ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ. I

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ. I

I. Ռազմավարական մակարդակ

«Բաժանիր և տիրիր». Հայկական հարցի անդամատումը

Հայաստանի Հանրապետության խորհրդարանում դարձյալ բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես և անհապաղ ճանաչելու հարցը։ Ցավոք, ինչպես այս քայլի նախաձեռնողները, այնպես էլ հակառակորդները ԼՂՀ ճանաչումը դիտում են բացառապես դիվանագիտական խաղի վերնակառուցային կոմբինացիաներում՝ անտեսելով նրա բազիսային՝ ռազմավարական մակարդակը։ Բանն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը բաղկացուցիչ մասն է չլուծված Հայկական հարցի, որի բոլոր հիմնական բաղադրյալները՝ հայթուրքական հակամարտությունը, վերջինից սերված նույն ղարաբաղյան հակամարտությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը և Ջավախքի հիմնահարցը, ՀՀ քաղաքական վերնախավը շարունակում է գնահատել միմյանցից բոլորովին անջատ։ Համապատասխանաբար, Հայաստանի առջև ծառացած ռազմավարական խնդիրների ընդհանուր պատկերը չի երևում, թուլանում են պետության միջազգային իրավական և դիվանագիտական դիրքերն արտաքին քաղաքականության բոլոր գլխավոր ուղղություններով։ Հետևաբար, արտաքին (ինչպես նաև ներքին) քաղաքականության պետական արդյունավետ ծրագրավորումը, այդ թվում՝ ԼՂՀ ճանաչման նպատակահարմարության առարկայական վերլուծությունը, հնարավոր են միայն այն բանից հետո, երբ մենք՝ ինքներս մեզ համար, պարզ և իրապաշտորեն կբացահայտենք Հայկական հարցի ներկա դրությունն աշխարհաքաղաքական այն իրավիճակի մեջ, որում գտնվում է Հայաստանը՝ 1991 թ. իր անկախությունը վերահաստատելուց ի վեր։

Հայկական հարցի առանձնահատկությունները 21-րդ դարում

Սկսենք նրանից, որ 1991 թ. ի վեր Հայկական հարցը վերադարձավ միջազգային ասպարեզ, բայց այլևս ոչ իբրև արևմտահայերի ֆիզիկական փրկության հարց, ինչպես այն հայտնի էր 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին։ Թուրքերն ամբողջությամբ բնաջնջել էին Արևմտյան Հայաստանի, մասամբ նաև Արևելյան Հայաստանի հայությանը 1893-1923 թթ. երեք հիմնական փուլերով՝ 1893-1896, 1909, 1915-1923 թթ., իրականացրած ցեղասպանության ընթացքում։ Խորհրդային շրջանում հայաթափության ենթարկվեցին նաև Արևելյան Հայաստանի ընդարձակ տարածքները, այդ թվում՝ Նախիջևանն ու հյուսիսային Արցախը։ Այժմ հայ-թուրքական հակամարտությունը թևակոխել է նոր փուլ, որի հիմնական առանձնահատկությունը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության գոյությունն է։ Հայաստանն աշխարհի քարտեզի վրայից վերացնելու Թուրքիայի քաղաքականությունը չի վերանայվել. այժմ նրա նպատակն է խեղդել հայոց պետությունը սաղմում։ Այս խնդիրը Թուրքիան փորձում է լուծել միջնորդավորված կերպով՝ իր դաշնակից Ադրբեջանի միջոցով, քանի որ ներկայիս միջազգային իրադրությունը, քաղաքական և տնտեսական կարգի արտաքին ու ներքին լուրջ խնդիրները խոչընդոտում են թուրքական ուղղակի ներխուժումը Հայաստան (թեև չեն արգելում Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից տարվող համընդհանուր հոգեբանական պատերազմը և երկարամյա տնտեսական շրջափակումը)։

