«Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է». Արմեն Այվազյան

«Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է». Արմեն Այվազյան

Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններով լի հանրագիտարանը հրատարակած բրիտանական և ռուսական հրատարակչություններին  պատասխանատվության ենթարկելու գործընթացն իր վրա պետք է վերցնի պետությունը:   Այսպես է կարծում քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը, անընդունելի համարելով հայկական պետական կառույցների բռնած «չեզոք» դիրքորոշումը.

«Էտ դեպքում ինչի՞ համար է պետությունը մեր՝ հարկատուների հաշվին պահում այն բոլոր կառույցները, որոնք կոչված են զբաղվելու հենց նմանատիպ հարցերով, -ասում է նա,- չէ՞ որ սա միակ դեպքը չէ, սա երևույթ է, որի դեմ պայքարելու պատասխանատվությունն ու պարտավորությունն իրենց վրա պետք է վերցնեն պետական կառույցները` սկսած նախագահականից` վերջացրած արտաքին գործերի նախարարությամբ ու վերլուծական հիմնարկներով»:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե այդ հանրագիտարանների ապատեղեկատվությունը միտումնավոր բնույթ չունի, ապա այստեղ Այվազյանը երկու խնդիր է տեսնում. առաջինը, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ մեծ հակահայկական քարոզչություն է տարվում արտասահմանյան տեղեկատվական գրականության մեջ, որից և, առաջին հերթին, օգտվում է օտար ընթերցողը, երկրորդը` տեղյակ են, սակայն չեն ցանկանում դիրքորոշում բռնել,  դեմ դուրս գալ «հզոր ուժերի» դեմ և գլխացավանքի մեջ ընկնել:

«Բնականաբար, ավելի հեշտ է հարմարվողական դիրքորոշում բռնելը, – ասում է Այվազյանը, – սակայն այդ հարմարվողականությունը կործանարար է ազգի և պետության համար»:

Քաղաքագետը, ողջունելով բրիտանական ու ռուսական հրատարակչությունների դեմ պայքար ծավալելու հասարակական նախաձեռնությունը, միաժամանակ ընդգծում է, որ լուրջ արդյունքի հասնելու համար պետք է հասկանալ իրավիճակը, ռազմավարություն մշակել, ձեռք բերել դաշնակիցներ և ամենակարևորը` չընկճվել, քանի որ պայքարը կարող է երկարատև լինել:

«Դուք տեսել եք դաշտում կանգնած թշնամու ընդամենը մի ջոկատ, – ասում է նա, – սակայն պետք է ամբողջը տեսնել, քանի որ դրա հետևում էլի՛ թշնամու ջոկատներ ու բերդեր կան, դրանք կան նաև մեր թիկունքում»:

Տարիներ շարունակ ուսումնասիրելով օտարերկրյա փորձն ու հայկական գործելաոճը` նա եկել է այն ցավալի եզրակացության, որ միջազգային ասպարեզում պատմական ճշմարտությունը պաշտպանելու առումով Հայաստանն ավելի քան անպատրաստակամ է.

«Դա վկայում է մեզանում պետական մտածողության, ազգային արժանապատվության, հետևաբար նաև դիմադրողականության խիստ ցածր մակարդակի մասին»,-նշում է նա:

Այվազյանը բերում է բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են արձագանքել և ինչպես են լուծել նմանատիպ հարցերը այլ պետությունների իշխանությունները: Այսպես, 2009 թ. մայիսի 15-ին Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևի հրամանագրով ստեղծվեց «Ռուսաստանի շահերը վնասող պատմության կեղծարարության փորձերի դեմ ուղղված ՌԴ նախագահին կից հանձնաժողով», որի կազմում ընդգրկվեցին ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, արտաքին հետախուզության ծառայության պետը, փոխարտգործնախարարը, կրթության և գիտության փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը և բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովի նախագահ նշանակվեց ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Այդ հանձնաժողովն արդեն իսկ ծավալուն աշխատանք է իրականացրել։

Եվս մեկ օրինակ մանրամասն ներկայացված է Այվազյանի դեռևս 2005 թ. հրապարակված «Հայագիտության զարգացման ռազմավարությունը» ուսումնասիրությունում (ի դեպ, «Նորավանք» հիմնադրամի սահմանափակ տպաքանակով հրատարակած այդ գիրքը անմիջապես փոխանցվել է նաև ՀՀ վարչապետին, համապատասխան խորհրդարանական հանձնաժողովներին և պետական կառույցներին)։ 2004 թվականի հոկտեմբերին լույս տեսած ամերիկյան Ազգային աշխարհագրական ընկերակցության` «National Geographic Society»-ի «Աշխարհի ատլասի» ութերորդ հրատարակության մեջ Պարսից ծոցը, բացի իր այդ հայտնի անվանումից, նշված է եղել մեկ այլ անվանմամբ ևս` Արաբական ծոց:

Թեև վերջին անվանումը գրված է եղել փակագծերում, Իրանն այդ քայլը համարել է քաղաքական ոտնձգություն և, ի պատասխան, արգելել Իրանում այդ ընկերակցության բոլոր հրապարակումների վաճառքը:

Բացի այդ, Իրանի Մշակույթի և իսլամական ուսմունքի նախարարությունը պահանջել էր, որպեսզի ուղղվի նաև մի ծանոթագրություն, ըստ որի Պարսից ծոցի մի քանի կղզիներ համարվում են Իրանի կողմից «գրավված»: Ինչպես հայտարարել է վերոհիշյալ նախարարության պաշտոնյան. «Քանի դեռ «Natioanal Geographic»-ը չի ուղղել իր ատլասում Պարսից ծոցի կողքին` փակագծերում Արաբական ծոցի գործածումը, Իրանում արգելված են և՛ նրա հրապարակումները, և՛ նրա ժուռնալիստների գործունեությունը»:

Իրանի կառավարության հաջորդ քայլը եղել է այն, որ շատ արագ` ընդամենը չորս շաբաթվա ընթացքում, ի մի են բերվել և դեկտեմբերի 19-ին առանձին ժողովածուով հրապարակվել այդ տարածաշրջանի պատմական քարտեզները, որոնցում Պարսից ծոցն արձանագրված է իր միակ անվանմամբ:

Կազմակերպվել է նաև հին և միջնադարյան այդ քարտեզների հատուկ ցուցահանդես, որի բացումը կատարել է Իրանի արտգործնախարարը: Նա շեշտել է, որ Պարսից ծոցի անունը չի կարելի փոխել և որ Արաբական ծոց այն սկսել են կոչել միայն  1950-ական թթ. պանարաբիստները` Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը, ապա Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը:

Ասոշեյթիդ Փրեսի թղթակիցը գրել է. «Իրանը «Արաբական ծոց» անվանման գործածումն իր ինքնիշխանության ոտնահարում է համարում»:

Պետական հզոր հովանավորության շնորհիվ իրանցի պատմաբաններն ու քաղաքագետները հզոր շարժում են ծավալել` ի պաշտպանություն Պարսից ծոցի պատմականորեն միակ ճիշտ անվանման, իրանցի երիտասարդները զորավիգ են եղել նրանց` համացանցի միջոցով ստորագրահավաք կազմակերպելով:

Սկզբում «National Geographic»-ը փորձել է պաշտպանել Արաբական ծոց եզրի գործածումը` հայտարարելով, թե «այդպիսով փորձում է դյուրին դարձնել այդ տեղի հայտնաբերումն ընթերցողների համար, որոնք այն փնտրում են Արաբական ծոց անվան տակ»: Սակայն արդեն հոկտեմբերի ութին իր վեբ-կայքում հանդես է եկել մի նոր հայտարարությամբ, որում արդեն դիվանագիտական լեզվով խոսել է հնարավոր շտկման մասին:

Քիչ անց` դեկտեմբերի 30-ին, դարձյալ իր վեբ-կայքում «National Geographic»-ն ուղղել է ինքն իրեն` իր «Աշխարհի ատլասի» վրայից ջնջելով Արաբական ծոց անվանումը: Նույն քարտեզի վրայից ջնջվել է նաև վերոհիշյալ կղզիների` իրանական օկուպացիայի տակ լինելու ծանոթագրությունը: Իրանի արտգործնախարարն այս կապակցությամբ հայտարարել է. «Այս նահանջը հաղթանակ է յուրաքանչյուր իրանցու համար»:

Ցավոք, մենք այդպիսի հաղթանակներ առայժմ չենք գրանցել:

Ինչպես նշում է Այվազյանը,  հայության ոչ պետական, ոչ քաղաքական, ոչ էլ գիտական կառույցները բողոքի նմանատիպ որևէ փորձ դեռևս չեն արել ընդդեմ այն բացահայտ ոտնձգությունների, որոնց ենթարկվել և ենթարկվում են հայոց պատմությունն ու մշակույթը, պատմական աշխարհագրությունն ու ժողովրդագրությունը, ազգային խորհրդանիշ դարձած գործիչներն ու ստեղծագործությունները:

«Հիշատակենք թեկուզ միայն այն, որ արևմտյան արևելագիտության մեջ Արևմտյան Հայաստանն արդեն վաղուց փոխարինվել է «արևելյան Անատոլիա» եզրով: Ավելին, Արևմտյան Հայաստանը դուրս է մղվել միջազգային հանրագիտարանային բազմաթիվ հրատարակություններից, գրքերից ու հոդվածներից: Եվ արդեն սփյուռքահայ մի շարք հեղինակներ իրենք են գործածում արևելյան Անատոլիա հնարովի բառեզրը` Հայաստան, Արևմտյան Հայաստան և Հայկական լեռնաշխարհ եզրերի փոխարեն», – ասում է քաղաքագետը:

www.ankakh.com

Այս շարքից․

Բաց նամակ` հերքման պահանջով

«Նոյյան տապանը» հանրագիտարանը կվաճառի «վրիպակների և սխալների ներդիրով»

«Անկախ»-ը դատական գործընթաց է սկսել ռուսական ու բրիտանական հրատարակչությունների դեմ

Հայաստանում հիմնական լեզուն հայերեն ու ադրբեջաներե՞ն