«Հայ ժողովրդի թիվը միայն Ղարաբաղի նահանգում 100 000 տուն է»

«Հայ ժողովրդի թիվը միայն Ղարաբաղի նահանգում 100 000 տուն է»

«ՀԶ»-ի խմբագրության կողմից.

Ադրբեջանական «պատմագրության» կեղծարարությունը բացահայտող վերջին հրապարակումների համատեքստում առավել քան այժմեական է Մատենադարանի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի «1722-1730 թթ. հայոց ազատագրական պատերազմի քննական պատմությունե անտիպ մենագրությունից ստորև տպագրվող հատվածը։ Բնականաբար, թերթային հրապարակումից դուրս է մնացել գիտական ծավալուն ապարատը (աղբյուրագիտական բազա, բացատրություններ, ծանոթագրություններ և այլն)։

Բացի հայոց պատմության համար ինքնստինքյան արժեք ներկայացնելուց՝ հոդվածում բերված պատմական տեղեկությունները բավարար են, որպեսզի քարը քարին չմնա ադրբեջանական այն կեղծիքից, թե իբր Արցախում հայերը հայտնվել են միայն… 1828 թ.։ Իսկ եթե այդ ստերին արտասահմանում ուշադրություն դարձնող կա, առավել ևս դրանք հրապակող կա, ապա պետք է խոսել կամ քաղաքական հստակ պատվերի, կամ տեղեկատվական տվյալ միջոցը գնելու, այլ ոչ թե նրա կողմից պատմական ճշմարտությանն ամեն գնով հասնելու ցանկության մասին։

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ 1710-1720-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ


1710-1720-ական թթ. Արևելյան Հայաստանում, մասնավորապես Արցախում (Ղարաբաղում) և Սյունիքում (Ղափանում) տիրող ժողովրդագրական իրավիճակի մասին կան հստակ տեղեկություններ: Պատմական ժողովրդագրության քննությունը հնարավորություն է ընձեռում, այլ հարցերի հետ մեկտեղ, ճշտելու և վերստուգելու հայկական զինված ուժերի քանակը մեզ հետաքրքրող ժամանակահատվածում:

Նախ, ներկայացնենք առկա տեղեկությունները: Ռուսաստանում հայ ազատագրական շարժման ներկայացուցիչ Մինաս վարդապետ Տիգրանյանը, ավարտելով Պետրոս Մեծի հրամանով իր գաղտնի առաքելութունը Հայաստանի պարսկական տիրապետության տակ գտնվող շրջաններ, 1717 թ. մարտի 14-ին բանավոր զեկուցել էր. «Այդ պատրիարքի (իմա՛ Եսայի Հասան-Ջալալյանի) [հոգևոր] իշխանության տակ, Գանձասար վանքի շուրջը, կա 900 գյուղ, ու դրանք մեծ` 100, 200, 300, 400 և ավելի տներ ունեցող գյուղեր են: Գանձասարից մինչև Էջմիածնի վանքը, որտեղ ապրում է մյուս պատրիարքը (իմա՛ Աստվածատուր Ա. Համադանցին – Ա. Ա.), բեռնըված ձիերով 5 օրվա ճանապարհ է: Վերջինս ավելի շատ գյուղեր ունի իր իշխանության տակ, քան Եսայի պատրիարքը, բայց թե որքան` այդ մասին ճշգրիտ չգիտե…

Այդ երկու վերը հիշված պատրիարքների իշխանության տակ կլինի 200.000 [տուն] ժողովուրդ, դրանք էլ` վաճառականներ և գյուղացիություն»:

1724 թ. նոյեմբերի 5-ին Ղարաբաղի հայկական զորքի պատվիրակները Սանկտ-Պետերբուրգում` արտաքին գործերի կոլեգիայում հաղորդում էին ավելի հստակ տվյալներ.

