Բաց նամակ է հղվել «Բեռլիներ ցայտունգ» թերթի գլխավոր խմբագրին

Բաց նամակ է հղվել «Բեռլիներ ցայտունգ» թերթի գլխավոր խմբագրին

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը մեղադրում է գերմանացի լրագրողին Ղարաբաղի մասին խեղաթյուրված հոդված հրապարակելու մեջ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը բաց նամակ է հղել «Բեռլիներ ցայտունգ» թերթի գլխավոր խմբագրին, և արդարացիորեն մեղադրել թերթի լրագրողին ղարաբաղյան հիմնախնդրի մասին խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրելու մեջ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած բացի նամակում ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը գրված է.

«Ափսոսանքով ենք նշում, որ լրագրող Թոբիաս Ասմութը, հազարավոր կիլոմետրեր հաղթահարելով, թերթի ընթերցողներին է ներկայացրել մակերեսային ու աղճատված մի հոդված` առանց խորամուխ լինելու ղարաբաղյան խնդրի դրդապատճառների ու էության մեջ: Այնպես որ, հեղինակը առանց որևէ դժվարության, նման բազմաթիվ հոդվածներ կարող էր շարադրել իր կացարանում` օգտվելով տարատեսակ կայքէջերից»:

«Եթե «Բեռլիներ ցայտունգի» համար խոսքի ու մամուլի ազատությունը հավասարազոր է ճշմարտության դեմ մեղանչելուն` դա արդեն միանգամայն այլ խնդիր է»,- նշել է ԼՂՀ արտգործնախարարությունը:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունից նշել են, որ գերմանական «Բեռլիներ ցայտունգ» թերթի լրագրողը, անձամբ լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ցանկության դեպքում անգամ չէր կարող չնկատել, թե անհավասար գոտեմարտում ահավոր զրկանքներ, ավերածություններ ու ցավ տեսած ժողովուրդն ինչպես է կարողացել իրականացնել ինքնորոշման իր իրավունքը, հերոսաբար հաղթահարել պատերազմի արհավիրքները, վերականգնել պետական ենթակառույցները, իրականացրել արմատական բարեփոխումներ և կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն:

«Երկրորդ աշխարհամարտից հետո, տասնյակ տարիներ գերմանացիները երազել են միասնական պետության մասին, ապրել այդ գաղափարով: Չենք կարծում, թե գերմանական ժողովրդի այս ձգտումը մեկ այլ ժողովրդի կողմից կարող էր կասկածի տակ առնվել: Ուղիղ քսան տարի առաջ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում գերտերությունների կամոք փլուզվեց Բեռլինի սահմանազատիչ պատը և գերմանական ժողովուրդը ոչ միայն միավորվեց, այլև ձեռք բերեց լիարժեք անկախություն, որի համար սրտանց ողջունում ենք հին աշխարհի այս ինքնատիպ ու տաղանդավոր ժողովրդին», – ասված է նամակում:

Մամուլի ծառայությունից նշել են, որ Լեռնային Ղարաբաղում անկախությունը նվաճեցին առաջին հերթին չեզոքացնելով ադրբեջանական ագրեսիան, պաշտպանելով երեխաների, կանանց ու ծերերի կյանքը: «Այդ իսկ պատճառով ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու կամքն ու իրավունքը: Ասել է թե` անկախությունն ու ազատ ապրելու իրավունքը սկուտեղի վրա ինչ որ մեկը չի մատուցել Լեռնային Ղարաբաղին: Եվ եթե այսօր մեր հանրապետության բնակչությունը կազմում է ընդամենը 140 հազար, ապա դա նույնպես Խորհրդային Ադրբեջանի ընդգծված հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից է, այլապես այսօր ավելի քան մեկուկես միլիոն ղարաբաղցի հայեր և նրանց հետնորդները այլ պետությունների քաղաքացիներ չէին հանդիսանա: Այնպես որ, ինչպես գերմանացիները ոչ վաղ անցյալում, այսօր մենք նույնպես ձգտում ենք ինքնիշխանության», – նշվում է նամակում:

«Արդեն քսան տարի է, ինչ գերմանացիները Բեռլինի երբեմնի սահմանազատիչ պատի քարերն ու բեկորներն են փայփայում որպես սուրբ նշխարներ: Միանգամայն այլ է իրողությունը Լեռնային Ղարաբաղում: Այստեղ սրբություն են դարձել հանուն անկախության, հանուն ազատ ապրելու իրավունքի ղարաբաղյան պատերազմում նահատակված զինվորների մարմարե հուշաքարերը: Ձեր թերթի թղթակիցը ոչ մի կերպ չէր կարող չնկատել դա», – ընդգծել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ArmAr.am

This post is also available in: ,