«Երիտսյունիներն» Արցախում. ամառային հասարակագիտական դպրոց հրավիրված են ապազգային գաղափարներով հայ դասախոսնե՞ր

«Երիտսյունիներն» Արցախում. ամառային հասարակագիտական դպրոց հրավիրված են ապազգային գաղափարներով հայ դասախոսնե՞ր

Հունիսի 27-ին Արցախում մեկնարկեց «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցը, որն իրականացվում է «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։

Ըստ կազմակերպիչների` մրցութային կարգով Արցախից և Հայաստանից ամառային դպրոց ընդունված շուրջ 30 մասնակից առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Հայաստանից ու արտերկրից ժամանած դասախոսներից դասախոսություններ կլսի հասարակական գիտությունների, հատկապես` քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային կազմակերպությունների, հակամարտությունների հաղթահարման, արդյունավետ հաղորդակցության, արվեստի պատմության և մի շարք այլ ոլորտների վերաբերյալ։

«Դասախոսելու համար Հայաստանից և Սփյուռքից հրավիրվել են առաջատար հասարակագետներ և քաղաքական վերլուծաբաններ, ինչպիսիք են Էմիլ Դանիելյանը, Լիլիթ Սարգսյանը, Մայա Բարխուդարյանը, Համազասպ Դանիելյանը, Արշակ Բալայանը Հայաստանից, Գրեգ Ավթանդիլյանը, Ռոբերտ Նալբանդովը և Ռազմիկ Փանոսյանը Սփյուռքից»,- գրված է նախաձեռնության մամլո հաղորդագրության մեջ:

Արտաքուստ կարևոր ու օգտակար թվացող այս հաղորդագրությունը դեռևս մայիս ամսին մեծ ոգևորությամբ տարածեցին բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցներ:

Սակայն ամառային դպրոցի մեկնարկից երեք օր առաջ` հունիսի 24-ին, «Հայաստանի զրուցակից» թերթում լույս տեսավ հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ («Արցախյան ազատամարտն անջատողական պիտակողները գալիս են Արցախ… ուսուցանելու»), որում նա սուր քննադատության է ենթարկում այդ նախաձեռնությունը` բացահայտելով ոչ հայանպաստ փաստեր հրավիրված դասախոսների սկզբունքների, գաղափարների և գործունեության վերաբերյալ:

ԱՄՆ-ից Արցախ ժամանած դասախոս Ռազմիկ Փանոսյանը, ինչպես իր հարցազրույցում նշել է Այվազյանը, արցախյան ազգային-ազատագրական շարժումն անվանում է անջատողական: Սակայն դա Փանոսյանի միակ ապազգային տեսակետը չէ. ինչպես տեղեկացնում է Այվազյանը, 2006 թ. Կոլումբիայի համալսարանի հրատարակչությունում լույս տեսած իր «Հայեր. թագավորներից և հոգևորականներից մինչև վաճառականներ և կոմիսարներ» գրքում Փանոսյանը սևացնում է վերջին տարիներին ստեղծված հայ պատմագիտական դպրոցը` համարելով այն նացիոնալիստական: Մասնավորապես, նացիոնալիստ և ռևիզիոնիստ է անվանում հայոց բնիկությունը հաստատող հեղինակներին` շրջանցելով հայերի բնիկ լինելու վերաբերյալ բոլոր տեղեկություններն ու հետազոտությունները:

Փանոսյանը «ծայրահեղ նացիոնալիստ» է անվանում նաև ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, նաև` Հանրապետական կուսակցության որոշ հին անդամների և ծաղրի ենթարկում նժդեհյան ցեղակրոնության գաղափարներին հարելու համար:

Ցեղասպանությունից մազապուրծ և օտարության մեջ տառապող հայության լայն խավերին նա պիտակավորում է որպես «ռադիկալ» և պատճառաբանում, թե նրանք համակրում էին 1970-1980-ական թթ. ԱՍԱԼԱ-ին և հայկական մյուս գաղտնի կազմակերպություններին` հայ վրիժառուներին անվանելով այլընտրանք չհանդուրժող «տեռորիստ» եզրույթով, որոնք «նացիոնալիստական պահանջներ» էին առաջ քաշում (Փանոսյանն իր անհամաձայնությունն է հայտնում նրանց «ազատամարտիկ» համարողներին):

Փանոսյանի թեթև ձեռքով նսեմացվում են նաև հայ արքայատոհմերը, քանի որ նա կասկած է հայտնում Երվանդունիների հայ կամ Արշակունիների հայախոս լինելու կապակցությամբ` շահարկելով, մի դեպքում, հին էլիտաների համար սովորական խառնամուսնություններն օտար արքայական տների ներկայացուցիչների հետ, մյուս դեպքում՝ առաջին Արշակունիների պարթևական ծագումը:

Փանոսյանը պաշտպանում ու կրկնում է մեկ այլ «հայագետի»` Ռոբերթ Թոմսոնի ասածները, թե իբր Խորենացին գրել է VIII դարի կեսերին և ոչ թե V դարում», ինչպես նաև մեջբերում է Պատմահոր հասցեին Թոմսոնի հայհոյանքը. «Մովսեսը մի լկտի և կեղծարար խաբեբա է, իսկ նրա երկը՝ ոչ հավաստի աղբյուր»:

Ինչ վերաբերում է հայ ազատագրական շարժումներին, ապա ըստ Փանոսյանի, օրինակ, Դավիթ բեկի գլխավորած Սյունյաց ապստամբությունը ազգային-ազատագրական պայքար չէր, այլ այն այդպես են որակում «նացիոնալիստ պատմաբանները», իսկ Վարդանանց պատերազմը միմիայն կրոնական պատերազմ էր՝ առանց ազատագրական նպատակների:

Փանոսյանը Արևմտյան Հայաստանի մասին գրելիս չակերտների մեջ է դնում «կորուսյալ հողեր» արտահայտությունը, իսկ Ջավախքը վրացական եզրույթով անվանում Ջավախեթի` այդ տարածքի նկատմամբ ազգային զգացմունքներն ու քաղաքական մոտեցումները բնութագրելով «նացիոնալիստական»:

Ինչպես նշում է Այվազյանը, Փանոսյանն իր շարադրանքներում որևէ հիմնավորում չի տալիս` փոխարենն անելով անհեթեթ հայտարարություններ, որոնք լուծում են քարոզչական խնդիր՝ նսեմացնել հայերին, նրանց անցյալն ու ներկան, պատմությունն ու մշակույթը։ «Փանոսյանի նմաններին ես կոչում եմ երիտսյունիներ։ Ինչպես և տխրահռչակ կեղծարար Ռ. Սյունին, այնպես էլ Փանոսյանը երբևէ գիտական որևէ լուրջ ուսումնասիրություն չի հեղինակել, նրա այս գիրքն էլ ընդամենը կրկնությունն է այն բոլոր կեղծ դրույթների, որոնք ժամանակին հնչեցրել են Նինա Գարսոյանը, Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Ռոնալդ Սյունին, ամերիկյան «հայագիտական» դպրոցի այլ ներկայացուցիչներ»,- ասում է Այվազյանը:

Ավելացնենք, որ ամառային դպրոցի մասնակիցների համար «Մեդիա և հասարակություն» թեմայով դասախոսություն է կարդալու նաև հայաստանցի լրագրող Էմիլ Դանիելյանը: Նա, ըստ Այվազյանի, պարբերաբար հրաժարվում է օգտագործել իրավական կշիռ ունեցող «ցեղասպանություն» եզրույթը` նախընտրելով «1915 թ. զանգվածային սպանություններ և տեղահանումները», ինչը հաճախ է հանդիպում թուրքական մերժողական դիրքորոշում ունեցող անգլիալեզու հրապարակումներում:

Նշենք, որ 2009 թ. «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը քննադատել և թարգմանաբար հրապարակել է այդ լրագրողի հոդվածներից մեկը, որում նա կրկին ցեղասպանություն եզրը փոխարինել է վերոնշյալ արտահայտությամբ: Ռազմավարագիտական կենտրոնի կոչը` հրապարակայնորեն հերքել «զանգվածային սպանություններ» արտահայտության կիրառումը, լրագրողը թողել է անպատասխան:

Սակայն այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը Փանոսյանն անվանում է «անջատողական»` ավելացնելով, որ այն, «նացիոնալիստական պահանջների կիզակետ դառնալով, եկավ ամբողջովին փոխարինելու Սփյուռքի ահաբեկչական շարժմանը»։

«Սա հե՛նց այն է, ինչ ասում են Բաքվում և Անկարայում. արցախյան գոյամարտը ոչ այլ ինչ էր, քան հայերի նացիոնալիստական և ահաբեկչական մի շարժում»,- մեկնաբանում է Այվազյանը` զարմանալով, որ անգամ Արցախում՝ հայոց սահմանագծին, չեն հասկանում, թե ում են գրկաբաց ընդունել և վստահել հայ երիտասարդների կրթադաստիարակչական գործը. «Ի՞նչ են սովորեցնելու հայ ուսանողներին այդ երիտսյունիները` կեղծ պատմությու՞ն, ինքնատյացությու՞ն, կամազրկությու՞ն, թե՞ պարտություն», – հարցնում է Այվազյանը:

Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր, Արցախի խորհրդարանի պատգամավոր, պատմաբան Վահրամ Բալայանը մեզ հայտնեց, որ ամառային դպրոցի մասին տեղեկացել է Այվազյանի` «Հայաստանի զրուցակցին» տված հարցազրույցից: Վերոնշյալ անձանց կողմից Արցախում դասախոսություն կարդալու վերաբերյալ նա արտահայտվեց հետևյալ կերպ. «Դա խուլիգանություն է…»:

Արցախի կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը սկզբում հայտնեց, որ ընդամենը տեղյակ է, որ նման բան է կազմակերպվել, հետո ավելացրեց, որ իրենք չեն կարող խոչընդոտել օրենքով գրանցված, թույլտվություն վերցրած հասարակական կազմակերպության գործունեությունը: Քիչ անց նախարարն անձամբ զանգահարեց «Անկախի» խմբագրություն` հայտնելով, որ ինքը մերժել է համալսարանի ռեկտորի դիմումը Արցախի պետական համալսարանի շենքն ամառային դպրոցին տրամադրելու մասին. «Հենց սկզբից էլ այդ ամենի մեջ ինչ-որ կասկածելի բան կար,- ասաց նախարարը,- եթե հայ լրագրողը հրաժարվում է գործածել «ցեղասպանություն» բառը, դա արդեն նորմալ չէ»:

Նախարարը նաև հայտնեց, որ ամառային դպրոցն իր աշխատանքն անցկացնում է «Մեսրոպ Մաշտոց» մասնավոր համալսարանում, իսկ իրենք վերահսկում են գործընթացը:

Ավելացնենք, որ Արցախում «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի ներկայացուցիչ է ԼՂՀ արտգործնախարարության աշխատակից Կարեն Կոստանդյանը, որը ողջույնի խոսք է հղել ամառային դպրոցի մասնակիցներին:

Փաստորեն, Ռազմիկ Փանոսյանը բավականին գործնական հարաբերությունների մեջ է երիտասարդ հայ գիտնականների ու պաշտոնյաների հետ. հետաքրքիր է` նրանք համագործակցում են` տեղյակ լինելո՞վ Փանոսյանի գաղափարներին:

Նշենք, որ «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցի նախաձեռնողները ներկա ամառային դպրոցի հաջող իրականացման դեպքում մտադիր են սույն ձեռնարկը դարձնել ամենամյա իրադարձություն…

Անի Գասպարյան | Հունիսի 28, 2011 14:54

Ankak.com

This post is also available in: ,