«Գիտա»-լրագրողական… աջաբսանդալ

«Գիտա»-լրագրողական… աջաբսանդալ

Կռիլովյան «Կարապը, խեցգետինը և շնաձուկ»ը այսօր հարություն է առել հայաստանյան իրականության մեջ. «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանին հերքելու իր արտաբերած վիրավորանքն ու զրպարտությունը:

Քաղաքակիրթ պահվածք է. մարդը, քաղաքացին, գիտնականը գտնում է, որ իրեն փորձել են արատավորել և արատավորողը, ինչպես նախատեսված է օրենքով, պարտավոր է հերքում տալ և ներողություն խնդրել իր սխալի համար:

Հանրությունը, մասնավորապես լրատվամիջոցները, պարտավոր են ամեն ինչ անելու, որպեսզի վերականգնվի ճշմարտությունը, երկու կողմն էլ հաշտվեն իրար հետ՝ պարզվել է ամեն ինչ, օրինական լուծում են ստացել բոլոր վիճելի հարցերը: Սակայն լրատվամիջոցներն առայժմ… նավթ են լցնում կրակին: Ընդ որում, «նավթ լցնում են» շատ անգրագետ, անիրազեկ: Այսպես, «Ինչո՞ւ Արմեն Այվազյանն այդպես էլ չի ներկայանում իր նախաձեռնած դատական նիստերին» վերնագրով հրապարակման մեջ («Անկախ» թերթի կայք) հոդվածագիր Լուսինե Մաթևոսյանը ցուցադրել է իր իրավաբանական անգրագիտությունը: Դատավարության յուրա-քանչյուր կողմ իրավասու է (սահմանված է՝ շատ հստակ, օրենքով) ունենալ ներկայացուցիչ, որը դատարանում կներկայացնի իր շահերը: Եթե պատմական գիտությունների թեկնածու, ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «դատարանի ու-շադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայցվոր Արմեն Այվազյանը չի ներկայացել և ոչ մի դատական նիստի, այնինչ նա կոնկրետ հարցեր ունի նրան ուղղված, որոնց պատասխանները չի կարող ակնկալել հայցվորի ներկայացուցչից», ապա հոդվածագիրը պարտավոր էր նաև շարունակել իր իսկ միտքը՝ «դատարանի ուշադրությունը հրավիրվե՞ց» այդ իրավաբանական անգրագիտության վրա, այսինքն՝ դատարանը որպես սխա՞լ ընդունեց այդ «փաստը»…

Իսկ եթե պատասխանող Հայկ Դեմոյանը ևս իրազեկված չէ այդ հանրահայտ օրենքի մասին և իր չիմացածը փոխանցել է նաև որպես «Անկախ»ի վերնագիր, ապա նրա ներկայացուցիչը՝ «պատասխանողի փաստաբան Լիանա Գրիգորյանը», պետք է որ իրազեկված լիներ: Ավելին, խորհուրդ տար Հայկ Դեմոյանին՝ եթե նա անհրաժեշտ է գտնում հայցվորին հարցեր տալ, ապա կարող էր ոչ թե «Անկախ»ին դիմել, այլ դատարանին՝ միջնորդել հարցաքննելու հայցվոր Արմեն Այվազյանին:

Հարկ չէ՞ր նախքան նման «մեղադրանքով» հանդես գալը հոդվածագիրը խորհրդատվություն վերցներ որևէ… քոլեջի հեռակա բաժնի նույնիսկ վատ սովորող ուսանողից՝ հայցվորն իրավունք ունի՞ չներկայանալ դատարան և իր փոխարեն լիազորել որևէ մեկին` հանդես գալու դատարանում:

Անկախ այն հանգամանքից, թե ով է ճիշտ, ով է սխալ, չի կարելի նսեմացնել մարդուն, առավել ևս՝ ինստիտուտի տնօրենին: Ի՞նչ կմտածի ընթերցողը Հայկ Դեմոյանի մասին՝ նա կա՛մ ստախոս է, կա՛մ զրկվել է տարրական տրամաբանությունից, կա՛մ դատարանում հանդես է գալիս որպես ամբաստանյալ: «Անկախ»ի կայքում կարդում ենք.

