«Նամակ ՀՀ նախագահ պարոն Ռ. Քոչարյանին, ՀՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Ս. Սարգսյանին»

«Նամակ ՀՀ նախագահ պարոն Ռ. Քոչարյանին, ՀՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Ս. Սարգսյանին»

ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Ստորեւ ներկայացվող փաստաթուղթը դիմումի տեսքով 2005 թ. դեկտեմբերի 2-ին հանձնվել է հասցեատերերին, սակայն մինչեւ օրս ոչ մի պատասխան չի ստացվել: Հետեւաբար, փաստաթուղթն ստորագրած հասարակական կազմակերպություններին եւ փորձագետներին միավորող «Ջավախք» խորհուրդը իր 2006 թ. հունվարի 24-ի նիստում որոշեց այն հրապարակել մամուլում:

ՀՀ նախագահ պարոն Ռ. Քոչարյանին,
ՀՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Ս. Սարգսյանին

«Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության» նախաձեռնությամբ ս. թ. նոյեմբերի 13-ին Երեւանում կայացավ «Ջավախք. ծրագրեր եւ համագործակցություն» հասարակական ու քաղաքական կազմակերպությունների եւ փորձագետների խորհրդակցությունը, որը նվիրված էր Ջավախքում օրեցօր սրվող իրավիճակի եւ այդ կապակցությամբ ձեռնարկվելիք միջոցառումների քննարկմանը: Ժողովի մասնակիցներն ստեղծեցին համակարգող խորհուրդ` Ջավախքի հայությանը կրթական, տնտեսական ու տեղեկատվական օժանդակության խրախուսման ու համադրման նպատակով: Այդ խորհրդի անունից էլ դիմում ենք Ձեզ խոր մտահոգությամբ եւ անհանգստությամբ` ակնկալելով Ձեր ուշադրությունն ու ղեկավար մասնակցությունը Հայաստանի եւ համայն հայության համար կենսականորեն կարեւոր Ջավախքի հիմնահարցի լուծմանը:
Մեր գնահատմամբ, այսօր խնդիրը դրված է պարզ ու հստակ. պահպանել ու պաշտպանել Ջավախքը որպես հայաբնակ տարածք կամ կորցնել` լուռ ականատես լինելով հայկական հերթական երկրամասի լիակատար հայաթափմանը: Ջավախքում հայերի նկատմամբ վրացական իշխանությունների հետեւողականորեն իրականացվող խտրական գործողությունների ամբողջությունը ոչ այլ ինչ է, քան հայությունն աստիճանաբար դուրս մղելու նպատակասլաց քաղաքականություն: Քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ու կրոնական ոլորտներում խտրականությունը արդեն իսկ ծնել է ծայրաստիճան լարված ճգնաժամային կացություն, որը յուրաքանչյուր պահի կարող է հանգեցնել անվերահսկելի զարգացումների:
Հայաստանի Հանրապետության ու ողջ հայության համար Ջավախքի հայաթափումը հղի է աղետալի հետեւանքներով, այդ թվում.
Ջավախքի հայաթափության հետեւանքով Հայաստանի Հանրապետության հյուսիսային ապահով սահմանն անմիջապես կվերածվի հայ-թուրքական սահմանից ոչ պակաս վտանգավոր գոտու, որի պատշաճ հսկումն ու պաշտպանությունը կազմակերպելու համար պահանջվելու են ֆինանսական ու մարդկային մեծ ռեսուրսներ:
Հնարավոր կդառնա Թուրքիայի վաղուց ի վեր փայփայած եւ եվրոպական կառույցների Վրաստանին պարտադրած ծրագրի իրականացումը, այն է` թուրք մեսխեթցիների եւ դրանց անվան տակ թուրքական տարրի վերաբնակեցումը Ջավախքում, որն ինքնըստինքյան կհանգեցնի հյուսիսից Հայաստանի Հանրապետության շրջափակմանը:
Ջավախքի հայության բնական նվիրվածությունը հայոց համազգային շահերին մեծապես զսպում է Վրաստանին է՛լ ավելի խորացնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր արդեն իսկ ձեւավորված ռազմավարական գործընկերությունը: Ջավախքի գործոնի վերացմամբ Թբիլիսիի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կընդունի բացահայտորեն թուրքամետ-ադրբեջանամետ թշնամական ուղղվածություն: Չմոռանանք, որ վրացական պետության թողտվությամբ 1918 թ. թուրքական զորքերն իրականացրին 40.000 հայերի բնաջնջումը:
Վերջապես, հայությունը կզրկվի հայրենի հողի վրա ապրող՝ հայկական գենոֆոնդ կրող գյուղական ստվար բնակչությունից, որը սնուցում է ազգը քանակապես ու մշակութապես: Ժողովրդագրական առումով յուրաքանչյուր հայկական գյուղ մի կենարար աղբյուր է, որի կորուստն անթույլատրելի է: Հիշեցնենք, որ խոսքն ավելի քան 140,000 ազգաբնակչություն ունեցող 140 հայկական բնակավայրերի մասին է:
Նկատի ունենալով վերը շարադրվածը, գիտակցելով հանդերձ տարածաշրջանում միջպետական հարաբերությունների նուրբ խճանկարը եւ խուսափելու համար խնդրի հետագա հնարավոր բարդացումներից՝ կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը`
– աներկբայորեն ճանաչել Ջավախքի հիմնահարցի քաղաքական բաղադրիչի, հատկապես ազգային փոքրամասնությունների եւ ժողովրդի իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը սոցիալ-տնտեսական, մշակութային, կրոնական եւ այլ հարցերի շարքում.
– բոլոր հնարավոր միջոցներով Վրաստանի կառավարությանը հետ պահել հայության դուրսմղման քաղաքականությունը շարունակելուց ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` առաջարկել Վրաստանի իշխանություններին համատեղ ջանքերով լուծել կուտակված հիմնախնդիրները.
– օգտագործել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ու քարոզչական բոլոր միջոցները` միջազգային ասպարեզում (ինչպես նաեւ Հայաստանում) Ջավախքի շուրջը տեղեկատվական շրջափակումը ճեղքելու, այդ հիմնահարցի մասին ճիշտ պատկերացումներ ու բարենպաստ հասարակական կարծիք ձեւավորելու համար.
– աջակցել Ջավախքի հայ ժողովրդին իրավական ու տեղեկատվական խորհրդատվությամբ, հատկապես միջազգային ու եվրոպական կոնվենցիաներով նախատեսված ազգային փոքրամասնությունների իրավունքների, ներառյալ ինքնորոշման իրավունքը, պաշտպանելու հարցերում.
– աջակցել Ջավախքին կրթական, տնտեսական ու տեղեկատվական օժանդակություն ցուցաբերող հայկական հասարակական եւ այլ կազմակերպությունների աշխատանքներին եւ ամեն կերպ սատարել Հայաստանի հետ տնտեսական, հոգեւոր եւ մշակութային ինտեգրացմանը.
– վերջ տալ ջավախահայերի արդարացի պահանջները լռեցնելու ՀՀ որոշ պաշտոնյաների արատավոր գործելակերպին:
Ցանկանում ենք ընդգծել, որ Ջավախքի հիմնահարցին այսօր պատմականորեն արդարացի լուծումներ չտալը Թուրքիային, Ադրբեջանին ու նրանց հովանավորողներին հնարավորություն կընձեռի առկա լարվածությունը վերածելու ազգամիջյան ու միջպետական խոշոր հակամարտության, որը ծանր հետեւանքներ կունենա ե՛ւ Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ե՛ւ Վրաստանի համար:

Խորին հարգանքով` ներքոստորագրյալներ ՝ «Ջավախք» խորհուրդ, 18 ստորագրություն

This post is also available in: ,