Արցախի հայկական բանակի հրազենը 1720-ական թվականներին

Արցախի հայկական բանակի հրազենը 1720-ական թվականներին

Մատենադարանի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ զրույցից տեղեկանալով, որ նրա «17221730 թթ. հայոց ազատագրական պատերազմի քննական պատմություն» մենագրությունը մոտենում է ավարտին, խնդրեցինք ժամանակից փոքր-ինչ առաջ ընկնելով՝ մեր ընթերցողին ներկայացնել այդ, մեր կարծիքով, հույժ այժմեական հետազոտության անտիպ էջերից մեկը։ Ստորև հրապարակվող հետաքրքրահարույց նյութը մի փոքրիկ հատված է Ա. Այվազյանի գրքի՝ 1720-ական թվականների հայկական զորքի սպառազինությանը նվիրված առանձին գլխից։ Բնականաբար, թերթային հրապարակումից դուրս է մնացել գիտական ծավալուն ապարատը (աղբյուրագիտական բազան, պատմաբանասիրական վերլուծությունն ու բացատրությունները, ծանոթագրությունները և այլն)։

«Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ»

#37 (155), 29 հոկտեմբերի-5 նոյեմբերի 2010 թ.

  

Արցախի հայկական բանակի հրազենը 1720-ական թվականներին

 Արմեն Այվազյան

 350 տարի անց

կամ

60.000-անոց հայկական բանակի վերածնունդը

 

13-15-րդ դարերում Հայաստանի մահմեդական կառավարիչները՝ մոնղոլները, կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենները վարում էին հայ զինվորական դասի՝ ազնվականության ոչնչացման նպատակասլաց քաղաքականություն։ Թեև հայկական մանր ուժեր, ազգային ազնվականության մնացորդների գլխավորությամբ, կարողացան պահպանվել (Արևելյան Հայաստանում՝ Արցախում և Սյունիքում, ինչպես նաև վրացական ու խանական զորագնդերի կազմում, Արևմտյան Հայաստանում՝ Սասունում, Զեյթունում, Բաբերդում, Համշենում և Վասպուրականի որոշ գավառներում), սակայն 16-րդ դարի սկզբին դրանք արդեն այն աստիճան կազմալուծված էին, որ այլևս ի վիճակի չէին միայնակ լուծելու լուրջ, հատկապես հարձակողական բնույթի, մարտական խնդիրներ, ոչ էլ, առավել ևս, դիմադրել Հայաստանը ռազմակալած օսմանյան և պարսկական ահռելի բանակներին։

Սակայն, 1720-ական թվականներին Արևելյան Հայաստանում, ազգային-ազատագրական ծրագրով, պատմական թատերաբեմ է իջնում մարտունակ հայկական զինուժ, որի թվաքանակը և՛ հայկական, և՛ օտար աղբյուրների հավաստի գնահատմամբ միայն Ղարաբաղում (Արցախ) և Սյունիքում (Կապան) հասնում էր 60,000 մարտիկի, որից 40.000-ը Ղարաբաղում էին։ Հայկական բանակի այս` բոլորի համար անսպասելի վերածնունդը, որ տեղի ունեցավ հայկական վերջին՝ Կիլիկյան թագավորության անկումից 350 տարի անց, արդարև, հայոց պատմության առավել զարմանալի էջերից է։ (Հետաքրքիր զուգադիպությամբ՝ 12-14-րդ դարերում Կիլիկիայում հայկական բանակի թիվը պատերազմի ժամանակ նույնն էր՝ 60.000 մարտիկ – Ա.Ա.։) Թեև այդ նորաստեղծ զինուժը չկարողացավ լուծել սկզբնապես իր առջև դրված՝ Հայաստանի ազատագրության խնդիրը, սակայն հաջողեց իրականացնել արդյունավետ ինքնապաշտպանություն Սյունիքում և Արցախում, անպարտելի մնալով նույնիսկ այն ժամանակ, երբ 1725 թ. օսմանցիները գրավեցին ամբողջ Անդրկովկասը (բացի մերձկասպյան շրջաններից, որոնք զբաղեցրել էին ռուսական զորքերը) և հյուսիսային Իրանը։ 1722 թ. Պարսկաստանից փաստացիորեն անկախացած՝ միմյանց հետ սերտորեն համագործակցող, այս երկու հայկական լեռնային իշխանությունները 1725-1735 թթ. ընթացքում Անդրկովկասի օսմանյան ռազմակալմանը դիմադրող հիմնական կենտրոններն էին։ 1726 թվականի սկզբից ի վեր հայտնվելով լիակատար շրջափակման մեջ և չստանալով ռուսների խոստացած ռազմական օգնությունը՝ նրանք, այնուհանդերձ, փայլուն կազմակերպեցին իրենց երկարատև դիմադրությունն օսմանյան գերակշիռ ուժերի դեմ, կենտրոնանալով շրջանաձև պաշտպանության ապահովման վրա, ինչը նախատեսում էր բնական արգելքների ամրացում, ներառյալ լեռնանցքների վերահսկում։

