Դատական նիստը կրկին հետաձգվեց Դեմոյանի միջնորդությամբ

Դատական նիստը կրկին հետաձգվեց Դեմոյանի միջնորդությամբ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցով դատական նիստը:

Դեմոյանը դատարանին հայտնել էր, որ գտնվում է արտերկրում` գործուղման մեջ, սակայն քանի որ ցանկանում է անձամբ ներկա գտնվել դատական նիստին, ուստի խնդրում է այն հետաձգել մինչ իր վերադարձը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, և հերթական դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 21-ին: Նշենք, որ դատական 4 նիստերից սա երկրորդն էր, որ հետաձգվեց Դեմոյանի միջնորդությամբ:~

Դատական նիստին ներկա էր նաև Բեռլինի համալսարանի դասախոս դոկտոր Ժիրայր Քոչարյանը: Նա “Անկախ”-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Դեմոյանի կողմից Այվազյանի հասցեին արված հայտարարությունները պատշաճ չեն. «Ես կարծում եմ, որ ցեղասպանության թանգարանի տնօրենը պետք է իր խոսքերն ավելի կշռադատի, քանի որ այն հաստատությունը, որը նա ղեկավարում է, ունի համազգային, ես կասեի` անգամ միջազգային նշանակություն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլի 30-ին Արմեն Այվազյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին` իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող հրապարակային վիրավորանքների և զրպարտության համար:

Դեմոյանը չի հերքում իր ասածները` նշելով, սակայն, որ դրանք եղել են պատասխան հայտարարություններ:

Այս թեմայով`

Այվազյանի և Դեմոյանի գործով դատաքննություն նշանակվեց

Դատավորը Դեմոյանին հիշեցրեց, որ դատարանում այլ քաղաքացիական հարց է քննվում

ankakh.com

This post is also available in: ,