ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ  ՀՀ  ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Պատճեն՝

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանին

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանին

ՀՀ Պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանին

ՀՀ Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին

ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանին

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին

2011 թ. մարտի 30-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Հայկ Դեմոյանը, գտնվելով ԱՄՆ-ում, հարցազրույց տվեց «Վերադարձ» (Return to Armenia) հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանին։ Հազարավոր կալիֆոռնիաբնակ հայեր ապշահար ունկնդրեցին, թե ինչպես Հ. Դեմոյանը հաղորդման ուղիղ եթերն օգտագործեց՝ ցեխ շպրտելու համար բարի համբավ վայելող բազմաթիվ մարդկանց վրա։

Նախ, Դեմոյանը մերկապարանոց մեղադրանքների մի անհեթեթ շարան ներկայացրեց Հայաստանում ու Սփյուռքում հարգանք վայելող ճանաչված գիտնական, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանին՝ նրան անվանարկելով ոչ ավել, ոչ պակաս՝ «խառնակիչ», «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար», «պետական հանցագործ»։ Դեմոյանի մատուցմամբ՝ Արմեն Այվազյանը «ստեղծել է մի գիշատիչ խումբ, որը նպատակ ունի հայության շրջանում տարբեր բաժանարար գծեր անցկացնել»։ ՀՑԹԻ-ի տնօրենի այս անհիմն և անզուսպ պոռթկումները պարզապես քստմնելի են։ Նույնչափ դատապարտելի են նրա վիրավորանքներն՝ ուղղված Ա. Այվազյանի բազմաթիվ հայրենաբնակ ու սփյուռքահայ գործընկերներին։ Մեզ՝ Այվազյանի երկարամյա գործընկերներին ու բարեկամներին, Դեմոյանը համարձակվեց, իր իսկ բառերով՝ «դիագնոզ» դնել, անվանելով «հոգեկան հիվանդներ», «գիշատիչ խումբ», «ոհմակ» և այլն։ Վստահեցնում ենք, որ եթե նա փոքր-ինչ ավել ժամանակ գտնվեր ԱՄՆ-ում, ապա դատական կարգով պատասխանատվություն տալուց չէր խուսափի։

Դեմոյանը երկիցս Այվազյանին մեղադրեց «պետական հանցագործություն» կատարելու՝ «և՛ Ծիծեռնակաբերդը, և՛ Հայաստանի Հանրապետությունը խայտառակելու» մեջ, միակ փաստարկ բերելով այն, թե իբր Ա. Այվազյանը, թուրքական մամուլի վրա հիմնվելով, առաջինն է հայտարարել, որ 2008 թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահի Երևանում գտնվելու օրը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ՝ Ծիծեռնակաբերդի Հայոց Եղեռնի հուշարձանի լույսերը մարվել են։ Սակայն, որքան էլ Դեմոյանը զբաղվի թուրքավայել ժխտողականությամբ, իրականությունն այն է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերն իսկապես հանգած են եղել, ինչն էլ նկարահանել, արձանագրել ու վավերագրական ճշգրտությամբ հիմնավորել են Երկիր-Մեդիա հեռուստաընկերության թղթակիցներն իրենց՝ «Եթե «հյուրընկալություն», ապա լիարժեք…» տեսահաղորդման մեջ (29.09.2011), որը զետեղված է նաև «Յութուբ» կայքի հետևյալ էջերում՝

http://www.youtube.com/watch?v=5ftbYEc4lE4;

http://www.youtube.com/watch?v=qukOXF–8zg։

Ահա ընդամենը մի քանի մեջբերում այդ հաղորդումից.

«…Խաղի ընթացքում, Ծիծեռնակաբերդի բարձունքում անցկացվող բողոքի ակցիան լուսաբանելու նպատակով, մեր նկարահանող խումբը շուրջ երկու ժամ ստիպված էր աշխատել կիսախավարում: Առաջինը, որ ուշադրություն էր գրավում այն էր, որ այգու մնացած հատվածներն ավելի լավ էին լուսավորված, քան հուշարձանը: Ու եթե չլինեին հավաքվածների ձեռքի ջահերն ու մարզադաշտի մեծ լուսարձակներից Ծիծեռնակաբերդ հասնող լույսը, խավարն իրոք անանցանելի կլիներ:

Ինչպես ասում են մեր աչքերով տեսածին հավատալու համար, եւս մեկ անգամ, երեկոյան նույն ժամին այցելեցինք Ծիծեռնակաբերդ եւ համոզվեցինք, որ սեպտեմբերի 6-ի երեկոյան Եղեռնի հուշահամալիրի լուսավորությունը տարբերվում էր մնացած օրերից: Երկու տեսանյութերի համեմատությունը վկայում է, որ այդ օրն այգում վառվել են միայն լապտերները, իսկ հուշարձանը լուսավորելու համար այստեղ տեղադրված հզոր լուսարձակները չեն աշխատել:

Այսպիսով, ձեռնպահ մնալով գնահատականներից, պարզապես կատարվածն ընկալենք ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ ՀՖՖ տարբերանշանի փոփոխության համատեքստում` իբրեւ հյուրընկալության հերթական դրսեւորում»:

Նույն այս հաղորդման ընթացքում «Երկիր-Մեդիան» ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ պատրաստ է դատական կարգով պաշտպանելու իր նկարահանման ու եզրակացությունների ճշմարտացիությունը, կրկնելով իր այդ վճռականությունը ևս մեկ անգամ՝ հոկտեմբերի 9-ին՝ ««Ստվերում մնացած» ճշմարտությունը շուտով կլուսավորվի» հաղորդման ժամանակ։

Այսպիսով, գործ ունենք կատարված ցավալի իրողության հետ՝ 2008 թ. սեպտեմբերի 6-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը զրկված է եղել սովորական լուսավորությունից։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում. ինչու՞ է Դեմոյանը մոռացության մատնում «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության նկարահանած վավերագրական կադրերն ու հաղորդումները, նրանց դատի տալու իր սպառնալիքները, այդ փաստի մասին հայկական մամուլում եղած բազմաթիվ այլ հրապարակումները։ Ինչու՞ նա «պետական հանցագործություն» չի որակում այդ փաստագրական նյութերի հրապարակումը, այլ փոխարենը՝ զրպարտություններ ու վիրավորանքներ շռայլում միայն Ա. Այվազյանի հասցեին։ Որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող այս վարքագիծը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն՝ Դեմոյանին ինչ-որ ուժեր պատվիրել են վարկաբեկել Այվազյանի կերպարն ու Սփյուռքում վայելած հեղինակությունը և նա փութաջանորեն կատարում է նրանց առաջադրանքը։

Ստանձնելով միաժամանակ պատմաբանի, քաղաքագետի, էթնոհոգեբանի, ռազմավարագետի, հոգեբույժի, դատախազի ու դատարանի դեր, Դեմոյանը ոչ միայն ի ցույց է դնում իր իրավական գրագիտության տարրական բացակայությունը, այլև իսկական գիտության հետ որևէ կապ չունենալը։ Նա նաև պատկերացում իսկ չունի, թե ռազմավարական նշանակության պետական հիմնարկի՝ ՀՑԹԻ-ի ղեկավարի պաշտոնը ինչպիսի պատասխանատվությամբ է իրեն օժտել։

Իրականությանը չի համապատասխանում ո՛չ Դեմոյանի այն պնդումը, թե Այվազյանն առանձին հոդված է գրել լույսերը մարելու փաստի մասին, ո՛չ էլ այն, թե նա քաղել է այդ տեղեկությունը թուրքական մամուլից։ Դեմոյանի բերած բոլոր պնդումներն ու փաստարկները բացահայտ կեղծիք են, այսինքն՝ գործ ունենք ստախոսության հետ։ Սակայն, պարզվում է, որ, բացի այդ, նա նաև խնդիրներ ունի պրոֆեսիոնալ գիտական էթիկայի պահպանման ու պարկեշտության առումով։ Դրանում կարելի է համոզվել, կարդալով պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանի՝ «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին (Հ. Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածի առթիվ)» գրախոսությունը (Հետք.ամ, 26 մարտի 2011, «Ազգ», 9 ապրիլի 2011 թ., «Նոյան Տապան», 13 ապրիլի 2011)։

Նման բարոյական «պաշարով» կերպարի հայտնվելը գիտական ու պետական պատասխանատու դիրքում ինքնին վկայում է Հայրենիքում տիրող ծայրաստիճան անառողջ հասարակական միջավայրի մասին։ Դեմոյանին, ըստ երևույթին, թվում է, թե մոռացվել են նրա հակահայկական ելույթները, օրինակ, այն՝

