ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆ

ՙԱնի երկխոսություն՚, ահա այսպես է կոչվում հայ-թուրքական հարաբերությունների ՙբարելավման՚ բացահայտ մրցույթ ծրագիրը: Ծրագրի կազմակերպիչները գտնում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունները կրկին մտնում են փակուղի եւ հնարավոր կործանումից խուսափելու համար պետք է ստեղծել հարաբերություններ երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ: Նրանք հույս ունեն, որ այդ գործընթացի միջոցով կամրապնդվեն երկկողմանի հարաբերություններ` նվազեցնելով ՙնախապաշարմունքները՚ եւ ներգործելով իշխանությունների վրա, որպեսզի վերջինս շարունակի սահմանի բացման եւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մի բան էլ մրցույթ են հայտարարել… Իրականում դա հակապետական գործընթաց է, իսկ դրա կազմակերպիչներից մեկը Հայաստանում Կովկասյան ինստիտուտն է: Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ նույն Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն անցյալ տարի տպագրել էր մի գիրք, որտեղ 34 անգամ Ցեղասպանություն բառը վերցված էր չակերտների մեջ, հենց որի համար էլ ՙԱրարատ՚ ռազմավարական կենտրոնը նրան տվել էր դատի: Ինչպես կարող է մի մարդ, որն անտեսելով եւ արհամարհելով իր իսկ ազգի պատմությունը, ցավն ու վիշտը, որն ամփոփված է Ցեղասպանություն բառով, այն չակերտների մեջ վերցնելով խոսել մշակույթի եւ ժառանգության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին: Մեղմ ասած, այս հերթական, ոչ մի բան չասող ծրագրից կարծես թե ազգուրացության հոտ է գալիս:
ՙԱրարատ՚ ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը մեզ հետ զրույցում զերծ մնաց տվյալ ծրագրի շուրջ կարծիք հայտնելուց, քանի որ ազգավնաս է համարում Կովկասյան ինստիտուտի ամբողջ գործունեությունը որպես այդպիսին:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
«Իրավունք» շաբաթաթերթ, 24-26 օգոստոս 2010 թ.