Հարցազրույց «Մաշտոց» միավորման անդամ Գարեգին Ղազարյանի հետ

Հարցազրույց «Մաշտոց» միավորման անդամ Գարեգին Ղազարյանի հետ

Պարո՛ն Ղազարյան, Դուք դատական գործընթացների մեջ եք՝կապված ««Լեզվի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններկատարելու մասին» օրինագծի հետ։ Կմանրամասնե՞ք։

-Նախ, ես դատապարտել եմ այդ նախաձեռնությունը, և սա համարում եմ հակամաշտոցյան, հակապետական, հակահայկական, հականժդեհյան՝ այսօրվա իշխանությունների ծրագրին հակառակ։ Ես հայտարարել էի, որ անպայման դատական պատասխանատվության կկանչեմ, որպեսզի այս օրինագիծը չդառնա օրենք։ Հունիսին կայացած արտահերթ նիստում առջին ընթերցմամբ պարտադրանքով ընդունեցին՝ խախտելով կանոնակարգ օրենքը։ Ես դա ուղարկել եմ և՛ գլխավոր դատախազին, և՛ դատարաններին։ Խախտման էությունն այն էր, որ իրենք, փաստորեն, նախապես գրավոր տեսքով այդ փոփոխությունները պետք է բաժանեին, նոր քվեարկվեր և ընդունվեր: Բայց դա գրավոր չի արվել, և առաջին ընթերցումն էլ, ինքնին, ապօրին էր։ Սա էլ եմ նշել։ Հոկտեմբերի 22-ին դիմել եմ գլխավոր դատախազին՝ քրեական օրենսգրքի 304՝ վնասարարություն հոդվածով, և 308՝  պետական պաշտոնը չարաշահելու հոդվածով, քրեական գործ հարուցելու համար։ Իհարկե, ինչպես և սպասելի էր, դատախազությունը հիմքեր չտեսավ քրեական գործ հարուցելու համար։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ իմ հայցը մերժել է այն հիմքերով, որ քրեական դատավարության ինչ-ինչ հոդվածներ թույլ չեն տալիս հայցն ընդունել քննության, քանի որ, իբր, ես ենթաիրավական սուբյեկտների կրող չեմ, անձնական հայց չեմ ներկայացրել։ Այսինքն՝ ի՞նչ. պետք է ինձ կողոպտեի՞ն, մարմնական վնասվածքնե՞ր հասցնեին, որ նոր դատարանը քայլեր աներ։ Չէ՞ որ իմ պահանջը մեր Սահմանադրությունից է բխում, բայց ինձ մերժեցին։

Իսկ ի՞նչ քայլ ձեռնարկեցիք մերժում ստանալուց հետո։

-Ես դիմեցի ավելի բարձր՝ Վերաքննիչ դատարան։ Երեկ առաջին քննությունն էր։ Ես վիճարկել էի ««Լեզվի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ««Հանրակրթության մասին ՀՀ օրենքում» լրացումների կատարելու մասին» օրինագծը, ինչպես նաև ԿԳՆ-ի կողմից մշակված՝ սովորողների ընդունելության կարգը, որն արդեն գործող ակտ է ու հակասում է ՀՀ պետականաստեղծման փաստաթղթերին՝ ՀՀ հռչակագրի 10-րդ հոդվածին և ՀՀ Սահամանդրության նախաբանին ու 12-րդ հոդվածին։ Հիմա ուզում են, թեկուզ մասնավորի անվան տակ, ուսուցման լեզուն դարձնել անգլերեն, ռուսերեն՝ օտարալեզու։ Երեկ Վերաքննիչ դատարանը մերժեց իմ հայցը և նշեց, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումն օրինական է։ Նրանք մերժել են այն հիմնավորմամբ, թե ես վիճարկում եմ ոչ իրավական ակտ։ Այսինքն՝ այդ օրինագծերը դեռևս օրենք չեն՝ իրավական, պետական փաստաթղթեր չեն։ Բայց մեր ուզածն այն է, որ այդ օրինագծերն օրենք չդառնան։ Եթե այդ օրինագծերը դառնան օրենք, դա արդեն վնաս է մեր կրթությանն ու պետությանը։

