Վրաստանում հակահայկական տրամադրություններ են նկատվում

Վրաստանում հակահայկական տրամադրություններ են նկատվում

Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական վերջին փոփոխություններից հետո Վրաստանում սրվում են հակահայկական տրամադրությունները։

Վրաստանի խորհրդարանը հուլիսի 5-ին արագացված կարգով երկրորդ, երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան փոփոխությունները, որոնցով նախատեսվում է իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել երկրում գործող կրոնական միություններին, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն:

Օրենսդրական փոփոխությունների դեմ դժգոհությունը վերածվել է բողոքի ցույցերի։ Հանգստյան օրերին Վրաց ուղղափառ եկեղեցու աջակցությամբ հազարավոր մարդիկ էին հավաքվել Թբիլիսիում իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։ Ցուցարարները շարժվել էին դեպի Սուրբ Երրորդության տաճար՝ Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի օրհնությունը ստանալու: «Շատերն են փորձում նսեմացնել եկեղեցուն, բայց ով եկեղեցին նսեմացնում է՝ կպատժվի»,- հայտարարել էր Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը։

Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ «ընդհանուր առմամբ վրաց հասարակության շրջանում անառողջ տրամադրություններ կան»:

«Վրաստանում արթնացել է հայաֆոբիան: Տրանսպորտում, փողոցում, ամենուր քննարկվում է այս հարցը՝ հայերի համար բացասական տեսանկյունից: Վրաց հասարակությունը բաժանվել է մի քանի մասի՝ կան բացահայտ հակահայ տրամադրված խմբեր, թեեւ, իհարկե, քիչ չէ նաեւ այն մարդկանց թիվը, ում համար անընդունելի է այդ տրամադրվածությունը», – ասաց Ստեփանյանը:

Թեեւ օրենսդրական այս փոփոխություններով նախատեսված է իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել ինչպես Հայ Առաքելական եկեղեցուն, այնպես էլ Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մահմեդականներին, հրեական համայնքին, Բապտիստական եկեղեցուն, երկրում գործող բոլոր այն կրոնական հոսանքներին, որոնք «նման կարգավիճակ ունեն Եվրախորհրդի անդամ երկրներում», բայց, ըստ Ստեփանյանի, հատկապես Հայ Առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալու փաստն է վրդովեցրել եւ զարմացրել Վրաց ուղղափառ եկեղեցու հավատացյալներին։ Նրանց զարմացրել է այն, թե ինչպես Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսին ու Հայաստանի իշխանություններին հաջողվեց «համոզել» Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին` դեմ գնալ Վրաց ուղղափառ եկեղեցու հորդորներին:

«Նույնիսկ այնպիսի լուրեր են տարածում, թե իբր Հայաստանը վճարել է Վրաստանի իշխանություններին, որպեսզի նման օրենք ընդունվի»,- ասաց Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավարը։

Առնոլդ Ստեփանյանի մեկնաբանությամբ, այդ տրամադրություններին հատկապես նպաստել է Վրաց ուղղափառ եկեղեցու Դմանիսիի եւ Ագարակ-Տաշիրի թեմի առաջնորդ Զենոնի հարցազրույցը Վրաստանի «Մաեստրո» հեռուստաընկերությանը։ Վրաց հավատացյալների շրջանում մեծ հեղինակություն վայելող այս հոգեւորականը կարծիք էր հայտնել, թե ընդունված օրենսդրական փոփոխությունները ուղղակիորեն բխում են Հայ Առաքելական եկեղեցու ցանկություններից:

«Ամենայն Hայոց կաթողիկոսը չկարողացավ համաձայնության գալ Վրաստանի պատրիարքարանի հետ, սակայն հայկական կողմը արդյունքի հասավ Վրաստանի իշխանությունների հետ բանակցություններում: Այս որոշումը Գարեգին երկրորդի հաղթանակն էր», – ասել էր Զենոնը։

«Իր հայտարարության մեջ Զենոնը ըստ էության մատնանշել էր հայկական եկեղեցուն եւ Հայաստանի իշխանություններին, որոնց դրդմամբ է կարծես վրացական խորհրդարանն այս օրենքն ընդունել՝ առանց սպասելու ուղղափառ եկեղեցու հետ բանակցությունների արդյունքներին», – մեկնաբանեց Ստեփանյանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը անցած շաբաթ ողջունել է Վրաստանում հայկական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ տալու` վրացական իշխանությունների որոշումը։ Իր երախտագիտությունը հայտնելով Վրաստանի նախագահին՝ «Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքին ընդառաջելու եւ խնդրին լուծում տալու համար», Մայր Աթոռը միաժամանակ ընդգծել է, որ «Վրաց եկեղեցին, վրաց ուղղափառ համայնքն էլ որեւէ խնդիր չունեն Հայաստանում գրանցվելու առնչությամբ»։

Իրինա Հովհաննիսյան

www.azatutyun.am

This post is also available in: ,