Տիգրան Թորոսյան. «Խնդիրը երկու հայտնի դպրոցների բացումն է…»

Տիգրան Թորոսյան. «Խնդիրը երկու հայտնի դպրոցների բացումն է…»

ՀՀ ԱԺ-ում կազմակերպված՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լսումների ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն ասել է, որ մի շարք հարցեր շատ ավելի արդյունավետ ընթացք կունենային, եթե սեղանին նախագիծ լիներ, որովհետև պարզապես անհասկանալի է քննարկել նախագիծն առանց նախագծի։

-Ինչպե՞ս կարելի է գաղափար առաջարկել՝ առանց իմանալու դրա սահմանումը։ Սա որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում,-ընդգծել է Տ. Թորոսյանը և նշել, որ լսումների հետ կապված, այնուամենայնիվ, դրական բան կա՝ դա փաթեթից «Լեզվի մասին» օրենքը հանելն է։ Սակայն այդ դեպքում, նրա կարծիքով, հարց է առաջանում՝ արդյոք այդ այլընտրանքային, միջազգային, հեղինակային, փորձարարական դպրոցները հանրակրթակա՞ն հաստատություններ են լինելու։

-Եթե դրանք լինելու են հանրակրթական հաստատություններ, և «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն չի արվելու, ապա այնտեղ անպայման դասավանդման լեզուն հայերենն է լինելու։ Այսինքն, այստեղ չեմ ուզում պարոն Աշոտյանի նման ասեմ՝ «ֆոկուս» է արվում, բայց ինչ-որ մի բան արվում է։ Մի բան առաջարկվում է, բայց դրա հետևանքները ահայտ են և անհասկանալի,-ասել է Տիգրան Թորոսյանը։

Մեջբերելով Ա. Աշոտյանի խոսքերը, թե օտար լեզուների տիրապետման բարելավման համար պետք է մտածելակերպ փոխել, Տ. Թորոսյանն ասել է, որ իր կարծիքով՝ օտար լեզուների տիրապետման մակարդակը գրեթե նույնն է, ինչ մյուս առարկաներինը, և այդտեղ բոլորովին այլ բանի մասին պետք է խոսվի։ Սակայն, եթե խոսվում է մտածելակերպի մասին, ապա պետք է խոսել այն մարդկանց մտածելակերպի փոփոխության մասին, ովքեր որոշում են կրթության և գիտության նկատմամբ պետության վերաբերմունքը։ Որպես օրինակ Տ. Թորոսյանը նշել է, որ ՀՀ ԳԱԱ համակարգում գոյություն ունեցող գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչը ստանում է 50 հազ. դրամ աշխատավարձ, իսկ ԱԺ-ում, նախագահականում կամ կառավարությունում վարորդը 70 հազ. դրամից ավելի է ստանում։

Տիգրան Թորոսյանը, սակայն, ընդգծել է, որ իր կարծիքով՝ ամենակարևոր խնդիրը երկու հայտնի դպրոցների բացումն է, որոնց խոստացվել է, որ պետք է բացվեն, և հենց դրանով են պայմանավորված սահմանափակումները և այլ պահանջներն իրագործելու պատրաստակամությունը։

-Ցավոք, դա է իրողությունը, որ երկու դպրոցներ կան, որոնցից մեկը հիմնադրվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտումով, մյուսն էլ հիմնադրելու ցանկություն կա։ Մարդկանց խոսք է տրվել, և սրա մասին եղել է նաև ՀՀ կառավարության ղեկավարի հայտնի խոսքերը։ Հետևաբար, եթե համաձայն եք, որ դա արվի, կարծում եմ, պատրաստակամություն կլինի նաև մյուս նախագծի մեջ փոփոխություններ անելու։ Որովհետև նպատակը դա է, ոչ թե կրթությունը բարելավելը,-ասել է Տիգրան Թորոսյանը և ընդգծել, որ հանրապետությունում օտար լեզվին հիասքանչ տիրապետող շատ երիտասարդներ կան, և հիմնական խնդիրը որպես մասնագետ պահանջված չլինելն է։

Նա նշել է նաև, որ, ցավոք, Հայաստանում մասնագետները լուծումներ եթե առաջարկում էլ են, քաղաքականություն իրականացնողները կամ որոշումներ ընդունողները դրանք թողնում են մի կողմ, պարզապես որոշում են՝ որն է լավ լուծումը և դա են անում։

-Կարծում եմ՝ այս հարցի իրական լուծումը պետք է լիներ ընդհանրապես փաթեթը շրջանառությունից հանելը և հանրակրթության հարցերով զբաղվելը,-ամփոփել է Տիգրան Թորոսյանը։

7or.am