«Չեք ուզում մեր դպրոցը` կորե՛ք գրողի ծոցը…»

«Չեք ուզում մեր դպրոցը` կորե՛ք գրողի ծոցը…»

«Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնող խումբը ծրագիը Հայաստանում իրականացնելն այլևս նպատակահարմար չի գտնում

«Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողների կողմից  Հանրային խորհրդի անդամներին ուղղված Բաց նամակն, ըստ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի, շանտաժի էլեմենտներ է պարունակում և կարծես բարձր դիրքերից ուղղված խորհուրդներ լինի «հետամնաց» հայ ժողովրդին:

Ըստ Իշխանյանի` այդպիսի նամակ երբեք չէր գրի օտարերկրացին: «Այդ մարդիկ կարծում են, որ եթե իրենք հասել են ինչ որ հաջողությունների (չնայած շատ փող ունենալը դեռևս հաջողության նշան չէ), իրենց կարող են իրավունք վերապահել նման հարցեր լուծել, բացի այդ,  թվարկում են, թե ինչեր են արել Հայաստանի համար, մինչդեռ իսկական հայրենասերը երբեք չի շեշտում իր արածները»,- կարծում է Իշխանյանը:

Ըստ նրա` նամակում շեշտվում է այն միտքը, որ եթե հայ ժողովուրդը չհասկացավ ու չգնահատեց իրենց գործի կարևորությունը, իրենք այդ գաղափարն այլ երկրում կիրականացնեն: Մինչդեռ իսկապես գաղափարի հաջողությունը կարևորողն ու հայ ժողովրդի շահերի մասին մտածողը կփորձեր թեկուզև այլընտրանքային ճանապարհներով խնդիրը լուծել:

Միջազգային դպրոցի նախաձեռնողներն իրենց նամակում նշում են. «…Հայաստանը և հայ ազգը իրենց հետագա զարգացման տեսլականը որոշելու համար պետք է մի քանի հարցերի պատասխանեն: Արդյոք հայ ժողովուրդը ցանկանո՞ւմ է բարգավաճել և զարգանալ, թե՞ ցանկանում է գոյատևել: Արդյոք Հայաստանը կամենո՞ւմ է ներգրավվել համաշխարհային գործընթացներում, թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով և կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից  անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա…»:

Մի շարք մտավորականների հենց այս խոսքերն են տարօրինակ ու զարմանալի թվում: «Այնպիսի տպավորություն է, թե մենք չենք ուզում, որ մեր երկիրն առաջընթաց ապրի ու զարգանա»,- ասում են նրանք` մեկ անգամ ևս կարևորելով, որ այդ ամենը պետք է արվի ազգային արժեքների հենքի վրա:

Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը «Դիլիջան» միջազգային դպրոցի ստեղծման նախաձեռնությունը բնորոշում է այսպես. «Ոնց որ շենքը կառուցես` սկսելով երրորդ հարկից»,- և բացատրում է, որ այս նախաձեռնության մեջ բացարձակապես անտեսված է ազգային անվտանգության խնդիրը:

Նամակում նաև նշվում է, որ «Դիլիջան» միջազգային դպրոցի ներդրումների ծավալը կգերազանցի 60 մլն ԱՄՆ դոլարը: Առանձին գումար կհատկացվի անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաների համար, իսկ նախագծի ներդրողները շահույթ չեն ստանալու և չեն ակնկալում վերադարձնել նախագծում ներդրված միջոցները…»:

Իշխանյանն այս մասին նամակում գրելը համարում է ճիշտ մտածված և գայթակղիչ քայլ, որից շատերը կոգևորվեն. «Այս առումով նրանք նշանակետին են խփել,- ասում է նա,- քանի որ, 60 մլն ներդրումների անունը լսելով, շատերը կարող են թակարդն ընկնել` չմտածելով մյուս խնդիրների մասին»:

Տարակուսանք է առաջացնում նաև շահույթ չհետապնդելու մասին խոստումը, քանի որ այդ դպրոցում սովորելը, ըստ որոշ աղբյուրների, տասնյակ հազարավոր դոլարներ է պահանջելու յուրաքանչյուր աշակերտից:

Նամակի հեղինակները ցավով խոստովանում են, որ հանգամանքների բերումով Հայաստանի հասարակության առաջադեմ ու գործուն ներկայացուցիչների մի հատվածի շրջանում բացասական վերաբերմունք է ձևավորվել իրենց նախագծի նկատմամբ, որը հայտնվել է հասարակական անբարենպաստ կարծիքի ստվերում: «Չհասցնելով սկսվել ու կայանալ` նախագիծը ընդդիմություն է ձեռք բերել»,- գրված է բաց նամակում,- ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում: Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը»:

Նախագծի հեղինակները նամակում, «ի հեճուկս դեմ արտահայտվողների» (չնայած որ դեմ արտահայտվողները սկզբունքորեն դեմ չեն դպրոցի ստեղծմանը, այլ դեմ են «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններին և օտար լեզվով ուսուցմանը),  շեշտում են, որ հոկտեմբերին կայանալիք նախագծի խորհրդի նիստին իրենք պատրաստվում են այդ նախագիծը Հայաստանի  տարածքից դուրս իրագործելու հարցը բարձրացնել` միաժամանակ նշելով, թե անկախ ամեն ինչից, կշարունակեն նպաստել Հայաստանի բարգավաճման ու զարգացման գործընթացին:

Նամակի բովանդակությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայ ժողովուրդն ինչ-որ անդառնալի մեղք է գործել, սակայն նախագծի հեղինակներն այնքան մեծահոգի են, որ չնայած մտածում են իրենց գաղափարն այլ երկրում իրագործելու մասին, չեն դադարում մտահոգվել նաև Հայաստանի ապագայի և զարգացման հարցերով:

Հետաքրքրական է նաև այն, որ նախաձեռնության հեղինակներն ընդունելով, որ դեմ արտահայտվողները «հասարակության առաջադեմ ու գործուն ներկայացուցիչներ են», այնուամենայնիվ քայլեր չեն ձեռնարկում` վերջիններիս ներկայացրած տեսակետները համատեղ քննարկելու ուղղությամբ. փոխարենը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը «Դիլիջան» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներին  ուղղել է մի նամակ, որում առաջարկել է այդ դպրոցում ուսուցումը կազմակերպել հայոց լեզվի հիման վրա` այդ տեսակետը մանրամասն ներկայացնելով նաև «Դիլիջան» դպրոցի  ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում: Սակայն նախաձեռնող խմբի առաջարկի մասին միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի  կողմից Հանրային խորհրդին ուղղված բաց նամակում որևէ ակնարկ չկա:

Ինչևէ, այդ նամակին հաջորդեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի պատասխան բաց նամակը` ուղղված Հանրային խորհրդին, որում խմբի անդամները, վերլուծելով ստեղծված իրավիճակը, փաստում են, որ անհրաժեշտ է շտապ հայոց լեզվով տեղայնացնել  միջազգային բակալավրիատի ծրագրերն ու դասընթացները, ինչպես նաև ջանքեր գործադրել հայերենով ուսուցման հնարավորությունը միջազգային բակալավրիատի համար: Շեշտվում է այն հանգամանքը, որ այդ ձևաչափը Հայաստան ներմուծելու ցանկություն հայտնել և այս կամ այն

չափով այդ ուղղությամբ գործողություններ են  ծավալել ոչ միայն «Դիլիջան» միջազգային դպրոցը, այլև «Քվանտ» վարժարանը և «Անանիա Շիրակացի»

ճեմարանը:

Նամակում նախաձեռնող խմբի անդամները միջազգային  բակալավրիատը հայերենով տեղայնացնելու հարցում շահագրգիռ դպրոցներին առաջարկում են ստեղծել մի մարմին, որը կկատարի աշխատանքի բաժանումն ու կհամակարգի ծրագիրը:

Բերվում է նաև մեկ այլ փաստարկ. քանի որ միջազգային բակալավրիատի նախնական և միջին տարիքի ծրագրերում դասավանդումը

