Ադրբեջանում հսկայական փորձ է կուտակվել պատմական փաստերի խեղաթյուրման հարցում

Ադրբեջանում հսկայական փորձ է կուտակվել պատմական փաստերի խեղաթյուրման հարցում

/PanARMENIAN.Net, 03.11.2009 / Թուրքական ժողովրդական առածն ասում է`դժոխք ճանապարհվող մարդը ընկեր է փնտրում: Ադրբեջանի համար այդ ընկերը վաղուց է գտնվել հանձին Թուրքիայի, որոնց հարաբերությունների միջուկը ոչ թե «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի իրականացումն է կամ անաչառ ու հավիտենական բարեկամության մասին հավաստիացումներն ու հաճոյախոսությունները, այլ հայատյացությունը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի միջազգային հեղինակությունը նսեմացնելու ախտի հասնող մարմաջը: Այս մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանի մեկնաբանության մեջ: Նրա կարծիքով, այս առումով ամենեւին պատահական չէ ս. թ. հոկտեմբերի 20-ի` թուրքական «Սաբահ» թերթում ոմն Նազըլ Յըլրջակի հեղինակությամբ տպագրված հոդվածը: «Ըստ թերթի, պարզվում է, որ դեռեւս 11-րդ դարից մինչեւ 1800-ական թվականները Ղարաբաղը գտնվել է թուրքերի հպատակության ներքո: Չնայած նույն հոդվածում միանգամայն անտեղի կերպով հատուկ շեշտվում է, որ «Թայիփ Էրդողանը փայլուն հիշողություն ունի», այնուամենայնիվ, կասկածի տեղիք է տալիս թուրքական հեղինակավոր թերթի հիշողությունը: Այլապես մոռացության չէին մատնի, թե 11-րդ դարից մինչեւ 20-րդ դարի քսանական թվականները իրենց նախորդները քանի-քանի անգամներ են Ղարաբաղում եւ նրա մատույցներում ջարդվել ու մազապուրծ ճողոպրել առանց ետ նայելու:

Այն, որ Ադրբեջանում պատմական փաստերի ու իրադարձությունների աղավաղման ու խեղաթյուրման հարցերում հսկայական փորձ են կուտակել, հանրահայտ իրողություն է: Եվ ահա Ադրբեջանին սփոփելու նպատակով, թուրքական «Սաբահ»-ը կեղծիքների թողարկման ոլորտում կրտսեր եղբորը գերազանցելու փայլուն օրինակ է մատուցում` ապակողմնորոշելով եւ մոլորեցնելով իր բազմահազար ընթերցողներին: Թերթի խմբագրակազմը երեւի թե լավ գիտե, որ իր ընթերցողները շատ հեռու են տարածաշրջանին առնչվող պատմական անցքերից: Այնպես որ նրանց կարելի է հրամցնել ցանկացած անհեթեթություն, ինչպես օրինակ թեկուզ հետեւյալ բնույթի այսպիսի մի ապատեղեկատվություն` Ղարաբաղը ինչ որ ժամանակ եղել է Օսմանյան կայսրության կազմում, եւ երբ անցել է Ռուսաստանին, իբր նրա բնակչության ոչ ավել, ոչ պակաս 95 տոկոսը կազմում էին թուրքերը:

«Սաբահ» թերթի հիպերբոլիկ երեւակայությունը սահմաններ չունի: Այս հարցում նույնպես գերազանցելով ադրբեջանական լրատվամիջոցներին, մեղադրանք է ներկայացնում Ռուսաստանին, իբր վերջինս անցյալ դարերում Ղարաբաղի տարածքից վտարել է թուրք բնակչությանը` նրանց փոխարեն բնակեցնելով հայերին:

Բարեբախտաբար այս թերթը անտեղյակ է, թե հայերը որ մոլորակից են ժամանել այս տարածաշրջան: Իմանար` անկասկած այդ մասին էլ կգրեր: Թերթը գրչի թեթեւակի մի հարվածով ղարաբաղյան պատերազմի հետեւանքով ադրբեջանցի տեղահանվածների թիվը եռապատկում եւ հասցնում է մեկուկես միլիոնի: Ավելին, պարզվում է, որ Շուշիի թանգարանում պահվող հնագույն ձեռագրերը առեւանգվել են հայերի կողմից: Թերթը ավելորդ է համարում գրել, թե գիր չունեցող քոչվոր ցեղերը /այժմ ադրբեջանցիները/ հնագույն ժամանակներում ինչ գրերով են ստեղծել այդ ձեռագրերը կամ ինչի մասին են վկայում դրանք:

Թերթը համառությամբ լռել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի եւ այլ տասնյակ բնակավայրերի խաղաղ հայ բնակչության հանդեպ ադրբեջանցիների ցուցաբերած վայրագությունների մասին: Դրա փոխարեն իր սուրբ պարտքն է համարել անդրադառնալ Խոջալլուի հետ կապված իրադարձություններին, իհարկե, նախ զգալիորեն ուռճացնելով սպանվածների եւ վիրավորների թիվը, ապա հայերին ներկայացնելով որպես հրեշներ: Անշուշտ սխալ կլիներ «Սաբահ» թերթից ճշմարիտ տեղեկատվություն ակնկալել ղարաբաղյան իրադարձությունների առնչությամբ: Հո՞ չէր արձանագրի , որ հայերը Խոջալլուի խաղաղ բնակիչներին հատուկ միջանցք էին տրամադրել անվտանգ հեռանալու ռազմական գործողությունների թատերաբեմից: Եվ որ այդ ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե բուն Խոջալլուի տարածքում, այլ Աղդամի մատույցներում, այն տարածքում, որը գտնվում էր ադրբեջանական զինուժի, ավելի ստույգ` Ադրբեջանի ժողովրդական ճակատի հրոսակախմբերի վերահսկողության տակ: Հայերը ինչպես կարող էին կռահել, որ հանուն իշխանափոխության, ժողովրդական ճակատի բախտախնդիրները կրակ կարող են բացել յուրայինների վրա և ոչնչացնել անզեն ու անօգնական մարդկանց: Երեւի թե Ադրբեջանի ժողովրդական ճակատի տաք պարագլուխները իշխանության հասնելու այլընտրանք չունեին, մանավանդ որ տեղի ունեցած միջադեպը նախ կվերագրեն հայերին և ապա ամենակարեւորը` կմեղադրեն իշխանություններին ադրբեջանցի խաղաղ բնակիչների անվտանգության ապահովման գործում հանցավոր անտարբերության մեջ: Ընդհանուր առմամբ, ադրբեջանցիները ինտեռնետը լցրել են այսպես կոչված «Խոջալլուի ցեղասպանության» կեղծ քարոզչությամբ, եւ այստեղ գլխավոր կազմակերպիչը Հեյդար Ալիեւի անվան պետական հիմնադրամն է, որը, մասնավորապես, գույները խտացնելու համար բացահայտ կեղծիք է օգտագործել` լուսանկարներում պատկերված Կոսովոյի այլանդակված դիակները ներկայացնելով որպես Խոջալլուի ողբերգության զոհեր:

Թվում է` «Սաբահ» թերթը ադրբեջանական լրատվամիջոցներից վարակվել է ծերունական մարազմով, քանզի նման ախտանշանները ակնհայտորեն առկա են: Այլապես այս կապակցությամբ գոնե մի աննշան մեջբերում կաներ Ադրբեջանի նախկին նախագահ, ոչ պակաս հայատյաց Այազ Մութալիբովից: Այնուհանդերձ, արժանին պետք է մատուցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներին, որոնք ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկներ էին արել: «Սաբահ»-ը միտումնավոր համր լռություն է պահպանում նաև այս ամենի շուրջ, իսկ դրա փոխարեն, իբր իմիջիայլոց գրում է. «Գուցե՞ Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը սկսի հեռուստասերիալ ցուցադրել Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի եւ Խոջալլուի ջարդերի մասին»:

Ինչ խոսք, առաջարկությամբ հանդես գալը չի կարելի մեղք որակել: Ճշմարտությունը խեղաթյուրելն է մեղք: Չենք կարծում, որ երբեւէ «Սաբահ» թերթին կհաջողվի իր մեղքերին թողություն տալ: Չնայած դրան, այնուամենայնիվ, արժե ձգտել, թեկուզ հանուն ինքնամաքրման: Իսկ գուցե՞ Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը այդ հեռուստասերիալների հեռարձակումը սկսի 1915 թվականի դեպքերից: «Սաբահ» թերթը երբեւէ համարձակություն կունենա՞ հանդես գալ նման առաջարկությամբ:Իսկ ինչ վերաբերվում է Ղարաբաղի հանդեպ Թուրքիայի դիրքորոշմանը, ապա ԼՂՀ-ում դրան վերաբերվում են ,անչափ մեղմ ասած, սառը անտարբերությամբ»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ:

This post is also available in: ,