Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՀՆՉՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԸ

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՀՆՉՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԸ

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ.
Ա. ԱՎԱԳՅԱՆ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆ
Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ

Ասել, թե «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կամ ավելի պարզ` օտարալեզու դպրոցներ բացելու օրինագիծը վերջերս թեժ քննարկումների նյութ է դարձել, սխալ է: Թեժ կարող են համարվել այն քննարկումները, երբ բանավիճողները բաժանվում են երկու (կամ ավելի) հավասարազոր մեծ խմբերի, որոնք բերում են երկու կարծիքները հաստատող կամ մերժող փաստարկներ: Մինչդեռ բոլորովին էլ այդպես չէ: Մի քանի պաշտոնատար մարդկանց առաջարկի դեմ բողոքեցին հազարավորները` Գիտության ազգային ակադեմիայի գիտնականները, բուհերի դասախոսները, հասարակական կազմակերպությունները, միությունները, գրողները, արվեստագետները, մանկավարժները, իր Ոչը ասաց Հանրային խորհուրդը` համոզիչ փաստարկներով հաստատելով, որ այդ օրինագծի ընդունումը եւ կիրառումը ազգավնաս, աղետալի հետեւանքներով է հղի, անընդունելի է ազգային-պետական հարցերի հայեցակետից, եւ հույս հայտնեցին, թե օրինագիծը Ազգային ժողով չի ուղարկվի:

Բայց, ինչպես միշտ… մտավորականություն է, էլի, թե ուզում է, թող խոսի… կառավարությունը «որսալով լրատվական դաշտից այդ ազնիվ մտահոգությունների եւ ինտելեկտուալ աշխատանքի բյուրեղները»` եզրակացություններ է արել եւ որոշել է… փաթեթը ուղարկել խորհրդարան: Նախ, իհարկե, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, որը պարտավոր է, ինչ էլ լինի, այն հասցնել ԱԺ լիագումար նիստի քննարկման: Հանձնաժողովը թեեւ դժվարությամբ (մեկ ձայնի առավելությամբ` 4 կողմ, 3 դեմ) «պատվով» կատարեց իր պարտականությունը: Եկեք չկասկածենք նաեւ Ազգային ժողովի «բուռն քննարկումների» արդյունքին: Բայց…

Մեզանից ո՞վ համոզված չէ, որ օտարալեզու դպրոցների (առայժմ սահմանափակ թվով) թույլտվությունը շղթայական ռեակցիայով հետագայում լայն ծավալներ է ընդունելու (կարեւորը սկիզբն է` թույլատրելը): Հստակ չէ ու մանավանդ` կանխատեսելի, ընթացքի շարունակությունը: Յուրաքանչյուր օտարալեզու դպրոցում քանի՞ աշակերտ է լինելու, ի՞նչ սկզբունքով են ընտրվելու աշակերտները. պետական դպրոց է, ուրեմն` անվճար, մասնավոր է, ուրեմն` վճարովի, իսկ եթե շատե՞րն են ուզում: Ուռճանալու են թվերը, բնականաբար, մյուս` հայալեզու դպրոցների հաշվին. առաջիններում կլինեն հինգական, երկրորդում` մեկական դասարաններ: Չմոռանաք նախկին ռուսական ու նաեւ անգլիական թեքումով դպրոցների աշակերտների թվաքանակները: Դպրոցների քանակը կարեւոր չի լինելու, այլ աշակերտների, որ հաստատապես, հավաքվելու են օտարալեզու դպրոցներում, քանի որ մրցակցելու են նրանց ծնողները, մի մասը` «էլիտար» դպրոցում երեխա ունենալու ցուցամոլությամբ, մի մասը` ազնիվ մղումներով, որ իրենց զավակները լավ պայմաններ ունեցող (չենք կասկածում, որ այդպես կֆինանսավորվեն) դպրոցներում լավ կրթություն ստանան, մյուս մասը` իրենց զավակների ապագայով մտահոգված (դրսում կամ ներսի արտասահմանյան կազմակերպություններում աշխատանք գտնեն), մյուս մասը` երկրից արտագաղթելու հեռանկարը փայփայելով: Եվ ոչ մի կասկած, որ ծաղկելու է կոռուպցիան (ինչպես տարիներ առաջ ռուսական ու անգլիական թեքումով դպրոցներում): Եթե հանկարծ պետական ու ոչ վճարովի լինեն այդ դպրոցները, ուրեմն (հայտնի են միջոցները) հավաքվելու են այնտեղ պաշտոնյաների ու փողատերերի երեխաները, եթե մասնավոր լինեն ու վճարովի, որ առավել ենթադրելի է, նույնպես նույն խավն է հավաքվելու: Հետեւաբար ստեղծվելու է սոցիալական ընդգծված կրթահամակարգ` իր ծանր հետեւանքներով. այդ «էլիտար» դպրոցներում տեղ չեն ունենալու աղքատ խավի, հետեւաբար նաեւ ու հատկապես գյուղական վայրերի երեխաները: Հասկանալի է, որ հետագա մրցակցության մեջ` բուհ, գիտություն, աշխատանք, վերջիններս զիջելու են առաջիններին, նրանց միջեւ ստեղծվելու է անջրպետ, խորթացում, մինչդեռ նույն դպրոցում, նույն ու նույնալեզու կրթական ծրագրի սահմաններում ամենահամեստ ընտանիքի երեխան էլ անգամ ամենահեռավոր գյուղում, նպաստավոր պայմաններում, իր ձիրքերի շնորհիվ կարող է հաջողության հասնել, բուհ ընդունվել, սովորել նաեւ օտար լեզու, իր խոսքը ասել ե՛ւ գիտության մեջ, ե՛ւ տարբեր ասպարեզներում: Ուրեմն առավել վտանգավորը սոցիալական շերտավորվածության հեռանկարն է:

Ամեն դեպքում, մենք հայի հոգով, հայի էությամբ լցված զանգված ենք կորցնելու, հայերեն չխոսող (թեկուզ նաեւ խոսող), հայ գրականություն չկարդացող, հայեցիորեն չմտածող զանգված, մեր փոքր երկրի, առանց այն էլ սակավ բնակչությունից: Չմոռանանք, որ նրանք ապագայում նաեւ ծնողներ են դառնալու, զավակներ են ունենալու եւ այդ զավակները պետք է գնան ծնողների ճանապարհով:

Երբ դեռ 1920-ականներին Շահան Շահնուրը ահազանգ էր հնչեցնում սփյուռքահայության նահանջի մասին` արձանագրելով, թե մենք «դեռ կը նահանջենք բանիվ եւ գործով, կամա եւ ակամա, գիտությամբ եւ անգիտությամբ» , գլխավոր աղետը այդ նահանջի մեջ համարում էր հատկապես գալիք սերունդների այլասերումը: Պատերազմի կամ դժվար տարիներին շատերը փախան, լքելով «տուն, տեղ, երկինք» , «եղան նաեւ ազգ ու լեզու ուրացողներ» , սակայն այդ ամենը այնքան էլ սարսափելի չէ, սարսափելին այն է, տագնապ էր հնչեցնում Շահնուրը, որ կորցնելու ենք նրանց սերունդներին` հայ «մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային: Որովհետեւ ան, որ պիտի գա, պիտի ըլլա օտար, բանիվ եւ գործով» : Բանիվ եւ գործով…. Ու պատահական չէ, որ նահանջի մեջ Շահնուրը հատկապես ընդգծում է, երիցս կրկնելով` «կը նահանջե լեզուն, կը նահանջե լեզուն, կը նահանջե լեզուն»

Լեզուն, որ ազգության պահպանության առաջին պայմանն է: Հայոց լեզուն` մեր սրբություն սրբոցը, նաեւ` մեր լեզվով` մեր գրականությունը: Առանց այդ էլ այսօր մեր օտարամոլները` հանուն շահի ու ցուցամոլության, ամեն օր եթերում ոչ միայն մեր գրական հայերենն են աղավաղում, այլեւ օտար բառերով խճողում են այն: Կարդացե՛ք հեռուստահաղորդումների ծրագրերը, լսեցե՛ք ելույթ ունեցողների խոսքերը, որոնք լի են օտար բառերով: Եվ ի՜նչ գոհունակությամբ ու հպարտությամբ են արտասանում` քոմեդի քլաբ, պրոդակշն, քլաբ բար եւ այլն: Մտավորականները բազմիցս գրել են այս մասին, բայց նրանք, որ կարող են կանխել, անտարբեր են: Չես հասկանում, հեռուստաընկերությունները չե՞ն կարող մի խմբագիր պահել, թե՞ չեն ուզում, «թքած ունեն», արգելողները նույնպես չե՞ն կարող, թե՞ նույնպես… Մեր աչքի առաջ. մեր իսկ թողտվությամբ ու ջանքներով մեր լեզուն աղավաղվում է:

Ուրե՞մն… ավելի լավ չէ՞ միանգամից անցնել օտարալեզու ուսուցմանը: Դպրոցից: Եթե դասերը աշակերտը յուրացնի օտար լեզվով, կարդա ու գրի օտար լեզվով, դեռ մանուկ հասակից տիրապետի օտար լեզվին` նրբերանգներով, ձեռք բերի օտար լեզվամտածողություն (սա է հեռահար նպատակը) ուրեմն էլ հայերենը… չի աղավաղվի: Այդ աշակերտները հայերենը չեն էլ սովորի, որովհետեւ խորթանալու են նրան, որովհետեւ հայ գրականություն չեն էլ կարդալու, հայագիտական առարկաները նրանց համար երկրորդական կամ ավելորդ են դառնալու, մի կերպ «յոլա են տանելու», «ձեռքի հետ»… Այդ փորձը մենք ունենք. հիշեցնելու հարկ կա՞, թե ժամանակին ռուսական դպրոցներում ինչպես էին «յուրացնում» այդ առարկաները: Լավագույն դեպքում մնալու է` տեղեկատվություն այդ առարկաներից` առանց հայ գրականության ու պատմության ոգու եւ գեղեցկությունների, հայոց լեզվի նրբերանգների զգացողության: Այսինքն` առանց հայեցի մտածողության ու դաստիարակության: Հայտնի է (մանկավարժները, հոգեբանները վաղուց են հաստատել), որ երեխան տարրական դպրոցում ընդամենը իր էության, մտածողության, ազգային տեսակի հիմքերն է դնում, նրա ձեւավորումը, ամբողջացումը տեղի է ունենում հատկապես միջին դպրոցում, որ ամբողջ հինգ տարի է (որտեղից էլ հենց հատուկ միտումով առաջարկվում է օտարալեզու ուսուցումը), իսկ ավագ դպրոցը գիտելիքների կուտակման համար է:

Հետեւաբար, ի՞նչ է մեր ուզածը: Թեքե՞լ, շեղե՞լ մեր հայկակների հայեցի հասունացման ընթացքը:

Բայց տեսեք, առաջարկվում է «զիջում». հումանիտար առարկաները (թվարկվում է` հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, կրոն) պիտի սովորեն մայրենի լեզվով: Հրաշալի է: Ճիշտ այդպես է Թուրքիայում, Իրանում եւ ընդհանրապես սփյուռքի «հայկական» դպրոցներում: Այնտեղ պետությունը նույնպես թույլատրում է հայերենով անցնել նույն առարկաները: Նրանք` օտարազգի փոքրամասնություններին, Անկախ Հայաստանի Հանրապետությունում մենք` մեզ:

Բայց ի վերջո, ո՞րն է նպատակը, որին հասնելու համար, չլսելով հանրության խոսքը, պետք է փոփոխվի լեզվի օրենքը: Ինտեգրվել եվրոպական կրթական համակարգի՞ն, գիտությանն ու գեղարվեստի՞ն, վերջին ուղղումով` միջազգային մակարդակի որոշ դպրոցնե՞ր ունենալ: Ուսուցման նոր համակա՞րգ ստեղծել զուգահեռաբար:

Թո՛ղ որ: Ո՞վ է դեմ: Այդ ամենը (լավագույնը) ներդնենք մեր դպրոցական ողջ համակարգում: Լինենք հավասարատես, բոլորին տանք այդ հնարավորությունը եւ ոչ թե` «ընտրյալներին»: Իսկ եթե խանգարող պատճառը օտար լեզվի վատ յուրացումն է, թող ներդրվեն ֆինանսական միջոցներ (մեր պետությունը թե օտար պետությունները կամ հայրենի բարերարները, եթե իրոք նրանք գործում են մարդասիրական մղումներով) եւ օտար լեզուների (նաեւ` հայ) ուսուցումը հատուկ ուշադրության արժանացվի. ստեղծվեն ուսուցման փոքր խմբեր, մշակվեն գործնական նոր մեթոդներ հենց հայալեզու դպրոցներում: Կամ թող դա արվի ավագ դպրոցում, կամ բուհերում, երբ արդեն ձեւավորված է հայ լեզվամտածողությամբ պատանին:

Չենք կարծում, թե մեր փոքրիկ երկրի համար օտարալեզու կամ օտար լեզու ուսուցող բուհերը բավարար չեն: Հայ-սլավոնական համալսարան, Եվրոպական ու Ֆրանսիական համալսարաններ, Ամերիկյան համալսարան, որոնք միայն հումանիտար բուհեր չեն, Լեզվաբանական համալսարան (ըստ էության` օտար լեզուների), Պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության (որն այսօր շուրջ 1800 ուսանող ունի), ռուս բանասիրության ֆակուլտետներ եւ նման ֆակուլտետներ Հայաստանի պետական ու ոչ պետական բոլոր համալսարաններում: Հաշվենք, թե տարեկան քանի «օտարալեզու» շրջանավարտ են տալիս այդ բուհերը: Այս քանակությունը բավարար է անգամ մեզանից շատ ավելի բազմամարդ երկրներին: Սրան ավելացնենք ոչ հումանիտար ֆակոււլտետների այն ուսանողներին, որ կամա թե ակամա յուրացնում են օտար լեզուները մասնագիտական (եւ ոչ միայն) գրականություն կարդալու համար:

