«Քաղքենիներն ու վայ-հայրենասերները նույն մեդալի երկո կողմերն են»

«Քաղքենիներն ու վայ-հայրենասերները նույն մեդալի երկո կողմերն են»
ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը հեղափոխական գաղափար է առաջ քաշել. ցանկանալով ամրագրել որակյալ կրթություն ստանալու մեր իրավունքը` այդ գերատեսչությունը եզրակացրել է, որ դա կարելի է անել օտարալեզու դպրոցների ցանցի ստեղծմամբ, ինչը, մեղմ ասած` տարօրինակ է ընկալվում: Եվ որքան էլ պետական այրերը համոզեն, որ դա առողջ ու (ինչպես վերջերս նկատել է Հայաստանի օմբուդսմենը) ընդամենը «կրթական խողովակներից» մեկն է, այնուամենայնիվ, այդ որոշումն ընկալվում է որպես վտանգավոր միտում, քանի որ առանց այդ էլ մեր կրթական համակարգը միանգամից երկու ոտքով է կաղում: Ուսումնական թերի ծրագրերը, անհոդաբաշխ լեզվով գրված դասագրքերը, դասավանդման անհասկանալի մակարդակն ու համատարած կրթական կոռուպցիան ընկալվում էին որպես դառը, բայց միեւնույն ժամանակ` հարազատ իրողություն: Իսկ հիմա նոր «խողովակաշար» է կառուցվում, որով ուղեւորվել ցանկացող դեռահաս հայաստանցիները ավելի լավ կկրթվեն ու հնարավորություն կունենան այդ խողովակով հասնել Եվրոպա, Ամերիկա, միգուցե նաեւ` Ասիա: Թեեւ, իհարկե, բոլորիս էլ պարզ է, որ հիմնական նպատակակետը Ռուսաստանն է, չէ՞ որ Ռուսաստանն անվարան կերպով հայտարարում է իր նորագույն կայսերական ամբիցիաների ու Ռուսիո աշխարհի կառուցման մասին: Մենք էլ` սուվերեն պետության քաղաքացիներս, ամեն կերպ նպաստում ենք այդ գաղափարին` ցանկանալով դառնալ մետրոպոլիայի գավառներից մեկը: Եվ դա անում ենք՝ վկայակոչելով ազգային շահերը կամ էլ, ճիշտ կլինի ասել, ազգային բարդույթները: Օտարալեզու դպրոցները պետական անհրաժեշտություն համարելու որոշման մասին մենք զրուցեցինք Երեւանի Տիկնիկային թատրոնի ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ, ով ռուսալեզու ու ռուսամետ կրթական համակարգով անցնելով` ցանկանում է այդ ուղուց ետ պահել եւ՛ սեփական զավակներին, եւ՛ համաքաղաքացիների նոր սերնդին: Կառավարությունն առաջարկում է «բուժել» կրթական համակարգը օտարալեզու դպրոցներով, ինչը նման է մարդու օրգաններից մեկի ամպուտացիային ու հետագա պրոթեզավորմանը: Ընդ որում` ոչ ոք չի հայտարարում, որ պրոթեզավորվող օրգանը հիվանդ է: Մեզ պարզապես այլընտրանք է առաջարկվում: Եվ հույս է հայտնվում, որ հիվանդ օրգանն ինքնակամ կորոշի ավելի լավ աշխատել, երբ զգա իր մոտալուտ վախճանը, այսինքն` արհեստական սարքի պիտանելիությունը: Արդյոք այդպես լինո՞ւմ է: ԿԳ նախարարությունն ասում է` այո:

– Այդ առաջարկով մեր կառավարությունը միայն հաստատեց այն փաստը, որ մեր կրթական համակարգն ամբողջովին ջախջախված է: Ավելին` կրթական համակարգ, որպես այդպիսին, պարզապես գոյություն չունի: Եվ եթե մեր երեխաներն ինչ-որ բան սովորում են, ապա դա անում են ոչ թե այդ համակարգի շնորհիվ, այլ՝ ի հեճուկս: Ինքս 2 դպրոցահասակ երեխաների հայր եմ, դասավանդում եմ ինստիտուտում ու շատ լավ տեսնում, թե ինչպես է տարեցտարի դեգրադացվում մեր կրթական համակարգը: Օտար լեզվով կրթություն ստանալու կողմնակիցներն իրենց դիրքորոշումն այսպես են հիմնավորում. մենք պետք է ստեղծենք դպրոցներ, որպեսզի աշխարհի լավագույն փորձը կարողանանք կիրառել Հայաստանում։ Դա ծիծաղելի է հնչում, քանի որ աշխարհի լավագույն փորձը կիրառելու համար բնավ էլ հարկավոր չէ ֆիզիկան կամ պատմությունն անգլերեն լեզվով դասավանդել։ Եվ երբ խոսում են մարդու իրավունքների մասին ու նշում են, որ եթե մարդն ուզում է սովորել, ապա նա կսովորի, մոռանում են, որ այստեղից է սկսվում դեմագոգիան: 5 տարեկան երեխային ոչ ոք չի հարցնում, թե նա ո՞ր լեզվով է ցանկանում ուսում ստանալ: Նրա փոխարեն որոշում են կայացնում ծնողները:

– Իսկ հիմա, երբ կրկին այդ հնարավորությունը լինի, մենք կտանե՞նք մեր երեխաներին օտարալեզու դպրոցներ:

– Կարծում եմ` այո: Ցավոք, մեր կյանքում շատ պարզ սկզբունք կա, որը գործում է եւ՛ տնտեսության, եւ՛ պատմության մեջ: Եթե ուզում ես գործարան վաճառել, ապա սկզբից այն հիմնովին քանդում ես, «կանգնեցնում» ես արտադրությունը, իսկ հետո ասում` եղբայր, գործարանը չի աշխատում, եկեք այն վաճառենք ու նոր գործ դնենք: Այդ սկզբունքը հիմա տեղափոխվել է կրթական համակարգ. դպրոցները հասել են այլանդակ վիճակի ու այլեւս չեն կատարում իրենց պարտականությունը, իսկ մենք ասում ենք, որ ավելի լավ բան, քան «վաճառել» դրանք, անել չենք կարող: Միանշանակ է, որ այսօրվա դպրոցը չի կրթում: Եվ դա հաստատեց հենց ԿԳ նախարարը: Եվ ի՞նչ: Խնդիրը լուծելու փոխարեն, նախարարը բացարձակապես այդ խնդիրը չլուծող որոշում է ընդունում, որի հետեւանքը համատարած անգրագիտությունն է լինելու: Իհարկե, երեխաների մեծամասնությունը գնալու է հայկական դպրոցներ, բայց մենք արդեն համակերպվեցինք, որ հայկական դպրոցները վատն են լինելու, քանի որ այնտեղ ուսումը ցածր մակարդակ է ունենալու: Դրանով իսկ մենք անհավասար համակարգ ենք ստեղծում: Ընդ որում` ամենապրիմիտիվ, Կարլ Մարքսի նշած տարբերակով:

– Մենք կապիտալիստական հասարակություն ենք, բայց խուսափում ենք այդ բառերը գործածել: Ընդհանրապես կարելի է ասել, թե ո՞ր խավերից է բաղկացած մեր հասարակությունը:

– Մենք ոչ մի բանն էլ իր անվամբ չենք կոչում: Ասում ենք, որ չունենք ազնվականություն, ու փորձում ենք օտարալեզու դպրոցների միջոցով ազնվական խավ ստեղծել: Այդ պրոցեսը մի քանի դար առաջ շատ երկրներ անցել են: Ռուսաստանում, օրինակ, վերնախավը հիմնականում ֆրանսերեն է խոսել, եւ եկավ այն պահը, երբ ժողովուրդն ու վերնախավն իրար պարզապես չէին հասկանում: Թե ի՞նչ ծագեց այդ չհասկանալուց, մենք շատ լավ գիտենք:

– Որոշ պատասխանատու անձինք հայտարարում են, որ օտարալեզու դպրոցների դեմ պայքարող մարդիկ նեղ մտահորիզոն ունեն ու անհեռանկար են: Անձամբ ես դա շատ ցավագին եմ ընդունում, քանի որ` սովորելով ռուսական դպրոցում, մեծ ջանքերով եմ կարողացել հայերենն ինքնարտահայտման լեզու դարձնել: Դա իմ անձնական հաղթանակներից մեկն է, եւ նման անիմաստ մաքառում իմ երեխաներին չեմ ցանկանում:

– Հիմա բանը հասել է նրան, որ շատերը հայտարարում են, որ հայկական դպրոցների կողմնակիցները նեղ ազգայնական, ճահճացված վիճակում են ուզում մնալ: Ստացվում է, որ նման ճահճացված մարդկանցից մեկն էլ ես եմ: Ես սովորել եմ ռուսական դպրոցում, առաջին մասնագիտությամբ ռուսական լեզվի ու գրականության մասնագետ եմ, իսկ երկրորդ մասնագիտությունս ստացել եմ Մոսկվայում։ Եվ ես կտրականապես դեմ եմ օտար լեզվով կրթություն ստանալուն։ Ավելին, իմ ավագ դստերը, որը կիսով չափ ռուս է եւ մեծացել է ռուսալեզու միջավայրում, ես տարել եմ հայկական դպրոց` առաջին հերթին ցանկանալով հեռու պահել նրան այն հոգեբանական խոչընդոտներից, որոնց հանդիպել եմ կյանքում։ Աղջիկս հիմա գիտի հայերեն, ռուսերեն, անգլերեն ու կարողացել է զերծ մնալ անձի երկատվածությունից։ Վերջիվերջո, եթե մենք ուզում ենք ասել ինքներս մեզ ու աշխարհին, որ հայ ենք, ինչպե՞ս դա պիտի անենք: Առաջին հերթին՝ լեզվով ու մշակույթով: Եթե պատկերացնենք, որ Հրանտ Մաթեւոսյանը ռուսերեն է գրել, ապա նա չէր լինի հայ գրող: Նա ընդամենը հայկական ծագում ունեցող ռուս գրող կլիներ, ինչպես Սարոյանն է կամ Այվազովսկին: Կամ էլ` Շառլ Ազնավուրը, որը ֆրանսիական շանսոնյե է` ազգությամբ հայ: Հասկանալի է, որ մենք լեզվական հսկայական պրոբլեմ ունենք, քանի որ մենք ինքներս արհեստականորեն փչացրել ենք մեր լեզուն։ Լեզուն կենդանի օրգանիզմ է, որը պետք է զարգանա, «շնչի», վերափոխվի: Իսկ մենք մեր լեզուն ողողեցինք անճոռնի բառերով` իրար գումարելով հայկական արմատները։ Հարյուր տարի առաջ Թումանյանն ասել է. «Պոչաշորը երբեք ֆրակ չի դառնա», եւ դրանով իսկ հրաշալի մեկնաբանել էր ամեն ինչ թարգմանելու մեր մոլուցքը։ Հիմա եկել է այն պահը, երբ մենք ստիպված ենք ընդունել, որ հայկական տերմինոլոգիան (հատկապես տեխնիկական) անհասկանալի է։ Բայց ո՞վ ասաց, որ մենք պարտավոր ենք ամեն բառ թարգմանել։ Մ. Մաշտոցի ժամանակ կոմպյուտեր չի եղել, բայց մենք պարտավորված ենք զգում մեզ՝ կոմպյուտերի հայկական անվանումը սահմանել։ Հայոց աշխարհում կենգուրուներ երբեք չեն ապրել, բայց մենք համառորեն «հայկականացնում» ենք կենգուրուն՝ դարձնելով ագեվազ։ Եվ արդյունքում ծնվում են անկենդան, անճոռնի բառեր, մինչդեռ լեզվի հարստությունը տարբեր լեզուներից բառերի արմատներ ստանալով է պայմանավորված։ Դա չի աղքատացնում, այլ ընդհակառակը՝ հարստացնում է լեզուն։

– Պատկերավոր ասած` լեզուն պետք է մեծ «ստամոքս» ունենա՝ տարբեր բառեր «մարսելու» համար, այլապես՝ հակառակ ռեակցիան է տեղի ունենում՝ շինծու բառերը «փսխվում» են։

– Հայերեն լեզվի մեջ լրջագույն խզումներ կան։ Մենք էլ աննորմալ վիճակի հասցնելով մեր լեզուն՝ ասում ենք, որ այդ լեզվին այլեւս չենք կարողանում տիրապետել։ Դե ուրեմն եկեք մեզ օտար լեզվով սովորեցրեք, քանի որ օտար լեզուն ավելի հասկանալի է։ Մեր իրականության ամենաանտանելի երեւույթը քաղքենիներն ու վայ-հայրենասերներն են, որոնք մի մեդալի երկու կողմերն են։ Եվ հիմա հենց նրանք են որոշումներ ընդունում:

– Արդյոք դա նրանց չի՞ պարտադրվում:

– Այդ որոշման դրդապատճառներն ու նպատակները չեն հայտարարվում: Սակայն ենթադրում եմ, որ օտարալեզու դպրոցների ստեղծումը պարտադրանք է: Եվ առաջին հերթին Ռուսաստանի պարտադրանքն է, որը շատ լավ տեղավորվում է հայ-ռուսական տնտեսական, ռազմական հարաբերությունների կոնտեքստում: Կա գաղափարախոսություն, ու կան այդ գաղափարախոսությանը ենթարկվող օբյեկտներ: Եվ Հայաստանը, լինելով այդ օբյեկտներից մեկը, ինքն է առաջինը ձեռք բարձրացնում (ինչպես դպրոցում) ու գոռում` բա ե՞ս, ինձ էլ ընդգրկեք, ես առաջինն եմ ուզում ձեր նշած ցանկում լինել: Եվ եթե օտարալեզու դպրոցների բացումը թելադրանք է, ապա շատ լավ հասկանալի է թելադրողի նպատակը, բայց անհասկանալի է թելադրանքին համաձայնողի տրամաբանությունը: Ի՞նչ է` պարզապես ուզում ենք էլի որոշ ժամանակ պահպանել մեր անորոշ վիճակը` Փանջունու նման բոլոր նամակների տակ ավելացնելով. «Քիչ մը փող ուղարկեք»: Կարծում եմ, որ նման վարվելակերպը դիմադրության կարժանանա: Առանց այդ էլ մեր փոքր հանրապետությունը դարձրել ենք էքսպերիմենտների պլացդարմ ու որակյալ մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողներին դրդում ենք թողնել Հայաստանն ու հեռանալ: Իհարկե, վատ է: Բայց կա նաեւ ուրախալի մի դիտարկում. բոլոր դեպքերում մեր 20 տարվա անկախության ընթացքում վերջապես դիմադրողական ուժ կազմավորվեց: Ինտերնետում այդ նախաձեռնությանը ընդդիմացող տարբեր հասարակական խմբեր են ստեղծվում, որոնք համախմբում են մարդկանց: Այդպես եղավ «Մոսկվա» կինոթատրոնի, Ուսանողական այգու դեպքում: Եվ մենք վերջապես սկսեցինք հասկանալ, որ հասարակական ճնշումները կարող են արդյունք ունենալ: Չէ՞ որ առաջընթացն ապահովում են ոչ թե կուսակցությունները, այլ հասարակական շարժումը: Մեր լրջագույն ձեռքբերումները եղել են այն ժամանակ, երբ մենք առաջնորդվել ենք հասարակական շահերով: Այդ շարժումները մեր անկախության ամենաառողջ ձեռքբերումներն են:

– Իսկ ո՞րն է լինելու օտարալեզու դպրոցների «առողջ» հատիկը:

– Ենթադրելի է, որ Երեւանի կենտրոնական դպրոցներից մի քանիսը կրկին դառնալու են ռուսական, եւ ինչպես տարիներ առաջ այնտեղ սովորում էին Կենտկոմի ղեկավարների երեխաները, այնպես էլ հիմա կսովորեն ԱԺ պատգամավորների երեխաները: Չեխովի անվան դպրոցն, օրինակ, շատ հարմար վայրում է գտնվում, ԱԺ-ին մոտ է ու կենտրոնում է: Նույնն էլ կլինի Պուշկինի անվան դպրոցի հետ: Եվ կրկին կվերականգնենք սովետական ժամանակները: Եթե ազնիվ լինենք` կընդունենք, որ Սովետական Միությունը չի էլ ավարտվել: Նույն կերպ ընթանում է տնտեսության մոնոպոլիզացիան, նույն մեթոդներով աշխատում է ցենզուրան, կարիերան կառուցվում է կուսակցության պատկանելության միջոցով, իսկ պաշտոնները բաշխվում են ծանոթների ու կապերի շնորհիվ: Ժամանակին «ցեխավիկներ» կային, հիմա նրանց օլիգարխներ են կոչում, բայց պատկերը նույնն է. նրանք օրենքի դաշտից դուրս են աշխատում: Ի՞նչն է փոխվել: Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում:

