Դատավորը Դեմոյանին հիշեցրեց, որ դատարանում այլ քաղաքացիական հարց է քննվում

Դատավորը Դեմոյանին հիշեցրեց, որ դատարանում այլ քաղաքացիական հարց է քննվում

Այսօր` հուլիսի 28-ին, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցով հերթական դատական նիստը:

Ի տարբերություն նախորդ նիստի, այս անգամ պատասխանող կողմը ևս ներկա էր` ի դեմս Հայկ Դեմոյանի և նրա փաստաբան Լիանա Գրիգորյանի:

Արմեն Այվազյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը դատարանին մեկ անգամ ևս ներկայացրեց իրենց պահանջը. այն է` Դեմոյանին պարտավորեցնել վճարելու 1.000.000 ՀՀ դրամ` որպես Այվազյանին հասցված վիրավորանքների դիմաց փոխհատուցում և 2.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտելու դիմաց փոխհատուցում: Նա հիշեցրեց նաև հայցի հիմքում ընկած փաստերը, ըստ որոնց 2011 թվականի մարտի 30-ին Դեմոյանը, գտնվելով ԱՄՆ-ում և հարցազրույց տալով «Վերադարձ» («Return to Armenia») հաղորդաշարի հեղինակ Հարութ Բրոնոզյանին, իսկ այնուհետև նույն թվականի ապրիլի 11-ին «Նոյան տապան», ապա «Հետք» էլեկտրոնային կայքերում հրապարակելով «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները. ցավակցական նոթեր Գևորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին»գրության շուրջ» վերնագրով հոդվածը, Այվազյանի հասցեին մի շարք վիրավորական և զրպարտչական բնույթի հայտարարություններ է արել:

Դեմոյանի փաստաբանը, սակայն, պատասխանեց, թե համամիտ չէ հայցվորի պահանջների հետ, քանի որ այդ արտահայտություններն իրենց կողմից չեն դիտվում` իբրև վիրավորանք և զրպարտություն:

Դեմոյանն էլ իր հերթին հայտարարեց, թե իր կողմից արված գործողություններն ու արտահայտությունները, անկախ այն բանից` կապացուցվեն, թե ոչ, եղել են միմիայն պատասխանի ձևով, և իր կողմից միտում չի եղել նախօրոք որևէ մեկին զրպարտել և վիրավորել. «Դրանք եղել են պատասխան հայտարարություններ և պատասխան գնահատականներ»,-նշեց նա` փորձելով դատարանին հիշեցնել 2008 թվականին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերն անջատված լինելու վերաբերյալ Այվազյանի հայտարարությունը, սակայն դատավորը կասեցրեց այդ փորձը` իր հերթին հիշեցնելով, որ դատարանում այլ քաղաքացիական գործ է քննվում:

Դատարանը ապացուցման պարտականության բեռը բաշխեց հետևյալ կերպ. հայցվոր կողմը մինչև 2011 թվականի սեպտեմբերի 13-ը պետք է ապացուցի այն փաստերը, որ պատասխանողի կողմից իր պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող արտահայտություններ և գործողություններ են տեղի ունեցել, պետք է նաև ապացուվի, թե ինչու՞ հատկապես այդ գումարներն են ենթակա փոխհատուցման: Իսկ պատասխանող կողմը մինչև նույն ժամկետը պետք է ապացուցի, որ հայցվորի հասցեին հնչած արտահայտությունները կրել են պատասխանի բնույթ:

Նախքան նիստի ավարտը դատավորը կողմերին հիշեցրեց վեճն օրենսդրորեն սահմանված հաշտության համաձայնությամբ լուծելու մասին:

«Ի պաշտոնե ես ամեն ինչի նկատմամբ դրական եմ տրամադրված, այս հարցում էլ ունեմ իմ կարծիքը,-հաշտության համաձայնության վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետը հայտնեց Դեմոյանը,-բայց քանի որ դատաքննության նախաձեռնությունն իմը չի, ճիշտ կլինի, որ նախ լսեմ հայցվոր կողմին և ապա, որպես պատասխանող կողմ, իմ կարծիքը հնչեցնեմ»:

Այս թեմայով կարդացեք նաև.

Այվազյանի դատն ընդդեմ Դեմոյանի հետաձգվեց. Դեմոյանը գործուղման մե՞ջ է

Այվազյանը դատի է տվել Դեմոյանին հրապարակային վիրավորանքների և զրպարտության համար

«Պետական հանցագո՞րծ», թե՞ զրպարտիչ. կպարզվի դատարանում

www.ankakh.com

This post is also available in: ,