Վրացական կողմի հակահայկական հերթական պահվածքը

Վրացական կողմի հակահայկական հերթական պահվածքը

Հայերենով գրքեր, թերթեր կամ ամսագրեր արգելվում է անցկացնել Վրաստան՝ անկախ դրանց բովանդակությունից: «Դուք իրավունք չունեք գրքերը ձեզ հետ Ջավախք տանել, չի թույլատրվում, դրանք պետք է թողնեք այստեղ՝ մեզ մոտ»,-Հայաստան-Վրաստան սահմանային բոլոր անցակետերում նման պատասխան են տալիս, երբ Վրաստան մեկնող հայ ուղևորների ձեռքում վրաց  սահմանապահները հայտնաբերում են գրքեր, ամսագրեր կամ պարզապես գրահրատարակչական այլ  նյութեր։

Նույն ճակատագրին է արժանացել մի քանի օր առաջ հայ երիտասարդների կողմից  Ջավախք ուղարկված գրքերի, թերթերի ու ամսագրերի հերթական խմբաքանակը, որը վրաց սահմանապահները Նինոծմինդայի մաքսակետից հետ են դարձրել: Սույն խմբաքանակի մեջ ներառվող գրքերը չեն պարունակել հակավրացական որևէ քարոզչություն, այլ եղել են տարբեր բնագավառներին վերաբերող գրականություն՝ սկսած խոհարարությունից, գեղարվեստական գրականությունից մինչև հայկական դրոշը և գերբը պատկերող պաստառներ:  Սակայն վրաց մաքսավորները դրանք համարել են հակաօրինական և գրքերի խմբաքանակը անցկացնելու փորձը որակել են պետական դավաճանություն վրացական պետության նկատմամբ։ Այդ խմբաքանակից մեկական նմուշ վերցնելով՝ նրանք արգելել են դրանք Վրաստան տեղափոխել: Ի դեպ, հատկանշական է, որ սույն խմբաքանակի մեջ եղել են նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական ամսագրերը, որոնք ևս վրաց մաքսավորնեը փաստորեն հակապետական քարոզչություն են համարել:

Բավրայի մաքսակետում մի քանի օր պահված գրքերի խմբաքանակը հետ վերցնող Վահրամ Միրաքյանը վրացական կողմի այս քայլը որակեց ֆաշիզմ։ «Մենք այստեղ տեսնում ենք և՛ վրացական քարոզչության, և՛ արևմուտքի արժեքների կեղծ բնույթը. որ նրանք մի բան ասում են, բայց իրականում հնարավոր չէ, որ արևմուտքում չիմանան, թե ինչ ֆաշիստական ռեժիմ է Վրաստանում ձևավորվել: Լավագույն օրինակը այս գրքերի պատմությունն է: Եթե անջատողական գրականություն լիներ, եթե ահաբեկչական գրականություն լիներ, միանշանակ հասկանալի կլիներ, բայց եթե Պարույր Սևակի գիրքն են բռնում սահմանին, սա նշանակում է, որ էնտեղ ֆաշիստական ռեժիմ է գործում»-ասել է Վահրամ Միրաքյանը:

Սակայն վրացական կողմի նման ակնհայտ հակահայկական պահվածքին հայկական կողմը որևէ լուրջ պատասխան մինչև հիմա չի տալիս: Վահրամ Միրաքյանը այս փաստը բացատրում է նրանով, որ մենք այժմ միայն մտածում ենք ճանապարհների մասին։

-Վրաստանի ուղղությամբ հայկական քաղաքականությունը ներկա պահին կարելի է բնութագրել այսպես՝ ամեն ինչ անել, մենակ ճանապարհը չփակվի։ Այսինքն՝ ամեն ինչ ներել: Եվ սրա շրջանակներում էլ այս բարձիթողի վերաբերմունքն է Ջավախքի և վրացահայության նկատմամբ: Սրանով Վրաստանը աստիճանաբար թուլացնում է հայկական գործոնը Վրաստանում, որի հետևանքները ապագայում շատ տխուր կարող են լինել Հայաստանի համար»,-նշել է Վահրամ Միրաքյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

www.7or.am