակցության վրա, որպեսզի վերջինիս շնորհիվ նախագիծն օրենքի ուժ չստանա: ՙԴե, բնական է, որ ծրագիրն առաջ քաշողները հասարակության մեջ պետք է տարածեն, թե օտարալեզու դպրոցներին դեմ լինելը գավառամտություն է ու հետամնացություն, աշխարհն այս ճանապարհով է ընթանում, ու էլի նման ստեր: Կամ էլ հեռուստաեթերով օրինակ կբերեն այնպիսի երկրներ, որտեղ իրականում նման դպրոցներ չկան՚,-ասում է Մանուկյանը՝ ցավով նշելով, որ տեղեկատվական պայքարը ծրագրի համակիրների կողմից արդեն իսկ ստի հիման վրա է կառուցվում:

ԿԳ նախարարի այն հայտարարությանը, թե այդ դպրոցները կազմելու են ընդամենը մեկ տոկոս, Մանուկյանը հակադարձում է. ՙՄիգուցե այդ մեկ տոկոս կազմող դպրոցներում սովորի աշակերտների հիսուն տոկոսը, քանի որ ոչ մի իրավունք չկա սահմանափակելու ցանկացած աշակերտի՝ հենց այդ դպրոցներում սովորելու իրավունքը՚,-ասում է Մանուկյանը:

Նա նաև կարծում է, որ այդ քայլով հնարավորություն կտրվի գերտերություններին՝ նոր ճնշումների դիմել՝ ընդհուպ մինչև ղարաբաղյան հարցի շահարկումը: ՙՆժդեհից ու նժդեհականությունից խոսողները պետք է հասկանան, որ այս քայլով նրանք դեմ են դուրս գալիս առաջին հերթին նժդեհյան գաղափարներին,ասում է նա,- սա Պանդորայի արկղ է, որը եթե բացես` էլ չես կարող փակել՚:

Այս հարցի վերաբերյալ ՙԱնկախին՚ իրենց կարծիքը հայտնեցին նաև ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, 1990-92 թթ. ՀՀ լուսավորության նախարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը, ՙՀայ ասպետ՚ կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի նախագահ, ՙՀայ ասպետ՚ հեռուստախաղի վարող Կարին Տոնոյանը և երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Սոս Սարգսյանը մասնավորապես ասաց. ՙԴեմ եմ այս նախագծին, քանի որ կարծում եմ, որ երեխան մայրենի լեզվով պիտի սկսի իր ուսումը: Դա նույնն է, ինչ երեխային կտրես մոր կրծքից՚:

Արեգ Գրիգորյանի կարծիքով` հարցը քննարկման ենթակա չէ: ՙԵս դեռևս19 91 թվականին եմ պայքարել այս երևույթի դեմ՝ որպես լուսավորության նախարար,- ասաց նա,- և իմ տեսակետը մինչ օրս չի փոխվել: Դա նույնն է, որ մենք համաձայնենք մեր սահմանները մեկ տոկոսով բացելուն: Լեզուն էլ մեր հոգևոր սահմանն է՚:

Կարին Տոնոյանը հիշեցնում է, որ 1920 թ. Կարսի անկման հիմնական պատճառներից մեկը հայ զորավարների (Սիլիկյան, Նազարբեկյան և այլք) հայերենի չիմացությունն էր: ՙՀայ զինվորը չէր հասկանում իր հրամանատարի լեզուն,-ասում է Տոնոյանը,-_իսկ պատերազմում կարևոր է ոգին, ինչն օտար լեզվով չես կարող հաղորդել զինվորին՚:

Երգահան Ռուբեն Հախվերդյանն էլ կարծում է, որ այս քայլը վկայում է ոչ թե առաջադեմ, այլ հետամնաց իշխանությունների մասին: ՙԱռանց այն էլ ամեն ինչ վաճառել ենք, մնում է՝ լեզուն վաճառենք, և Հայաստանի Հանրապետությունը կվերանա,- ասում է Հախվերդյանը՝ իշխանությունների քայլը բնորոշելով հետևյալ կերպ,- կատուն, երբ բան չունի անելու, հետույքն է քորում…՚:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ankakh.com

This post is also available in: ,