Թուրքական այդ ծրագրերին համահունչ՝ 1991-1994 թթ. հայկական վերածնված պետականությունն՝ իր արևելյան սահմանների ողջ երկայնքով, ենթարկվեց ադրբեջանական ագրեսիային։ Այդպիսի իրադրության մեջ Հայաստանի համար կենսականորեն կարևոր էր ունենալ անվտանգության կայուն երաշխիքներ, առաջին հերթին՝ պաշտպանունակ սահմաններ։ Թեև մեծ զոհերի գնով, բայց ռազմավարական այդ խնդիրը հաջողվեց մասամբ լուծել` ազատագրելով հայրենիքի որոշակի հատվածը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) շուրջն ընկած բնիկ հայկական տարածքը՝ նախկինում Ադրբեջանական ԽՍՀ-ին բռնակցված յոթ վարչական շրջանները։ Այդ տարածքն արդեն մեկուկես տասնամյակից ավելի է, ինչ Հայկական բանակի վերահսկողության տակ է։ Այս ազատագրումը մեզանում ընդունված է համարել որպես զուտ ռազմական անհրաժեշտություն՝ թշնամու կրակակետերը ճնշելու միակ միջոց։ Ընդհանուր առմամբ ճիշտ լինելով և արցախյան պատերազմի դաշտային իրավիճակն արտացոլելով հանդերձ՝ այս տեսակետն, իր նեղ ռազմական իմաստով, մակերեսային է։ Ազատագրված տարածքի հարցի շրջանակները շատ ավելի ընդգրկուն են. նրանք վերաբերում են հայկական պետության բոլոր հիմնահարցերին՝ պատմական, աշխարհառազմավարական, աշխարհատնտեսական, ժողովրդագրական, միջազգային իրավական և նույնիսկ՝ գոյութենական։

Հայ քաղաքական մտքի ընդհանուր թուլությունը, Հայկական հարցի բովանդակության թերի մշակվածությունը և օտար ուժերի մտավոր քայքայիչ ազդեցություններն էին պատճառը, որ սկզբում վերոհիշյալ յոթ շրջաններն անվանվեցին «բուֆերային գոտի», անգամ՝ «գրավված շրջաններ»: Հետագայում այս վերջին անընդունելի անվանումն աստիճանաբար դուրս մղվեց (ցավոք, դեռևս ոչ ամբողջովին), փոխարինվելով՝ «ազատագրված տարածքներ» ստույգ, բայց և առաձգական տերմինով: Այնինչ՝ դրանց պետք է տալ ռազմավարական առումով համարժեք անվանում՝ «Հայաստանի՛ ազատագրված տարածք», քանի որ խոսքը վերաբերում է հողերին, որոնք գտնվում են Հայաստանում, և էական չէ՝ դրանք Հայաստանի Հանրապետության, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական միավոր են հայտարարված, քանզի Հայաստան է և՛ ՀՀ-ն, և՛ ԼՂՀ-ն, և՛ ազատագրված տարածքը, որոնք ռազմավարական մակարդակում կազմում են մեկ ամբողջություն: Արդի Հայաստանն այն տարածքն է, որը գտնվում է Հայկական բանակի վերահսկողության տակ։ Իսկ վերջերս ազատագրված 12,000 կմ2-ը հայրենիքի անօտարելի հողաբաժինն է՝ իր ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և մշակութային յուրահատկություններով հանդերձ:

Տարածված կարծիքին հակառակ, Հայկական հարցն ամենևին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, ո՛չ էլ արցախահայության ինքնորոշման իրավունքը, այլ՝ հողային, տարածքային հարցը։ Սակայն ո՛չ 1991-1994 թթ., ո՛չ էլ մինչև այսօր հայ քաղաքական վերնախավը չի կարողացել ընկալել այս պարզ ռազմավարական աքսիոմը։ Հայկական հարցի էությունն այժմ էլ կայանում է հայ ժողովրդի իր հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծման մեջ: Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն մեկը`հայոց պետականության վերականգնում եթե ոչ ամբողջ Հայաստանում (350.000 կմ2), ապա առնվազն նրա այնպիսի ընդարձակ մի հողատարածքում, որտեղ հնարավոր է հայոց քաղաքակրթության երկարատև անվտանգ գոյությունն ու զարգացումը: Այլ կերպ ասած՝ Հայկական հարցը հայության անվտանգության հարցն է, որը պահանջում է երկու նախադրյալի ապահովում. առաջին` հայկական լիարժեք և ամուր պետականության ստեղծում, երկրորդ` այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունն ամրագրող հողային երաշխիքներ: Ընդ որում` մի նախադրյալի ապահովումն առանց մյուսի անիրագործելի է. ո՛չ հայկական պետությունն է ի վիճակի գոյատևել նախկին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 29.800 կմ2խիստ խոցելի, իր անպաշտպանունակությամբ ինքնըստինքյան «ագրեսիա հրավիրող» սահմաններում, ո՛չ էլ հայկական պետության բացակայությամբ հնարավոր կլինի պահպանել ազգային հավաքական կյանքը Հայկական լեռնաշխարհի հայաբնակ տարածքում: Այսպիսով, Հայկական հարցն այսօր հայոց վերածնված պետության պաշտպանունակության և տնտեսական կենսունակության ապահովման հողային-քաղաքական խնդիր է։

Հայոց բանակի առաքելությունն ազատագրումն է

Հայկական հարցը գոյություն ունի օբյեկտիվորեն, անկախ մերօրյա հայ քաղաքական վերնախավի ցանկություններից և նախասիրություններից, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը պատրաստ չեն հաշտվելու հայկական պետականության գոյության հետ նույնիսկ այն 42,000 կմ2 ոչ մեծ տարածքում, որի վրա այն կայացել է ՀՀ-ի և ԼՂՀ-ի ձևերով։ Դա ևս մեկ անգամ իրազննորեն ցույց տվեց մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» անփառունակ վախճանը։ Անցած երկու տասնամյակը ևս ապացուցել են, որ նույն այդ 42,000 կմ2-ին այն նվազագույն անհրաժեշտ տարածքն է, որի վրա հնարավոր է հայ ազգի գոյությունը թշնամի թյուրք դաշնակիցների կողմից կիսաշրջափակված պայմաններում։ Արդի Հայաստանի այդ տարածքի նույնիսկ փոքր մասի կորուստը կարող է անդառնալիորեն խաթարել ռազմական ուժերի հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի՝ վտանգելով հայկական պետության բուն գոյությունը։ Մյուս կողմից՝ այդ 42,000 կմ2 կարող են բավարար երաշխիք չլինել նոր պատերազմ սանձազերծելու Բաքվում մշակվող ծրագրերի դեմ։ Հետևաբար, Ադրբեջանի հաջորդ հավանական հարձակումը ետ մղելու հայկական ռազմավարությունն ստիպված (առնվազն՝ բնազդորեն, առավելագույնը՝ ծրագրված կերպով) նախատեսելու է հայոց զինուժի վերահսկման տակ գտնվող գոտու ընդլայնում, այն է՝ ներկայիս Ադրբեջանի սեղմում մինչև աշխարհագրական այնպիսի սահմանները, որոնք կստիպեն նրան դադարեցնել իր հարձակումը և երկար ժամանակով (ցանկալի է՝ ընդմիշտ) հրաժարվել այն վերսկսելու մտքից անգամ։ Հայրենիքի օկուպացված 12,000 կմ2-ի ազատագրումը կասեցրեց ադրբեջանական հարձակումն առնվազն 16 տարով։ Բայց, շատ հնարավոր է, որ խաղաղության այդ ամենագործուն՝ տարածքային երաշխիքի ժամկետը լրանում է և, Հայաստանի անվտանգությունն առնվազն 50 կամ ավելի տարով ապահովագրելու համար, շուտով պահանջվելու է այն ոչ միայն վերահաստատել, այլև բազմապատկել այնքանով, որքանով դա հնարավոր կլինի, ընդհուպ մինչև ցեղասպանական ծրագրեր ունեցող նախահարձակ պետության ոչնչացումը։

