Այվազյանի և Դեմոյանի գործով դատաքննություն նշանակվեց

Այվազյանի և Դեմոյանի գործով դատաքննություն նշանակվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցով հերթական դատական նիստը: Նախորդ նիստում դատավորը կողմերի վրա դրել էր ապացուցման ենթակա փաստեր բերելու պարտականություն: Այվազյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը դատավորին տրամադրեց ս.թ. մարտի 30-ին ԱՄՆ-ում հեռարձակվող «Վերադարձ» հեռուստահաղորդման տեսասկավառակը, որտեղ, ըստ փաստաբանի, ապացուցվում է, որ Դեմոյանը վիրավորել և զրպարտել է իր պաշտպանյալին: Դատարանը որոշեց քաղաքացիական գործով դատաքննություն նշանակել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ Արմեն Այվազյանը 2011 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին` իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող հրապարակային վիրավորանքների և զրպարտության համար:
Դեմոյանը, սակայն պնդում է, որ հայցվորի և իր միջև միջանձնային հարաբերություններում առաջին անգամ վիրավորական և զրպարտչական հայտարարությամբ հանդես է եկել հենց հայցվորը:
2011 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ում «Վերադարձ» (Return to Armenia) հեռուստահաղորդման ժամանակ, այնուհետև «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները. Ցավակցական նոթեր Գևորգ Յազըճեանի«Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» գրության շուրջ» վերնագրով իր հոդվածում Այվազյանի հասցեին հնչած վիրավորանքների և զրպարտության վերաբերյալ Դեմոյանն առաջ է քաշում իր տեսակետը. «Ստիպված եմ եղել համապատասխան գնահատականներ տալ Այվազյանի վտանգավոր գործունեությանը և իմ դեմ իրականացված վարկաբեկիչ ձեռնարկներին, քանի որ այդ հեռուստահաղորդումը կազմնակերպված ծուղակ էր իմ դեմ` ուղիղ եթերով իմ անձը վիրավորելու նպատակով:- ասում է Դեմոյանը,- Ինչ վերաբերում է Յազըճյանի` գիտական քննադատությանն անհարիր եղանակներով ու բառապաշարով լի հոդվածին, որում նշվում է, թե իբր ես խախտել եմ գիտական բարոյականության պահանջները և հղում չեմ տվել Այվազյանի աշխատանքներին, ապա դա գրագողության բացարձակ անհիմն մեղադրանք է»:
Դեմոյանը պնդում է, որ երկու դեպքում էլ իր հայտարարությունները եղել են ի պատասխան Այվազյանի կողմից իրականացված գործողությունների, և ինքն ամենևին նպատակ չի ունեցել առանց որևէ հիմքի կամ նախադեպի վիրավորանք հասցնել Այվազյանին կամ զրպարտել նրան:
Ի պատասխան դատարանի պահանջին` Դեմոյանը ներկայացրել էր գրություն առ այն, որ Արմեն Այվազյանի դեմ իր արած հայտարարությունները հանդիսացել են պատասխան հայտարարություններ: Ըստ Այվազյանի փաստաբան Արթուր Գրիգորյանի, այդ գրությունը պարունակում է ավելի շատ կցկտուր հակընդդեմ մեղադրանքներ, որոնք կոնկրետ առարկային (հայցադիմումին) չեն առնչվում, մինչդեռ իրենց հայցը վերաբերում է վերոհիշյալ հեռուստահաղորդման ժամանակ և Դեմոյանի գրած հոդվածի մեջ Այվազյանի հասցեին տեղ գտած վիրավորանքներին և զրպարտությանը:
Ի դեպ, դատական նիստին Այվազյանի կողմից մասնակցում էին նաև մի քանի սփյուռքահայեր: Լոնդոնաբնակ Բագրատ Նազարյանը մեզ հետ զրույցում իր զարմանքն ու զայրույթն արտահայտեց Հայկ Դեմոյանի թույլ տված արտահայտությունների վերաբերյալ` ասելով, թե իր համար պարզապես անընդունելի է պետական ու նաև ակադեմիական պաշտոնյայի նման պահվածքը. «Եթե Հայաստանում արժանապատվությունը, էթիկան կամ օրենքը գործեին հավուր պատշաճի, Դեմոյանը պետք է ինքը հրաժարվեր իր պաշտոնից կամ ՀՀ Ազգային Ակադեմիան գոնե պետք է կարգի հրավիրեր նրան, – ասաց Նազարյանը, – ինչ վերաբերում է Դեմոյանի հայտարարություններին, թե իբր ինքը դա արել է ի պատասխան ինչ-որ բաների կամ սադրանքի զոհ է եղել, դա արդարացում չէ»:

ԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

www.ankakh.com