538-539 թթ. հայոց ապստամբությունը (պատմառազմագիտական վերլուծություն). II

538-539 թթ. հայոց ապստամբությունը (պատմառազմագիտական վերլուծություն). II

Սկիզբը՝ «Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ», 2011 թ., #20 (183),

Կարդացեք ՊԴՖ տարբերակով

Հայկական և բյուզանդական բանակների գլխավոր ճակատամարտի նախաշեմին։ Կայսրության աշխարհառազմավարական դրությունը 538-539 թթ.

Կայսրության մայրաքաղաքից ժամանելով բյուզանդական Հայաստան (539 թ. առաջին կես)՝ Սիտտասն սկզբում զերծ մնաց հայկական ապստամբական բանակի դեմ ռազմական լայնածավալ գործողություններ ձեռնարկելուց։ Նրա նպատակների մասին Պրոկոպիոս Կեսարացին հետևյալն է հաղորդում. «Երբ նա Հայաստան եկավ, սկզբում ցանկություն ցույց չէր տալիս պատերազմելու [հայերի դեմ], այլ ուզում էր հորդորել նրանց վերադառնալ իրենց երկիրը, խոստանալով համոզել կայսեր վերացնելու նոր հարկի գանձումը»։ Մինչ այդ Կ. Պոլսում Ադոլիոսը՝ հայերի կողմից սպանված Ակակիոսի որդին, կայսերը քանիցս զեկուցեց Սիտտասի դանդաղկոտության մասին։ Սակայն, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, փորձառու զորավարի վարքագիծը օպերատիվության պակասի հետ որևէ առնչություն չուներ և լիովին արդարացված էր։ Սիտտասը հրաշալիորեն տեղեկացված էր հայկական գործերի մասին, քանի որ մինչ այդ՝ 526-532 թթ. բյուզանդա-պարսկական պատերազմում նա եղել էր Հայաստանի տարածքում ընթացող ռազմական գործողությունների հրամանատարը՝ Բելիսարիոսի հետ հավասար իրավունքներով։ Բացի այդ՝ 528-531 թթ. նա նշանակվել էր Արևելահռոմեական կայսրության իշխանության ներքո գտնվող բոլոր հայկական հողերը միավորող՝ նորաստեղծ Հայկական ռազմական շրջանի առաջին գլխավոր հրամանատարը (magister militum per Armeniam)։ Мagister militumը (հունարեն՝ ստրատելատ կամ ստրատեգոս) կայսրության ամենաբարձր ռազմական պաշտոնն էր։ Ամբողջ կայսրությունում կար ընդամենը հինգ այդպիսի ռազմական մագիստրոս, որոնցից երկուսը՝ մայրաքաղաքում, երկուսը՝ արևմուտքում և միայն մեկը՝ արևելքում։ Ինչպես ճիշտ նկատել է Ն. Ադոնցը՝ «Հայաստանում այսպիսի մի բարձրաստիճան պաշտոնյա նշանակելը ցույց է տալիս, թե այն ժամանակ որքան մեծ կարևորություն էր տրվում կայսրության արևելյան ծայրամասին»։ Այդ ժամանակ էլ Սիտտասը կարողացավ Հուստինիանոսից թույլտվություն ստանալ՝ կայսերական զորքերի մեջ տեղացի հայերին հավաքագրելու համար՝ «նկատի ունենալով Հայաստանի տեղանքին նրանց իրազեկ լինելը»։