Ցավոք սրտի, Հայաստանի գրավված տարածքների ազատագրման խնդիրը մեր առջև է դնում թշնամին, մինչդեռ հայկական պետությունն ու հայ ժողովուրդն իրենք պետք է պատրաստ լինեն որդեգրելու ազատագրության գաղափարախոսությունը (որ նախատեսում է արդեն առավել խորքային՝ մտավոր և հոգեբանական ազատագրում), այլ ոչ միայն արձագանքելու արտաքին ներգործությանը՝ ադրբեջանական ագրեսիային, ինչպես դա եղավ 1991-1994 թթ. և լրջագույն սխալների ու բաց թողնված հնարավորությունների պատճառ դարձավ։ Հայաստանի երկարաժամկետ անվտանգության մասին նախաձեռնողաբար մտածել նշանակում է, նախ և առաջ, խորապես գիտակցել բնիկ հայկական տարածքի գերարժեքը և ողջ էությամբ ձգտել նրա ազատագրմանը։ Ընդ որում, ամենևին կարևոր չէ, թե երբ (և ով) է այդ տարածքը բռնագրավել՝ 14-րդ, 18-րդ թե՞ 20-րդ դարում։ Ակներև է, որ Ադրբեջանը, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն այնտեղ ոչնչացնելուց հետո, օգտագործում է իրեն հասած հայկական իսկ հողը որպես տնտեսական հզոր լծակ՝ Հայաստանի վերապրած մասը ևս խեղդամահ անելու, ինչպես նաև ցատկահենավայր՝ իր հաջորդ խոշորամասշտաբ նախահարձակման համար։ Ուստի՝ ռազմական անհրաժեշտության տեսակետից, հայկական տարածքների բռնազավթման հարաբերական հեռավորությունը բացարձակապես դեր չի խաղում նրանց ազատագրության նպատակահարմարությունը որոշելու համար։

Եթե 1991-1994 թթ. ղարաբաղյան պատերազմը խորապես գիտակցվեր Հայկական հարցի համատեքստում (այլ ոչ իբրև, նախ և առաջ, ինքնապաշտպանություն ու գոյապայքար), ապա իր ստեղծման օրվանից Երրորդ հանրապետության բանակը կարելի էր լիակատար իրավունքով ուղղակի անվանել «Հայկական ազատագրական բանակ», քանի որ ազատագրության օբյեկտիվ-պատմական իր առաքելությունը մասամբ ու պատվով արդեն կատարել է։ Թե ապագայում որքանով նրան կհաջողվի կատարել նույն այդ անավարտ առաքելությունը՝ ցույց կտա ժամանակը։ Պարզ է, սակայն, որ այդ առաքելության ձախողումը կարող է նշանակել հայկական քաղաքակրթության վերջնական կործանում արդեն մեր սերնդի օրոք, ինչպես որ ծրագրում են Անկարայի և Բաքվի պետական իշխանության խորքային ոլորտները։ Ուրեմն Հայկական բանակն իր առաքելությունը պետք է կատարի բոլոր հանգամանքներում՝ անկախ ամեն ինչից։

Այսպիսով, Հայաստանի անվտանգության հարցը՝ նույն ինքը Հայկական հարցը, կարող է դարձյալ պարտադրել մեզ՝ ազատագրելու բնիկ հայկական տարածքի մի մասը, որն ընկած է հայկական և ադրբեջանական բանակների շփման գծից դեպի խորը արևելք՝ ընդհուպ մինչև Կուր գետ ու Կասպից ծով։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ»

#41 (159), 26 նոյեմբերի 2010 թ.

Շարունակությունը տես՝ «Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ», թիվ 45 (163), թիվ 1 (164)

This post is also available in: ,