ՀԱՄԱԺՈՂՈՎ ԸՆԴԴԵՄ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ

ՀԱՄԱԺՈՂՈՎ ԸՆԴԴԵՄ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ

Ինչպես տեղեկացնում է “Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը” նախաձեռնող խումբը, հունիսի 2-ին Թեքեյան մշակույթի միության դահլիճում տեղի է ունեցել հասարակական այդ նախաձեռնության կազմակերպած համաժողովը, “որը նպատակ էր հետապնդում մեկ հարկի տակ միավորել կառավարության տխրահռչակ նախագծի բոլոր ընդդիմախոսներին և վճռական և միասնական բողոք արտահայտել դրա դեմ”։

“Լեփ-լեցուն դահլիճում հնչած ելույթեներում համաժողովի մասնակից անվանի մտավորականները, հասարակական և քաղաքական գործիչները բազմիցս ընդգծեցին կառավարության ներկայացրած օրինագծի անթույլատրելիությունը և կոչ արեցին ներկաներին պայքարել հանուն դրա վիժեցման բոլոր հնարավոր միջոցներով՝ մինչև հաղթական ավարտ։

Վերջում ընթերցվեց Համաժողովի հայտարարություն-ուղերձը, որի տակ ստորագրեցին միջոցառմանը ներկա հարյուրից ավելի մարդիկ”, ասված է կազմակերպիչների տրամադրած հաղորդագրության մեջ։

“Համաժողովը  որոշեց, որ օտարալեզու դպրոցներ բացելու ՀՀ Կառավարության նախագիծն անընդունելի է, քանի որ այն մեծագույն հարված է Հայաստանի անկախությանը և հայոց ինքնությանը:

Պահանջում ենք Կառավարությունից անհապաղ անդարձ հետ վերցնել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագիծը, իսկ Ազգային ժողովից` ոչ մի դեպքում չընդգրկել այն նիստերի օրակարգ:

Միաժամանակ  համարում ենք, որ ՀՀ Կառավարությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռք առնել` կրթության որակը բարելավելու ուղղությամբ` ներառյալ օտար լեզուների դասավանդումը:

Մենք պատրաստ ենք դիմել օրենքով սահմանված ցանկացած միջոցի` տապալելու համար այդ ազգադավ և անհեթեթ նախագիծը”, ասված է “Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը” նախաձեռնող խմբի կազմակերպած համաժողովի ընդունած ուղերձի մեջ:

Կազմակերպված համաժողովի բանախոսներն են եղել. Լավրենտի  Հովհաննիսյան՝ բանասիրության դոկտոր, «Հ.ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ» տնօրեն, Հենրիկ  Հովհաննիսյան՝ Արվեստագիտության դոկտոր, պրոֆ.,  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Լեւոն Չուգասզյան՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, Կարինե  Դանիելյան՝ աշխարհագրության դոկտոր, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, Բաբկեն  Հարությունյան՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ, Դավիթ Գյուլզադյան՝– լեզվաբան, բանասիրության թեկնածու, Ռուբեն  Հախվերդյան՝ երգահան, Գարեգին Չուգասզյան -«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի նախագահ, Արմեն Այվազյան – Պատմագիտության թեկնածու, քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, Աշոտ  Բլեյան՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Լարիսա  Ալավերդյան՝ Ժառանգություն կուսակցություն, Հարություն  Առաքելյան՝ ՀՌԱԿ ատենապետ, Լալա  Մնեյան՝ «Սարդարապատ» շարժում, Գեւորգ  Արզումանյան՝ «Վերելք»  պատմամշակութային  ակումբի անդամ, Ավետիք Իշխանյան՝ Երկրագիտության թեկնածու, Հայաստանի   Հելսինկյան կոմիտեի նախագահ, Վահան Իշխանյան՝ լրագրող, Գևորգ Յազըճյան ՝ պատմագիտութան թեկնածու, Միքայել Հայրապետյան՝ բանասիրության թեկնածու, Լիլիթ Գալստյան՝ ԱԺ պատգամավոր (ՀՅԴ) եւ այլք:

Lragir.am

This post is also available in: ,