Խաչիկ Դաշտենց. հայդուկների տարեգիրը «հակահայդուկական» ժամանակներում

Խաչիկ Դաշտենց. հայդուկների տարեգիրը «հակահայդուկական» ժամանակներում

Հետաքրքիր է, դպրոցում քեզ այնպես են ներկայացնում գրողին, բանաստեղծին, որ հետագայում, երբ ուզում ես հիշել, թե ինչն է քո մեջ տպավորվել, հաճախ ոչինչ չես գտնում: Բնավ չեմ ուզում թերագնահատել ուսուցիչների անգնահատելի գործը և իմ գրականության ուսուցչուհուն էլ երախտապարտ եմ գիտելիքներիս համար: Խոսքն ուսուցման ոչ ստանդարտ մեթոդների,  դասը ստեղծագործաբար մատուցելու մասին է. ուսուցիչների մեծ մասը հիմնականում սահմանափակվում է դասագրքային տեղեկատվության փոխանցմամբ, որը շատ հաճախ այդպես էլ ոչ ոք չի հիշում: Միչդեռ որևէ հետաքրքիր,  որևէ փոքրիկ զգացմունքային պատմությամբ ավելի շատ բան կարող ես ասել գրողի մասին, քան նրա կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող թվերով ու փաստերով:

Հայ արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ Խաչիկ Դաշտենցը (Խաչիկ Տոնոյի Տոնոյան, 1909-1974) լայն հասարակությանը հայտնի է իր «Ռանչպարների կանչը» վեպով, սակայն այսօր, հատկապես երիտասարդների մեջ, քչերին կհանդիպես, որ կարդացած լինեն այդ վեպը:

Ինչպես «Ռանչպարների կանչը» գրքի նախաբանում գրել է նշանավոր գրականագետ Սուրեն Աղաբաբյանը. «Խաչիկ Դաշտենցի՝ նշանավոր գրողի ու թարգմանչի մասին դեռ գրվելու են հետազոտություններ: Չեն կարող չգրվել, որովհետև և՛ իբրև բանաստեղծ ու արձակագիր, և՛ իբրև թարգմանիչ, Խաչիկ Դաշտենցը հետագիծ է թողել ազգային գեղարվեստական գրականության և թարգմանության պատմության էջերում։ Ճիշտ է, օրերի աղմուկի մեջ հաճախ չէ, որ լսվում էր Դաշտենցի անունը, ինչպես սովորաբար լինում է այն մարդկանց հետ, ովքեր մի կողմ քաշված, ասես ստվերում, անաղմուկ ու անկռիվ, բայց ներքին խոր հավատով քաշում են իրենց լուծը։ Գալիս է, սակայն, արժեքները վերադասավորող ժամանակը և ամեն ինչ գցում իր տեղը: Չգրված, բայց անխուսափելի օրենք…»:

Այս խոսքերից շատ տարիներ են անցել, սակայն կարծես դեռ չի հասել այդ «չգրված, բայց անխուսափելի օրենքի ժամը»: Չի հասել, քանի դեռ կան մարդիկ, ում անծանոթ է «Ռանչպարների կանչը»:

Օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում ներկա էի Դաշտենցի 100-ամյակին նվիրված մի գեղեցիկ ֆիլմի ցուցադրման: «Բրաբիոն ծաղիկ որոնողը». այսպես էր կոչվում ֆիլմը, որի ռեժիսորն էր Տարոն Ղափլանյանը: Երկու ժամվա ընթացքում հանկարծ բացահայտեցի մի նոր Դաշտենցի, բոլորովին նոր լույսի  տակ ծանոթացա նրա աշխատանքներին: Ճանաչեցի ու սիրեցի այդ ազնիվ, բարի ու համեստ մարդուն, որ «ոչ հայդուկական» ժամանակներում համարձակվել է գրականություն ստեղծել հայդուկի մասին: Չէ՞ որ այդ տարիներին սովետական քարոզչամեքենան համառորեն ժողովրդի հիշողությունից դուրս էր մղում ազգային ազատագրական շարժման հերոսներին:

«Ռանչպարների կանչը», որը կարելի է համարել Դաշտենցի գլխավոր գիրքը, պատմում է XIX դարավերջի և XX դարասկզբի հայ ազգային ազատագրական շարժման այն հերոսների մասին, որոնք պատմությանը հայտնի են «հայդուկներ» (ֆիդայիներ) անունով: Այդ վեպով առաջին անգամ լայնորեն անդրադարձ է կատարվել հայդուկական շարժմանը, և բնական է, որ դա այնքան էլ դուր չէր գա խորհրդային իշխանություններին:

Դաշտենցի դուստրը` Անահիտ Դաշտենցը, պատմում է, որ հոր սրտում միշտ վախ կար, որ գիրքը թույլ չեն տա հրատարակել, և երևի դա էր պատճառը, որ նա անվերջ վերամշակել, ձգձգել է գրքի հանձնումը: «Նույնը նաև «Խոդեդան» վեպի ժամանակ,-պատմում է Անահիտը,- հորիցս պահանջել են, որ գրքում ինչ-որ հայդուկի անուն հանի, որովհետև արգելված է եղել այդ անունը, կամ` Անդրանիկի անունը չգործածի և այլն: Նա շատ ծանր է տարել այդ ամենը և կսկիծով գրել այդ մասին իր հուշերում»:

Եթե Դաշտենցի գլխին գործ չեն սարքել, ապա միայն բարեբախտության շնորհիվ. Մոսկվայից ուղարկված «սև գրությունը» Դաշտենցի աչքի առաջ պատռել և ոչնչացրել է մի պաշտոնյա, ով ժամանակին լավ է ճանաչել նրան ու հարգել է: Պատճառներից մեկն էլ, թերևս, եղել է Իսահակյանի օժանդակությունը. մեծ բանաստեղծը շատ է սիրել Դաշտենցին և միշտ պաշտպանել է նրան:

Չարենցն ու Իսահակյանը, ոչ ուղղակի իմաստով, Դաշտենցի ուսուցիչներն են եղել: Նա մեծ հարգանք ու ակնածանք է տածել երկու մեծ բանաստեղծների նկատմամբ և փոխադարձաբար սիրվել ու մեծարվել է նրանց կողմից:

Չարենցի մահից հետո Մոսկվայում Դաշտենցն իր ուսանողական տետրում գրել է. «Անմոռանալի ուսուցիչ, դու զարմանալի կյանքով ապրեցիր այս մոլորակի վրա և զարմանալի մահով գնացիր: Ես քո մասին կգրեմ հետո, եթե ողջ մնամ, երբ ժամանակը նստվածք կտա, և հնարավոր կլինի ավելին ասել քո մասին…»:

Սակայն նա վստահ էր, որ գալու է ժամանակը, և Չարենցն արդարացվելու է. «Հավատում եմ, հավատում, որ կգա քո մեծ հարության օրն արդար, և դու նորից հաղթանակով կհառնես, և ոսոխդ կընկնի վար…»,- գրել է նա:

Մեծ է Դաշտենցի ներդրումը հայ գրականության մեջ, սակայն պակաս կարևոր չէ նաև նրա թարգմանչական գործունեությունը: Դաշտենցը հայտնի է Շեքսպիրի բազմաթիվ թարգմանություններով, ինչպես նաև Լոնգֆելլոյի «Երգ Հայավատի մասին» պոեմի թարգմանությամբ։ Այն հսկայածավալ թարգմանչական գործը, որ կատարել է գրողը, քչերը կարող էին հանձն առնել, քանի որ այդ աշխատանքը մի ողջ կյանք կպահանջեր:

«Շատ աշխատասեր մարդ էր, փոքրուց մեր մեջ էլ էր սերմանում աշխատասիրություն, սեր դեպի գիրքը, գրականությունը: Ասում էր` պետք է շատ վաղ արթնանալ և արևի լույսն օգտագործել իր ողջ կարողությամբ,- պատմում է դուստրը,- միշտ ասում էր, որ առավոտյան ժամերը ոչնչով չես կարող փոխարինել, դրանք իսկական աշխատելու ժամեր են, և ինքն այդպես էլ անում էր. առավոտ կանուխ արթնանում էր և անցնում գործի»:

Դաշտենցը եղել է համեստ ու պարզ մարդ, սակայն նրա գլխավոր գիրքը` «Ռանչպարների կանչը», «անհամեստ» ստեղծագործություն է: Այն դասվում է հայ գրականության ամենաարժեքավոր գործերի շարքը:

Չսիրելով ուշադրության կենտրոնում լինել, չունենալով հանրային ելույթներ ու կոչեր` Դաշտենցը փոխարենը ստեղծագործել է. նա ստեղծել է գործեր, որոնք դարեր շարունակ կխոսեն իր փոխարեն: Իր բանաստեղծություններից մեկում նա գրել է.

«Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,

Չը երազես աշխարհում ո՛չ հիշատակ, ո՛չ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,

Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում…»:

www.ankakh.com

This post is also available in: ,