Օտարներին Հայաստան բերել թե՞ Հայաստանը «գրավիչ» դարձնել

Օտարներին Հայաստան բերել թե՞ Հայաստանը «գրավիչ» դարձնել

Դիլիջան միջազգային դպրոց նախաձեռնող խմբի նամակը կարդալով ակամա մտածում ես. ինչու՞ պետք է հասարակությունը դեմ կանգներ նման ազգանվեր ու հեռանկարային ծրագրի իրականացմանը։ Խորապես գնահատում եմ սփյուռքահայերի այն ներդրումները, որոնք ուղղված են մեր երկիրը հրապուրիչ և հարմարավետ դարձնելու ոչ միայն հայերի, այլև օտարների համար, սակայն կարծում եմ, որ տվյալ դպրոցի ստեղծումն ու դրա հիմնավորումները սխալ ուղղություն ունեն։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, ունենալով շատ իրական և հրատապ մտահոգություններ, այս ծրագրով ոչ թե փորձում են լուծել դրանք, այլ այդ խնդիրները սաղմնավորել Հայաստանում, անտեսելով դրանց հետևանքով առաջանալիք վտանգները։

Մշակութային ամուր ավանդությունները երբեք չեն կարող խոչընդոտել երկրի զարգացմանը և մեկուսացնել այն համաշխարհային գործընթացներից։ Նամակում շատ ճշգրիտ նշված է, որ նույնիսկ առանց հավելյալ խոչընդոտների, պետության և հասարակության աջակցության պայմաններում, մեծ ջանքեր են պետք ծնողներին համոզելու, որպեսզի որակյալ կրթություն ստանալու համար իրենց երեխաներին ուղարկեն անծանոթ և անսովոր մի երկիր։ Պետք է սկսել հենց այստեղից. Հայաստանը աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելուց, վերացնելով բոլոր այն պատճառները, որոնք այսօր դրդում են հայաստանցի հայերին առանց ափսոսանքի լքել իրենց հայրենիքը։ Հակառակ դեպքում նրանց բոլոր վեհ գաղափարներն ու բարեհունչ խոսքերը դառնում են արկածախնդիր փորձարկումներ՝ միտված քայքայելու ՀՀ անվտանգության առանց այդ էլ թույլ հիմքերը։ Մենք օտարներին հայկական մշակույթով միայն կարող ենք հրապուրել, իսկ այսօր փորձ է արվում հարված հասցնել նրա հիմքին՝ հայոց լեզվին։

Այն, որ Դիլիջան միջազգային դպրոցը բարեգործական մասնավոր նախագիծ է, չպետք է բերկրաթմբիր ու գլխապտույտ առաջացնի և հիացմունքի արժանանա։ Շատ ավելի նախընտրելի կլիներ իրականացնել մի որևէ եկամտաբեր գործարար ծրագիր, որը զերծ կլիներ նմանօրինակ վտանգներից։

Տվյալ ծրագրի նախաձեռնողները գիտե՞ն արդյոք Հայաստանի ներքին խնդիրները, հասարակությանը հուզող հարցերը, ժողովրդի հոգսերը, տեղյա՞կ են արդյոք, թե ինչպիսի վերաբերմունքի են արժանանում խելացի և կիրթ երիտասարդ մասնագետները…

Ամենևին չեմ կասկածում այս ծրագիրը նախաձեռնողների գործնական փայլուն մտքի և տաղանդի առկայությանը, սակայն չեմ հասկանում ծրագրի բուն էությունը։ Սա ազգի փրկության ծրագիր չէ, ինչպես ջանում են ներկայացնել նախաձեռնողները, այլ հերթական գործիք օտար ուժերի ձեռքին։

Այսպիսով առաջարկում եմ. օտարներին Հայաստան բերելու նախագիծը փոխարինել  նրանց Հայաստանով հրապուրելու նախագծով։ Հրապուրել կարելի է՝ բնությամբ, պատմամշակութային արժեքներով, ազատ և  ժողովրդավար երկիր լինելով, այս ամենին էլ եթե ավելացնենք սպասարկման բարձր մակարդակն ու մատչելի գները, ապա Հայաստանը կդառնա զբոսաշրջության, ներդրումներ անելու համար հիասքանչ և գրավիչ մի վայր։ Վստահ եմ, որ հրապուրելու հմտություններին նրանք տիրապետում են առավել, քան որևէ մեկը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կրթական համակարգում պահպանվի մեր բարերարների ներդրում անելու փափագը, ապա դա կարելի է անել առանց օտար դպրոցներ հիմնելու և Հայաստանում հայերենը որպես օտար լեզու դասավանդելու։

Նելլի Ղուկասյան

This post is also available in: ,