– Հիմա ավելի վատ է, քանի որ ամեն որոշման վրա դեմոկրատիայի քողն է փռվում: Դպրոցների պարագայում, օրինակ, ասվում է, որ այլընտրանք է ապահովվում:

– Մի բան փոխվել էր, մենք ազատվել էինք Մոսկվայից: Բայց «Մոսկվայի ձեռքը» հիմա նորից վերադառնում է: Ընդ որում` մենք ինքներս ենք ասում` Մոսկվա, արի մեզ տեր կանգնիր: Ասում են, որ ընդամենը 2-3 օտարալեզու դպրոց է բացվելու, որոնք չեն կարող մեծ ազդեցություն ունենալ, բայց եթե թույլ է տրվում 2-3 դպրոց բացել, ապա ինչպե՞ս է կանխվելու 4-րդ կամ էլ 60-րդ դպրոցի բացումը, չի ասվում: Հիմա մեր գլխավոր խնդիրն այն է, որ երիտասարդության 90%-ն իր ապագան չի տեսնում Հայաստանում, իսկ մենք նրանց գլխին հայրենասիրության դասեր ենք կարդում` իմանալով, որ «հայրենասիրությունը սրիկայի վերջին ապաստանն է»: Իրական այլընտրանքը երիտասարդներին Հայաստանում պահելն ու ինքնադրսեւորվելու հնարավորություն տալն է:

– Նկատելի է, որ Տիկնիկային թատրոնի ներկայացումների ժամանակ դահլիճը միշտ մանուկներով լի է լինում, հետո գալիս է մի տարիք, երբ երեխան ոչ միայն թատրոնի, այլեւ` թանգարանի կամ գրքի կարիքն այլեւս չի զգում: Արվեստի միջոցով ինֆորմացիա ստանալու ավանդույթը կրթական համակարգում ոչ մի կերպ տեղ չի գտնում:

– Հիմա նույնիսկ մանուկներին է արգելվում թատրոն գնալ, համենայնդեպս այդպես է ընկալվում դպրոցներում տոմսեր չտարածելու պարտադրանքը: Իբրեւ թե դեմոկրատական մոտեցում ենք ցուցաբերում (պատճառաբանելով, որ ծնողները տոմսի փող չունեն), բայց իրականում երեխաներին զրկում ենք արվեստը որպես անհրաժեշտություն ընկալելու մտքից: Ուզում եմ մի ցայտուն օրինակ բերել: Վերջերս հանդիպեցի ԱՄՆ-ի Հարվարդ քաղաքի քաղաքապետի տեղակալի հետ, ով կրթական ծրագրերի պատասխանատուն է եւ պետական անվտանգության ծրագրերի շարքում է դասում երեխաների համերգասրահներ, թատրոններ ու թանգարաններ այցելելու պրակտիկան: Երբ հարցրեցի նրան` լինո՞ւմ են դեպքեր, երբ ծնողները հրաժարվում են տոմսեր գնել, նա պատասխանեց. «Երբ երեխա է ծնվում, նրա ծնողները պետք է հասկանան, լույս աշխարհ է եկել ԱՄՆ քաղաքացի, որի նկատմամբ իրենք պարտականություններ ունեն: Եվ եթե ֆինանսական նկատառումներով ծնողները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, ապա պետությունն այդ գործն իր վրա է վերցնում: Իսկ երբ ծնողը հրաժարվում է երեխային մեր չափանիշներով կրթել, մենք ստիպված նրան զրկում ենք ծնողական իրավունքներից»: Ահա այդպես, կտրուկ կերպով էլ պետություն է կառուցվում: Իսկ մենք երեխաներին ժամերով թողնում ենք հեռուստացույցի մոտ, իսկ հետո զարմանում ենք, որ նա անկիրթ է: Ինչպե՞ս կարող է երեխան կրթված լինել, եթե սովոր չէ արվեստի միջոցով աշխարհի հետ երկխոսել: Ընդ որում` այդ երկխոսությունը տեղի է ունենում մայրենի լեզվով:

Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ | Մայիս 20, 2010
168.am

This post is also available in: ,