Ռուս-թուրքական հավանական պատերազմի դեպքում հայկական զինուժն ի վիճակի էր ցանկացած ժամանակ կտրելու օսմանցիների և նրանց Կովկասյան դաշնակիցների միջև ռազմավարական նշանակություն ունեցող հաղորդակցությունը։ 1722-1724 թթ. պարսկական զորքերի, իսկ 1724-1735 թթ.՝ օսմանյան կանոնավոր բանակների դեմ մղած բազմաթիվ ճակատամարտերում հայկական զորքերը թշնամուն պատճառեցին ահռելի կորուստներ. միայն սպանվածների թիվը հարյուր հազարի էր հասնում։ Այստեղ պետք է հիշել նաև երևանցի և շրջակա գյուղերի 10.000 հայ զինյալներին, որոնք երեք ամիս շարունակ՝ 1724 թ. հունիսից մինչև սեպտեմբեր, կատաղի դիմադրություն ցույց տվեցին Երևանը պաշարած 70,000-անոց օսմանյան բանակին։ Բոլոր 10.000-ը ընկան հերոսի մահով, բայց կարողացան զգալիորեն կասեցնել օսմանյան ներխուժումը, հնարավորություն տալով Արցախին և Սյունիքին ավելի լավ պատրաստվել պաշտպանությանը։ Երևանի պատերի տակ թուրքերը կորցրեցին 20.000 ասկյար։ Օսմանյան ծավալապաշտության դեմ հիրավի անհաղթահարելի արգելք դարձավ Լեռնահայաստանը՝ Արցախն ու Սյունիքը։

Արցախը որպես «հանրապետություն» ճանաչվել է… XVIII դարում

Սկսած 1722 թվականից մինչև 1730-ական թթ. կեսերը՝ արտաքին ուժերը, ինչպես նաև իրենք՝ հայերը, Արցախն ու Սյունիքը կոչում էին իրենց նախորդ վարչաաշխարհագրական եզրերից բոլորովին տարբեր նոր անվանումներով՝ Հայոց Սղնախ(ներ) կամ Սղնախ(ներ) (սղնախ նշանակում էր մոտավորապես նույնը, ինչ 20-րդ դարի ռազմական տերմինաբանությամբ «ամրացված շրջանը» – Ա.Ա.), ռուսերենով նաև՝ Հայոց զորաժողով (Собрание Армянского Войска), կարճ՝ Собрание Армянское (Հայոց Զորաժողով), Армянское войско, Армянская Армия (Հայոց զորք, Հայոց բանակ)։ Ավելին, ռուսական մի շարք պաշտոնական վավերագրերում ինքնիշխան Լեռնահայաստանն անվանվում էր արդեն «Փոքր Հայաստան» (Малая Армения): Այսպես, 1733 թ. սեպտեմբերի 14-ին ռուս նշանավոր դիվանագետ Պավել Շաֆիրովն այն արձանագրում էր որպես «Փոքր Հայաստան, որն այժմ կոչվում է Հայոց Սղնախներ… Այդ տարածքներն ամբողջովին բնակեցված են քաջ հայ քրիստոնյաներով, որոնք մի քանի տարի է, ինչ իրենց սեփական ուժերով դիմադրում են թե՛ թուրքերին և թե՛ պարսիկներին» [“Малою Армениею, или ныне называемыми армянскими Сыгнаками… которые земли все армянскими храбрыми христианами населены, и оные сами собою несколько лет как от турок, так и от персиян оборонялись”]։

