Բրիտանական հրատարակչության պատասխանը «Անկախ»-ի նամակին

Բրիտանական հրատարակչության պատասխանը «Անկախ»-ի նամակին

Հոկտեմբերի 20-ին «Անկախ» շաբաթաթերթը նամակ էր հղել Բրիտանական «Kingfisher Publications» և ռուսական «Махаон» հրատարակչություններին` պահանջելով հերքել ռուսալեզու «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները:

Որևէ պատասխան չստանալով` մենք փորձեցինք կապ հաստատել հանրագիտարանի հեղինակներից մեկի հետ, սակայն երկար ժամանակ ոչ մի արձաձանք չստացանք: Եվ ահա` այսօր, դեկտեմբերի 1-ին, բրիտանական  «Kingfisher Publications» հրատարակչության ներկայացուցիչ Քեթրին Բրերեթոնը պատասխան նամակ է ուղարկել «Անկախ»-ին,  որում զարմանալի չհիմնավորված արդարացումներ է ներկայացնում ակնհայտ կեղծ տեղեկություններ  զետեղելու վերաբերյալ՝ նշելով, որ իրենք ժամանակ առ ժամանակ թույլ են տալիս սխալներ, բայց այս դեպքում իրենք ճիշտ են:

Բրերեթոնի պատասխան նամակում նաև ակնհայտորեն խեղաթյուրված է «Անկախ»-ի նամակի  բովանդակությունը: Մենք մեր նամակում, հիմնավորելու համար մեր պահանջը, գրել էինք. «Հայաստանի բնակչության 96%-ը կազմում են հայերը, մնացած 4 տոկոսը կազմում են եզդիները, հույները, ուկրաինացիները, հրեաները, ռուսները, քրդերը և այլն»: Մինչդեռ Բրերեթոնը պատասխան նամակում գրում է. «Դուք նշել եք, որ Հայաստանի բնակչության գրեթե 98%-ը խոսում է հայերեն, իսկ մնացածը` եզդիերեն, ադրբեջաներեն և ռուսերեն»:

Փաստորեն, բրիտանական հանրագիտարանի կեղծ տեղեկությունն արդարացնելու նպատակով Բրերեթոնը  դիմել է հերթական կեղծիքին` խեղաթյուրված ներկայացնելով մեր նամակի բովանդակությունը:

Ներկայացնում ենք Բրերեթոնի նամակն ամբողջությամբ.

«Հարգելիներ,

Շնորհակալություն «Քինգֆիշեր աշխարհագրական հանրագիտարանի» մասին ձեր հարցումի  համար,  որը վերաբերում է գրքի ռուսերեն տարբերակում Հայաստանը ներկայացնող էջում տեղ գտած անճշտություններին: Թույլ տվեք պատասխանել հերթականությամբ ձեր կողմից ներկայացված երեք կետերին:

1.         Տեքստում ասվում է, որ Հայաստանում հիմնական լեզուն հայերենն ու ադրբեջաներենն են: Դուք  նշել եք, որ Հայաստանի բնակչության գրեթե 98 %-ը խոսում է հայերեն, իսկ մնացածը` եզդիերեն, ադրբեջաներեն և ռուսերեն: Հանրագիտարանում մենք հաճախ ներառում ենք փոքրամասնությունների լեզուն, և պարտադիր չէ, որ հիմնվենք միայն այդ լեզուներով խոսողների թվաքանակի վրա: Մենք կարող են հանել ադրբեջաներենը, բայց սա կնշանակի միալեզու մշակույթ, որը մենք չենք կարծում, որ ճիշտ կլինի, այդ իսկ պատճառով կպահենք այս տարբերակը Միացյալ Թագավորության  հրատարակության մեջ:

2.         Տեքստում ասվում է, որ Հայաստանում հիմնական կրոնները Հայկական առաքելական օրթոդոքսն է և Շիա Իսլամը: Նմանապես այս հանրագիտարանում սովորաբար չեն թվարկվում պաշտոնական կրոնները, բայց մյուս կրոնները նույնպես կարևոր են, թեկուզև դրանք վերաբերում են միայն փոքրամասնություններին: Հայկական օրթոդոքսը կրկին կազմում է մեծամասնություն 95%, սակայն լիովին թույլատրված է նշել Շիա Իսլամը, և այս կետը մենք այժմ չենք փոխի անգլիական հրատարակության մեջ:

3.         Դուք նշում եք, որ տեքստում ասվում է «1988-1989 թթ. զինված հակամարտություն կար Ադրբեջանի և Հայաստանի միջև», կարծում եմ, որ  ամենայն հավանականությամբ, այս հատվածը տեղ է գտել ռուսական տարբերակում, քանի որ անգլիական տարբերակում այդպիսի հատված չկա և անգլիական տարբերակը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին պարունակում է հետևյալ նախադասությունները.

  • (Հայաստանին վերաբերող էջում) «1991 թ. անկախացումից ի վեր Հայաստանը կոնֆլիկտի մեջ է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի` մեծ թվով հայ բնակչությամբ ադրբեջանական տարածքի համա»:
  • (Ադրբեջանին վերաբերող էջում) «Ադրբեջանական և հայկական սահմանը բարդ է երկու ժողովուրդներին պատկանող անկլավներով, որոնք շրջապատված են մեկը մյուսի տարածքներով, ինչպես նաև որոշ վիճահարույց տարածքներով: Ամենամեծ վիճահարույց տարածքը Լեռնային Ղարաբաղն է, որը 1990 -ականներին դաժան հակամարտությունների առարկա էր դարձել»:

Ինչպես իմ խորհրդատուն է հաստատում, այս փաստարկները ճիշտ են և չեզոք: Ձեր գրածից ես հասկացա, որ ռուսական տարբերակում այլ բան է գրված հակամարտությունների վերաբերյալ: Ռուսական թարգմանությունը հեղինակային իրավունք ունի և ռուսական հրատարակչի պատասխանատվության տակ է, և քանի որ ես ռուսերեն չգիտեմ, այն, ինչ կարող եմ անել` ռուսական հարատարակչին ձեր մտահոգությունները փոխանցելն է:

Հուսով եմ, որ ձեր կողմից առաջ քաշած հարցերը ես ճիշտ եմ հասկացել, քանի որ դրանք կարդացել եմ վեբկայքով ուղարկված տեքստային փոքր կտորների միջոցով:

Հուսով եմ, որ իմ պատասխանները ձեր հարցերին կբավարարեն: Համոզված եմ` դուք հասկանում եք, որ բավական բարդ է կազմել աշխարհագրական հանրագիտարան, որը ճշգրիտ լինի  իր բոլոր փաստարկներով, ինչպես նաև` հավասարակշռված և չեզոք, միաժամանակ` հասկանալի երիտասարդ ընթերցողների համար:

Մենք ժամանակ առ ժամանակ թույլ ենք տալիս սխալներ, բայց այս դեպքում կարծում ենք, որ ճիշտ ենք: Երբեք որևէ մտադրություն չենք ունեցել վիրավորել այս կամ այն անձին կամ խմբին: Կրկին իմ շնորհակալությունն եմ հայտնում, որ ժամանակ եք հատկացրել «Մաքմիլլան մանկական գրքերի» հետ կապվելու համար:

Հավատարմորեն` Քեթրին Բրերեթոն

«Մաքմիլլան» մանկական գրականության հրատարակչության խմբագիր»

Հիշեցնենք, որ բրիտանական  «The kingfisher geography encyclopedia»-ից ռուսերեն թարգմանված «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում նշվում է, թե Հայաստանում հիմնական լեզուներն են հայերենը և ադրբեջաներենը, հիմնական կրոնները` ուղղափառությունը (հայ առաքելական եկեղեցի) և իսլամը` շիաներ:

Հանրագիտարանում կեղծ տեղեկություններով է ներկայացվում նաև ղարաբաղա-ադրբեջանական հարցը. նշվում է, թե իբր 1988-89 թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Արցախի կարգավիճակի պատճառով,  ընդ որում, Արցախը ներկայացվում է որպես «պատմական տարածք Ադրբեջանում`  մեծ մասամբ հայերով բնակեցված»:

www.ankakh.com