«Նորին կայսերական մեծության պաշտպանության տակ մտնելու ցանկություն ունեցող հայ ժողովրդի (և՛ զինվորականների, և՛ այլոց) թիվը միայն Ղարաբաղի նահանգում կլինի ընդհանուր առմամբ 100.000 տուն` չհաշված հայկական մյուս նահանգը, որը կոչվում է Կապան և գտնվում է Ղարաբաղի նահանգի և Երևանի միջև` դրանցից ձիով 3 օրվա ճանապարհի հեռավորության վրա: Եվ այդ Կապանի նահանգի հայերն իրենց հետ միաբան են և նույնպես ցանկանում են մտնել նորին կայսերական մեծության պաշտպանության տակ: Իսկ այդ Կապանի նահանգում հայ ժողովրդի թիվն ավելի մեծ է, քան Ղարաբաղում, ու մեծ մասը վաճառականություն է»:

Փոքր-ինչ ավելի ուշ, 1725 թ. հուլիսի 25-ին կայսրուհի Եկատերինա Ա-ին հղված ուղերձում, Ղարաբաղի կաթողիկոսներն ու մելիքները նշում էին, որ իրենց ամենափոքր գյուղերն ունեն 30-ից մինչև 50, իսկ ամենախոշորները` մինչև 600 տուն: Վերլուծենք այս տվյալները:

1. Ղարաբաղի աշխարհագրական ընդգրկումը XVIII դարում: Հաշվելով 1710-1720-ական թթ. Ղարաբաղի բնակչության թիվը, պետք է հիշել, որ XVIII դ. Ղարաբաղը ներառում էր մի շարք տարածքներ, որոնք 1923 թ. նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) սահմաններից դիտավորյալ դուրս էին թողնվել: Այդ բնիկ հայկական շրջանները ձգվում էին ԼՂԻՄ-ի ողջ պարագծով` բնական աշխարհագրական սահմանների երկայնքով: Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում դա Գյուլիստանն էր, Գետաշենը, Գետաբեկն ու Քարահատը, արևմուտքում` Քարվաճառը, իսկ հարավում` մինչև Արաքս` Դիզակի մելիքության ծայրամասային հատվածները:

1722 թ. մինչև 1730-ական թթ. Ղարաբաղի տարածքը` դաշնակից Սյունյաց իշխանապետության հետ միասին, վերահսկում էին հայկական զինված ուժերը և, ըստ այդմ էլ, արտաքին ուժերի կողմից ստացել էր Հայկական սղնախներ և Հայկական զորք նոր պետականակիր անվանումներ:

2. Հայ ընտանիքի (տան) շնչերի քանակը: Եթե որպես XVIII դ. սկըզբում հայկական «տան» շնչերի նվազագույն քանակ ընդունենք 5-ը, ապա, Սանկտ-Պետերբուրգում 1724 թ. նոյեմբերի 5-ին արված վերոհիշյալ հայտարարության համաձայն, Ղարաբաղի բնակչության ընդհանուր թիվը կազմել է 500,000 մարդ: Միաժամանակ, պետք է նկատել, որ XVII-XVIII դդ. ավանդական հայկական ընտանիքը` «տունը», բաղկացած էր 10, 20, իսկ երբեմն էլ 30-40 շնչից: Այդուամենայնիվ, ղարաբաղցի հայերը, մատնանշելով իրենց 100,000 տունը, մեր կարծիքով, հաշվարկի հիմքում դնում էին ոչ թե հայ ավանդական տունը` 10 և ավելի անդամներով, այլ միայն նրա սկզբնային բջիջը` առանձին ընտանիքը:

3. Շրջակա հայության հոսքը Ղարաբաղ: Ըստ ամենայնի, 1724 թ. Ղարաբաղի 100,000 հիշատակվող տների մեջ պետք է մտցնել նաև Գանձակի բնակչության հայկական մասը` այդ քաղաքը շրջապատող հայկական գյուղերի հետ միասին: Բանն այն է, որ 1723 թ. հոկտեմբերին Գանձակի վրա օսմանյան բանակի ձախողված գրոհի ժամանակ ու դրանից անմիջապես հետո բնակչության մեծամասնությունը` և՛ հայերը, և՛ մահմեդականները դուրս եկան քաղաքից: 1723 թ. դեկտեմբերի 20-ին Շամախիից գրած նամակում Ալեքսանդր քահանան ընդգծում էր, որ այդ պահի դրությամբ Գանձակի գրեթե բոլոր հայերն արդեն անցել էին Ղարաբաղ. «ԿՌ (60.000) մարդօվ եկին Գանջու վերա: ԺԲ (12) փաշայ ին, թոփ, ղունբարայ [=ռումբ] շատ ունին, քաղաքի մինչև ի կէսըն առին, մեր Հայոց ազգն ողճ ապրանքըն թալանէցին` որն կոտէրէցին, որն կերի դանում: Որ փող ունէր` գնաց իւր էրէխէքըն առին: Կ (60) տուն քշեցին տարան Հօռմաս տուն, մնացեալն փախըստական, մերկ, պոպիկ գնացին Հայոց սղնա[խ]նն» (ընդգծումը` Ա. Ա.):