Իսկ անգլիացի անվանի ճանապարհորդ Ջոնաս Հանվեյը (1712-1786) 1753 թ. Լոնդոնում լույս տեսած՝ «Կասպից ծովի վրայով բրիտանական առևտրի պատմական ակնարկ» գրքում 1720-ականներին հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող լեռնային երկիրը կոչում էր «հանրապետության նման մի միավոր»` a kind of republic։ Հանվեյի այս բնորոշումը վերաբերում է առավելապես Արցախին, որովհետև նույն տարիներին Դավիթ-բեկի Սյունիքում ստեղծած իշխանապետությունը ռազմական դիկտատուրա էր, մինչդեռ Արցախն իսկապես նմանվում էր հինգ հիմնական սղնախներից բաղկացած մի դաշնության, որտեղ վճռորոշ որոշումները երբեմն ընդունվում էին նրանց ղեկավարների՝ մելիքների, զորահրամանատարների (յուզբաշիների) և արցախահայության հոգևոր առաջնորդի՝ Գանձասարի կաթողիկոսի մասնակցությամբ կայացող ընդհանուր խորհրդաժողովներում։

Վերոհիշյալ անվանումների առաջացումը հստակ մատնանշում էր Արևելյան Հայաստանի ապստամբած նահանգների տարածքում հայկական պետականության վերածնունդը՝ յուրօրինակ ռազմաքաղաքական ձևերի մեջ, ինչպես նաև այդ լեռնային տարածագոտու տասնամյա անկախության դե-ֆակտո ճանաչումը ժամանակակիցների կողմից։

«…և այդ զենքը, ինչպես նաև վառոդն ու արճիճե գնդակները, հայերն իրենք են պատրաստում…»

1724 թ. նոյեմբերի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի պետական կոլեգիայում Ղարաբաղից Ս. Պետերբուրգ ուղարկված պատվիրակներն այսպիսի տեղեկություններ էին հայտնում հայկական վերածնված բանակի սպառազինության մասին.

«Ղարաբաղի նույն նահանգից հավաքվել է մինչև 40.000 հայկական զորք, որից 30.000-ը հեծելազոր է, 10.000-ը՝ հետևակ։ Այդ ամբողջ զորքը զինված է կայծքարի հրացաններով (фузеи) ու սրերով, բացի այդ հեծելազորայիններն ունեն նաև ատրճանակներ։ Վառոդ և արճիճ նույնպես բավարար չափով ունեն, և այդ զենքը, ինչպես նաև վառոդն ու արճիճե գնդակները, հայերն իրենք են պատրաստում, քանի որ այդպիսի հանքեր շատ ունեն։ Սակայն իրենց տրամադրության տակ թնդանոթներ առհասարակ չկան, քանզի թեև իրենք պղնձի և երկաթի հանքեր ունեն, բայց չունեն թնդանոթ ձուլող վարպետներ»։

Փաստաթղթի ռուսերեն բնագիրը՝ “собралось из той же карабахской провинции войска армянского всего до 40.000 человек, из которых 30.000 конницы и 10.000 пехоты… Ружье у того всего войска есть фузеи и сабли, и сверх того у конницы пистолеты, також пороху и свинцу у них довольно, и оное ружье и порох и свинец делают они, армяня сами, понеже у них таких руд довольно. А пушек при них ничего нет, понеже хотя у них руда медная и железная есть, но мастеров пушечных нет.”

