Դեմոյանի դեմ ներկայացված տեսաերիզի դիտումը դատարանում տեխնիկական պատճառներով ընդհատվեց. դատաքննությունը հետաձգվեց

Դեմոյանի դեմ ներկայացված տեսաերիզի դիտումը դատարանում տեխնիկական պատճառներով ընդհատվեց. դատաքննությունը հետաձգվեց

Այսօր  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցով դատական նիստը. Այվազյանի փաստաբանի կողմից դատարանին ներկայացված տեսանյութի (ս.թ. մարտի 30-ին ԱՄՆ-ում հեռարձակված «Վերադարձ» հեռուստահաղորդման տեսասկավառակը, որտեղ, ըստ փաստաբանի, ապացուցվում է, որ Դեմոյանը վիրավորել և զրպարտել է իր պաշտպանյալին) դիտման ժամանակ հաղորդումն ընդհատվեց, և դատավորը դրա դիտումն ու դատաքննության հետագա ընթացքը հետաձգեց մինչև նոյեմբերի 3-ը:

Իսկ մինչ այդ, Այվազյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը կրկին հիշեցրեց հայցի բովանդակությունն ու պահանջները. 2011 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ում «Վերադարձ» հեռուստահաղորդման ժամանակ, այնուհետև «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները. Ցավակցական նոթեր Գևորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» գրության շուրջ» վերնագրով իր հոդվածում Դեմոյանը վիրավորել և զրպարտել է Այվազյանին` արատավորելով նրա պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը, որի համար հայցվորը պահանջում է Դեմոյանին պարտավորեցնել` վճարելու 1.000.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքների դիմաց փոխհատուցում և 2.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտելու դիմաց փոխհատուցում:

Այնուհետև Հայկ Դեմոյանի փաստաբանը ներկայացրեց պատասխանողի տեսակետը` ըստ որի, Այվազյանի հասցեին հնչած արտահայտությունները եղել են պատասխան գործողություններ. «Հայցվորին անհիմն վիրավորելու որևէ նպատակ և ցանկություն չի եղել, և պատասխանողի գործողությունները եղել են լոկ հետևանք հայցվորի կողմից հնչած հայտարարությունների և վտանգավոր հետևանքներ ունեցող անպատասխանատու գործողությունների»,-ասաց նա:

Այվազյանի փաստաբանը, մատնանշելով այդ փաստը, հարցրեց, թե այդ դեպքում ի՞նչն էր խանգարում, որպեսզի վիրավորանքներ և զրպարտություն հնչեցնելու փոխարեն Դեմոյանը դիմեր դաստարան և օրենքի շրջանակներում հարցի լուծում պահանջեր:

Դեմոյանը հայտնեց, թե իրենք ձեռնպահ են մնացել այդ քայլից մեկ կարևոր պատճառով` չուրախացնելու թրքական կողմին:

Ի դեպ, դատավորը մի փոքր զարմացած էր պատասխանող կողմի այն տեսակետից, թե հայցվորի կողմից արված հայտարարությունների հետևանքով լրջորեն սասանվել է Հայաստանի անվտանգությունը. «Դուք իսկապե՞ս կարծում եք, թե դրանք խարխլել են երկրի անվտանգության հիմքերը: Չեմ կարծում, թե երկու ֆիզիկական անձի միջև գոյություն ունեցող խնդիրը կարող է նման հետևանքներ ունենալ»,-ասաց նա` հորդորելով քննարկվող նյութը չդարձնել «դարի հարց» և հարցը լուծել հաշտության համաձայնագրով:

Հիշեցնենք, որ այս հարցը հասարակական լայն հնչեղություն էր ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Սփյուռքահայ բազմաթիվ մտավորականներ երևույթը գնահատել էին ոչ միայն երկու ֆիզիկական անձերի միջև առաջացած վեճի, այլև Հայաստանում գիտական բանավեճի էթիկայի խախտումների, իշխանություն-գիտություն-հասարակություն ոչ ներդաշնակ հարաբերությունների և առհասարակ գիտության զարգացման ապագայի տեսանկյունից:

www.ankakh.com

Այս թեմայով`

Դատական նիստը կրկին հետաձգվեց Դեմոյանի միջնորդությամբ

Այվազյանի և Դեմոյանի գործով դատաքննություն նշանակվեց

Դատավորը Դեմոյանին հիշեցրեց, որ դատարանում այլ քաղաքացիական հարց է քննվում