Հայկական զորքերի մարտունակությունը Սիտտասին ծանոթ էր ոչ միայն լսածի հիման վրա. մեկ անգամ նա ու Բելիսարիոսը միասին արդեն ճաշակել էին հայերից կրած պարտության դառնությունը։ Դա պատահել էր 12 տարի առաջ, երբ Սիտտասն ու Բելիսարիոսը, բյուզանդական բանակի գլուխն անցած, պարսկական Հայաստան առաջին հաջող արշավանքն իրականացնելուց հետո, երկրորդ անգամ ներխուժեցին այնտեղ 527 թ. առաջին կեսին։ Սակայն այս անգամ հայկական զորքը՝ տաղանդավոր զորավարներ, եղբայրներ Ներսեհ (Նարսես) և Հրահատ (Արատիոս) Կամսարականների հրամանատարությամբ, անսպասելիորեն հարձակվեց նրանց վրա և տեղի ունեցած ճակատամարտում անվերապահ հաղթանակ տարավ։ Պրոկոպիոս Կեսարացու նկարագրությունից կարելի է ենթադրել, որ հայոց հեծելազորը («այրուձին»), որ այն ժամանակ Առաջավոր Ասիայում լավագույնն էր համարվում, ամենայն հավանականությամբ ընթացքից հարվածել է գրոհող բյուզանդական բանակին և բռնկված հանդիպական ճակատամարտում հետ շպրտելով հակառակորդին՝ ստիպել է նրան փութանակի նահանջել. «Հռոմայեցիները Սիտտասի և Բելիսարիոսի գլխավորությամբ ներխուժելով պարսիկներին ենթակա Պերսարմենիա, մեծ տարածություն ավարի առան և գերեվարելով բազմաթիվ հայերի՝ հեռացան։ …Իսկ երբ տեղի ունեցավ հռոմայեցիների երկրորդ արշավանքը դեպի Հայաստան, նրանց վրա անսպասելիորեն հարձակում գործեցին Նարսեսն ու Արատիոսը և մարտի բռնվեցին։ …կռվելով Սիտտասի և Բելիսարիոսի դեմ՝ նրանք հաղթանակ տարան»։ Պարզապես անհավատալի է, որ համաշխարհային պատմության մեջ ամենահռչակավոր զորավարներից մեկի՝ մեծ Բելիսարիոսի դեմ հայոց զորքի տարած այս հաղթանակը դուրս է մնացել ոչ միայն «Հայոց պատմության» դպրոցական դասագրքից, այլև չի նկատվել նույնիսկ ակադեմիական բազմահատորյակում (հ. Բ, Եր., 1984թ.) և այդ ժամանակաշրջանին նվիրված մի շարք պատմագիտական ուսումնասիրություններում։ Լավագույն դեպքում այն հիշատակվել է ընդամենը հպանցիկ կերպով, այն էլ՝ սխալ թվագրմամբ (530 թ.)։ (Հետագայում Ներսեհն ու Հրահատն իրենց երրորդ եղբայր Սահակի հետ անցան Հուստինիանոսի կողմը և արդեն Արևելյան Հռոմեական կայսրության բանակի կազմում՝ աչքի ընկան բազմաթիվ այլ ճակատամարտերում)։

Վերադառնանք, սակայն, 539 թ.։ Շատ կարևոր են Պրոկոպիոսի փոխլրացնող տեղեկություններն առ այն, որ Ակակիոսի սպանությունից հետո հայերն ապաստանել էին Ֆարանգիոնում, այսինքն՝ Սպերում, և որ Հայաստան գալով՝ Սիտտասը ցանկանում էր նրանց վերադարձնել իրենց երկիրը։ Այս հաղորդումներից կարելի է եզրակացնել, որ մինչև Սիտտասի Հայաստան ժամանելը հայկական զորքերը հասցրել էին կենտրոնանալ և ամրանալ Սպեր և, ինչպես ստորև ցույց կտրվի, Հավնունիք գավառների միջև ընկած լեռնային շրջաններում և ամրոցներում։ Հայկական զինված ուժերի համախմբումը, բնականաբար, ուղեկցվում էր կառուցվածքային վերակազմումով և ռազմական արագընթաց պատրաստություններով, այդ թվում՝ միասնական հրամանատարության ընտրությամբ, զինվորական եռանդուն ուսուցմամբ, մարտավարական զորավարժություններով, զենքի, ռազմամթերքի և այլ պաշարների կուտակմամբ։