  • թե ինչպես «Երկիր-Մեդիայի» թղթակիցների հավաստմամբ՝ «Դեմոյանը Գյուլի այցի օրը, հակառակ բոլոր արգելքներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վառված եւ «Հրազդան» մարզադաշտում երևացող ջահեր վառելու ակցիան բնութագրել էր իբրև վանդալիզմ» (««Ստվերում մնացած» ճշմարտությունը շուտով կլուսավորվի», «Երկիր-Մեդիա», 9.10.2008),
  • թե ինչպես էր նա պաշտպանում թուրքական վաղեմի ծրագրի՝ հայ և թուրք պատմաբաններից բաղկացած հանձնաժողով ստեղծելու ծրագիրը,
  • հնարավոր նկատում Հայաստանի և Թուրքիայի դաշնակից պետություններ դառնալը (www.regnum.ru/news/896314.html),
  • կոչ անում «չքաղաքականացնել ցեղասպանության ճանաչումը» (http://www.arka.am/rus/politics/2008/09/13/11159.html),
  • հայտարարում՝ «Որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն և այդ ոլորտի փորձագետ` ես «ցեղասպանություն» բառի օգտագործման մեջ լուրջ վտանգ եմ տեսնում, քանի որ դա ձեռնածությունների առիթ է տալիս» (http://www.panarmenian.net/arm/politics/news/31015/),
  • «Էկոնոմիստ» հանդեսին հայտնում, թե իբր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և նրանից հետո օսմանյան ուժերի զանգվածային կոտորածից փրկել է հարյուրավոր հայ կանանց և երեխաների» (“Kemal Ataturk, father of modern Turkey, rescued hundreds of Armenian women and children from mass slaughter by Ottoman forces during and after the first world war.”) (http://www.economist.com/node/12304946?story_id=E1_TNPDQJQG&CFID=16174 4713&CFTOKEN=30139637)։ Եվ ոչ մի խոսք չասելով այն մասին, որ Մուստաֆա Քեմալն իրականում հայ ժողովրդի գլխավոր դահիճներից էր, ում հրամանով Արևելյան Հայաստանում միայն ոչնչացվել են 200,000, Զմյուռնիայում՝ տասնյակ հազարավոր հայեր, չեղյալ է հայտարարվել Սևրի դաշնագիրը, ամրապնդվել են ցեղասպանության հետևանքները։

Դեմոյանի այս հայտարարություններն այլ կերպ չես անվանի, քան իսկական պետական և ազգային դավաճանություն։ Իսկ այսօր Դեմոյանը սկսել է հակաթուրքական ճառեր կարդալը…

Սակայն, մեզ ամենից շատ անհանգստացնում է մեկ այլ երևույթ, այն՝ որ ՀՀ պետական պաշտոնյան, այն էլ Սփյուռքում, ընդգծված ինքնավստահությամբ երկու անգամ «պետական հանցագործ» հռչակեց վաստակ ունեցող հայաստանաբնակ գիտնականին և հասարակական գործչին՝ Արմեն Այվազյանին։ Սա ի՞նչ է՝ միայն Հ. Դեմոյանի հոգեկան անհավասարակշռության սանձարձակ դրսևորու՞մ, թե՞ նաև ՀՀ պետական որոշ շրջանակներում ծրագրված քաղաքական հալածանքների ծավալում Ա. Այվազյանի դեմ։ Այս հարցի պատասխանն ակնկալում ենք ստանալ Ձեզանից՝ Հ, Դեմոյանին հրապարակայնորեն կարգի հրավիրելու միջոցով։ Եթե Դեմոյանն աշխարհով մեկ զրպարտություն տարածելու ու մանկամտորեն դատախազական կեցվածք ընդունելու դիմաց չստանա պատշաճ գնահատական իր վերադաս պետական ու գիտական կառույցներից, ապա ստիպված կլինենք եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն այլևս ունակ չեն հանդուրժելու նույնիսկ ակադեմիական մտքի ազատությունը և որդեգրել են Ա. Այվազյանի դեմ քաղաքական հետապնդումների գործելաոճ` ընկալելով նրա բազմաթիվ պատճառաբանված քննադատական ուսումնասիրություններն ու ելույթները (մասնավորապես՝ հայ-թուրքական «հաշտեցման» ձախողված քաղաքականության վերաբերյալ) որպես «պետական հանցագործություն»։ Իսկ նոր 1937 թ., այն էլ գիտության բնագավառում, մենք երբեք չե՛նք հանդուրժի։

Միհրան Կեհեյան, Լոնդոն

Ռիփսիկ Քիրամիջյան, Լոս Անջելես

Լաուրա Մելիքյան, բժշկական գիտությունների թեկնածու, Լոս Անջելես

Հարո Մհերյան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Լոս Անջելես

Համլետ Ներսեսյան, Լոս Անջելես

Բագրատ Նազարյան, Լոնդոն

Ստեփան Սարգսյան, Լոս Անջելես

Առլետ Վերդի, Լոս Անջելես

Հ.Գ. Սույն նամակը պատրաստ էր առաքման, երբ Նոյան Տապան լրատվական գործակալաթյան կայքում լույս տեսավ Հ. Դեմոյանի՝ Գևորգ Յազըճյանի գրախոսությանն ի պատասխան գրված «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները» զազրախոսությունը։ Այս գրության մեջ Դեմոյանը, փոխանակ՝ գիտական բանավեճի էթիկան պահպանելով պատասխանի իր ըննդիմախոսին՝ Գ. Յազըճյանին, վերջինիս հասցեին անպարկեշտ վիրավորանքների հեղեղ է տեղում ու, կրկին դատախազական վեղար հագած, առանց որևէ հիմքի ու պատճառի, դարձյալ իրեն թույլ է տալիս շուռ գալ Ա. Այվազյանի դեմ, մեղադրելով նրան ոչ ավել, ոչ պակաս, քան «դավաճանական արարքի» մեջ…

Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին
Հ. Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածի առթիվ
Գեւորգ Յազըճյան

This post is also available in: ,