Ամերիկյան «հայագիտության» գլուխգործոցը կամ Ռոնալդ Սյունի Կեղծարար

Ամերիկյան «հայագիտության» գլուխգործոցը կամ Ռոնալդ Սյունի Կեղծարար

Հայազգի Ռոնալդ Գրիգոր Սյունին իր «պատվավոր» տեղն ունի ամերիկյան այնպիսի «հայագետների» շարքում, ինչպիսիք են Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Նինա Գարսոյանը, Ջորջ Բուռնությանը և ուրիշներ: Ավելին, հայոց պատմության կեղծարարության առումով Սյունին  չգերազանցված է:

1995-ից լինելով ամերիկյան ամենահեղինակավոր համալսարաններից մեկի` Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի, իսկ մինչ այդ  Միչիգանի համալսարանում Ալեք Մանուկյանի նվիրատվությամբ հիմնադրված ու նրա անունը կրող ամբիոնի պրոֆեսոր` Սյունին այդ տարիներին գրել է ամերիկյան կեղծ հայագիտության «գլուխգործոցներից» մեկը` «Հայացք դեպի Արարատ. Հայաստանը նոր պատմության մեջ» գիրքը:

Ինչպես Թոմսոնն էր Խորենացու երկի թարգմանության իր առաջաբանում հայոց պատմության և ընդհանրապես հայության վերաբերյալ զետեղել իր «անկեղծ զգացումները»` համարելով Խորենացուն լկտի և կեղծարար խաբեբա, իսկ նրա երկը` ոչ հավաստի աղբյուր, այնպես էլ Սյունին «Հայացք դեպի Արարատի» առաջաբանում նախապես նշել է իր երկի բուն նպատակը. այն է` «կազմալուծել hայ քաղաքական ազգայնականների քաղաքական գաղափարախոսության hիմքը, ըստ որի` hայերի` որպես պատմական ժողովրդի շարունակական գոյությունը, առաջացումը hայկական լեռնաշխարհում նրանց զինում է ինքնորոշման և պետականության իրավունքով ու նաև պատմականորեն վավերացված պահանջատիրությամբ այն տարածքների նկատմամբ, որ կազմում են Հայաստանը»։

Սյունիի գնահատմամբ` հայերի այս կարծիքը ոչ այլ ինչ է,  եթե ոչ «հավատալիքների հավաքածու»:

Այնուհետև Սյունին, նախապես իրեն ապահովելով հնարավոր հարձակումներից, շարունակել է.  «Քանի որ հայկական պատմության այս ըմբռնումն այդքան մեծ քաղաքական դեր ունի հայերի համար…, ապա այն կասկածի ենթարկելու, այդպիսի ընթերցումը կազմող հավատալիքների հավաքածուն կազմալուծելու որևէ փորձ պետք է կատարվի զգուշությամբ և նրբանկատորեն, լիովին գիտակցելով, որ նմանօրինակ որևէ ուսումնասիրություն կարող է նկատվել իբրև հարձակում ազգի ոգու դեմ իսկ»:

Այս աշխատությունը Հայաստանում ամենայն մանրամասնությամբ քննել ու քննադատել է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը՝ ավելի քան 100 էջ նվիրելով դրան իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» գրքում (Եր., 1998 թ.):

Լիովին մերկացնելով Սյունիին ու նրա բռնած հայատյաց ճանապարհը` Այվազյանը գրել է. «Սյունիի օգտագործած աղբյուրները շատ հաճախ պարզապես հղված չեն, սա նրա գրքի մեթոդաբանական ամենաբնորոշ և ոչ պատահական թերություններից մեկն է: Ճիշտ այս հակագիտական եղանակով էլ Սյունին «պարզել» է հայերի ծագումնաբանությունը. «Նախահայերը գաղթել են Արևելյան Անատոլիա՝ Հայկական լեռնաշխարհ, մ.թ.ա. VI դարի կեսերին»:

Ըստ Այվազյանի` այս կարճ նախադասության մեջ կա միանգամից երկու կոպիտ սխալ. նախ` Արևելյան Անատոլիայի նույնացումը հայկական լեռնաշխարհի հետ սխալ է և՛ պատմական, և՛ աշխարհագրական տեսանկյուններից: Մինչև վերջին տասնամյակները Անատոլիա աշխարհագրական եզրը եղել է Փոքր Ասիա թերակղզու հոմանիշ: Սակայն 1920-ական թթ. ի վեր, սկզբում միայն Թուրքիայում, ապա նաև Արևմուտքում սկսեցին դիտավորությամբ գործածել Անատոլիան ու նոր թխած Արևելյան Անատոլիա եզրը՝ մատնանշելու համար Թուրքիայի Հանրապետության արևելյան ամբողջ տարածքը, ներառյալ` Արևմտյան Հայաստանը և Քրդստանը:

Այվազյանն ասում է, որ անգամ այդպիսի սխալ և աշխարհագրորեն խեղաթյուրված նշանակությամբ «Անատոլիան» կիրառողները դեռևս այն չէին նույնացրել ամբողջ Հայկական լեռնաշխարհի հետ, որ իր մեջ ներառում է նաև Արևելյան (Պարսկական/Ռուսական/Խորհրդային/անկախ) Հայաստանը. «Իսկ որ Սյունին Արևելահայաստանն էլ է մտցնում Անատոլիայի տարածքի մեջ, շատ պարզ երևում է նաև նրա` Ղարաբաղի աշխարհագրության նկարագրությունից. «Ղարաբաղը լեռնային մի շրջան է՝ Արևելյան Անատոլիայով ձգվող մեծ Հայկական լեռնաշխարհի ամենաարևելյան ծայրին…»,- նկատում է Այվազյանը:

Վերոբերյալ նախադասության երկրորդ կոպիտ սխալը, ըստ Այվազյանի, այն է, որ Սյունին չի ասում, թե նախահայերը որտեղից են հայկական լեռնաշխարհ «գաղթել». «Այդուհանդերձ, վստահորեն կարող ենք եզրակացնել, որ նա նկատի ունի վաղուց հնացած այն տեսությունը, ըստ որի` նախահայեր համարվող փռյուգիացիները մ.թ.ա. VI դարում ներխուժել և գրավել են պատմական Հայաստանի տարածքը, – մեկնաբանում է Այվազյանը` ավելացնելով, որ Սյունին ընդհանրապես չի անդրադառնում, օրինակ, հնդեվրոպացիների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհում և նրա հարակից շրջաններում տեղադրող վերջին կապիտալ ուսումնասիրություններին. չէ՞ որ դրանով կվտանգվեր հայերի եկվորության թուրքանպաստ տեսությունը»:

Իր գրքում Սյունին հայ ժողովրդի կազմավորման մասին հայտարարում է. «Մինչև մեծ թագավոր Տիգրանի (մ.թ.ա. 95-55 թթ.) գահակալումը հայերը նախնական սոցիալական և լեզվական կազմավորման ընթացքի մեջ էին: Նախահայերը դարձան ճանաչելի խումբ իրենց իրանական տիպի ցեղային կառուցվածքով և փոխառված հեթանոսությամբ»:

«Նախ՝ պարզ չէ, թե ինչպե՞ս կարող էին, ըստ Սյունիի, ընդամենը 450 տարի առաջ արևմուտքից Հայաստան խուժած նախահայերը, արդեն մ.թ.ա. I դարում այդքան արագորեն կազմավորվել իրանական տիպի ցեղային կառույցների մեջ: Երկրորդ` այնուամենայնիվ, որո՞նք էին մ.թ.ա. I դարում նախահայկականից հայկական կարգավիճակի անցած ցեղերը, ի՞նչ էին նրանց անվանումները, ե՞րբ վերացավ այդ ցեղային կառուցվածքը: Այս հարցերին Սյունին չի անդրադարձել»,-բացատրում է Այվազյանը:

Ավելին, Սյունին հայերի՝ իբրև ժողովրդի կազմավորումը դնում է ավելի ուշ ժամանակահատվածի մեջ` հայտարարելով, թե մ. թ. IV դարի սկզբի դրությամբ հայերն արդեն կազմել էին եզակի, ճանաչելի էթնիկ-կրոնային համայնք:

«Այս տեղաժամանակային քմահաճ խաթարումներից ու շիլա-շփոթից հետո հայոց պատմությանն անտեղյակ անգլիախոս անպատրաստ ընթերցողը մակաբերում է միայն այն, որ հայ ժողովրդի կազմավորումն ավարտվել է մ.թ.ա. I դարից մինչև մ. թ. IV դարն ընկած ժամանակահատվածում, որն արդեն իսկ սխալ է և ոչ մի փաստով չի հիմնավորվում»,-ասում է Այվազյանը:

Ըստ Այվազյանի` հատուկ ուշադրության է արժանի նաև այն, որ Սյունին ձգտել է հայերին ամեն կերպ հետ պահել իրենց արմատները մինչև մեր թվարկությանը նախորդած դարերը հասցնելու մտքից: VI-V դարերում ապրած «նախահայերի» մասին պարբերությունից անմիջապես հետո Սյունին գրել է. «Գուցե կան գենետիկ կապեր այդ հին ժողովրդի և այսօր Խորհրդային Հայաստանում ապրող ոմանց միջև, սակայն ապրած լինելով Արևելք-Արևմուտք միգրացիաների, ներխուժումների, զավթումների և դաժան բնաջնջումների անկայուն տարածաշրջանում` արդի հայերն ավելի շատ էթնիկ միախառնումների արդյունք են, քան Ուրարտուի կենսաբանական մաքրարյուն ժառանգներ»:

«Ուրարտուն հանկարծ ամենավերջում հիշատակելով՝ Սյունին փորձել է խոհեմաբար իր համար նահանջի տեղ թողնել, սակայն ամբողջ կոնտեքստն ստեղծում է ընթերցողի այն միանշանակ տպավորությունը, թե հայերը որոշակի գենետիկ միատարրության են հասել ավելի ուշ ժամանակներում, քիչ է մնում ասի՝ Խորհրդային Հայաստանի օրոք, չէ՞ որ Հայկական լեռնաշխարհում Սյունիի հիշատակած միգրացիաները, ներխուժումները, զավթումներն ու դաժան բնաջնջումները կրկնվել են ընդհուպ մինչև մեր դարի 20-ական թվականներ»-ասում է Այվազյանը:

Ի հակադրություն դրա` Այվազյանն իր գրքում մանրամասն ներկայացրել է, թե որքան կարևոր է եղել հայոց գենետիկ միատարրությունը` որպես հայերի ազգախմբող, ազգատարանջատող և ազգապահպան որոշիչ գործոն և հայոց ինքնության հիմնաքարերից մեկը:

Քաղաքագետը մեջբերել է նաև Encyclopedia Britannica-ի տվյալները. «Հայերն ունեն շատ բնորոշ և միատեսակ դիմագծեր: Նրանք բարձրահասակ են ու թուխ, նրանց աչքերը մեծ են, քիթը՝ երկար, բավական բարակ, ուղիղ կամ թեթևակիորեն արծվային, հաճախ` ծայրին թեքված: Նրանք չափազանց կարճագլուխ են՝ հայկական տիպիկ գլուխը կարճ է, այն ուղղաձգորեն բարձրանում է վզից վերև, այնպես որ գանգն ընդունում է կոնուսաձև տեսք…»։

«Մարդաբանական-գենետիկ այս աստիճան նույնությունն ունի իր պատմական բացատրությունը,- ասում է Այվազյանը,- մինչդեռ հայերը դարեր շարունակ շատ մեծ թվով ձուլվել են այլազգիների մեջ` շատ հաճախ ենթարկվելով բռնի ուծացման, այնուամենայնիվ նրանք իրենց մեջ չեն ձուլել այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների մի այնպիսի զգալի թիվ, որ բավարար լիներ նշանակալի գենետիկ որակափոխություններ առաջացնելու համար. հայերի մեջ խառն ամուսնությունները միշտ աննշան տոկոս են ունեցել»:

Սյունին իր գրքում անդրադարձել է նաև ադրբեջանցիների և ղարաբաղցիների ծագումնաբանությանը, ղարաբաղյան շարժմանը, հայոց ցեղասպանությանը, հայոց մշակույթին, գիտությանն ու կրթությանը և Հայաստանին ու հայությանը վերաբերող մի շարք այլ հարցերի, որոնց մենք կանդրադառնանք առանձին-առանձին: Այդ բոլոր հարցերում կարմիր թելի պես անցնում է սյունիական ապապատմական մեկնաբանությունը` ընդգծված հակահայ նկրտումներով:

Ցավոք, այդ հեղինակը մեծ հարգանք է վայելում թե՛ ամերիկյան ակադեմիական շրջանակներում, թե՛ ամերիկահայ համայնքում: ԱՄՆ-ում նրան համարում են նախկին ԽՍՀՄ ազգերի խնդիրների, այդ թվում՝ Այսրկովկասի նոր և նորագույն պատմության հարցերի առաջատար մասնագետներից մեկը: Իսկ մեր ակադեմիական շրջանակներում Սյունիի դեմ պայքարը սահմանափակվում է միայն նրան հայաստանյան գիտաժողովներին չհրավիրելով:

Անի Գասպարյան

www.ankakh.com