Սիտտասը հասկանում էր, որ ստեղծված իրավիճակում պաշտպանական հարմար դիրքեր գրաված հայկական ուժերի դեմ ուղիղ գրոհը բյուզանդացիներին լավ բան չէր խոստանում։ Այդ իսկ պատճառով էլ նա փորձում էր դիվանագիտական լուծում տալ հակամարտությանը։ Բայց ինչպես մեր օրերում էլ է հաճախ պատահում, մայրաքաղաքում ընդհանուր աշխարհառազմավարական իրադրության վերլուծությունը հաղթեց մարտավարական բնույթի ռազմադաշտային դատողություններին, և Հուստինիանոսը, «դանդաղկոտության համար» խստորեն «վատաբանելով ու պախարակելով» Սիտտասին, նրան հրամայեց անմիջապես հայերի դեմ ռազմական գործողություններ սկսել։ Պրոկոպիոսը կայսեր այդ որոշումը բացատրում է Ակակիոսի որդի Ադոլիոսի «ամբաստանություններով»։ Այդ ամբաստանությունների կրկնվելն ինքնըստինքյան վկայում է Սիտտասի՝ ապստամբած հայերին կայսրության գաղութային քաղաքականության, ներառյալ հարկային բեռի մեղմացման խոստումներով խաղաղեցնելու բավականին երկար, թեև ապարդյուն փորձերի մասին։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ հայկական զորքերը տրամադրված էին շատ վճռականորեն և պատրաստ էին զինված հակահարված հասցնել կայսերական բանակին։

Սակայն հիմնական պատճառը, որը դրդում էր Հուստինիանոսին շտապեցնել հայկական ապստամբության ճնշումը, անշուշտ, կապված էր աշխարհաքաղաքական անբարենպաստ զարգացումների հետ։ Բանն այն է, որ ճիշտ այդ ժամանակ կայսրության զորքերը տարակենտրոնացված էին ահռելի տարածության մեջ, մասնավորապես՝ ուժերի գերագույն լարումով պատերազմ էին վարում օստգոթերի դեմ Իտալիայում, որտեղ գործում էր Բելիսարիոսի գլխավորած բյուզանդական բանակը։ Օստգոթերի դեմ պատերազմն ընթանում էր փոփոխական հաջողությամբ և նրա ելքն ամենևին պարզ չէր։ Օստգոթերի թագավոր Վիթիգեսը կազմակերպել էր Հռոմի շրջափակումը, որը տևեց 537 թ. մարտի 2-ից մինչև 538 թ. մարտի 12-ը։

538 թ. հունիսին 7000-անոց օգնական բանակով Իտալիա ուղարկվեց բյուզանդական պալատում ազդեցիկ դիրքեր ունեցող հայ ազնվական Նարսեսը (չշփոթել վերոհիշյալ Ներսեհ Կամսարականի հետ, որին Բյուզանդիայում նույնպես Նարսես էին անվանում)։ Նարսեսը, ի դեպ, առաջին անգամն էր հանդես գալիս առանձին բանակի հրամանատարի պաշտոնով, այն էլ Բելիսարիոսին հավասար զինվորական տիտղոսով։ Մոտավորապես 539 թ. մարտին ընկավ օստգոթերի կողմից պաշարված Միլանը՝ Հռոմից հետո իր մեծությամբ Իտալիայի երկրորդ քաղաքը։ Ի լրումն այս ամենի, ինչպես նշում են ժամանակակից ռազմական պատմաբաններ Էռնեստ և Թրեվոր Դյուպուիները, այդ նույն ընթացքում «Հուստինիանոսը ծայրաստիճան անհանգստացած էր անդրդանուբյան բարբարոսների՝ բուլղարների և սլավոնների վերսկսված ասպատակիչ արշավանքներով, ինչպես նաև Վիթիգեսի հետ բանակցությունների մեջ մտած պարսից արքա Խոսրովի հետ պատերազմի վերաբռնկման վտանգով»։ Հետևաբար Հուստինիանոսին անհրաժեշտ էր հայկական ապստամբության շուտափույթ ջախջախումը՝ Պարսկաստանի՝ արևելքում երկրորդ ճակատի նախապատրաստվող բացումը կանխելու համար, որն այնուամենայնիվ շատ շուտով՝ 540 թ., տեղի ունեցավ։ Այն, որ հայոց առաջնորդներն ապստամբությունը բարձրացրել են հե՛նց 538 թ. (հավանաբար, տարվա երկրորդ կեսին), հուշում է, որ նրանք արժանահավատ տեղեկատվություն ունեին Արևելյան Հռոմեական կայսրության արևմտյան ճակատում ստեղծված դժվարին կացության, ինչպես նաև բյուզանդական զորքերի չափից ավելի «ձգվածության» ու զորահավաքային ռեսուրսների սղության մասին։ Այսպիսով ապստամբությունն սկսելու պահը հայերն ընտրել էին բացառիկ հաջող կերպով։ Ավելի քան հնարավոր է, որ հայոց ապստամբական ուժերը դաշնակիցներ գտնելու նպատակով նախապես կամ ապստամբության ընթացքում ուղիղ կապի մեջ մտած լինեն Խոսրով Անուշիրվանի և Վիթիգեսի հետ։ Համենայնդեպս, 539 թ. վերջին Խոսրով արքայի առջև հայոց ապստամբների պարագլուխների արտասանած ճառերը բացահայտում են միջազգային հարցերում, այդ թվում՝ Իտալիայում կայսրության մղած պատերազմի մասին նրանց քաջատեղյակությունը, թեև Բելիսարիոսի դավաճանության մասին տեղեկությունները հետագայում չհաստատվեցին։

