Ինչո՞ւ Հայկ Սանոսյանն ու Տաճատ Վարդապետյանը չեն խոսում Ջավախքի խնդիրներից

Ինչո՞ւ Հայկ Սանոսյանն ու Տաճատ Վարդապետյանը չեն խոսում Ջավախքի խնդիրներից

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանում գործող, սակայն դեռևս չգրանցված «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը ներկայացնելով Ջավախքի կրթական համակարգի հիմնախնդիրները, մասնավորապես նշել է, որ Վրաստանի օրենսդրությունն այսօր այնպիսին է, որ իրավաբանորեն արդեն հայոց դպրոց հասկացություն գոյություն չունի և  վրաց իշխանությունների նպատակը հայերին  ոչ թե վրացերեն սովորեցնելն է, այլ աստիճանաբար վրացացնելը։

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն էլ ավելացրել է, թե կրթական հիմնախնդիրներն այսօր շատ առաջնային են դառնում և վերածվում են քաղաքական հիմնախնդիրների։

Թե ինչո՞ւ վերոնշյալ հարցերը չեն բարձրաձայնվում  «Վիրահայերի միություն» հկ նախագահ Հայկ Սանոսյանի և «Վիրահայերի միասնություն» հկ համանախագահ Տաճատ Վարդապետյանի կողմից՝ «7օր»-ը փորձել է պարզել հենց վերջիններիցս։

Հայկ Սանոսյանը, մասնավորապես նշել է, որ այդ հարցերով կարելի է դիմել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, քանի որ իրենք վերջերս միասին այցելել են Ջավախք, Վրաստան, հանդիպել են Վրաստանի ԿԳ նախարարի հետ և բազմաթիվ հարցեր են քննարկել։

Ինչ վերաբերում է փոփոխություններին, Հ.Սանոսյանը նշել է, որ այս տարի Քութաիսի քաղաքում միջոցառում են ձեռնարկվել և Հայաստանի պետական ինստիտուտից մասնագետներ էին ժամանել ու Ջավախքից և հայկական այլ շրջաններից 120 ուսուցիչների հետ 5-օրյա սեմինարներ են անցկացրել։

Տաճաատ Վարդապետյանը ևս մատնանշելով ՀՀ ԿԳ և Վարստանի ԿԳ նախարարների հանդիպումը՝ ասել է, որ ինքն իր մտահոգություններն այդ առումով արդեն հայտնել է և չի ցանկացել մեր կայքէջի հետ կիսվել իր մտահոգություններով։

Նշենք, որ Ջավախքի խնդիրներին քաջածանոթ շրջանակներում և բուն Ջավախքում վաղուց շրջանառվում են տեղեկություններ, որ «Վիրահայերի միասնությունը» համագործակցում է վրացական հատուկ ծառայությունների հետ։ Ավելին՝ այդ կազմակերպությունը ստեղծվել է վրացական հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի Ջավախքի հետ կապված իրենց ծրագրերը  նաև տեղացի հայերի ձեռքերով անեն։ Վրացական հատուկ ծառայություններին կարելի է անգամ նախանձել իրենց հաջողությունների համար, քանի որ ի դեմս «Վիրահայերի միասնությունը» ներկայացնող վերոնշյալ անձանց կարողացել են ՀՀ ԱԺ պատգամավորներ ունենալ, ովքեր պատգամավոր են դարձել իշխող ՀՀԿ–ի ցուցակով։

www.7or.am

This post is also available in: ,