կարող է իրականացվել ցանկացած լեզվով, այդ թվում և հայերենով, միջին տարիքի ծրագիրը հայերենով իրականացնելու որևէ սահմանափակում չկա, «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն անելն անիմաստ է:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամներն իրենց նամակում ներկայացնում են նաև այն հնարավոր հետևանքները, որոնց կհանգեցնի օտարալեզու հանրակրթության ոլորտ մեծածավալ, տասնյակ միլիոն դոլարներով հաշվվող ներդրումների հոսքը: «…Կստեղծվի մի անհավասարակշիռ, արհեստական իրավիճակ, երբ հայալեզու դպրոցները կհայտնվեն մրցակցության իմաստով անհավասար պայմաններում, որն էլ կհեղինակազրկի հայալեզու հանրակրթությունը և, բնականաբար, կստիպի իրենց զավակներին լավագույն կրթություն տալով մտահոգ ծնողներին նախընտրել օտարալեզու դպրոցը: Սա կհանգեցնի օտարախոս վերնախավի ձևավորմանը, որը լավագույն դեպքում կտիրապետի խոսակցական հայերենին։ Նման իրավիճակի վառ օրինակն է այսօրվա Լիբանանը: Այստեղ չի օգնի դպրոցների քանակի արհեստական սահմանափակումը, քանի որ դա կառաջացնի սոցիալական ընդվզում, և իշխանություններն, ի վերջո, ստիպված կլինեն տրամադրել նման դպրոցների հիմնադրման և գործունեության անսահմանափակ իրավունք բոլորի համար և ցանկացած լեզվով: Օտարալեզու դպրոցների քանակական աճին զուգընթաց՝ բոլոր ավագ դպրոցներում կրթությունն օտար լեզուներով իրականացնելու պարագայում Հայաստանի բուհական համակարգից հայերենն աստիճանաբար դուրս կմղվի: Սրա հետևանքով այն այլևս կդադարի գիտության լեզու լինելուց, կզրկվի ժամանակին համընթաց զարգանալու հնարավորությունից` վերածվելով կենցաղային լեզվի: Այս ամենի հետևանքով կտրուկ կնվազեն հայերենի գործառնության ոլորտները, հաղորդակցական հնարավորությունները և հեղինակությունը՝ դուրս մղելով նրան հասարակական կյանքի բոլոր բնագավառներից, ապա հարցականի տակ կդրվի ընդհանրապես այդ լեզվի գոյությունը, հետևապես նաև՝ հայ ազգի գոյությունը…»:

Խմբի անդամները նշում են, որ սա անհիմն ու վերացական ենթադրություն չէ, այլ նկարագրությունն իրականում տեղի ունեցած ու ներկայումս ընթացող լեզվափոխության, որը հանգեցրել է բազմաթիվ լեզուների փաստացի վերացման:

Այս ամենից խուսափելու համար նրանք ևս մեկ անգամ շեշտում են հայալեզու միջազգային դպրոցների ստեղծման անհրաժեշտությունը, որը հիմք կլինի  հայկական միջազգային դպրոցների ստեղծվելիք ցանցի համար` դառնալով հայկական ինքնության պահպանման և զարգացման լավագույն երաշխիքը` համաշխարհայնացման ներկայիս ընթացքի հնարավորություններին և վտանգներին ի պատասխան:

Հելսինկյան կոմիտեի նախագահը կարծում է, որ այն բոլոր շահագրգիռ  կողմերը` կուսակցությունները, կառավարությունը, ինչպես նաև «Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողները, որոնք իսկապես ուզում են փաստարկներ լսել, պետք է մանրամասն կարդան այդ նամակը, որում բարձր մակարդակով և տրամաբանական հիմնավորումներով ներկայացվում են այն ճանապարհները, որոնցով հնարավոր է Հայաստանում իրականացնել միջազգային բարձրակարգ կրթություն` առանց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և օտարալեզու դպրոցներ բացելու:

ankakh.com

This post is also available in: ,