Հուստինիանոսից ստանալով կտրուկ հրաման՝ Սիտտասն արդեն ստիպված էր շարժել իր բանակը։ Իսկ ի՞նչ մեծության այն կարող էր լինել։ Այդ մասին սկզբնաղբյուրներում որևէ հստակ տեղեկություն, ցավոք, չկա։ Սակայն եթե նկատենք, որ 530-ական թթ. սկզբից ի վեր Հայաստանի բյուզանդական մասում տեղաբաշխված էր չորս լեգեոն (Հուստինիանոսի դարաշրջանում լեգեոն էին անվանում տարբեր քանակ և կառուցվածք ունեցող գնդերը), իսկ Սիտտասն էլ իր հետ կայսրության մայրաքաղաքից բերել էր օժանդակ զորքեր, ապա նրա հրամանատարության ներքո բավականին պատկառելի ռազմական ուժ կար։ Հաշվի առնելով, որ պարսիկների հետ նախորդ պատերազմում կայսերական մարտունակ ուժերն արևելքում հասնում էին 25-30 հազար մարտիկի, կարելի է ենթադրել, որ մոտավորապես նույն քանակի զորք էլ կար Սիտտասի բանակում 539 թ., քանի որ նա արևելք ուղարկվել էր ոչ միայն հայկական ապստամբությունը շտապ ճնշելու, այլև, փաստորեն, պարսկական բանակի սպասվող հնարավոր ներխուժումը հետ մղելու նպատակով։ Բյուզանդական զորքերի թվացյալ փոքրաթիվությունը ընթերցողին շփոթության չպետք է մատնի։ Հուստինիանոսի ռազմիկներն այնքան պատրաստված էին, իսկ նրա զորավարները մարտավարական առումով այնքան գրագետ, որ քանակապես զգալիորեն գերակշռող թշնամիների նկատմամբ բազմիցս էին հաղթանակներ տոնել, հատկապես շնորհիվ մարտավարական և օպերատիվ տարաշարժերի (մանևր) գերազանց կատարման և վարպետորեն հաշվարկված պաշտպանական-հարձակողական ռազմավարության կիրառման։ Օրինակ, Բելիսարիոսն Աֆրիկայում ափ էր իջել 15.000-անոց բանակով, որից նրան բավարար եղավ 5000 ձիավոր, որպեսզի բաց դաշտում հաղթանակ տանի վանդալների տասնապատիկ գերակշիռ ուժերի նկատմամբ (Տրիկամերոնի ճակատամարտ, 533 թ. դեկտեմբեր)։ Բելիսարիոսն ու Նարսեսն Իտալիան նվաճեցին բանակներով, որոնց մարտիկների թիվը 25000-ից ավելին չէր։

