Ուժգորոդի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ուժգորոդի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net – Ուժգորոդի քաղաքային խորհուրդը, քննարկելով Զակարպատյեի «Արարատ» Հայկական մշակութային հանրության դիմումը, մայիսի 14-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Զակարպատյեի «Արարատ» Հայկական մշակութային ընկերակցության ղեկավար Սերգեյ Նիկողոսյանի խոսքերով, մայիսի 5-ին ուղերձ է հղվել Ուժգորոդ քաղաքի քաղաքապետ Սերգեյ Ռատուշնյակին և քաղաքի պատգամավորական կորպուսին` խնդրելով ճանաչել 20-րդ դարի առաջին ոճրագործությունը:

Վերջին 6 ամիսների ընթացքում սա արդեն թվով 5-րդ որոշումն է Ուկրաինայում Հայոց ցեղասպանության մասին: Ավելի վաղ Կիև քաղաքի Գոլոսեևի շրջանային խորհրդի, Իզյումսկի քաղաքային խորհրդի (Խարկովի շրջան), Չերկասսկի քաղաքային խորհրդի և Կիևի խորհրդի կողմից ուղերձներ են հղվել Գերագույն ռադա` առաջարկելով լուծել Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և ապրիլի 24-ը հայտարարել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 2005-ի մայիսի 19-ին Ղրիմի Գերագույն ռադան որոշում է կայացրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին:

Ապրիլի 23-ին Կիևում տեղի է ունեցել կլոր սեղան «Հայոց ցեղասպանություն. Առանց մոռացության իրավունքի» թեմայով, որի կազմակերպիչներն էին Ուկրաինայի Հայերի ազգային համագումարը և Analitika.at.ua ՏՎԿ-ն: Կլոր սեղանի արդյունքում որոշում ընդունվեց դիմել Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին` խնդրելով օրենսդրական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ուղերձի տակ ստորագրել են ուկրաինացի անվանի հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ուկրաինայի ազգային համայնքների ներկայացուցիչներ, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Ուժգորոդը Զակարպատյեի շրջանի և Ուժգորոդյան շրջանի վարչական կենտրոն է, ինչպես նաև Պոդկարպատյան Ռուսիայի պատմական կենտրոն:

This post is also available in: ,