Թորգոմա Տուն. տունը բնակիչներով է շեն

Թորգոմա Տուն. տունը բնակիչներով է շեն

Հայերիս ընկալման մեջ  մեր երկիրը մեր տունն է, ու հենց այդպես էլ դարեր շարունակ կոչել ենք՝ Թորգոմա Տուն։ Թորգոմի մասին մեզ շատ տեղեկություններ չեն հասել։ Ըստ Խորենացու՝ Նոյի որդին Հաբեթն է, թոռը՝ Գամերը, ծոռը՝ Թիրասը, ծոռնորդին Թորգոմը (տես Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, «Հայաստան» հրատ., Երևան 1990թ., էջ 15»)։

Մեր անվանադիր Հայկը, ըստ նույն աղբյուրի, որդին էր Թորգոմի։ Իսկ Թորգոմը նույնպես անվանադիր է. «Հաբեթի նման՝ Թորգոմը ևս մեծագործ նահապետ, այսինքն ՝ ցեղի առաջնորդ էր, թագավոր, որի համար մեր ազգը կոչվում էր նաև Թորգոմյան ազգ, մեր երկիրը՝ Թորգոմա Տուն» (տես Լևոն Միրիջանյան, «Հայկյաններ», Երևան 2009թ., էջ 15)։

Համաշխարհային անվանված ջրհեղեղից ու Նոյից հետո մեզ հասած պատմության մեջ, իհարկե, առասպելի և իրականության սահմանները հաճախ աննշմարելի են։ Մեկ բանում կասկած չունենք. մենք ենք մշակել, ծաղկեցրել, երկիր դարձրել ամայի հողը ու ապրել մեր տանը։ Սրա համար է, որ հեռվում տուն ունենալու զգացողությունը հայրենիքից դուրս ապրող հայերին չի լքում, քանի դեռ երակներում թեկուզ մեկ կաթիլ հայի արյան հոսք են զգում։

Այսօր շեն է Թորգոմա Տան մեկ հատվածը միայն, որ  Հայաստանի Հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անունների ներքո է պահպանում մեր ինքնության ու մշակույթի ծխացող օջախը, Ջավախքն էլ մեր սեփական տան մեջ մեզ վարձով են տվել… Մեր տան մի մասը «սեփականաշնորհվել» ու շքեղ բնակարան է դարձել այստեղ ներխուժած հոխորտացող օտարների համար, մի մասն էլ վայրենացել է ու կարոտով սպասում է սիրող ու խնամող ձեռքերի։ Այն դեպքում, երբ այդ ձեռքերը երկու երրորդով ուրիշի տունն են շենացնում։

Մեր տան մեծ մասը զավթած թրքական պետության արտգործնախարարը Ամերիկայում «խոստովանեց», թե հայերը Թուրքիայիում աղետալի վնասներ են կրել։   Միայն թե Դավութօղլուն մոռացել է նշել, թե երբ են նույն այդ հայերը կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու։ Մեզ համար այդ փոխհատուցումը նշանակում է ետ ստանալ Թորգոմա Տան՝ այսօր օտարներով բնակեցված ու այլափոխված «հարկաբաժինները»՝ ավերվածը հնարավորինս ամոքելու և ամբողջացնելու համար մեր հայրենիքի բնակության տարածքը։

Բնականաբար՝ թուրքերը պիտի ձգտեն այդ օրը հետաձգել, ինչքան կարող են։ Ու մինչ մենք փորձում ենք մեր տան մեջ եվրոպացուց ավելի «եվրոպացի» երևալ` իրականում շատ կարևոր հարցերում մեզ դրսևորելով ասիացուց ավելի «ասիացի», մեր հակառակորդները ասիացիներին իրենց կողմն են գրավում դավանակից լինելու հիմքերով, եվրոպացիներին՝ ժողովրդավար դառնալու սին խոստումներով։

Որ Թորգոմա Տունը շատ պաշարումներ է տեսել, շատ անգամ է ասպատակը կամ թշնամին ներխուժել այնտեղ ու ժամանակավոր բնակություն հաստատել, անհաշվելի գրոհներ է տեսել ու ետ մղել, թալանվել ու ավերվել, այս բոլորն արձանագրել է պատմությունը, մնացել է մեր հիշողության ծալքերում, հետքեր թողել մեր պատերի ներսում։ Եվ նույն Խորենացին, որ այդ պատմությունն սկսել է Նոյից ընդամենը 5 պորտ հեռու ընկած Հայկով, իրեն հատուկ քննական եղանակով արծարծել է մեր տունը թե՛ զորացնող, թե՛ նրա ապահովությունը վտանգող գործոնները, պատմել հայրենասերների ու վախկոտ շահամոլներր մասին։ Մեզնից 16 հարյուրամյակ առաջ է նա գրել իր նշանավոր ողբը. «Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վդովվեց  խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը,  հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը» (տես Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, «Հայաստան» հրատ., Երևան 1990թ., էջ 235»)։

Նույն գրքում երեքուկես էջ գրավող «Ողբում» Խորենացին այնպես է նկարագրում հայությանը ողբալի վիճակի հասցրած իրողություններն ու գործոնները, որ թվում է՝ Երկրագունդն իր պտույտը պիտի շարունակի առանց Թորգոմա Տան առկայության, առանց այն կառուցող ու շենացնող հայության։

Համարյա 1600 տարի անց այդ տունը կա ու մասամբ բնակեցված է հայերով։ Ճիշտ է, Խորենացու խոսքերն այսօրվա համար էլ խիստ արդիական ու մտահոգիչ են, սակայն սա չի՞ նշանակում արդյոք, որ ցավերից ու մտահոգություններից զերծ է նա, ով գույություն չունի։

«facebook» սոցիալական ցանցում աչքիս դիպավ մի մեկնաբանություն. «Հայ լինելը ծագում չէ (ես կասեի՝ սոսկ ծագում չէ–Ա. Փ.), այլ դժվարին մասնագիտություն, որին պիտի տիրապետես մինչև վերջ»։ Իսկ մասնագիտությանը տիրապետելը չէ՞ որ ենթադրում է ջանք, կազմակերպվածություն, վարժություն, ուսումնասիրություններ, համագործակցություն, զոհողություններ… ո՞ր մեկը թվես։ Այդքան կամք կունենա՞նք, որ հայ լինելու մեր մասնագիտությանը կատարելապես տիրապետենք, ուրեմն կապրի Թորգոմա Տունը։ Չունեցա՞նք՝ մեր տանը վերջնականապես տեր կդառնան կեղծ ու պատիր գործիչները, նրա զորությունը խլող օտարները։

Արմենուհի Փալանդուզյան

nauka.izvestia.ru

This post is also available in: ,