Կայծքարի ատրճանակ

Այս փաստաթղթում պետք է հատուկ ուշադրություն դարձնել ռուսերեն բնագրում գործածված фузея (հոգնակին՝ фузеи) բառին. այն նշանակում է ոչ թե պարզապես հրացան, այլ կայծքարի հրացան, որն այդ ժամանակաշրջանի ամենաարդիական հրազենն էր։ XVII դարի երկրորդ կեսից եվրոպական բանակներում սկսել էր գործածվել փողաբերանից լիցքավորվող երկարափող հարթափող կայծքարի փականքով հրացանը, որը մինչև XVIII դարի սկիզբն ամբողջովին փոխարինեց իր նախորդին՝ պատրույգավոր հրացանին (мушкет, аркебуза)։ Կայծքարի հրացանը բավականին թանկարժեք զենք էր. Արևմտյան Եվրոպայում նրա գինը հավասար էր գյուղատնտեսության մեջ մեկ աշխատողի տարեկան ընդհանուր վարձքին։ Այդ պատճառով էլ եվրոպական պետություններում այն փոխարինեց պատրույգավոր հրացաններին ոչ անմիջապես, այլ աստիճանաբար. Ավստրիայում՝ 1689 թ., Շվեդիայում՝ 1696 թ., Հոլանդիայում և Անգլիայում՝ մինչև 1700 թ., Ֆրանսիայում՝ մինչև 1703 թ., Ռուսաստանում՝ 1715 թվականին:

Կայծքար՝ փականքի համար

Կայծքարի հրացանը գերազանցում էր պատրույգավորին արագաձգությամբ (մեկ րոպեում մոտ 3-4 կրակոց՝ նախորդի առավելագույնը մեկ կրակոցի դիմաց), ավելի բարձր հուսալիությամբ (մասնավորապես, կայծքարն ավելի ջրադիմացկուն էր), ավելի թույլ հետահարումով ու պակաս քաշով (4,6-5,7 կգ՝ 7-10 կգ համեմատ), ավելի փոքր տրամաչափով (17,8-19,8 մմ՝ 18-25 մմ համեմատ), թեև արդյունավետ հրաձգության հեռավորությամբ (համազարկով՝ մինչև 250-300 մետր, մենահատ նշանառու՝ մինչև 100 մետր) այն զիջում էր 16-17-րդ դարերի իր պատրույգավոր նախորդին, որի որոշ տեսակները կրակում էին 300-ից մինչև 600 մետր։

1725 թ. Ղարաբաղի Հայոց Սղնախների 40,000 մարտիկներն արդեն բոլորը զինված էին կայծքարի հրացանով։ 1725 թ. օգոստոսի 16-ին կանցլեր Գ. Գոլովկինին գրած իր զեկուցագրում՝ Ղարաբաղի հայ զինվորական ղեկավարության շտաբում՝ գլխավոր հրամանատար Ավանի և նրա ամենամերձավոր զինակից Թարխան- զորահրամանատարի մոտ, 1723 թ. վերջից ի վեր գտնվող ռուսաց կայսեր պատվիրակ Իվան Կարապետն այս մասին լրացուցիչ կարևոր տեղեկություն է հաղորդում (փակագծերում արված պարզաբանումներն իմն են – Ա.Ա.).

Կայծքարի փականք

Ընթերցողին, հավանաբար, կհետաքրքրի նաև այս հաղորդման բնագիրը, որը լեցուն է բարբառային և օտար բառերով. «Էսպէս կռվարար խալղ, որ էս դեղ կայ, ոչինչ դեղ չկայ Ղզըլպաշի երկրում. էսօր ԺԲՌ մարդ ձիովոր ողջ չախմախով թուֆանկ, ողջ թուրով հազիր են։ Ու առանց ձիով էլ յէնչանք, որ Աստուած ա խպար, ու ողջին էլ թուֆանկ կայ։ Ամէն օր Ժ թուֆանկ այ շինում ու չախմախ այ շինում»:

Իվան Կարապետի հաղորդումն արժեքավոր է հատկապես նրանով, որ հնարավոր է դառնում պարզել, թե 1725 թ. դրությամբ Արցախում, տարեկան կտրվածքով, մոտավորապես որքան կայծքարի հրացան է արտադրվել։ Բազմապատկելով օրական պատրաստվող 10-ը հրացանը տարվա 365 օրով, ստանում ենք տարեկան արտադրանքի տպավորիչ ծավալը՝ 3650 հատ։ Հասկանալի է, որ սա անփոփոխ թիվ չէր ու ենթակա էր տատանումների՝ բազմազան ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ իրողությունների ազդեցության ներքո։ Այդուհանդերձ, քանի որ պատերազմը օսմանյան զավթիչ բանակների դեմ հետագա տարիներին ավելի սրվեց, թվում է, թե Արցախում 1726-1728 թվականներին հրացանների արտադրության ծավալը պետք է աճեր։ Իսկ եթե նաև նկատի ունենանք, որ կայծքարի փականքի և հրացանի արտադրության տեխնոլոգիան ու կատարելագործումներն Արցախի և Սյունիքի ղեկավարությունն անհրաժեշտաբար միմյանց փոխանցած պետք է լիներ և Դավիթ-բեկի իշխանապետության սահմանների ներսում (որտեղ նույնպես հնուց ի վեր շահագործվում էին պղնձի և երկաթի հանքերը և զինվորները դարձյալ գլխովին զինված էին հրացաններով) կազմակերպված պետք է լիներ այդ հրազենի արտադրությունը ևս, ապա կարելի է ենթադրել, որ 1720-ականների կեսերին Սյունիքն ու Արցախը միասին տարեկան արտադրել են շուրջ 5-6.000 կայծքարի հրացան։

Պատկերացնելու համար, թե արտադրության ինչպիսի ծավալի մասին է խոսքը, համեմատենք այս թիվը նույն 18-րդ դարում ամենազարգացած զինագործությունն ունեցող տերությունների արտադրանքի ծավալների հետ։ 1632 թ. Տուլայում բացված Ռուսաստանի զինագործության հիմնական գործարանում 1706 թվականին արտադրվել է 15,000, 1720 թ.` 22.000, 1737-1778 թվականներին, տարեկան, միջին հաշվով, մոտ 14.000 հրացան։ Իսկ 1760-ական թթ. Շարլեվիլում և Սենթ Էթյենում ֆրանսիացիները տարեկան արտադրում էին մոտ 23.000 հրացան։ Այսպիսով, 1720-ական թթ. Լեռնահայաստանում տարեկան 5-6.000 հրացանի արտադրությունը նախատեսում էր իր ժամանակի և տարածաշրջանի համար բավականին զարգացած ռազմական արդյունաբերության առկայություն՝ իր ենթակառուցվածքով հանդերձ, ներառյալ համապատասխան հանքերի շահագործում, նրանց մոտակայքում գործող զինագործական արտադրամասեր, զորքին զենքի մատակարարման վստահելի ծառայություն և, իհարկե, հարյուրավոր վարպետներ` զինագործներ, դարբիններ, ձուլորդներ, ատաղձագործներ, որոնց աշխատանքով անշուշտ հպարտացել են իրենց ժամանակակից հայերը։ Տեղին է նաև նկատել, որ 18-րդ դարում աշխարհում կային մեծաթիվ բանակներ ունեցող պետություններ, որոնք թեև լայնորեն օգտագործում էին հրազենը, բայց այլևս հրաժարվել էին եվրոպացիների հետ այդ զինատեսակի զարգացման հարցում համընթաց քայլելու մտքից. մասնավորապես, հարավ-արևելյան Ասիայի պետություններն այդպես էլ իրենց զինագործարաններում չձեռնարկեցին կայծքարի փականքի ու հրացանի արտադրությունը։ Հետևաբար, նորագույն հրազենի արտադրության հմուտ կազմակերպումը Հայաստանում՝ Արցախում և Սյունիքում, ազգային պետականության երկարատև բացակայության և օսմանյան ու պարսկական բանակների շրջափակման պայմաններում կարելի է համարել արտադրատեխնիկական իսկական սխրանք, որ հավասարապես կատարել են հայ ազատագրական շարժման ղեկավարությունն ու հայ զինագործները։

Եվ այնուամենայնիվ՝ Արցախի 40.000 մարտիկներին հրազենով ապահովելու խնդիրը լուծվել էր ոչ միայն տեղական՝ հայրենական, արտադրության շնորհիվ, այլև նշանակալից չափով այն ռազմավարի հաշվին, որ հակառակորդից խլվել էր մանրազնին ծրագրված և փայլուն իրականացված մի շարք հատուկ ռազմական գործողությունների ընթացքում։ Բայց սա արդեն առանձին խոսակցության նյութ է…

This post is also available in: ,