Թուրքիայում սպառնում են սպանել ևս մեկ հայազգի լրագրողի

Թուրքիայում սպառնում են սպանել ևս մեկ հայազգի լրագրողի

Թուրքական «Թառաֆ» օրաթերթի սյունակագիր Սևան Նշանյանը, ով տպագրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «Ուղերձը թուրք երիտասարդությանը» տեքստի փոխակերպված տարբերակը, երեկ իր հեղինակային սյունյակում հրապարակել է զայրացած ազգայնամոլների՝ էլեկտրոնային փոստով ստացված նամակները՝ լի սպառնալինքներով և վիրավորանքներով։

Նշանյանը, մասնավորապես, փոխակերպել է Աթաթուրքի ուղերձի առաջին նախադասությունը՝ «Ձեր առաջին պարտքն է հավետ պահպանել և պաշտպանել Թուրքիայի անկախությունը և Թուրքիայի Հանրապետությունը» հետևյալ կերպ՝ «Ձեր առաջին պարտքն է լինել մարդ արարած»։ Բնօրինակի հետևյալ նախադասությունները՝ «Սա է գոյի և ապագայի հիմքը։ Այդ հիմքը ձեր ամենաթանկ գանձն է։ Ապագայում կարող են շատ չարանենգ մարդիկ լինել թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում, ովքեր կցանկանան զրկել ձեզ այդ գանձից» փոխարինվել են՝ «Մարդկային գոյի ամենակարևոր հիմքը սերն է առ այլ մարդ արարածներ։ Ձեր ողջ կյանքի ընթացքում դուք պետք է պարտականություն համարեք սերմանել գեղեցկություն, խելամտություն և արդարություն այլ մարդկանց մեջ։ Եթե դուք գիտելիքների տեր եք, ապա դուք պետք է կիսեք դրանք՝ առանց որևէ փոխադարձ ակնկալիքի» նախադասություններով։

Թուրք որոշ երիտասարդների համապատասխան արձագանքը, հիրավի, սարսափեցնող էր։ «Մենք կստիպենք քեզ գրել «Ուղերձ երիտասարդությանը» ելույթի ճիշտ տարբերակը սեփական արյունով… Ես ձեզ կսպանեմ, ինչպես շուն Հրանտ Դինքին»,- նշված էր ստացված հաղորդագրություններից մեկում, որի տեքստի մեծ մասը ենթակա չէ հրապարակման, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մեկ այլ նամակում ասվում էր. «Ես աղոթել եմ տարիներ շարունակ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռվի սպանել ձեր նմաններից մեկին բանակում ծառայելիս։ Ես դա սառնասրտորեն կանեմ, և քո տեսակի սպանությունը չի ծանրանա իմ խղճին, այլ ընդհակառակը՝ ինձ համար պատիվ կլինի… Իմացիր, որ մենք սպասում են ընդամենը փոքր նշանի դա իրականացնելու համար»։

Մեկ այլ էլեկտրոնային նամակում «Ուղերձ թուրքական երիտասարդության» մեկ այլ փոխակերպված տարբերակն էր. «Թուրքիայի երիտասարդությու՛ն, հանուն թուրքակայնության ու մարդասիրության՝ ձեր առաջնահերթ պարտականությունն է աշխարհիս երեսից սրբել բոլոր հայերին և քրդերին՝ թուրքերի ամենամեծ թշնամիներին, որոնք ամենապատվազուրկ ազգներն են աշխարհում»։

Եվս մեկ նամակում կրկին ուղղակի սպառնալիքներ են հնչել և անդրադարձ է եղել հայերին.

«Օ, դու՛, ողորմելի արարած, ով իրեն մարդ է համարում, քանի որ գիտի, թե ինչպես գրել։ Դու և քո տեսակները կտեսնեն թուրքական ազգի ուժը շատ շուտով։ Հայերն ու մյուսները, ովքեր շարունակում են իրենց խեղաթյուրված ինտրիգները՝ երկիրը պառակտելու համար, չնայած այն հանդուրժողականությանը, որ մենք ցուցաբերել ենք, կվճարեն այն գինը, որին նրանք արժանի են մոտալուտ ապագայում։ Այժմ ձեր օրն է խոսելու, բայց դուք չե՞ք վախենում, որ դա կփոխվի մի-երկու տարվա մեջ։ Օրը, երբ մենք կմաքրենք հաշիվները ձեզ հետ, մոտ է։ Կտեսնենք, թե արդյո՞ք դուք նույն խիզախությամբ կխոսեք։ Մի ծակ գտիր թաքնվելու համար..»։

Tert.am