Պատասխան «Փամուկը մերկացված ու խրված» զազրագրությանը

Մինչև վերջերս Հայոց ցեղասպանությունը «հնարովի երևույթ» էր միայն թուրքերի համար։ Ցեղասպանության ժխտումը քարոզելու համար նրանք մեծ ջանքեր և ռեսուրսներ են ներդրել միջազգային ասպարեզում, իսկ այժմ էլ անցել են հայկական մամուլում սերմնացան անելուն։ Հարձակողական թուրքական քարոզարշավի փայլուն արտահայտությունն է՝ հայաստանյան lragir.am-ում (13.11.2009) տպագրված՝ «Փամուկը մերկացված ու խրված» հոդվածը (lragir.am, 13.11.2009), հատկապես Եղիշե Մեծարենց անվան տակ ներկայացող հեղինակի հետևյալ խոսքերը՝ «Ցեղասպանության խնդիրը էմոցիոնալ սարդոստայն է, որը հայությունը հյուսել է թե իր, թե այլոց համար …»: Կան նաև հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող անպարկեշտ արտահայտություններ՝ անեկդոտի տեսքով, որոնք մեջբերելու ցանկություն չունենք։

Այս արտահայտությունների պատճառն այն է, որ վերջերս նյույորքյան մի հանդիպման ժամանակ թուրք գրող Օրհան Փամուկը խուսանավել է հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշման փոփոխությունը քննադատող հայ երիտասարդի հարցից: Հոդվածագիրն այնուհետև եզրակացնում է, որ «հայ հասարակությունն իր համար հերոսներ ընտրելու հարցում թերևս պետք է այլևս ավելի զգուշավոր լինի»:

Առաջին հայացքից թվում է, թե հոդվածի հեղինակը չափազանց անհանգստացած է հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրներով: Սակայն ես, որպես հայ ընթերցող, հետևյալ հարցն եմ տալիս. «Իսկ ինչու՞ պետք է Փամուկը հայ ժողովուրդի համար հերոս լիներ»: Ես սա չեմ ասում միայն այն պատճառով, որ անկարելի է, որ որևէ թուրք հայի հերոսը դառնա, այլև այն պատճառով, որ հայ ժողովուրդն իր բազմահազարամյա կյանքի ընթացքում այնպիսի հերոսապատումներ և արժեքներ է ստեղծել, որոնք արժանահավասար և ուրույն դիրք են գրավում հին հույների, պարթևների և եգիպտացիների մշակութային ժառանգության կողքին: Հայ ժողովուրդը երբևէ կարիք չի ունեցել հերոսներ փոխառելու, այլ ոգեշնչվել է սեփական հերոսներով: Հայոց ցեղասպանությունը փաստ է, որը պետք է ընդունի յուրաքանչյուր մարդ՝ անկախ քաղաքացիությունից, տարիքից, սեռից կամ գույնից: Ինչու՞ հայերը պետք է հերոսացնեն որևէ մեկին, որն ընդամենը համաշխարհային մարդկության կողմից ընդունված փաստն է ընդունում կամ արձանագրում, այն էլ՝ վերապահումներով:

Ընդհանրապես արվեստագետի կոչումը հերոսանալը չէ, այլ սերունդների հիշողության մեջ հերոսների գործն անմահ պահելը և նոր սերնդին բարության, մարդասիրության և քաջության ոգով դաստիարակելը: Այսօրվա թուրք հասարակության «հերոսների»` Թալեաթի, Էնվերի, Աթաթուրքի ձեռքերը շաղախված են բազմաթիվ ազգերի անմեղ արյունով: Իրականում թուրք հասարակությունն է, որ ազգ կայանալու ճանապարհին կարիք ունի իսկական հերոսների և հետո էլ այդ հերոսների գործը գովերգող Ֆիրդուսիների:

Փամուկը կարող է հերոս համարվել Թուրքիայում, այն էլ՝ իրեն առաջադեմ և հանդուրժող համարող հասարակության մի փոքրաթիվ հատվածի համար: Նրա հերոսությունը մարդատյացության վրա ստեղծված թուրքական պետության հանրությանը ուշքի բերելն է, բայց ոչ երբեք՝ հայերին ծառայելը։ Իսկ քաղաքական իրավիճակի ազդեցության տակ սեփական կարծիքից հրաժարվելը, նախ և առաջ, իր` գրողի և քաղաքացու խնդիրն է: Մարդը պետք է նախ իրեն հարգի և իր հետ խաղաղության մեջ լինի: Հայ ժողովուրդը չափից դուրս իդեալիստ և անկաշառ է հերոսներ ընտրելիս. նրա հերոսներն իսկական հերոսներ են, ու եթե անձնական կյանքում կարող են սխալվել, հայրենիքի հարցում նրանք երբեք չպետք է սխալվեն: Ահա՛ թե որն է հայ ժողովրդի հերոս ստեղծելու չափանիշը:

Փամուկը թերևս գլոբալ հերոս կարող է դառնալ մի օր, երբ իր սկզբունքային և համառ դիրքորոշմամբ կարողանա վերափոխել Թուրքիան այնպես, որ վերջինս ճանաչի հայոց ցեղասպանությունը և վերացնի դրա հետևանքները: Սակայն lragir.am-ը և Եղիշե Մեծարենց հորջորջվող անհատը պարտավոր են հենց այսօր ներողություն խնդրել` հայ ժողովրդին փողոցային պոռնիկի նմանեցնելու, իսկ ցեղասպանության ճանաչումը մարմնավաճառության հետ համեմատելու համար:

Ըստ երևույթին, պատահական չէ, որ հոդվածագիրը հանդես է գալիս կեղծանունով՝ գիտի, որ իր արածն օտար ուժերի պատվեր է…

Անուշ Բեժանյան

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի
արտահաստիքային թղթակից (Հարավային Կարոլինա, ԱՄՆ)

This post is also available in: ,