Այս տեղեկությունն անուղղակիորեն հաստատում է Ղաբալայի շրջանի հայության հոգևոր հովիվը՝ Մարտիրոս վարդապետը, 1724 թ. փետրվարի 24-ին գրելով Դերբենդի ռուս պարետին, թե «Կանջան խոյ խարապ են արել. կեսը գնացել են Թիլվիզ, կեսըն՝ սղնախե։ Նույն վավերագրի ռուսերեն թարգմանության մեջ ասված է ավելի պարզ՝ «Город Генжу жители оставили и пошли половина к Тифлису, а половина – в Собрание Армянскоеե։

Համաձայն 1725 թ. օգոստոսի 8-ին գրված ֆրանսիական մի փաստաթղթի, Գանձակի պարիսպներից դուրս գտնվող արվարձանը բնակեցված էր բացառապես հայերով` faubourg des Armeniens: Գանձակի այս faubourg-ը 1723 թ. նոյեմբերի 26-ին Բաքու ժամանած հայ քահանա Անտոն Առաքելովի հարցաքննության գրառման մեջ անվանված է “ՈՐՎÿվրՍՌՎՌ րսՏոՏՊՈՎՌ ջՈ չՏՐՏՊՏՎ”: Հենց այս արվարձանն է Ալեքսանդր քահանայի նամակի վերոբերյալ հատվածում անվանված «քաղաքի կեսը»` “ՑՏչՏ չՏՐՏՊՈ ՉջÿսՌ տՏսՏՉՌվց”: Բայց և այնպես, միջնադարյան քաղաքի այն մասը, որն ընկած էր պարիսպներից դուրս, պատմականորեն մի քանի անգամ ավելի մեծ բնակչություն ուներ, քան պարսպապատ հատվածի ներսում: Օրինակ, XVII դ. կեսերին ֆրանսիացի հայտնի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն ընդգծում էր, որ Երևանի faubourg-ում 20 անգամ ավելի շատ մարդ էր ապրում, քան պարիսպների ներսում: Իսկ Գանձակի մասին 1699 թ. սեպտեմբերի 22-ին Իսրայել Օրու հաղորդած տեղեկությունների համաձայն, «ամենուր այդ քաղաքի շուրջ ապրում են [հայ] քրիստոնյաներ» (“…tout autour de laditte ville, se (=ce) sont des chrestien”): Գանձակում հայ բնակչության հոծ թվի մասին է վկայում նաև այդ քաղաքից և նրա անմիջական շրջակայքից 15,000 հայ զինվոր հավաքագրելու Օրիի մտադրությունը:

Այս առումով հատկանշական է, որ, երբ թուրքական բանակը Գանձակի վրա անհաջող գրոհելուց հետո նահանջում էր Թիֆլիս, Ղարաբաղում տեղակայված հայկական զորաբանակի հրամանատարությունը չի վարանում սուրհանդակներ ուղարկել թուրքերի մոտ` Գանձակից վերցված հայ գերիներին անհապաղ ազատելու պահանջով: Նկատի առնելով, մի կողմից, սեփական զորքերի վատ դրությունը գանձակյան ձախողումից հետո, մյուս կողմից` այն սպառնալիքը, որ ներկայացնում էին Ղարաբաղի հայերի ընտիր և լավ զինված զորքերը, թուրքերի գլխավոր հրամանատար Իբրահիմ փաշան անմիջապես բավարարում է նրանց պահանջը: Այսպիսով, գանձակեցի հայերի` վերը մեջբերված փաստաթղթում հիշատակվող գերյալ 60 ընտանիքը նույնպես հայտնվեց Արցախում: Գանձակից, ինչպես նաև մերձակա շրջաններից հայերի զանգվածային ներհոսքը Ղարաբաղ` հայկական զորքերի պաշտպանության տակ, հաստատվում է ավելի ուշ եղած տեղեկությունների համաձայն ևս: Այսպես, 1726 թ. հունվարի 26-ին ռուսական հրամանատարության կողմից իբրև լրտես ուղարկված շամախեցի Սիմոն Բալասյանը (“1726 չ. թպվՉՈՐÿ 26 Պվÿ տՏրսՈվվՏռ [ՐցրրՍՌՎ ՍՏՎՈվՊՏՉՈվՌպՎ] Ռջ ըՈՍՌ ՔտՌՏվՏՎ ՈՐՎÿվՌվ ՔՈՎՈւՌվրՍՏռ ՋՌՑպսՖ հպՎպվ ըՈսՈրՌվ”), ի միջի այլոց, զեկուցում էր նաև Գանձակի ժողովրդագրական իրավիճակի մասին. «Այժմ Գանձակում ապրում են գանձակեցի մահմեդականների 5 կամ 6 ընտանիք և հայերի 50 ընտանիք: Իսկ մյուս մահմեդականները գաղթել են Արդեբիլ և տարբեր քաղաքներ, իսկ հայերը` Սըղնախներ (իմա՛ Ղարաբաղ – Ա. Ա.)։Եվ [շուրջն] ամենուր մահմեդական բնակավայրեր քիչ կան, դրանք էլ՝ Գանձակից 2 օրվա ճանապարհի վրա են, իսկ Գանձակի մոտակայքում բոլոր գյուղերը ավերածություններից դատարկվել ենե։»:

Այսպիսով, սկսած 1723 թ. նոյեմբերից` Արցախն ապաստան էր դարձել տասնյակ հազարավոր հայ գաղթականների համար:

4. Ղարաբաղի բնակիչների և զինվորների թվային հարաբերակցությունը 1720-ական թթ.: 1720-ական թթ. Ղարաբաղն ու Ղափանը միասին մարտի դաշտ էին հանում մինչև 60,000 զինվոր (որից 40 հազարը` Ղարաբաղը): Մեկ տասնամյակ շարունակ օսմանյան ավելի խո- շոր կանոնավոր բանակներին արդյունավետ դիմադրություն ցույց տված այս երկու ծայրաստիճան ռազմականացված հայկական իշխանապետություններում խաղաղ բնակիչների և զինվորների` 10-ը 1-ի (5 արուներից մեկը) հարաբերակցությունը միանգամայն արդարացված է թվում: Նման հարաբերակցությունը նույնպես հուշում է, որ Ղարաբաղի բնակչությունը խնդրո առարկա տասնամյակներում կազմում էր մոտավորապես կես միլիոն մարդ:

5. Ղարաբաղի բնակչության թիվը` ըստ գյուղերում եղած տների միջին թվաբանականի: Եթե 315-ը վերցնենք որպես 1725 թ. Ղարաբաղի գյուղերում եղած տների ամենափոքր և ամենամեծ թվերի` 30-ի և 600-ի միջին թվաբանական և այն բազմապատկենք 900-ով (սա Ղարաբաղի գյուղերի քանակն է 1717 թ., ըստ Մինաս Տիգրանյանի վերոբերյալ հաղորդման), ապա կստանանք 283,500 տուն կամ 1,417,500 շունչ ամբողջ Ղարաբաղում` մեկ ընտանիքում 5 շունչ հաշվարկով:

Եթե 250-ը վերցնենք որպես միջին թվաբանական 100 և 400-ի միջև (այսինքն, ըստ Մինաս Տիգրանյանի` 1717 թ. Ղարաբաղի գյուղերում եղած տների ամենափոքր և ամենամեծ թվերի միջև) ու այն դարձյալ բազմապատկենք 900-ով, ապա կստանանք 225,000 տուն կամ 1,125,000 շունչ ամբողջ Ղարաբաղում` մեկ ընտանիքում 5 շունչ հաշվարկով: Անկասկած, այս երկու հաշվարկում էլ պատմական իրականությունը ներկայանում է բավական ուռճացված տեսքով: Սակայն այս թվերը վկայում են, որ վերը կատարված գնահատումները, ըստ որոնց, 1710-1720-ական թթ. Ղարաբաղի բնակչությունը կազմել է 500,000 մարդ, միանգամայն արժանահա- վատ են:

6. Հետադարձ հաշվարկ: 1710-1720-ական թթ. Արևելյան Հայաստանում ու մասնավորապես Ղարաբաղում ժողովրդագրական իրավիճակի մասին վերոհիշյալ գնահատականները հաստատվում են նաև կողմնակիորեն` ավելի ուշ տեղեկությունների հիման վրա հետադարձ հաշվարկ կատարելու միջոցով: Այսպես` հայ ազատագրական շարժման լավատեղյակ գործիչ Հովսեփ Էմինը 1792 թ. հայտարարում էր, որ «ի ժամանակի Պետրոս արքային (իմա՛ XVIII դ. առաջին քառորդում – Ա. Ա.) հայք տասնապատիկ առաւելս էին, քան զայժմս (իմա՛ 1790-ական թթ. – Ա. Ա.), եւ մէլիքեանքն Ղարաբաղու բաւական շատացեալս էին զօրօք և բովանդակ Նախիջևան և Երևան լի էր հարուստ վաճառականօք»:

Իսկապես, 1720-ական թթ. և հետագայում հայերն ահռելի մարդկային կորուստներ էին կրել: Պատահական չէ, որ լեհ ճիզվիտ Ջ. Կրուշինսկին, պատմելով 1724 թ. Երևանի գրավման մասին, գրում էր. «Քաղաքի գրավման ժամանակ սպանված 30000 հայերից բացի, բավական շատ էին նաև գերեվարվածները, որոնց քշում էին նախիրների պես: Այս պատերազմների ընթացքում հայերի թիվն այնքան նվազեց, որ 1725 թ. վերջին անգամ կեսը չէին այն քանակության, որ մինչև ա‎ֆղանների գալն ունեին Պարսկաստանում»: Իսկ կարմելիտ քարոզիչ Լինդերը, որը 1732 թ. եկել էր Իրան և ընդարձակ նյութեր էր հավաքել իրեն անմիջականորեն նախոր- դած շրջանի մասին, իր «Երկրորդ ճանապարհորդություն» (“Secondo Viaggio”) աշխատության մեջ, 1722-1725 թթ. Իրանում հայերի մարդկային կորուստները հաշվում էր «200000 սպանված և ստրկության քշված»:

Ժողովրդագրական տանսապատիկ անկման գնահատականը, որ Էմինն, ամենայն հավանականությամբ, լսած պետք է լիներ հայ հոգևորական գործիչներից, որոնք էլ միայն կարող էին ունենալ հայության ժողովրդագրության մասին փոքրիշատե հավաստի տեղեկություններ, ստուգվում է ռուսաց ցար Պավել Ա-ի 1797 թ. արձակած մի հրամանագրով, որտեղ Ղարաբաղի հայ բնակչության թիվը նշվում է 11,000 ընտանիք: Այսինքն` գրանցվում է բնակչության թվի գրեթե ճիշտ տասնապատիկ անկում` 100,000 ընտանիքից մինչև 11,000 ընտանիք:

XVIII դ. երկրորդ կեսի Ղարաբաղի ժողովրդագրության վերաբերյալ ունենք ևս երկու ուշագրավ տեղեկություն: 1804 թ. դեկտեմբերի 30-ին Իշխան Ցիցիանովի զեկուցագրում նշվում է, որ Իբրահիմ խանի (1763-1806) իշխանության տակ կար ղարաբաղցի հայերի 60,000 տուն:

Այս 60,000 հայ ընտանիքների մասին տեղեկությունը, ըստ ամենայնի, վերաբերում է 1760-1770-ական թթ. դրությանը, որովհետև 1783 թ. Գանձասարի Հովհաննես կաթողիկոսը Ղարաբաղում հաշվում էր արդեն ընդամենը 30,000 հայ ընտանիք: Այս թվերը նույնպես հաստատում են այն հնարավորությունը, որ 1710-1720-ական թթ. Ղարաբաղում կար 100,000 հայ ընտանիք, քանի որ օսմանյան ներխուժումը և այն ուղեկցած բնակչության զանգվածային ոչնչացումը, ինչպես նաև դրանից ոչ շատ անց Իրանում սկիզբ առած ավերիչ ներքին խժդժությունները բերեցին Արևելյան Հայաստանում հայկական բնակչության թվի աղետալի կրճատման:

7. Սխալ և թյուր տեղեկություններ: Վերոշարադրյալի հիման վրա Մինաս վրդ. Տիգրանյանի` 1717 թ. մարտի 14-ին տված այն գնահատականը, ըստ որի՝ Արևելյան Հայաստանում Էջմիածնի և Գանձասարի «պատրիարքների իշխանության տակ գտնվող հայ զանգվածի թիվը կարող է լինել մոտ 200,000 (sic), դրանք էլ՝ վաճառականներ և գյուղացիությունե [Народа армянского под владением вышепомянутых двух патриархов счислением может быть тысяч с двести (sic), и то купечество и крестьянство], պետք է միանշանակորեն ընթերցել որպես 200,000 տուն, այլ ոչ թե մարդ։ Թեև բնագիրը չի հստակեցնում, թե խոսքը ինչին է վերաբերում՝ 200,000 տներին թե՞ 200,000 մարդկանց, վերը բերված փաստերը վկայում են, որ Մինաս վարդապետը նկատի է ունեցել առաջինը, որը լիովին համապատասխանում է ղարաբաղցիների 1724 և 1725 թթ. հաղորդածին, ինչպես նաև չի հակասում իր իսկ հայտնած 900 գյուղի և դրանց չափսերի մասին տեղեկությանը։ Հավանաբար, սխալը թափանցել է նրա` բանավոր հայերեն զեկույցի` ռուսերենով թարգմանաբար գրառված տեքստի մեջ` թարգմանչի անուշադրության պատճառով:

Ըստ երևույթին, դարձյալ թարգմանչի սխալն է արևելահայերին միայն գյուղացիության և վաճառականության դասերի մեջ ներառելը, քանզի հայերն ապրում էին Այսրկովկասի բոլոր հիմնական քաղաքներում, իսկ Երևանում, Թիֆլիսում և Գանձակում կազմում էին մեծամասնություն, որոնց մեջ մեծ էր նաև արհեստավորության թիվը, և այս հարցում Մինաս Տիգրանյանը սխալվել չէր կարող: Բացի այդ, Վրաստանում, Արցախում, Սյունիքում, Շամախիիում և պարսկական ծառայության մեջ զգալի թիվ էր կազմում նաև հայ զինվորականությունը:

Թյուրիմացություն պետք է համարել նաև 1724 թ. նոյեմբերի 5-ի Ղարաբաղի պատվիրակների հաղորդումը, թե Ղափան նահանգում ավելի շատ հայ կար, քան Ղարաբաղում: Հնարավոր է, սակայն, որ Ղափան ասելով` նրանք նկատի են ունեցել ոչ թե Դավիթ-բեկի ստեղծած հայոց իշխանապետության տարածքը, այլ Ղափանն ավելի լայն առումով` որպես Սյունյաց ամբողջ աշխարհ, ներառյալ Գեղարքունիքը, Ագուլիսն ու Երնջակի գավառը:

Ի մի բերելով` կարելի է վստահորեն եզրակացնել, որ 1710-1720-ական թթ. Արցախի (Ղարաբաղի) բնակչության թիվը կազմել է մոտավորապես 500,000 մարդ: Պատկերացում տալու համար, թե այդ կես միլիոն հայն ինչպիսի հարաբերական մեծություն էր տարածաշրջանում, բավական է մատնանշենք, որ 1720-ական թթ. եվրոպացի մի ճանապարհորդ լեզգիներին «մեծաթիվ ժողովուրդ էր» համարում, որովհետև նրանց թիվը կազմում էր… 30,000 ընտանիք:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

#42 (205), 25 նոյեմբերի, 2011 թ.

This post is also available in: ,