ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ ԴԵՄ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ ԴԵՄ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Ռուբեն Ներսիսյան) շարունակվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինսիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի դեմ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցով դատաքննությունը: Հիշեցնենք, որ Այվազյանը Դեմոյանին մեղադրում է իր հասցեին վիրավորանքներ ու զրպարտություններ տարածելու համար եւ դատարանին է դիմել պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության հայցով:

Նախորդ երկու նիստերում հնարավոր չէր եղել դիտել տեսանյութերը. առաջին դեպքում` տեսագրության խտասալիկի խոտանի, երկրորդում` դատարանի շենքի հոսանքազրկված լինելու պատճառով:

Երեկվա նիստում շարունակվեց նյութերի դատական հետազոտությունը: Սկզբում դիտվեց ԱՄՆ-ի «Վերադարձ» հեռուստածրագրով ս. թ. մարտի 30-ի հարցազրույցը Հ. Դեմոյանի հետ: Պատասխանելով մի հեռուստադիտողի հարցումին, Դեմոյանը Այվազյանին որակում է «խառնակիչ», որն «ստեղծել է մի գիշատիչ խումբ», «տառապում է սնափառության մոլուցքով», «գլխավորում է ոհմակ», «պետական հանցագործություն է իրականացրել», «կուտակել է թույն եւ մաղձ», «կուլ տվել թուրքական խայծը» եւ այլն: Այնուհետեւ դատարանում դիտվեց «Երկիր-Մեդիա» հեռուսատեսությամբ Արմեն Այվազյանի հարցազրույցը 2008 թ. աշնանը, որի սկզբում կար հեռուստաընկերության օպերատորների տեսագրած նյութը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան այցի երեկոյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսավորությունը անջատված լինելու մասին: Հարցազրույցում Այվազյանը հայտնում է, թե այդքան էլ կարեւորություն պետք չէ տալ այդ փաստին, այլ հարկավոր է հակահարված հասցնել ՀՀ եւ հայության նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը հետեւողականորեն շարունակող Թուրքիան դրական երանգներով ներկայացնող ՀՀ իշխանական քարոզչամեքենային, քանի որ այդպիսով բթացվում է հայության զգոնությունը: Տեսանյութի ավարտին, հեռուստաընկերության հարցավարը մեջբերում է ՀՑԹԻ ղեկավարության սպառնալիքը` զրպարտանք տարածելու համար «Երկիր-Մեդիային» դատարան կանչելու մասին, ու հավելում, թե հեռուստաընկերությունը պատրաստ է դատարանի դահլիճում ներկայացնել ողջ ճշմարտությունը: Հիշեցնենք, որ ՀՑԹԻ-ի տնօրեն Դեմոյանը չի իրականացրել իր սպառնալիքը:

Այնուհետեւ դատավոր Ներսիսյանը դիմեց կողմերին` հարցնելով լրացուցիչ նյութեր դատարանին տրամադրելու մասին: Հայցորդի շահերի պաշտպան փաստաբան Արթուր Գրիգորյանը միջնորդեց հետազոտելու նաեւ Դեմոյանի` Համացանցում տեղադրած «Գիտության սանիտարները…» գրությունը` ի պատասխան «Ազգ» թերթի ս. թ. ապրիլի 9-ի համարի հավելվածում Գեւորգ Յազըճյանի գրախոսության: Հ. Դեմոյանը, իր հերթին, դատարանին դիմեց հետազոտելու հուշահամալիրի լուսավորությունը հիշյալ օրվա գիշերը անջատված չլինելու մասին իր ղեկավարած կառույցի` ժամանակին տարածած հաղորդագրությունը` «սադրանքներին չտրվելու» հորդորով…

Դատավոր Ներսիսյանը հաջորդ նիստը նշանակեց դեկտեմբերի 2-ի ժ. 17-ին, նույն վայրում, հայտնելով, թե այդ նիստին հրապարակվելու է դատավճիռը:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

www.azg.am