Եթե նպատակը օտար լեզվին լավ տիրապետող թարգմանիչներ ունենալն է, այսօր մենք պահանջվածից շատ ավելին ունենք: Բացառապես բնագրից թարգմանված հրաշալի գրականություն է լույս տեսնում: Բուհերի ուսանողների համար կարող են թարգմանվել կամ գրվել բոլոր լավագույն դասագրքերը: Իսկ գիտության մեջ խորացողների համար թարգմանական գրքերի կարիք չի լինելու. նրանք պարտավոր են ասպիրանտուրայում տիրապետել մեկից ավելի օտար լեզուների (արդեն գիտենք, որ նախապես առանց օտար լեզվի քննություն հանձնելու ասպիրանտուրա դիմելու իրավունք էլ չունեն): Գիտությամբ զբաղվողների համար ուսուցման երեք աստիճանը (բակալավրատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) լիովին բավարար են օտար լեզուներ յուրացնելու համար: Էլ չենք խոսում այն հնարավորությունների մասին, որ այսօր կան. պետական ու մասնավոր նախաձեռնություններով, զանազան հիմնադրամների միջոցներով այսօր բազմաթիվ հայ երիտասարդներ սովորում են նաեւ արտերկրում եվրոպական ու ամերիկյան բուհերում, այսօր շատ հայ գիտնականներ գիտական կապեր ունեն արտասահմանյան երկրների գիտնականների հետ:

Այս ամենը բավարար չէ՞ արդյոք մի փոքր երկրի գիտությունն ու մշակույթը զարգացնելու համար: Թե՞ դրա համար պարտադիր է հայ պատանուն (մի զգալի մասին) հեռացնել ազգային լեզվամտածողությունից` իր զարգացման ամենաբեղուն շրջանում:

Գաղտնիք չէ, որ հայ մարդը բազում փորձությունների միջով անցնելով` առ այսօր հարատեւել է առաջին հերթին իր լեզվի, իր գրի նկատմամբ ունեցած ջերմեռանդ վերաբերմունքի շնորհիվ: Հայ ծնողը իր զավակին պատգամել է` «Խոսե՛ տղաս, խոսե՛ անվերջ մեր լեզուն, Այսպես հպարտ ու երկյուղով սրբազան… Եվ մինչեւ իսկ շուրջդ ոչ ոք խոսի զայն…», պատգամել է` «Հա՛յր, հայերեն սորվեցուր սա մանուկին հայկազուն»… Ո՜վ հայ… բերանացի, գրավոր, ու մտովին, հոգեւին` միշտ հայերեն խոսե դուն…» , պատգամել է` «թե մորդ անգամ մտքից հանես, քո մա՜յր լեզուն չմոռանաս…» : Սրանք սրտից բխած իրական պատգամներ են, որոնք մեր բանաստեղծները ընդամենը չափածո են հնչեցրել: Եվ այս պատգամները միայն տարագիր ծագում չունեն. նրանց հասցեն միայն սփյուռքը չէ, դրանք համահայ տագնապի ծնունդ են: Երբ Շահան Շանուրն հնչեցնում էր նահանջի տագնապի ահազանգը, այն միայն տարագիրների համար չէր, Չարենցը արձագանքեց նրան` հնչեցնելով իր «Պատգամը», որ այն օրերին` 1933-ին, միայն գաղտնագրել կարող էր` «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» : Սա «Սովետական ազատ աշխարհ Հայաստանի՞» մարդկանց էր ուղղված, թե՞ Սփյուռքի տարագիր հայությանը: Սա համահայ տագնապ էր ու համահայ պատգամ: Այնուամենայնիվ, սովետական կայսրության պայմաններում` 1978-ին, ազգային լեզուների նկատմամբ ոտնձգության դեմ («Կոնստիտուցիայում» առաջարկվող փոփոխությունների) հայությունը կարողացավ ընդվզել եւ պահել հայերենով իր կյանքը շարունակելու իրավունքը: Իսկ այսօ՞ր: Անշուշտ պիտի հպարտանանք, որ Հայաստանի անկախ Հանրապետություն ունենք` իր սահմանադրությամբ, լեզվի օրենքով: Եվ սահմանադրությունը պաշտպանող պետություն, որ հայոց լեզվի առաջին պաշտպանողն է նույնպես: Պետական այրեր ունենք` հպարտացող մեր անցյալ ու ներկա մշակույթի մեծերի ստեղծագործությամբ: Եվ այդ մեծերին պետականորեն մեծարող, նրանց հոբելյանները պատշաճորեն կազմակերպող այրեր: Այդպես կառավարությունն անցյալ տարի նշեց նաեւ մեր մեծերից մեկի` Դանիել Վարուժանի 125-ամյակը: Վարուժանի, որի խոսքը, ինչպես մեր բոլոր մեծերի` պատգամ է սերունդներին եւ, անշուշտ, նաեւ մեզ: 1912 թ., երբ եվրոպական համալսարան ավարտած Դանիել Վարուժանը հայրենիք էր վերադարձել եւ դասավանդում էր Թոքատի (Եվդոկիա) Ազգային ճեմարանում, առիթ ունեցավ գրելու մի հոդված-պամֆլետ («Վերքը կ՚արյունի») տեղի կաթոլիկների վարժարանի ղեկավարի դեմ: Այդ վարժարանում ուսուցումը տարվում էր ֆրանսերենով, եւ աշակերտների մեջ ատելություն էր սերմանվում մյուս հայերի նկատմամբ: Վարուժանը հոդվածը գրելիս հիմք ուներ ժողովրդի տրտունջը. «Ժեզվիթները հայ մանուկին մեջ հայությունը կը «մեռցնեն»,- կը մրմնջե ժողովուրդը եւ կ՚անցնի լռելյայն»: Վարուժանը լռելայն չի անցնում: Հանգամանորեն քննում ու քննադատում է ճիզվիտների գործունեությունը, գտնելով, թե իրապես դրան «ուրիշ անուն պիտի տալ եւ ոչ թե ուսման եւ գիտության տարածում»: Վարուժանի մտածումները որպես պատգամ արդիական են նաեւ այսօր.