Ինչպես սկզբնաղբյուրները, այնպես էլ ներկայիս արևմտյան հետազոտողները չափազանց բարձր են գնահատում Սիտտասի ռազմավարական տաղանդը, ընդգծելով, որ նա ոչ մի հարցում չէր զիջում Բելիսարիոսին որպես զորավար, իսկ որպես քաղաքական գործիչ նույնիսկ գերազանցում էր։ Այսպես, Պրոկոպիոս Կեսարացին խոսում է նրա «արիության և սխրագործությունների» մասին, ավելացնելով, թե «նա շատ գեղեցիկ էր, քաջ կռվող, ընտրագույն զորավար, որը որևէ հարցում չէր զիջում իր ժամանակի զորավարներին», իհարկե, նկատի ունենալով Բելիսարիոսին և քիչ ավելի ուշ փառքի հասած Նարսեսին (ի դեպ, այսօր արևմուտքում վերջինիս համարում են «ավելի լավ մարտավար», քան նույնիսկ Բելիսարիոսին)։ Պատմագիր Հովհաննես Մալալասը հակիրճ բնութագրում է՝ «Սիտտասը քաջարի մարդ էր»։ 539 թ. աշնան վերջին, ելույթ ունենալով պարսից արքա Խոսրով Ա առջև, հայ ապստամբների ներկայացուցիչներն էլ են Սիտտասին և Բելիսարիոսին Հաստինիանոսի երկու լավագույն զորավարներ համարում, ասելով՝ «նրանց երկու լավագույն զորավարներներից մեկին՝ Սիտտասին մենք սպանել ենք»։

Իսկ ո՞վ էր 538-539 թթ. հայկական ապստամբական բանակի գլխավոր հրամանատարը։ Եվ որքա՞ն էր այդ բանակի թվաքանակը։ Առաջին հարցի պատասխանը գրեթե միանշանակ է՝ Վասակ Մամիկոնյանը։ Մեր այս եզրակացությունը հիմնվում է Պրոկոպիոսի այն հաղորդման վրա, ըստ որի հե՛նց այդ «չափազանց գործունյա մարդն էր» գլխավորում 539 թ. աշնանը պարսկական տերության սահմանները նահանջած հայ ապստամբներին, որոնց մեջ էր նաև Արտավան Արշականին։ Մամիկոնյանների տան ներկայացուցչին ապստամբության ռազմական ղեկավար ընդունելը միանգամայն օրինաչափ էր, քանի որ նրանք ռազմական գործի անգերազանցելի վարպետներ էին, ժառանգաբար հայոց սպարապետները և բոցավառ հայրենասերներ։ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո Մամիկոնյաններն անփոխարինելիորեն գլխավորում էին հայոց ազգային-ազատագրական շարժումները՝ 450-451, 481-484, 571-572 թթ.՝ Պարսկաստանի դեմ, 747-753, 772-775 թթ.՝ Արաբական խալիֆայության դեմ։ Մամիկոնյանների ղեկավարած հայոց ապստամբությունների այս ցուցակը կարելի է, փաստորեն, արդեն լրացնել 538-539 թթ. ապստամբությամբ։ Ապստամբության մյուս գլխավոր դեմքերից մեզ հայտնի են Հովհաննես Արշակունին և նրա որդի Արտավանը, որոնք միացյալ հայկական զորքում հավանաբար եղել են երկրորդ և երրորդ դեմքերը։ Արտավանի եղբայր Հովհաննեսը նույնպես մասնակցել է ապստամբությանը, անկասկած, իբրև զորահրամանատար։

Երկրորդ հարցի պատասխանն այնքան էլ պարզ չէ։ Վստահորեն կարելի է միայն եզրակացնել, որ հայկական ապստամբական բանակի թվաքանակը պետք է լիներ այն աստիճան տպավորիչ, որ Սիտտասի մտավախությունն առաջացներ նրա դեմ հարձակում սկսելու նպատակահարմարության վերաբերյալ։ Հայոց զորքի բավականին մեծ լինելու մասին է վկայում նաև այն, որ նրանք ընդունեցին բյուզանդական բանակի դեմ գլխավոր ճակատամարտը և հաղթանակ տարան (այդ մասին կխոսենք հետագայում)։ Հետևաբար, հայկական բանակի թվաքանակը, որոշակի պայմանականությամբ, կարելի է հաշվել 15000-ից մինչև 30000 մարտիկ։ Նրա կազմում, բացի ընտիր ռազմիկներից բաղկացած նախարարական գնդերից հավանաբար կային նաև աշխարհազորային ստորաբաժանումներ։

(Շարունակելի)

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

#22 (185), 10 հունիսի, 2011 թ.

This post is also available in: ,