– Նիստի ընթացքում Հ. Դեմոյանը նշեց, որ իր կողմից Ա. Այվազյանի դեմ արված արտահայտությունները եղել են լոկ ի պատասխան հայցվորի գործողությունների և որ առանց հիմքի ու պատճառի հայցվորին վիրավորելու որևէ նպատակ կամ ցանկություն չի ունեցել:

Նույն միտքը «Ազգ»-ում ներկայացվել է.

– Նա (Հ. Դեմոյանը) մի անգամ ևս հայտարարեց, թե Այվազյանին վիրավորելու նպատակ չի ունեցել… իր ելույթները պարզապես եղել են ի պատասխան Ա. Այվազյանի գործողությունների…

Այսինքն, ստացվում է՝ չի ցանկացել, նպատակ չի ունեցել, բայց աննպատակ (՞՞՞)… ՄՈՒՌ է հանել…

– Փաստաբանուհին հայտնեց, թե իր պաշտպանյալը,…- պատասխանողի պաշտպանը,…

– Դեմոյանի դատապաշտպան փաստաբանուհին, …փաստաբանուհին (՞) հարցը նորից վերահասցեագրեց իր պաշտպանյալին (՞):

(«Շարունակվեց Ա. Այվազյանի հայցով Հ. Դեմոյանի դատավարությունը», «Ազգ», 26.10.11 թ.)

Անընդունելի է (եթե ոչ դատապարտելի) «Ազգի» դիրքորոշումը. «Խմբ. կողմից»ի մեջ գրված է (մեջբերումը բառացի է).-… խմբագրությունՍ երկրորդում է դատավոր Ռուբեն Ներսիսյանի հիշեցում հորդորը. մեր երկու մտավորականները կարող են գտնել հաշտության և ներողամտության հասնելու ելքեր ու վերջ դնել աօգուտ հակամարտությանը: Եթե դատարան են դիմում աօգուտ (թեկուզ՝ անօգուտ) հակամարտությո՞ւն է: Դատարանի հորդորը օրենքի պահանջն է (բայց դատարանը չի համարել անօգուտ հակամարտություն): Նկատենք նաև, որ տվյալ դեպքում հայց է ներկայացրել Արմեն Այվազյանը, պատասխանող է, այսինքն՝պատասխան է տալու Հայկ Դեմոյանը: Հետևաբար ներողամտություն պետք է հանդես բերի միայն Արմեն Այվազյանը: «Ազգը» նախքան վճիռն իրավասո՞ւ է Հայկ Դեմոյանին մեղավոր ճանաչել… Տարօրինակ է (եթե ոչ՝ դատապարտելի) Գիտությունների ազգային ակադեմիայի (նախագահ` ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյան) քար անտարբերությունը երկու գիտնականների, այդ թվում՝ ակադեմիական ինստիտուտի տնօրենի, դատական վեճի նկատմամբ: Դեռևս մայիսի 20ին «Զորավիգը» տպագրել էր «Գիտական պատասխանի փոխարեն` «կանացի» զազրախոսություն»՝ վերանգրով հրապարակումը, հոկտեմբերի 7-ին՝ ընթերցողի նամակը՝ «…այդ հարցը քննարկվե՞լ է գիտությունների ազգային ակադեմիայում»:

Իսկ ԳԱԱ-ն շա՜տ է լռակյաց…

Եվս մեկ հարց, որը վեճի, քննարկման, կարծիքի,… առարկա չի կարող դառնալ. տվյալ գործով դատավորը մեկն է: Բա՞յց… Ըստ «Անկախ» թերթի, այդ գործով դատավորը Ա. Սուքոյանն է, ըստ «Ազգ» թերթի՝ Ռ. Ներսիսյանը: Այդ պարզագույն հարցում դժվա՞ր էր ճշմարտությունը ներկայացնելը, այսինքն՝ տարրական բարեխղճություն հանդես բերվեր ծառայողական լրագրողական պարտականությունն իրականացնելիս՝ դատարանի քարտուղարուհու միջոցով՝ մի հեռախոսային զանգով հարցնել «խիստ գաղտնի» ազգանունը…

Մարիամ Օհանյան

«Զորավիգ»,

թիվ 21 (244), 4 նոյեմբերի, 2011 թ.

This post is also available in: ,