«Արդեն իսկ իրենց հոգիին ամբողջականությունը պահող ազգեր պետք չունին կրթելու տղան այնպես, ինչպես մենք դեռ պարտական ենք ընել. անոնք ամենեն ավելի կը ձգտին մանուկին մեջ փրկել մարդը, իսկ մենք մարդը փրկելու համար պարտավոր ենք փրկել անոր մեջ վտանգված Հայությունը, քանի որ նախ եւ առաջ ատոր պետք ունինք: Լավագույն ազգերու ծոցեն պիտի ելլե լավագույն անհատը: Իր ազգին օգտակար եղողը անպատճառ կրնա օգտակար ըլլալ մարդկության…

…. ֆրանսերենի դեմ չեմ. ընդհակառակը կը փափաքիմ որ այդ միջազգայնացած լեզուն (ավելացնենք` նաեւ անգլերենը, ռուսերենը Հեղ.) շատ սորվեցվի մեր աշակերտներուն, քանի որ այդ լեզվին միջոցավ կարելի է այնքան գաղափարներու, վարդապետություններու եւ գեղագիտական վսեմ ներշնչումներու հետ ուղղակի հարաբերակցության մեջ մտնել, բայց երբ անկե գերադաս չափերով չի սորվեցվիր ազգային լեզուն, գրականությունն ու մատենագրությունը, այն ատեն առաջ կուգա այն հանգամանքը` զոր ցուցամոլությամբ եւ այլասիրությամբ կը մեկնվի: Ռուսիո մը կամ ուրիշ հզոր պետության մը համար իհարկե նվազ աղետաբեր կրնա ըլլալ (ֆրանսամոլությունը 19-րդ դարում Ռուսաստանում մեծ չափերի էր հասել Հեղ.), բայց մեզի համար, որ զանազան սպառնալիքներու տակ ինկած փոքր ազգ մըն ենք, որ պետք ունինք մեր բոլոր տոհմային հատկությունները կեդրոնացնելու եւ զարգացնելու, մեզի համար, կըսեմ` մեր լեզուն մատի ծայրերով բռնելը խիթալի ոճիր մը կը համարվի» :

«Մի ուրվական է շրջում» ամենուր: Չվախենանք` կոմունիզմի ուրվականը չէ, դա գլոբալիզացիայի (համաշխարհայնացման) ուրվականն է, որ ուզում է մարմնանալ: Ընդունենք, բայց չգրկախառնվենք:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 12-06-2010

This post is also available in: ,