Ա.Աշոտյան.«Լեզվի մասին օրենքում փոփոխություններն անհրաժեշտ են, բայց այս փաթեթից դուրս»

Ա.Աշոտյան.«Լեզվի մասին օրենքում փոփոխություններն անհրաժեշտ են, բայց այս փաթեթից դուրս»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Օտարալեզու դպրոցների գործունեությունը ենթադրող` Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթից հանվել են Լեզվի մասին օրենքում փոփոխությունները: «Լեզվի մասին օրենքում փոփոխություններն անհրաժեշտ են, բայց այս փաթեթից դուրս»,-այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հայաստանում առաջին օտարալեզու դպրոցը հնարավոր է բացվի 2012-2013 թվականներին: Այս մասին այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ օրենսրդական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է դեռ հունիսին` Աժ-ի արտահերթ նիստի ժամանակ: Մինչեւ երկրորդ ընթերցում խորհրդարանակն լսումներ կազմակերպելու նախաձեռնողը Աժ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանն էր: Մինչ այդ կառավարությունը գնացել է զիջումների եւ էական փոփոխություններ կատարել օրենսդրական փաթեթում: Սակայն, պարզվում է, սա չի փարատել օրինագծին դեմ արտահայտվողների մտահոգությունները:

Օտարալեզու դպրոցների գործունեությունը ենթադրող` Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթից հանվել են Լեզվի մասին օրենքում փոփոխությունները: Այս որոշումն ընդունվել է Հանրապետության նախագահի հետ եւ կոալիցիայի շրջանակներում տեղի ունեցած քննարկումներից հետո: Օտարալեզու դպրոցներ ստեղծելու ցանկության մեջ, սակայն, որեւէ փոփոխություն չկա:

«Փոխվել են օրենսդրական նախաձեռնության ձեւակերպումները, գաղափարները, մոտեցումները, սակայն, վերջնական նպատակը մնացել եւ մնում է նույնը` ապահովել ՀՀ-ում հանրակրթական ոլորտում մոդելային, ծրագրային բազմազանություն, ապահովել միջազգային լավագույն փորձին առերեվելու, այն փարձը շոշափելու եւ փոխառելու համար լավագույն պայմանները, հիմք ստեղծել Հայաստանում միջազգային, այլընտրանքային, հեղինակային փորձարարական ծրագրերի գործունեության համար եւ այսքանով հարստացնել ՀՀ հանրակրթական դաշտը»:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հաշվարկների համաձայն, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, այսինքն` եթե արդեն միայն Հանրակրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, ապա առաջին օտարալեզու դպրոցը Հայաստանում կսկսի գործել 2012-2013 թվականներին: Կոալիցիոն քննարկումների ընթացքում, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներին, ի դեպ` հաջողվել է հանսել նրան, որ կառավարությունն ընդունի իրենց առաջարկները: Այդ առումով, ԲՀԿ պատգամավորներն այսօր կրկին երաշխիքներ պահանջեցին Կրթության եւ գիտության նախարարից:

Արմեն Աշոտյանը խոստացավ. օտարալեզու կրթությունը սկսվելու է ավագ դպրոցում, դպրոցների թիվը` այն է 11, չի փոփոխվելու, նաեւ գործելու են սոցիալական փաթեթներ, որ անապահով խավի օժտված երեխաները նույնպես հնարավորություն ունենան Հայաստանում ստանալ միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն: Օտարալեզու դպրոցը նաեւ չի կարող մասնաճյուղ ունենալ, ասաց նախարարը:

«Այն մտավախությունը, որ կլինի մեկ դպրոց բազում մասնաճյուղերով, բացարձակապես անլուծելի չէ եւ մենք կարող ենք սահմանել կամ Կառավարության կարգում, կամ հենց նույն Հանրակրթության մասին օրենքում, որ նման դպրոցները չեն կարող ունենալ մասնաճյուղեր, որպեսզի հավելյալ անհանգստությունները նույնպես փարատվեն»:

Ընդդիմախոսների համար այս նորությունը փորձում է մեղմել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Անկախ հանրակրթական ծրագրից եւ ուսումնական հաստատության ձեւից հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պետք է պարտադիր լինի: Եվ համապատասխանա պետական, կրթական չափորոշիչներին, ինչպես սահմանված է օրենքում: Կարեւորում եմ այն հանգամանքը, որ պետությունը չի կարող ստեղծել, հիմնադրել միջազգային ծրագրերով դպրոցներ եւ պետական միջոցներ չեն դրվում այդ ծրագրերի վրա»:

Սա էլ նույնիսկ չօգնեց ընդդիմախոսներին հանդարտեցնելու համար: Քննարկումներն այն աստիճանի թեժացան, որ ընթացքում հնչեցին նույնիսկ մեղադրանքներ, վիրավորանքներ եւ կոչեր` քննարկումը շարունակել պատշաճ մթնոլորտում: Իսկ ամեն ինչը սկսվեց ԵՊՀ արեւելագիտության դոկտոր, արվեստաբան Լեւոն Չուքասզյանի խոսքից, որն ուղղված էր Կրթության եւ Գիտության նախարարին:

«Մենք Ձեր երկարաշունչ ելույթները երբ լսում ենք հեռուստատեսությամբ եւ այսօր էլ, մենք այն տպավորությունը չենք ստանում, որ Դուք գիտեք օտար լեզուներ: Դուք բազմաթիվ օտարաբանություններ եք գործածում, որոնք համարժեքները կան հայերենում եւ դա կասկած չի թողնում, որ Դուք բավականաչափ գրագետ չեք տիրապետում հայերենին: Եթե Դուք հայերենին պատշաճ մակարդակով չեք բավարարում եւ օտար լեզուներ չգիտեք, ինչպե՞ս կարող եք Դուք տնօրենել հայեցի կրթության հարցերը, խնդիրները, իմանալ մարտահրավերները եւ ակնկալվող վտանգները: Եթե երեխան լսում է հեռուստատեսությամբ Ձեր ելույթը հայերենով, այն տպավորությունն է ստանում, որ կարելի է նախարար դառնալ նաեւ հայերենը վատ իմանալով: Ի վերջո, ես առաջարկ եմ անում Կառավարությանը Ձեզ փոխադրել այն աշխատանքի, որը համապատասխանում է Ձեր կարողություններին»:

Նախարարի պատասխանը նույնպես նույն ոճի էր, թեեւ նա փորձում էր բարեկրթության օրինակ ծառայել:

«Ես պետք է հիշեմ, որ բժիշկ եմ եղել եւ ի պատասխան Ձեզ, տամ Ձեր առողջական նկարագիրը: Բայց դրանից զերծ կմնամ, որովհետեւ չեմ հավակնում տալ նկարագրեր Աժ դահլիճում` առհասարակ, ի սկզբանե ցանկություն ունենալով պահել կոռեկտության սահմանը, գոնե օրինակ ծառայել դրան: Ի տարբերություն Ձեզ, ինքնագովեստով չեմ զբաղվելու եւ չեմ թվարկելու, թե ինչ կրթական ցենզեր ունեմ եւ ինչ տեսակի կրթական ծրագրեր եմ յուրացրել կամ ինչ լեզուների եմ տիրապետում: Փառք Տիրոջը, գոնե հասարակական այն հատվածը կամ լրատվական, որ ինձ հետ աշխատել եւ շփվել է դրա մասին շատ լավ գիտի»:

Հավաքվածները թերեւս միակարծիք էին այն հարցի շուրջ, որ օրենսդրական այս նախաձեռնության շնորհիվ հասարակությունն ուշադրություն դարձրեց հանրակրթության որակի վրա:

«Մենք ունենք որակի բարձրացման խնդիր բոլոր տեղերում: Չդիտարկեք փորձ խուսափելու քաղաքական պատասխանատվությունից որակի համար` գլոբալ առումով, որակը կրթական համակարգում կսկսի շատ կտրուկ բարելավվել այն ժամանակ, երբ հասարակության ներսում գիտելիքը վերադառնա որպես արժեք»:

Փաթեթից դուրս մնացած Լեզվի մասին օրենքում փոփոխություններ անելու անհրաժեշտություն, ամեն դեպքում կա, ասաց նախարարը. «բայց այս փաթեթից դուրս»:

www.armradio.am