Ի՞նչ եք պատրաստվում անել։ Ո՞րն է երրորդ քայլը։

-Հիմա պետք է 15 օրվա ընթացքում դիմեմ Վճռաբեկ դատարան՝ ավելի խորացված հայցով։

Ի՞նչ ակնկալիքներ ուենք Վճռաբեկ դատարանից։

-Ես արդեն հասկացա, որ, ցավոք, ակնկալիք չեմ կարող ունենալ, բայց իմ քայլը պետք է անպայման անեմ։ Պարզ է, որ մեզ նման երկրներում վերևից է հրահանգվում։ Մեղմ ասած՝ դատարանն ազատ չէ, և իրենք, նախօրոք քաղաքական պատվերը ստացած, որոշում են նախապատրաստում։ Ես նույնիսկ մի քիչ զարմացել էի, որ Վերաքննիչ դատարանը ընդունել էր հարցը քննության, հետո նոր մերժման որոշում կայացրել։

Նշում եք, թե վերևներից է հրահանգված։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այս որոշումն ու փոփոխությունը։

-Ես գիտեմ, որ իշխանական-քաղաքական շրջանակներն իրենց ներքին խոսակցություններում էլ չեն թաքցնում, որ դրսից ճնշումներ կան։ Զարմանալի է, չէ՞։ Մենք  արդեն 20 տարեկան պետություն ենք դառնում, բայց, ցավոք, դեռ անկախ չենք։ Քաղաքական, մշակութային, հոգևոր անկախություն նույնիսկ չունենք, և դրսից ինչ-որ ճնշումների ենք ենթարկվում։ Եվ իշխանությունները կա՛մ չեն ուզում, կա՛մ չեն կարողանում դիմակայել դրանց և գոնե այս կարևոր հոգևոր հարցերում մեր ազատությունն ու անկախությունը չեն կարողանում պահել։ Մեր օրհներգի «Մեր հայրենիք, ազա՛տ, անկա՛խ» տողը նորից պետք է դառնա «Մեր հայրենիք, թշվառ, անտեր»։

-Իսկ ելքը ո՞րն է։

-Ելքը պայքարն է բոլոր ուղղություններով։ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն էլ մեզ հետ է։ Իրենք էլ նշեցին, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պետք է պայքարենք՝ և՛ ցույցերով, բողոքներով, և՛ դատական իշխանության հնարավորություններով։ Ամեն ինչով պետք է պայքարենք, որ այդ օրինագծերն ուղղակի օրենք չդառնան։

Օտարալեզու դպրոցների գաղափարն ի հայտ գալուց հետո մարդիկ պայքարում են դրա դեմ, բայցկարծես թե այս գործընթացն իր հունով գնում է՝ առանց հաշվի առնելու այդ բողոքները։ Ի՞նչ եքկարծում՝ այս պայքարն արդյունք կտա՞։

-Մենք շատ շնորհակալ կլինենք, եթե լրացուցիչ խորհուրդներ տայիք, թե է՛լ ինչ անենք, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել։ Այս ճանապարհն էլ ենք օգտագործում։ Ի՞նչ անենք էլ։ Ամեն ինչ անում ենք, որ օրենք չդառնա։ Է՞լ ինչ անենք։ Եթե այլ ճանապարհ ասեք, շատ շնորհակալ կլինենք, որ մի ուղղություն էլ դուք ցույց տայիք։ Քաղաքացիական  անհնազանդություն, ի վերջո, պետք է հայտնենք։ Էլի տարբեր ձևեր կան։ Ոչ մի բան աչքաթող չենք անելու։ Ես նույնիսկ մտածում եմ՝ ինչքան էլ անհեթեթ ու ամոթալի լինի, դիմեմ օտար դատարանին՝ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանին՝ այս ամենի դեմն առնելու համար։ Էլ ի՞նչ անեմ։ Ողբալի վիճակ է։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

www.7or.am

This post is also available in: ,