Լեզուն գույք չէ պարտքի դիմաց

Լեզուն գույք չէ պարտքի դիմաց

Կառավարությանը երեկ հիշեցրին մտավորականները

Կառավարությունը հունիսի 1-ին խորհրդարան է ուղարկել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը, որն էապես տարբերվում է այն նախագծից, որը ներկայացվել էր ապրիլի 19-ին: Մասնավորապես սահմանված է. «Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջպետական, միջգերատեսչական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»: Նաեւ նշված է, թե նման ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը ՀՀ-ում 15-ն է, որից 8-ը՝ Երեւանում: Իսկ նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 5-ն է:
Այնուամենայնիվ, երեկ «Մենք դեմ ենք օտար լեզվով ուսուցմանը Հայաստանում» համաժողովում հնչեցին քննադատական ելույթներ նաեւ լրամշակված տարբերակի դեմ: Եվ առավելապես անդրադառնալու ենք այդ ելույթներին, այլ ոչ այն վիրավորական որակումներին, որոնք հնչեցին Արմեն Աշոտյանի հասցեին: Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, որը նշեց, թե խոսում է նաեւ այս նախաձեռնությանը դեմ քվեարկած Հանրային խորհրդի եւ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի անունից՝ ասաց. «Կրթության նախարարն ասում է՝ 1%: Հայ ժողովուրդ, դուք լսե՞լ եք 1%-ի օրենք կամ իրավունք: Օրենքն օրենք է, իրավունքն՝ իրավունք՝ կա՛մ կա, կա՛մ չկա, կարելի է կամ չի կարելի: Այս կերպ խոսողը, նշանակում է, չի հասկանում՝ ինչ է օրենք: Եթե մարդը չի հասկանում՝ ինչ է օրենք, նա իրավունք չունի կառավարության մեջ լինելու: Այն, որ նա չի հասկանում՝ ինչ է պետական լեզու, ոչի՛նչ, սա կարելի է ներել: Բայց որ օրենքը չի հասկանում ինչ է նշանակում՝ սա արդեն ծաղրուծանակ է մեզ համար»: Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրության դոկտոր Լավրենտի Հովհաննիսյանը հիշեցրեց. «Սկզբում նաեւ չկար, որ 1-5 դասարաններում ուսուցումը հայերեն պիտի լինի՝ հետո մտցրին: Նախարարի կարծիքով, հայոց լեզուն՝ որպես համակարգ, 5-րդ դասարանի մակարդակո՞վ պիտի լինի: 5-րդ դասարանում անցնում են մի 100 բառի ուղղագրություն, գոյականը ցույց է տալիս առարկա, բայը՝ գործողություն: Սա՞ է հայերենը»: Աշխարհագրության դոկտոր Կարինե Դանիելյանը նույնպես անդրադարձավ այն խնդրին, որ այդ դպրոցները լինելու են սահմանափակ թվով. «Ինձ ասում են՝ լա՜վ, 1 տոկոս է: Բայց ինչից եմ անհանգստանում՝ եթե էլիտար են լինելու այդ դպրոցները, եթե ծրագրերն ուրիշ են լինելու, լեզուն ուրիշ է լինելու՝ ուրեմն, մենք ձեւավորելու ենք «էլիտար» սերուցք, որը մանկուրտ է լինելու, որն արմատներից կտրված է լինելու՝ մշակույթից, պատմությունից, եւ ազգային չի լինելու»: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նկատեց, թե բերված նախագիծը հակասում է հենց «Հանրակրթության մասին» օրենքի որոշ հոդվածների: Նաեւ վիճարկեց կառավարությանն օտարալեզու դպրոցների բացման թույլտվություն տալու իրավունքը. «Ինչո՞ւ ենք մենք կառավարությանը վերապահում այսպիսի հնարավորություն, եթե օրենքը պետք է գործի ուղղակի ձեւով»:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի նախագահ Գարեգին Չուգասզյանն էլ մի օրինակով անդրադարձավ այն փաստարկներին, թե այս նախաձեռնությամբ կբարձրանա մեր կրթության համակարգի մրցունակությունը: Հիշեցրեց, որ դեռ 2005-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ ծրագիր էին մշակել Հայաստանի դպրոցականներին դյուրակիր համակարգիչներ տալու վերաբերյալ. «Տարիներ անցան՝ այդ ծրագրի մասին անընդհատ խոսվո՜ւմ է, խոսվո՜ւմ, բայց ոչ մի բան չի արվում»: Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանին հայտնել է, թե Էդուարդ Էռնեկյանն էլ է ցանկություն հայտնել իրականացնել այդ ծրագիրը. «Բայց ոչ մի քայլ չարեց: Հիմա լսում ենք, որ Սահակաշվիլին վերջերս հայտարարել է, թե այդ ծրագիրը պիտի իրականացվի Վրաստանում: Էլ ի՞նչ մրցունակության մասին է խոսքը, երբ ակնհայտ քայլեր կան, որոնք չեն արվում»:
Ընդհանուր առմամբ՝ հռետորները նախաձեռնությանն անդրադառնում էին ավելի կտրուկ՝ նշելով, թե ընդհանրապես են դեմ այս հարցը քննարկելուն: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանն ասաց. «Տասնյակ տարիներ շարունակ կարծես ցանկացել ենք բարելավել մեր դպրոցը, բայց այսօր կանգնած ենք «կոտրած տաշտակի» առջեւ: Հիմի փոխանակ նախարարությունը մտածի հայկական դպրոցի մակարդակը բարձրացնելու, այն դարձնելու իրոք անկախ հանրապետությանն արժանի դպրոց՝ մտածում է օտարալեզու դպրոցներ բացելու մասին»: Լեզվի ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանն ասաց. «Ես հակված եմ կարծելու, որ նախարարության այս նախաձեռնությունն արտաքին ուժերի պարտադրանք է: Գիտեք՝ պարտադրանքը-պարտադրանք, բայց բոլոր պարտադրանքները չէ, որ պետք է ընդունել: Լեզուն գույք չէ պարտքի դիմաց, որ մենք տանք: Շատ բան ենք տվել՝ լեզուն էլ որ տանք, կկորցնենք մեր ինքնությունը»: Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը կառավարության այս նախաձեռնությունն այսպես բնութագրեց. «Տարօրինակ վիճակի մեջ ենք՝ մենք ուզում ենք երկրորդ անգամ մտնել նույն գետը: Բայց ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում: Մեր ժողովուրդն արդեն շա՜տ ծանր գին է վճարել ոչ հայկական դպրոցներ ունենալու համար»: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ասաց. «Շատ ուրախ եմ քաղաքացիական հասարակության այս պահանջատիրության համար, որի շնչառությունը մեր կառավարությունն ամեն վայրկյան իր թիկունքում պետք է զգա եւ իր հայացքը մաքրի՝ հասկանալու համար, որ մենք իրապես ազգային պետություն ենք, եւ ինքը պարտականություն, պատասխանատվություն ունի»: Սակայն ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն արձանագրեց. «Թքա՛ծ ունենան հանրային կարծիքի վրա»:
Համաժողովի ընթացքում բազմաթիվ առաջարկներ հրապարակվեցին՝ ԱԺ լսումներ հրավիրել այս հարցի վերաբերյալ, ստեղծել լեզվի ժողովրդական տեսչություն, կրթության ոլորտում պարտականությունները չկատարած կամ օրինախախտումներ թույլ տված պաշտոնյաների դեմ հայցեր ներկայացնել դատարան, իսկ Սփյուռքին էլ կոչ անել ցույցեր անելու ՀՀ դեսպանատների առջեւ՝ մինչեւ այս օրինագծերը չհանեն շրջանառությունից եւ այլն: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն ասաց, թե այս հավաքն, իր կարծիքով՝ 2 նպատակ պիտի ունենա. «Առաջին՝ անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հակասահմանադրական գործունեություն ծավալելու համար եւ պահանջել նրա հրաժարականը: Մենք անընդհատ խոսում ենք կրթության ու գիտության նախարարությունից եւ Արմեն Աշոտյանից, բայց այս նախագիծն ԱԺ ներկայացրել է ՀՀ կառավարությունը»: Երկրորդ առաջարկն էր՝ որոշել, թե ինչ կարելի է անել հայոց լեզվի եւ կրթության դեմ «վաղուց ի վեր մղվող անողոք պատերազմում վերջնական, ջախջախիչ պարտություն չկրելու համար»:
Համաժողովի հայտարարությունը հետեւյալն էր. «Համաժողովը որոշեց, որ օտարալեզու դպրոցներ բացելու ՀՀ կառավարության նախագիծն անընդունելի է, քանի որ այն մեծագույն հարված է Հայաստանի անկախությանը եւ հայոց ինքնությանը: Պահանջում ենք կառավարությունից անհապաղ եւ անդարձ հետ վերցնել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, իսկ Ազգային ժողովից՝ ոչ մի դեպքում չընդգրկել այն նիստերի օրակարգ: Միաժամանակ համարում ենք, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռք առնել՝ կրթության որակը բարելավելու ուղղությամբ՝ ներառյալ օտար լեզուների դասավանդումը: Մենք պատրաստ ենք դիմել օրենքով սահմանված ցանկացած միջոցի՝ տապալելու այդ ազգադավ եւ անհեթեթ նախագիծը»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ»