Հայաստանում առաջին դատական հայցը Ցեղասպանության ժխտման դեմ (Հայցադիմումի ամբողջական տեքստը)

Հայաստանում առաջին դատական հայցը Ցեղասպանության ժխտման դեմ (Հայցադիմումի ամբողջական տեքստը)


ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
ՀԱՅՑՎՈՐ` «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոն
հասարակական կազմակերպության
ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ` Արմեն Այվազյան, «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ի տնօրեն
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ` «ԿՈՎԿԱՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» հիմնադրամ

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ

(Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջի մասին)

«Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը (այսուհետ` «Հիմնադրամ») 2008 թվականին քաղաք Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և հարավային Կովկասը» [անգլերեն բնագիրը` “Caucasus Neighborhood: Turkey and The South Caucasus” (Yerevan), ISBN 978-99941-2-220-2, ռուսերեն տարբերակը` “Кавказское соседство: Турция и Южный Кавказ” (Ереван), ISBN 978-99941-2-180-9] վերտառությամբ գիրքը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենս¬գրքի, ինչպես նաև գրքում առկա հեղինակային իրավունքի պահպանության նշանի՝ սույն հրատարակությունների նկատմամբ բացառիկ հեղինակային իրավունքը պատկանում է Հիմնադրամին: Նշված գրքի խմբագիրն է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, իսկ խմբագրական կազմում են Նինա Իսկանդարյանը, Սերգեյ Մինասյանը և Վիտալի Կիսինը: Տվյալ իրավահարաբերությունները կարգավորվում են մտավոր սեփականության ոլորտը կարգավորող գործող օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1119-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`

1. «Հանրագիտարանների, հանրագիտական բառարանների, գիտական աշխատանքների պարբերական կամ շարունակվող ժողովածուների, թերթերի, ամuագրերի և այլ պարբերական հրատարակությունների հրատարակիչները նման հրատարակություններն oգտագործելու բացառիկ իրավունք ունեն»:

Իսկ նույն Օրենսգրքի 1120-րդ հոդվածի համաձայն`

1, «Բացառիկ գույքային իրավունքների տիրապետողն իր իրավունքների մաuին ծանուցելու նպատակով կարող է oգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշան, որը տեղադրվում է uտեղծագործության բնoրինակի կամ յուրաքանչյուր oրինակի վրա կազմված է`
1) շրջանակի մեջ վերցված լատիներեն “C” տառից.
2)բացառիկ հեղինակային իրավունքները տիրապետողի անունից (անվանումից).
3) uտեղծագործության առաջին հրատարակության տարեթվից:
2. Իրավատեր է համարվում հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը, եթե այլ բան ապացուցված չէ»:

Նշված գրքում, ի թիվս այլ հոդվածների, զետեղված է նաև Ստամբուլի «Թուրքական տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների» հիմնադրամի աշխատակից Այբարս Գյորգյուլուի «Թուրքիա-Հայաստան հարաբերություններ. հավերժական փակու՞ղի» [“Turkey-Armenia relations: an eternal deadlock?”, “Армяно-Турецкие отношения:Вечный тупик?”] հոդվածը, որում հեղինակն, անդրադառնալով Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում 1893–1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանությանն՝ այդ պատմական փաստը վիճարկման և կասկածի է ենթարկել ինչպես բացահայտ հայտարարություններով, այնպես էլ իրավական նշանակություն ունեցող ցեղասպանություն տերմինը բազմիցս (34` երեսուն չորս, անգամ) չակերտների մեջ գործածելով:

Հարկ է նկատել, որ թե՛ անգլերենում, և թե՛ ռուսերենում չակերտներ դրվում են այն բառից առաջ և հետո, որը կիրառվում է հեգնական իմաստով կամ երբ կիրառողը դրանով կասկած է հայտնում կամ կասկածի տակ դնում տվյալ բառի իմաստը (օրինակ տես` http://www.answers.com/topic/quotation-mark, http://www.gramota.ru): Չակերտների այսպիսի կիրառումը ձևավորված և լայնորեն կիրառվող սովորույթ է թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում:

Գրքում զետեղված են նաև Գյորգյուլուի՝ Հայոց ցեղասպանության բաց տեքստով կատարված հերքումները։ Ահավասիկ՝
(անգլերեն բնագրի 127-րդ էջ)

«Թուրքիան վրդովվել է այն բանից, որ Հայաստանը մեղադրում Է Օսմանյան Թուրքիային, թե նա իրագործել Է «ցեղասպանություն», որի մասին կան լուրջ կասկածներ և տակավին բուռն բանավեճ է ընթանում»:
[“Turkey felt aggrieved that Armenia accused Ottoman Turkey of having committed “genocide” about which serious doubts remain and intense discussion is still going on.”]

(անգլերեն բնագրի 133-րդ էջ)
«Սակայն, չպետք է մոռանալ, որ այն պահից, երբ որևէ խորհրդարան ճանաչում է 1915 թվականի սարսափելի դեպքերը որպես “ցեղասպանություն”, տվյալ երկրում այդ խնդիրը դառնում է փաստ»։
[“However, it should not be forgotten that once a specific parliament identifies the terrible events of 1915 as “genocide”, the issue becomes a fact in that particular country.”] (Փաստ բառը Գյորգյուլուն ինքն է շեղագիր նշել։)

Նույն 133-րդ էջում Ա. Գյորգյուլուն ևս մեկ անգամ հերքում է Հայոց ցեղասպանության փաստը.

«Բայց երբ [Ֆրանսիայի] խորհրդարանը ճանաչեց այն, ֆրանսիական մամուլը գրեթե միաձայն սկսեց իբրև «ցեղասպանություն» գնահատել 1915 թվականի դեպքերը»։
[However, once the parliament recognized it, the French press started almost unanimously to consider 1915 events as “genocide”.]

Նույն 133-րդ էջում Ա. Գյորգյուլուն կասկածի է ենթարկում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայկական Սփյուռքի տարած աշխատանքի օրինականությունն ու լեգիտիմությունն անգամ՝

«Խնդրի մյուս հարթությունը սերտորեն առնչվում է հայկական Սփյուռքի գործունեության օրինականության (լեգիտիմության) հետ։ Այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես պնդում է, որ Թուրքիան ճանաչի 1915 դեպքերը, հաղորդում է Սփյուռքի կազմակերպություններին լրացուցիչ լեգիտիմություն։ Հայաստանի կառավարություն չունի ուղղակի և ամբողջական վերահսկողություն «ցեղասպանության» հարցի միջազգային ճանաչման գործընթացի վրա»։
[Another dimension of the problem is deeply related with the legitimacy of the Armenian Diaspora’s activities. The fact that the Armenian government officially insists that Turkey acknowledge the events of 1915 gives an additional legitimacy to the Diaspora organizations. The Armenian Government does not have direct and full control over the process of the international recognition of the “genocide” issue.]

Անգլերեն բնագրի 137-րդ էջում Ա. Գյորգյուլուն գրում է՝
«Քանի դեռ «Հայոց ցեղասպանության» ճանաչումը չի հանդիսանում Կոպենհագենյան չափանիշ, այս չհիմնավորված մեղադրանքերը չեն կարող խոչընդոտել Թուրքիայի հետ բանակցությունների մեկնարկմանը»։
[Since recognizing the ″Armenian genocide″ is not one of the Copenhagen criteria, these allegations did not pose a problem while starting negotiations with Turkey.]

137-րդ էջում Ա. Գյորգյուլուն նսեմացնում է Հայոց ցեղասպանության ճանաչումները միջազգային ասպարեզում, անվանելով դրանք «ցեղասպանության» չհիմնավորված մեղադրանքների ընդունում, ահավասիկ՝

«Մյուս կողմից, նույնիսկ Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև Եվրոպական Միության առաջատար անդամ երկրները, ինչպիսիք են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Հունաստանը, Իտալիան և Նիդերլանդները, ընդունել են «ցեղասպանության» չհիմնավորված մեղադրանքները»։
[On the other hand, even the EP, let olone the parliaments of leading EU member countries such as Germany, France, Belgium, Greece, Italy and Netherlands, adopted the “genocide” allegations.]

Անգլերեն բնագրի 142-րդ էջում Գյորգյուլուն գրում է.

«Ոչ Թուրքիան պաշտոնապես կճանաչի «ցեղասպանությունը», ոչ էլ Հայաստանը հետ կկանգնի այդ չհիմնավորված մեղադրանքներից և «ցեղասպանությունը» միջազգայնորեն ճանաչելու իր նպատակից»։
[Neither Turkey will recognize the ″genocide″ officially, nor will Armenia compromise these allegations and it’s target of achieving international recognition of ″genocide″.]

Ա. Գյորգյուլուի խնդրո առարկա հոդվածում բազմիցս կիրառված են «ցեղասպանության» չհաստատված պնդումներ» [“genocide” claims] և «ցեղասպանության» չհաստատված մեղադրանքներ» [“genocide” allegations] արտահայտությունները (տե՛ս անգլերեն բնագրի էջ 124, 125, 127, 132, 134, 137, 142, 143):

Նկատենք նաև, որ գրքի թե՛ անգլերեն բնագրի, թե՛ ռուսերեն տարբերակի համաձայն` «Ժողովածուն (այսինքն` գիրքը) կազմված է վերլուծական հոդվածներից, որոնց հիմքում դրված են Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսեթիայի գիտնականների զեկուցումները, որոնք արվել են 2008 թվականի օգոստոսի 1-ից 4-ը Ստամբուլում «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովի ընթացքում:

[“The volume is composed of analytical papers based on presentations made at a conference in Istambul on August 1-4, 2008, organized by CI. The contributors are scholars from Turley, Armenia, Azerbaijan, Georgia, Abkhazia, Nagorno-Karabakh and South Ossetia.”]
[“Сборник составлен из аналитических статей, в основу которых легли доклады, сделаные ученными из Турции, Азербайджана, Армении, Грузии, Абхазии, Нагорного Карабаха и Южной Осетии, организованной Институтом Кавказа в Стамбуле 1-4 августа 2008г.”]

Հետևաբար, սույն գրքում տեղ են գտել ընտրված հոդվածներ, որոնք միջազգային գիտաժողովի ընթացքում կարդացվել են բազմաթիվ ունկնդիրների առջև: Այբարս Գյորգյուլուն, որպես մասնակից, նույնպես ներկայացրել է իր «վերլուծությունն» ու նրանում առկա վերոնշյալ պնդումները:

Փաստորեն, Հիմնադրամը թե՛ գիտաժողովի մասնակիցների, թե՛ գրքի հոդվածների ընտրության ժամանակ հաշվի չի առել այն հանգամանքը, որ հոդվածում տեղ են գտել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու հանրային շահերը խաթարող, Հայաստանի որդեգրած քաղաքականությանը հակասող, ցեղասպանության զոհերի իրավահաջորդների և ողջ հայության իրավունքներն, արժանապատվությունն ու պատիվը ոտնահարող և զոհվածների հիշատակն անարգող հրապարակումներ:

Նշենք նաև, որ, սովորաբար, գիտաժողովներում մասնակիցների ընտրությունն իրականացվում է վերջիններիս կողմից ներկայացվելիք նյութի համառոտագրերի հիման վրա: Սա նշանակում է, որ Հիմնադրամը հավանության է արժանացրել վիճարկվող հոդվածը, ներառյալ` դրանում տեղ գտած հակահայկական պնդումները և Ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումը: Հիմնադրամը, փաստորեն, գիտակցել է և կարող էր գիտակցել այն, որ վիճարկվող տեղեկությունները ոտնահարում են Հայաստանի Հանրապետության իրավունքները, սակայն, միջոցներ չի ձեռնարկել դրանք բացառելու ուղղությամբ: Հիմնադրամը նաև ստեղծել է բարենպաստ պայմաններ Հայոց հարցի այսպիսի` ոչ հայանպաստ շահարկման և տարածման համար:

Այսպիսով, Հիմնադրամը թույլ է տվել թե՛ ազգային, թե՛ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև նախադեպային ու միջազգային սովորութային իրավունքի մի շարք խախտումներ:

1. ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՈՒՄ

Հիմնադրամը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ այսպիսի հրապարակումը, ինչպես նաև ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն ուղղակիորեն ոտնահարում են Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու շահերը, նվաստացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև համայն հայության պատիվն ու արժանապատվությունը: Ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն, այսինքն` Հայոց ցեղասպանության վիճարկումն ու կասկածի տակ դնելը, խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հանրային կարգի և միջազգային իրավանորմերի մի շարք սկզբունքներ: Նմանատիպ խախտումը հակասում է նաև ՀՀ օրենսդրության անբաժանելի մասը կազմող միջազգային պարտավորություններին, որոնց կատարման պարտականությունը դրված է ՀՀ պետական մարմինների վրա:

Համաձայն 1990 թվականի օգոստոսի 23-ի «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի 11-րդ կետի`

«Հայաuտանի Հանրապետությունը uատար է կանգնում 1915 թվականին Ouմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաuտանում հայոց ցեղաuպանության միջազգային ճանաչման գործին»:

Սույն պարտավորության իրականացմանն են ուղղված մի շարք նորմատիվ իրավական ակտերով ամրագրված դրույթներ:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հղում է կատարում 1990 թվականի օգոստոսի 23-ի «Հայաստանի անկախության մասին» հռչակագրին (այսուհետ` «Հռչակագիր»), որի նախաբանում ամրագրվում է.

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաuտանի անկախության մաuին հռչակագրում հաuտատագրված հայոց պետականության հիմնարար uկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատաuեր նախնիների uուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար uերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաuտելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությունը»:

Ըստ այսմ, Սահմանդրությունը հենվում է Հռչակագրով ամրագրված հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա, որոնց հիմքում դրված է Հայաստանի Հանրապետության` Ouմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաuտանում Հայոց ցեղաuպանության միջազգային ճանաչման գործին սատար կանգնելու պարտականությունն ամրագրող դրույթը:

Հռչակագրով ամրագրված այս պարտականության կատարմանն է ուղղված 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության 2.1-րդ կետը, որով`

«Հետամուտ լինելով Հայոց ցեղաuպանության համընդհանուր, մաuնավորապեu` Թուրքիայի կողմից ճանաչմանը և դատապարտմանը, Հայաuտանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վuտահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքuտում»:

Պետական անվտանգության հիմնախնդիրները սահմանող և համակարգող սույն նորմատիվ իրավական ակտի 3-րդ կետի համաձայն`

«Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության կարևոր յուրահատկություններից է Uփյուռքին առնչվող խնդիրների համալիրը: Հայկական Uփյուռքն իր թվաքանակով գերազանցում է Հայաuտանի բնակչությանը, uփռված է ողջ աշխարհով և մեծ մաuամբ ցեղաuպանության ու բռնի տեղահանման արդյունք է»:

Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքականության և ազգային անվտանգության ռազմավարության բաղկացուցիչ մասը, հետևաբար, որևէ կերպ դրա հերքումը, ժխտումը, մեղմացումը, դրա կատարված լինելու վերաբերյալ ցանկացած կասկածի դրսևորումը, այդ թվում ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, հանրային շահի, հանրության բարքերի, սահմանադրական կարգի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում շահագրգիռ անձանց, ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի դեմ:

Ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն, դատապարտվում է միջազգային հանրության և բոլոր քաղաքակիրթ պետությունների և ազգերի կողմից: Բացի այդ, հարկ է նկատել, որ Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչել են մի շարք երկրներ, ինչպիսիք են Արգենտինան (05.05.1993թ.), Բելգիան (26.03.1998թ.), Կանադան (21.04.2004թ.), Չիլին (05.06.2007թ.), Կիպրոսը (29.04.1982թ.), Ֆրանսիան (29.01.2001թ.), Հունաստանը (25.04.1996թ), Իտալիան (16.11.2000թ.), Լիտվան (15.12.2005թ.), Լիբանանը (03.04.1997թ.), Նիդերլանդների Թագավորությունը (21.12.2004թ.), Լեհաստանը (19.04.2006թ.), Ռուսաստանը (14.04.1995թ.), Սլովակիան (30.11.2004թ.), Շվեյցարիան (16.12.2003թ.), Ուրուգվայը (20.04.1965թ.), Վատիկանը (10.11.2000թ.), Վենեսուելան (14.07.2005թ.) և այլն:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև ԱՄՆ 43 նահանգ: Եվրոպական խորհրդարանն (European Parliament) ընդունել է բանաձևեր (18.06.1987թ. /A2-33/87/ և 28.01.2002 /A5-0028/), իսկ Եվրոպայի Խորհուրդը` հռչակագիր (24.04.2001թ. /Doc. 9056/) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ավելին, նշված երկրներից Շվեյցարիան, Ուրուգվայը, Արգենտինան ընդունել են օրենքներ, որոնցով ցեղասպանության հերքումը քրեականացվել է: Նշված հանգամանքներում Հիմնադրամը պետք է հաշվի առներ, որ անթույլատրելի է որևէ ելույթ, հրապարակում կամ որևէ նյութի տպագրում, որը կարող է կասկած հայտնել Հայոց ցեղասպանության եղելության մասին կամ որևէ կերպ հերքել կամ ժխտել այն: Պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ցեղասպանութան, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և կանխարգելումն, ըստ էության, ձևավորում են միջազգային սովորույթ, որը ևս պետք է հաշվի առնվեր:

Հարկ է հիշեցնել նաև, որ տակավին 1987 թվականին Եվրոպական խորհրդարանում հայկական հարցի մասին զեկուցող Ժան-Բատիստ Ռասինը նշել է. «Իրադարձությունները, որոնց ժամանակ հայերը տուժել են 1915-1917 թթ. Թուրքիայի կողմից իրականացրած պատերազմական գործողությունների հետևանքով, պետք է ճանաչել որպես ցեղասպանություն` «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իմաստով»:

[“Les événements dont les Arméniens de Turquie ont été victims durant les années de guerre 1915-1917, doivent être considérés comme un génocide au sens de la Convention des Nations Unies contre la répression et la prévention du crime contre le génocide”. Le 18 juin 1987, le Parlement européen a finalement adopté une résolution reconnaissant le génocide des Arméniens:]

2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԵՎ ՍՈՎՈՐՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ, ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՏԵՍՈՒՄ

Հիմնադրամն անտեսել է նաև միջազգային դատական պրակտիկան, որով արդեն իսկ իրավական հարկադրանքի տարբեր միջոցներ են կիրառվել Հայոց ցեղասպանությունը հերքող անձանց նկատմամբ:

Այսպես, 2007 թվականի մարտի 9-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը դատապարտել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին 90 օր պայմանական ազատազրկման և նշանակել տուգանք 3,000 շվեյցարական ֆրանկի չափով: Փերինչեքը մեղավոր է ճանաչվել ռասայական խտրականության մեջ` Հայոց ցեղասպանությունը հերքող իր հրապարակային հայտարարությունների համար: Զորօրինակ, 2005 թվականի մայիսի 7-ին, այնուհետև սեպտեմբերի 18-ին, Դողու Փերինչեքը հրապարակավ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է [ֆրանսերեն` “mensonge international” (մեջբերում դատարանի վճռից)], իսկ նույն թվականի հուլիսի 22-ին ասել է, որ «Հայկական հարց երբևէ գոյություն չի ունեցել» և որ «այն (ցեղասպանությունը) երբևէ տեղի չի ունեցել»:

[“il a affirmé, en tout cas par trois fois, que le génocide des Arméniens n’avait jamais existé; qu’il s’agissait d’un mensonge international”].

Նրա խոսքերով՝ «եղել է կոտորած, որի պատճառը պատերազմն էր»:

[ibid. “Dogu PERINCEK admet qu’il y a eu des massacres, mais les justifie au nom du droit de la guerre”]:

Փերինչեքը նշել է նաև, որ «տեղահանություններ եղել են, սակայն դրանք ցեղասպանությամբ չեն ուղեկցվել:»

[“Il admet aussi que l’Empire turc ottoman a fait déplacer des milliers l’Arméniens….., mais conteste absolument le caractère génocidaire de ces deportations.”]:

Բացի այդ, նույն հիմքով 2008 թվականին Շվեյցարիայի դատարանը դատապարտել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ևս երեք ներկայացուցչի` Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» կոչելու համար: Նրանց նկատմամբ որպես պատժամիջոց նշանակվել է տուգանք:

Ցեղասպանությունը հանցագործություն է ճանաչվել 1948 թվականի դեկտեմբերի 9-ին՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմամբ, որի նախաբանի և 1-ին հոդվածի համաձայն`

«Պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր աuամբլեան իր 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն ցեղաuպանությունը հանցագործություն է և հակաuում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն, ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղաuպանությունը մեծ կորուuտներ է պատճառել մարդկությանը, և համոզված լինելով, որ մարդկությունն այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն. սույնով համաձայնում են ներքոհիշյալի շուրջ.
Պայմանավորվող կողմերը հաuտատում են, որ ցեղաuպանությունը, անկախ նրանից` կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըuտ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար»:

Հիմնադրամի վերոնշյալ հրապարակումները հակասում են նաև միջազգային սովորութային իրավունքին: «Իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն`

«2. Միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում գտած uկզբունքներն ու նորմերը, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը Հայաuտանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաuն են: Հայաuտանի Հանրապետության oրենքները ու իրավական այլ ակտերը պետք է համապատաuխանեն միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին ու uկզբունքներին:

3. Համընդհանուր ճանաչում գտած են համարվում միջազգային իրավունքի այն նորմերն ու uկզբունքները, որոնք իրավաբանորեն հավաuար ուժ ունեն բոլոր պետությունների, ներառյալ` Հայաuտանի Հանրապետության համար»:

Մինչդեռ միջազգային իրավունքի մի շարք դրույթներ ուղղակիորեն ամրագրում են ցեղասպանության հերքման կամ որևէ այլ կերպով ժխտման անթույլատրելիությունը, նախատեսում պատասխանատվություն ոչ միայն ցեղասպանության իրագործման, այլև դրա հերքման համար, պետություններին պարտավորեցնում արդյունավետ միջոցներ ձեռնարկել ցեղասպանության, ինչպես նաև դրա հերքման քրեականացման, ինչպես նաև կանխարգելման համար:

Անցած դարի երկրորդ կեսից միջազգային իրավունքում քննարկման հատուկ առարկա է դարձել ցեղասպանության հերքման բացասական հետևանքների վերլուծությունը: Ինչպես նշվում է 1998 թվականի դեպտեմբերի 2-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի տարածած մամլո հաղորդագրությունում (GA/9523)՝

«…հազարավոր անմեղ մարդիկ շարունակում են դառնալ ցեղասպանության զոհը….», «Ցավոք, հերքումը, որը դարձել է ցեղասպանության անբաժանելի մասը, հաճախ սրում է անվտանգության բացակայության, լքվածության և դավաճանված լինելու զգացումը»:

Անդրադառնալով ցեղասպանության կանխարգելմանը` ցեղասպանության հիմնախնդիրներն ուսումնասիրող հեղինակավոր «Ջենըսայդ Վոչ» (Genocide Watch) միջազգային կազմակերպությունն ընդգծում է.

«Ցեղասպանության հերքումը ցեղասպանության ութերորդ` վերջին փուլն է, որը միշտ հաջորդում է ցեղասպանությանը: Այն, ի թիվս այլ ցուցիչների, հաստատապես ազդարարում է, որ ցեղասպանական կոտորածները շարունակվելու են»։ «Հերքմանը հակադարձելու միջոցը՝ այն պատժելն է միջազգային տրիբունալի կամ ազգային դատարանների վճիռներով»:

[“DENIAL is the eighth stage that always follows a genocide. It is among the surest indicators of further genocidal massacres. The response to denial is punishment by an international tribunal or national courts. The response to denial is punishment by an international tribunal or national courts.”]

«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի վերոհիշյալ կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 2-րդ հոդվածը սահմանում է ցեղասպանություն հասկացությունը: Հարկ է նկատել, որ ցեղասպանություն եզրույթը (genocide) տրվել է իրավաբանական գիտությունների դոկտոր Ռաֆայել Լեմկինի կողմից, որն այն սահմանել է` հիմքում դնելով նաև Հայոց ցեղասպանության փաստը: Ավելին, Ռաֆայել Լեմկինը Կոնվենցիայի նախագծի հեղինակն է, որի անբաժանելի մաս համարվող Նախապատրաստական Զեկույցում ուղղակի հղում է կատարվում Հայոց ցեղասպանությանը:

Արդարև, Դողու Փերինչեքի գործով ցեղասպանություն հասկացությունը մեկնաբանելիս՝ Լոզանի դատարանը նշել է, որ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը կիրառում է ցեղասպանություն բառն ընդհանրապես, այլ ոչ թե նկատի ունենալով միայն հրեաների ցեղասպանությունը: Ավելին, դատարանը հղում է կատարում նշված հոդվածի մշակման և նախագծման աշխատանքներին, մասնավորապես Ազգային խորհրդի (National Council (eng), Conseil National (fr)) պաշտոնական հաղորդագրությանը, որտեղ օրենսդիրն ուղղակի հղում է կատարել Կոնվենցիային և որպես ցեղասպանության օրինակ նշել է Հայոց և Քրդական ցեղասպանությունները (BOCN 1993, է. 1076): Ելնելով նշվածից` դատարանը կատարել է եզրահանգում, որ Հայոց ցեղասպանությունն օրինակ է ծառայել վերոնշյալ հոդվածի մշակման համար ևս (Կոմբիի հաշվետվություն [Rapport Combi]): Դատարանը գտել է նաև, որ Միջազգային արդարադատության դատարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը չկա, քանի որ Կոնվենցիան ուղղակիորեն հղում է կատարել Հայոց ցեղասպանությանը: Նշված հանգամանքը, դատարանի համոզմամբ, ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանությունը դադարում է լինել վիճարկման առարկա, քանի որ այն, եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակի ձևով, ճանաչվել է միջազգայնորեն` հիմնարար միջազգային իրավական ակտի հիմքում դրվելով:

[(Մեջբերում դատական ակտից) “Ainsi, si l’on se réfère au Bulletin officiel du Conseil national, on constate que le législateur s’est explicitement référé à la Convention internationale pour la répression du crime et du génocide du 9 décembre 1948 en citant, à titre d’exemple, le génocide des Kurdes et des Arméniens (BOCN 1993, p. 1076). On peut donc retenir qu’historiquement, le génocide des Arméniens a servi d’exemple au législateur lors de ses travaux visant à l’élaboration de l’art. 261 bis CP (rapport Combi)”, “En se référant expressément au génocide des Arméniens et des Kurdes, le législateur a aussi voulu montrer qu’il n’était pas nécessaire que le génocide soit reconnu par une Cour internationale de justice”,”On peut déduire de cette phrase qu’il faut et il suffit que le génocide soit Reconnu.”]
Իսկ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն `

«Uույն Կոնվենցիայում ցեղաuպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը` կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպեu այդպիuին, լրիվ կամ մաuնակի ոչնչացման մտադրությամբ.
(ա) այդ խմբի անդամների uպանությունը,
(բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնաuվածքներ կամ մտավոր վնաu պատճառելը,
(գ) որեւէ խմբի համար կյանքի այնպիuի պայմանների միտումնավոր uտեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մաuնակի ֆիզիկական ոչնչացմանը,
(դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,
(ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուuին»:

Ցեղասպանության սույն սահմանումն իր կիրառումն ու մեկնաբանումը ստացել է միջազգային սովորութային իրավունքում: Ցեղասպանության հերքումը ճանաչվում է ցեղասպանության անբաժանելի մաս, որը ևս քրեականացված է մի շարք երկրներում: Այսինքն` ցեղասպանությունն արգելված է նաև միջազգային սովորութային իրավունքով, որը հավելյալ պարտականություններ է նախատեսում և՛ պետությունների, և՛ անհատների համար: Իրականում, ցեղասպանության սահմանումն ավելի լայն մեկնաբանություն ունի միջազգային սովորութային իրավունքում, ինչով էլ այն տարբերվում է նորմատիվ սահմանումից: Այսպես, Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը, սահմանելով ցեղասպանություն հասկացությունը, հղում է կատարել միջազգային սովորութային իրավունքին, Կոնվենցիայի իմաստին և բովանդակությանը, ձևավորված նախադեպային իրավունքին, ինչպես նաև դոկտրինալ մեկնաբանություններին (տե՛ս “International Law”, A. Cassese, Oxford, 2005թ, էջ 444):

Ցեղասպանությունն ուսումնասիրող միջազգայնագետներն ու իրավաբանները միահամուռ ընդունում են, որ ցեղասպանության հերքումը ռասայի, սեռի կամ էթնիկական խմբի արժանապատվությունը ոտնահարող, ստորացնող և ատելություն քարոզող խոսքի դրսևորման բարձրագույն ձևն է, նաև` ցեղասպանության վերջին փուլը: Ողջակիզումից վերապրած, Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը Հայոց Ցեղասպանությունը քողարկելու Թուրքիայի 90-ամյա արշավը բազմիցս անվանել է «կրկնակի սպանություն, քանի որ դրանով Թուրքիան ձգտում է սպանել տեղի ունեցած վայրագությունների մասին հիշողությունը»:

[“Turkey’s campaign to cover up the Armenian genocide [is] a double killing, since it strives to kill the memory of the original atrocities”].

Իսկ միջազգային հռչակ վայելող տեսաբան Բերնարդ-Հենրի Լևին նշում է. «Հերքողները ոչ թե սոսկ կարծիք են հայտնում, այլ կատարում են հանցագործություն»:

[“…deniers are not merely expressing an opinion; they are perpetrating a crime.”]

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (IAGS) շեշտում է, որ «հերքումը ցեղասպանության շարունակությունն է, քանի որ հետևողական ջանքեր են ուղղվում թիրախային խմբի մշակութային և հոգեբանական ոչնչացմանը, խմբի անդամների` անգամ նրանց սպանված հարազատների հիշատակը մերժելուն»:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Գրեգորի Սթենթոնն, օրինակ, գրում է.

«Ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է: Դա տուժող խմբին հոգեբանորեն ու մշակութային առումով ոչնչացնելու, այդ խմբի անդամներին իրենց հարազատների մասին անգամ հիշողությունից զրկելու շարունակական փորձ է: Հենց դա է Թուրքիայի կառավարությունն այսօր անում ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ»:

[“Denial is the final stage of genocide. It is a continuing attempt to destroy the victim group psychologically and culturally, to deny its members even the memory of the murders of their relatives. That is what the Turkish government today is doing to Armenians around the world.”]

Նշված դոկտրինալ մեկնաբանությունները և ձևավորված միջազգային սովորույթն իրենց իրավական ամրագրումն են ստացել մի շարք պետությունների նորմատիվ ակտերում: Սկսած, հատկապես, 21-րդ դարից, մի շարք պետություններ քրեականացրել են ոչ միայն ցեղասպանոթյունն, այլև դրա հերքումը: Ցեղասպանության հերքումը նորմատիվ ամրագրում է ստացել նաև Եվրոպական Միության կողմից: Այսպես, 2008 թվականի նոյեմբերի 28-ին Եվրոպական Միության Արդարադատության և Ներքին գործերի խորհուրդը ընդունել է «Ռասիզմի և այլատյացության որոշ դրսևորումների դեմ պայքարի մասին» շրջանակային որոշում, որով բոլոր անդամ երկրները պետք է համապատասխանեցնեն իրենց ազգային օրենսդրություններն այդ որոշման պահանջներին: Իրավական այդ ակտի դրույթների համաձայն, ցեղասպանությունը հերքողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Այսպիսով, ցեղասպանության հերքման քրեականացումն ամրագրվել է Եվրոպական իրավունքում և դարձել միջազգային սովորութային իրավունք, այն է` միջազգային իրավունքի բաղկացուցիչ մաս:

Սույն հանգամանքը նկատի առնելով` հարկ է անդրադառնալ նաև պետության պատասխանատվության հարցին: 2005 թվականի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած 2005 թվականի Համաշխարհային գագաթաժողովի եզրափակիչ ակտի 138, 139, 140 կետերով նախատեսվում է, որ պետությունների պատասխանատվությանն է վերապահված ազգաբնակչությանը ցեղասպանությունից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելը, ներառյալ` դրանք կանխարգելելը:

(([A/60/L.1] 2005 World Summit Outcome) “Each individual State has the responsibility to protect its populations from genocide, war crimes, ethnic cleansing and crimes against humanity. This responsibility entails the prevention of such crimes, including their incitement, through appropriate and necessary means.”):

Չնայած վերոնշյալի` Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում կատարված մյուս ցեղասպանություններից առանձնանում է այն հանգամանքով, որ շարունակում է անհիմն կերպով և միջազգային վերոնշյալ նորմերի կոպիտ խախտումներով անընդհատ հերքվել, ինչն, իհարկե, թուրքական քարոզչամեքենայի գործունեության արդյունք է: Մարդկության պատմության այս սև էջն ուսումնասիրող հայ և օտար գիտնականները գնահատում են թուրքական ժխտողականությունը ոչ այլ կերպ, քան ցեղասպանության շարունակություն, ինչն ուղղակի առնչվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հետ:

Մասնավորապես, Հայոց ցեղասպանության հերքումը կամ ժխտումը (ներառյալ` այն կասկածի տակ դնելու միջոցով) վնասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կենսական շահերին մի շարք առումներով`

• Հայոց ցեղասպանության ժխտումը հայության դեմ վաղուց ի վեր որդեգրած Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է և բաղկացուցիչ մասը, այսինքն՝ այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի վերջնական ոչնչացումն իրագործելու երկարաժամկետ ընդհանուր ծրագրի շրջանակներում և հանդիսանում Հայաստանի կենսական շահերի դեմ բացահայտ ու վտանգավոր թշնամական գործողություն։

• Հայոց ցեղասպանությունը հերքելով՝ Թուրքիան փորձում է ջնջել հայերի պատմական հիշողությունը, զրկել նրանց անասելի ծանր գնով ստացած քաղաքական կենսափորձից և այդպիսով բացառել Հայաստանի ղեկավարության կողմից ռազմավարական ճիշտ որոշումների ընդունումն արտաքին քաղաքական ոլորտում և, հատկապես, Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս։

• Հայոց ցեղասպանության ժխտումը միտված է վավերացնելու և օրինականացնելու ցեղասպանության արդյունքները, մասնավորապես հայության ունեզրկումն ու իր բնօրրանից օտարումը, ինչպես նաև հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության թուրքական յուրացումն ու աղավաղումը։ Այս ամենով հայ ժողովրդի գոյության համար ստեղծվում են խիստ անբարենպաստ կենսապայմաններ քաղաքական, տնտեսական և էթնոհոգեբանական ոլորտներում, թուլացվում է հայության հավաքական դիմադրողականությունը, ազգային արժեքները պատճաշորեն գնահատելու կարողությունը։

• Հայոց ցեղասպանության փաստը ժխտելով՝ Թուրքիան զրպարտում է Հայաստանի Հանրապետությանն ու համայն հայությանը, լկտիաբար մեղադրելով նրանց իբր սուտ, կեղծիք, ռասայական թշնամանք և ատելություն քարոզելու մեջ։ Այդպիսով՝ Թուրքիան և նրա սպասավորները միջազգային ասպարեզում վարկաբեկում են Հայաստանի Հանրապետությունը, վիրավորում ամբողջ հայ ժողովրդի պատիվն ու ազգային արժանապատվությունը:

Հետևաբար, սույն գործով կիրառման ենթակա են նաև պատվի և արժանապատվության իրավունքը երաշխավորող իրավանորմերը, որոնք ամրագրված են, մասնավորապես, 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, 1948 թվականի դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, 1966 թվականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` «մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»:

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` «Մարդու արժանապատվությունը` որպեu նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից»:

ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն` «յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Uահմանադրությունը և oրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը»:

Ինչ վերաբերում է միջազգային պայմանագրերին, ապա ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածի համաձայն` «բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավաuար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»:

Իսկ «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ին ընդունված կոնվենցիայի նախաբանի համաձայն`

«Կոնվենցիան uտորագրած կառավարությունները, նկատի ունենալով 1948 թվականի դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր աuամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, նկատի ունենալով, որ uույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր եւ արդյունավետ ճանաչումն ու պահպանումը… համաձայնվեցին ներքոհիշյալի շուրջ»։

Սույնով ամրագրվում է, որ «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան հենվում է Մարդու իրավունքների համընդհանուր hռչակագրի, այդ թվում` դրա առաջին հոդվածի վրա, ինչը պարտադիր է նաև կոնվենցիայի մասնակից պետությունների համար:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (այսուհետ` «Դաշնագիր») նախաբանում նշվում է, որ

«Uույն Դաշնագրի մաuնակից պետությունները, հաշվի առնելով, որ, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ հռչակված uկզբունքներին համապատաuխան, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և նրանց հավաuար ու անկապտելի իրավունքների ճանաչումն աշխարհում ազատության, արդարության եւ համընդհանուր խաղաղության հիմքն է, ընդունելով, որ այդ իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից, ընդունելով, որ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին համապատաuխան, քաղաքացիական եւ քաղաքական ազատությունից oգտվող և վախից ու կարիքից ձերբազատված մարդկային ազատ անհատի իդեալը կարող է միայն իրականանալ, եթե uտեղծվեն այնպիuի պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է oգտվել իր քաղաքացիական ու քաղաքական իրավունքներից, ինչպեu նաև` տնտեuական, uոցիալական ու մշակութային իրավունքներից, հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ պետությունների uտանձնած պարտավորությունը` խրախուuելու մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքն ու դրանց պահպանումը, գիտակցելով, որ անհատը, պարտավորություններ ունենալով այլ անձանց և այն հանրության հանդեպ, որին ինքը պատկանում է, պետք է հետամուտ լինի uույն Դաշնագրում ճանաչվող իրավունքների խրախուuմանն ու պահպանմանը, համաձայնում են ներքոհիշյալ հոդվածների շուրջ»:

Սույնով Դաշնագիրն ամրագրում է, որ մարդու արժանապատվության ճանաչումն աշխարհում ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքն է, ինչի ապահովումը ևս պարտադիր է պետությունների համար:

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, ապա համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած Գուդվինն ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով (Christine Goodwin v. the United Kingdom, (11.07.2002թ)) վճռի` «…Կոնվենցիայի բուն էությունը մարդու պատվի (…) նկատմամբ հարգանքն է», ինչն ապահովվում է մասնավորապես, Կոնվենցիայի 8-րդ հոդվածով:

Փաստորեն, խնդրո առարկա հոդվածի տպագրումով, Հայոց ցեղասպանությունն ուղղակիորեն հերքելով և չակերտների մեջ առնելով՝ Հիմնադրամը ոտնահարել և անտեսել է վերոնշյալ իրավական պահանջները: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Հիմնադրամը միջնորդավորված կերպով նպաստում է Թուրքիայի հակահայկական ռազմավարության իրականացմանը: Ըստ այդմ, ցեղասպանության երևույթը կանխարգելելու և դատապարտելու նպատակով պետք է բացառել Հայոց ցեղասպանությունը որևէ ձևով հերքելը, այդ թվում՝ այն չակերտների մեջ առնելը: Համոզված ենք, որ դատարանի վճիռը նախադեպ կծառայի այդ նպատակին հասնելու համար և համանման խախտումները կանխարգելելու համար:

Հարկ է նկատել, որ նշված հրապարակումներով ոտնահարվում են նաև «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի` հայցվորի օրինական շահերը և իրավունքները, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ և հայցվորի կանոնադրությամբ: Մասնավորապես, կանոնադրության 2.3-րդ և 2.15-րդ կետերի համաձայն` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի նպատակներից են`

«2.3. Չեզոքացնել միջազգային ասպարեզում ադրբեջանա-թուրքական լայնամասշտաբ քարոզչությունը, հետևողականորեն և անընդհատ քարոզել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տեսակետները…»:

«2.15. Հայաստան-Սփյուռք համագործակցության հզորացմանը նպաստող լուծումների որոնումը և համազգային միացյալ հայեցակարգի մշակումները»:

Բացի այդ, Հայոց ցեղասպանությունը հերքող պնդումներն արատավորում են նաև յուրաքանչյուր հայի պատիվն ու արժանապատվությունը:

Ուստի, սույն գործով կիրառման ենթակա է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը, որի համաձայն` «Քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատաuխանում են իրականությանը», «Եթե նշված տեղեկությունները պարունակվում են կազմակերպությունից ելնող փաuտաթղթում, ապա նման փաuտաթուղթը պետք է փոխարինվի կամ հետ կանչվի: Այլ դեպքերում հերքման կարգը uահմանվում է դատարանով»: Իսկ նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Քաղաքացին, ում մաuին տարածվել են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի այդ տեղեկությունները հերքելու հետ միաuին պահանջել հատուցելու դրանց տարածմամբ պատճառված վնաuները»:

ՀՀ քաղաքացիական օրենգրքի 17-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` «անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնաuների լրիվ հատուցում, եթե վնաuների հատուցման ավելի պակաu չափ նախատեuված չէ oրենքով կամ պայմանագրով: Վնաuներ են` իրավունքը խախտված անձի ծախuերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար: Եթե իրավունքը խախտած անձը դրա հետևանքով uտացել է եկամուտներ, ապա անձը, ում իրավունքը խախտվել է, մյուu վնաuների հետ միաuին բաց թողնված oգուտի հատուցման պահանջի իրավունք ունի` այդ եկամուտներից ոչ պակաu չափով»:

Տվյալ դեպքում իսկության չհամապատասխանող տեղեկություններ են Հայոց ցեղասպանության եղելությունը հերքող, կասկածի տակ դնող վերոնշյալ պնդումները, որոնք ստահոդ են և աղավաղում են իրականությունը:

Հետևաբար, հարկ է անդրադառնալ Հիմնադրամի կողմից հասցրած բարոյական վնասին, որի հաշվարկման հիմքում դրված են հետյալ չափանիշներն ու հիմնավորումները`

1. Տեղեկատվության բնույթը

Հիմնադրամի տարածած հրապարակումն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների, Հայաստանի միջազգային վարկանիշին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, նրանց իրավահաջորդների իրավունքներին, համայն հայությանը, յուրաքանչյուր հայի, այդ թվում` ՀՀ քաղաքացիների իրավունքներին, պատվին և արժանապատվությանը, հայցվորի կանոնադրական նպատակների իրականացմանը և իրավունքներին: Ուստի, հրապարակումը Հայաստանի Հանրապետության և ողջ հայության շահերն ու իրավունքները կոպտորեն ոտնահարող ապատեղեկատվություն է:

2. Տեղեկությունների տարածման շրջանակը

Նշված ստահոդ պնդումները տարածվել են ոչ միայն Հիմնադրամի տպագրած գրքերում, այլև Հիմնադրամի կազմակերպած միջազգային գիտաժողովում: Տարբեր պետություններից ժամանած բազմազգ լսարանի առջև Հայոց ցեղասպանությունը բացահայտորեն մերժվել, հերքվել և ժխտվել է: Այնուհետև նույն պնդումները հայտնվել են Հիմնադրամի անգլերենով և ռուսերենով հրապարակած գրքերում (ռուսերեն տարբերակի տպաքանակը` 1000 օրինակ, անգլերեն բնագրի տպաքանակը` նշված չէ), տարածվել այլ երկրներում: Գիտաժողովն ու նրա հրապարակումները ծանուցվել են նաև Հիմնադրամի կայքում: Այս հակահայկական քարոզչության ծիրում ընդգրկվել են փորձագիտական, քաղաքական, ուսանողական և հասարակական լայն շրջանակներ:
Այսպիսով, Հիմնադրամը հարցին տվել է միջազգային ընդգրկում: Հետևաբար, նշված տեղեկությունների հերքումը և հատուցումը պետք է լինի հասցված վնասին համապատասխան:

3. Իրավունքները խախտված անձի սոցիալական հետևանքները

Նշված տեղեկությունների տարածմամբ ուղղակի վնաս է հասցվել հայցվորի կանոնադրական նպատակների իրականացմանը և գործունեությանը, քանի որ հայցվորի կանոնադրական նպատակներից է չեզոքացնել միջազգային ասպարեզում ադրբեջանա-թուրքական լայնամասշտաբ քարոզչությունը: Հայոց ցեղասպանությունը հերքող պնդումների տարածման ոչ բարենպաստ հետևանքները վերացնելու նպատակով, բնականաբար, հայցվորի կողմից պետք է ծախսվեն նույնքան միջոցներ, որքան որ Հիմնադրամը ծախսել է դրանք տարածելու համար: Այդ պնդումների տարածմամբ` վնաս է հասցվել նաև Հայաստանի Հանրապետության կենսական և հանրային շահերին, որոնք ունեն ոչ բարենպաստ սոցիալական հետևանքներ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու և ողջ հայության համար:

4. Հերքման` որպես իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցի և վնասի փոխհատուցման համաչափությունը

Հիմնադրամի կողմից մինչ օրս որևէ միջոցառում չի իրականացվել վիճարկվող տեղեկությունների տարածումը կանխարգելելու համար: Ավելին, Հիմնադրամը նպաստել է դրանց տարածմանը, ինչը նշանակում է, որ իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այսինքն, հերքմանն ուղղված որևէ միջոցառում չի իրականացվել: Հետևաբար, նշված վարքագծի ոչ բարենպաստ հետևանքների հաշվառմամբ, հատուցումը պետք է լինի ողջամիտ և համաչափ:

5. Վնաս պատճառած անձի պատասխանատվության աստիճանը

Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում, հետևաբար, նա ոչ միայն օգտվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից, այլև կրում համապատասխան պարտականություններ, որոնցից են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դրույթների պահպանումն ու իրականացումը: Հիմնադրամը, տարածելով Հայաստանի Հանրապետության և ողջ հայության կենսական շահերին առնչվող ապատեղեկատվություն, կրկնակի պատասխանատվություն է կրում դրանց համար:

6. Հնարավոր խախտված իրավունքների վերականգնման աստիճանի ընդունումը իրավունքը խախտված անձի կողմից

Հիմնադրամի կողմից մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկվել իր կողմից կատարած խախտման հետևանքների վերացման ուղղությամբ: Նա, ոչ բարեխիղճ կերպով գործելով, չի ընդունել ո՛չ իր կողմից կատարած խախտումը, ո՛չ էլ միջոցներ է ձեռնարկել դրանց վերացման կամ վնասների հատուցման ուղղությամբ:

7. Հերքման և պատասխանին ուղղված իրավախախտ անձի իրականացրած գործողությունների առկայությունը մինչ դատական պաշտպանությունը

Հիմնադրամը ցայսօր հրապարակավ չի հերքել իր տարածած ապատեղեկատվությունը:

8. Իրավախախտ անձի կողմից իր պարտականությունների բարեխիղճ կատարումը

Հիմնադրամը բարեխիղճ կերպով չի կատարել թե՛ ՀՀ օրենսդրությամբ, թե՛ միջազգային իրավունքով նախատեսված իր պարտականությունները, հետևաբար, նրա կողմից հասցրած բարոյական վնասը ենթակա է համաչափ հատուցման:
Այսպիսով, սույն չափանիշների հաշվառմամբ, Հիմնադրամը հասցրել է բարոյական վնաս` 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամի չափով: Նպատակ չունենալով ստանալու շահույթ իրավունքների դատական պաշտպանությամբ` ընդունելի կհամարենք նշված գումարի նվազեցված փոխհատուցումը` խորհրդանշական (պայմանական) 1 (մեկ) ՀՀ դրամի չափով:

3. ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ

Նշենք նաև, որ համանման գործ քննվել է ֆրանսիական դատարանում: Այսպես, 1995 թվականի հունիսի 21-ի Փարիզի առաջին ատյանի դատարանի` Հակասեմիտիզմի և ռասիզմի դեմ միջազգային լիգան ( International League against Racism and Anti-semitism ) և Ֆրանսիայում Հայկական ընկերակցությունների ֆորումն (Forum of Armenian Association in France) ընդդեմ Բերնարդ Լյուիսի գործի վերաբերյալ կայացրած վճռով դատարանը պարտավորեցրել է պատասխանող Բերնարդ Լյուիսին վճարել յուրաքանչյուր հայցվորին մեկական ֆրանկ` որպես բարոյական վնաս և տպագրել հերքում «Լը Մոնդ» թերթում Հայոց ցեղասպանությունը ժխտող իր հայտարարությունների համար, որոնք արվել էին նույն թերթին տված հայցազրույցում: Նշված գործով պատասխանողը վիճարկում էր Հայոց ցեղասպանության եղելությունը, ինչը, հայցվորների պնդմամբ, ծանր վիրավորանք էր հասցրել Հայոց ցեղասպանությունը վերապրողների և նրանց ընտանիքների հիշատակին ու արժանապատվությանը:

[“…by such remarks, Bernard Lewis has disputed the existence of the Armenian genocide… and that, by doing so, he committed the tort for which compensation could be claimed, because of the very serious injury he inflicted on the memory and respect owed to the survivors and their families”.]

Փարիզի առաջին ատյանի դատարանի վճռում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանության փաստը արդեն իսկ ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1985 թվականի օգոստոսի 29-ին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի կողմից 1987 թվականի հունիսի 18-ին:

[…the truth of that event was accepted by the United Nations on August 29, 1985 and by the European Parliament on June 18, 1987.]

Այսպիսով, հիմք ընդունելով վերոնշյալ նորմերը և սկզբունքները, հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթները, միջազգային իրավունքի պահանջները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 82-րդ և 87-րդ հոդվածներով` դատարանից

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

1. պատասխանողին պարտավորեցնել հրապարակավ հերքել 2008 թվականին «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի հրատարակած «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գրքում վիճարկվող տեղեկությունները «Հայաստանի Հանրապետություն» և «Ազգ» օրաթերթերում, «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթում և «Հ1», «Շանթ» և «Արմենիա» արբանյակային հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունների լրատվական գլխավոր թողարկումներում` հերքման կարգը սահմանելով դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտով:

2. արգելել հետագայում Հայոց ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը և պատասխանողի տիրապետման ներքո գտնվող նույն գրքի օրինակների հետագա տարածումը:

3. հասցրած բարոյական վնասի դիմաց հատուցել (1) մեկ խորհրդանշական (պայմանական) դրամ:

——

——

Լիազորված անձ` Ա. Այվազյան

Մամուլի լուսաբանմանը կարող եք ծանոթանալ այս էջում:
Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել այս էջում:

This post is also available in: Անգլերեն