Թուրք նախարար. Սփյուռքահայությունը Թուրքիայի դեմ պայքարող ամենազորեղ ուժն է

Թուրք նախարար. Սփյուռքահայությունը Թուրքիայի դեմ պայքարող ամենազորեղ ուժն է

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը «Քրդական հարցի կարգավորումը» խորագրով կոնֆերանսի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական թեմայի մասին: Թուրք նախարարի խոսքով` հասարակական ամեն տեսակ խնդիրների լուծման լավագույն հակաթույնը ժողովրդավարությունն է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական գործակալությունը:

Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել է Աթալայի հետևյալ հայտարարությունը, համաձայն որի, մինչև օրս միջազգային ասպարեզում Թուրքիան երկու լուրջ խնդիր ունի.

«Արտերկրում մեր ոտքերին երկու կապանք կա. միջազգային ամեն մի հարթակում մեր դեմ դուրս եկող և լոբբինգ անող ուժեր կան: Դրանցից մեկը հայկական սփյուռքն է, մյուսը` ահաբեկչական «ՔԲԿ»-ը (Քրդական բանվորական կուսակցություն): Հայերն ամբողջ աշխարհում քարոզում են, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր չէ, ցեղասպանություն է իրականացրել»,- ասել է Աթալայն ու հավելել, որ իրենք, որպես իշխանություն, վճռել են այդ երկու լուրջ խնդիրները հարթել:

Թուրքիայի ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ աշխարհում Թուրքիայի դեմ պայքարող ամենազորեղ ուժը սփյուռքահայությունն է, որոնք տարբեր երկրների խորհրդարաններում բարձրացնում են ցեղասպանության հարցը: Աթալայը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ կլուծվեն առկա խնդիրները:

Աղբյուր` Panorama.am

This post is also available in: ,